Armenia Art Fair 2022. ինչ տեսնել արվեստի տոնավաճառի ընթացքում
Armenia Art Fair

Armenia Art Fair 2022. ինչ տեսնել արվեստի տոնավաճառի ընթացքում

Այս տարի մայիսի 28-30-ը տեղի կունենա Երևանի թերևս արվեստի ամենամասշտաբային միջոցառումը՝ Armenia Art Fair 2022-ը։ ԵՐԵՎԱՆ-ը բացահայտել է բոլոր մանրամասներն ու ներկայացնում է տոնավաճառի ամենահատկանշական միջոցառումները, որոնք հաստատ չարժե բաց թողնել։

Տեքստը՝ Հասմիկ Բարխուդարյանի

#Արվեստ

 

Armenia Art Fair 2022 արվեստի տոնավաճառը տեղի կունենա մայսի 27-ից 30-ը։ 

 

Armenia Art Fair-ը կանցկացվի «Երևան էքսպո» կենտրոնում՝ Հակոբ Հակոբյան 3 հասցեում, որտեղ ցուցադրված կլինեն 50-ից ավելի արվեստագետներ Հայաստանից և արտերկրից՝ Իրանից, Չինաստանից, Հյուսիսային Աֆրիկայից, Ֆիլիպիններից, Մերձավոր Արևելքից և Եվրոպայից։  Ինչպես նախորդ տարիներին, այս անգամ ևս Armenia Art Fair-ը շարունակելու է բացահայտել նոր անուններ, նոր ցուցասրահներ ու նրանց համար ստեղծել նոր հնարավորություններ։ 


Այս տարի տոնավաճառը բաց չի թողնում նաև վերջին ամենաթրենդային թեմաները ու կենտրոնանում է թվային արվեստի՝ NFT երևույթի վրա: Տոնավաճառի առաջին NFT ցուցադրությունը կներկայացնի թվային արտիստների Ֆրանսիայից, Իրանից և Հայաստանից։ 

 

 

Ժոու դինաստիայի ծեսերը, Քիու Ժիջիի «Թռչնի աչքը» և Բուզիի մագաղաթ-կտավները 

Armenia Art Fair-ը կառանձնանա նաև Հոնկոնգի Hanart TZ պատկերասրահի հետ համատեղ ներկայացվող չինական ժամանակակից արվեստագետների՝ երկար սպասված ցուցադրությամբ։ Ցուցադրության մաս են կազմում արվեստի երկու վիդեոգործեր․ առաջինը Ջեֆրի Շաուի «Նետաձգության ծեսը» գործն է՝ հիմնված է Յի Լիի հնագույն տեքստի («Էթիկետի և արարողակարգի գիրք») տասնյոթ գլուխներից մեկի վրա։ Գիրքը, որը կազմվել է Կոնֆուցիոսի հետևորդների կողմից մ.թ.ա 5-րդ դարում, նկարագրում է Ժոու դինաստիայի ժամանակ գերիշխող ծեսերը: 


Երկրորդը Հովիվ Ցուի «Անարխիայի պահապանները» գործն է՝ յուրօրինակ չինական «գոթական ֆանտազիա»՝ ժամանակակից մարտարվեստի վեպերի ու Հոնկոնգի պատմական թաղամասի մոտիվներով։ Ներկայացված կլինեն նաև ԲուԶիի մագաղաթ-կտավները։ ԲուԶին գեղագրական արվեստի միջոցով կարողանում է յուրատեսակ անձնական տոտեմ ստեղծել, որը միաժամանակ խիստ ժամանակակից է։ Հեռանալով աբստրակցիայից, ԲուԶիի արվեստը բացահայտում է պատկերի հոգևոր լեզուն: 


Ցուցադրության վերջին աշխատանքը 3 հորիզոնական մագաղաթ-կտավներ են՝ Քիու Ժիջիի «Թռչնի աչքը. ապակին կենդանիների համար ամենաանհասկանալին է» շարքից։ Թանաքով թղթե վեց վահանակների վրա գծված քարտեզը ցույց է տալիս ցուցահանդեսի վեց ժամանակագրական և թեմատիկ բաժինները լայնատարած տեղանքում, որի գագաթները, հովիտները և ջրային ուղիները 1989-2008 թվականների չինական և համաշխարհային քաղաքական իրադարձությունների, գաղափարական հոսանքների և մշակութային շարժումների մասին են:

 

Իրական, թե՞ վիրտուալ, դիլեր, թե՞ միջնորդ

Armenia Art Fair-ի արդեն ավանդույթ դարձած «Կրթություն և մշակույթ» ծրագիրն այս տարի անդրադառնալու է համաշխարհային արվեստի տարածաշրջանային զարգացման կարևոր հարցերին և միտումներին՝ արվեստի փորձագետների և ոլորտի առաջադեմ ներկայացուցիչների մասնակցությամբ: Ծրագիրը վարում և ղեկավարում է բրիտանացի արվեստի փորձագետ և գրող, դոկտոր Իյեն Ռոբերթսոնը: 

 

Իեյն Ռոբերթսոնը


Ծրագրի շրջանակում կքննարկվեն այնպիսի թեմաներ, ինչպիսիք են արվեստի իրական և վիրտուալ գործերի միջև գնային տարբերությունները, ապագայում ավելի մեծ հետաքրքրություն ստեղծելու ներուժ ունեցող վիզուալ արվեստը, ինչպես նաև մշակութային կայունության հիմնական բաղադրիչները: Քննարկումների ընթացքում նաև փորձ կարվի հասկանալ, թե ի՞նչն է ավելի լավ՝ լինել արվեստի դիլեր, թե արվեստի միջնորդ: 

 

«Հանդիպի՛ր գալերիստներին»

Մայիսի 28-ին, ժամը 14։00-ին «Երևան Էքսպոյում» տեղի կունենա սեմինար միջազգային հանրահայտ պատկերասրահների հիմնադիրների և տնօրենների հետ, այդ թվում՝ արվեստաբան, գալերիստ և մրցանակակիր կինոռեժիսոր Սունդարամ Թագորի, համադրող, «Hanart TZ» պատկերասրահի գեղարվեստական ղեկավար և հնդկա-չինական «West Heavens»  փոխանակումների շարքի նախաձեռնող Չանգ Ցոնգ-Զունգի և ժամանակակից արվեստի մասնագետ, Լոնդոնի և Դուբայի «Janet Rady Fine Art» պատկերասրահի հիմնադիր Ջանեթ Ռեդիի հետ։

 

Hanart TZ պատկերասրահը Հոնկոնգում

 

«Արվեստ և տեխնոլոգիա»

Կրկին մայիսի 28-ին, ժամը 16։00-ին «Երևան էքսպոյում» տեղի կունենա NFT-ի դերի և արվեստի թվայնացման վերաբերյալ կլոր սեղան-քննարկում: Ամենամյա այս ծրագրում կուսումնասիրվեն անալոգայինի և թվայինի, տեսողական պատկերների, նյութի, ձայնի և տեխնոլոգիայի խաչաձևումները ժամանակակից արվեստի պրակտիկայում: 
Ինչպես արդեն նշեցինք, 2022 թվականին արվեստի տոնավաճառի ուշադրության կենտրոնում է NFT-ին և արվեստի թվայնացումը ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ոլորտներում և դրա ազդեցությունը արվեստի զարգացումների վրա: Քննարկման մասնակիցներն են գրող և համադրող Ռադեշ Սիդհուն, արվեստի դիլեր Անդրեաս Սանդրին և Artfacts և Limna ընկերությունների համահիմնադիր Մարեկ Կլաասենը:

 

«Հայ ժամանակակից արվեստի ուղեցույց» գրքի շնորհանդես․ հեղինակ՝ Իյեն Ռոբերթսոն, մասնակցությամբ Նազարեթ Կարոյանի

Մայիսի 28-ին, ժամը 13։30-ին Երևան Էքսպոյում գրքի շնորհանդես է։ «Հայ ժամանակակից արվեստի ուղեցույցն» ընթերցողին առաջարկում է ընդարձակ ու միաժամանակ մատչելի ներածություն հայ ժամանակակից արվեստի զարգացման վերաբերյալ՝ ընդգծելով դրա ներդրումը միջազգային մոդեռնիզմի և համաշխարհային ժամանակակից արվեստի վերջին զարգացումներում: 


Այն իր տեսակի մեջ առաջին պատկերազարդ ուղեցույցն է անգլերեն լեզվով 20-21-րդ դարերի հայկական արվեստով հետաքրքրվողների համար ու ներկայացնում է Հայաստանի ու սփյուռքի արվեստագետներին, որոնք, ըստ հեղինակիների, մինչ այժմ հիմնականում անտեսվել են: Հայ ժամանակակից արվեստի զարգացումները և ժամանակաշրջանի հիմնական արվեստագետներին ամփոփ ներկայացնող գրքի հեղինակը արվեստի զարգացող շուկաների մասնագետ, Sotheby’s արվեստի ինստիտուտի պատվավոր անդամ Իյեն Ռոբերթսոնն է, ստեղծման գործում իր ներդրումն ունի նաև Հայաստանի ժամանակակից արվեստի ինստիտուտի հիմնադիր և առաջին նախագահ Նազարեթ Կարոյանը։


«Ստեղծագործական եվ մշակութային ինդուստրիաներ․ ոչ նյութական տնտեսությունը որպես հայաստանի չիրացված ներուժ» 

Մայիսի 28-ին, ժամը 15։30-ին ԵՄ ֆինանսավորմամբ գործող ՀԲԸՄ «Ստեղծագործ աքսելերատոր» ծրագրի ղեկավար Աննա Կ. Գարգարյանը կներկայացնի ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «ԿԱՏԱՊՈՒԼՏ Ստեղծարար Աքսելերացիոն ծրագիր»-ը, որը մշակվել և իրականացվում է ՀԲԸՄ Հայաստանի կողմից՝ «Ստեղծարար Հայաստանի» հետ համագործակցությամբ:
 

«Ուշադրության կենտրոնում»

Արդեն մայիսի 29-ին, ժամը 13։00-ին «Երևան Էքսպոյում» կլոր սեղան-քննարկման ուշադրությունը կսևեռվի «Մշակութային կայունությունը և շահույթ չհետապնդող հատվածի դերը տարածաշրջանային և ազգային արվեստի զարգացման գործում» թեմային: Ծրագիրը նախատեսում է զրույցներ Բելգիայում հիմնադրված «Բողոսյան» հիմնադրամի ներկայացուցիչ Ժան Բողոսյանի և Երևանի Ժամանակակից արվեստի ինստիտուտի հիմնադիր և տնօրեն Նազարեթ Կարոյանի հետ:


«Ասիմետրիկ բալանս»

Մայիսի 28-ից հունիսի 11-ը Մելիք-Ադամյան 2/2 հասցեում գտնվող ՀԲԸՄ Հայաստանի ցուցասրահում տեղի կունենա Ռաֆֆի Ետալեանի անհատական ցուցահանդեսը, որը կյանքի մարտահրավերների և մարդու հոգեբանական ապակառուցման մասին է։ «Ետալեանի բնորոշմամբ՝ քանդակագործությունն ու գեղանկարչությունը նույն մետաղադրամի երկու կողմերն են… Վերջերս նա նաև սկսել է ներառել հագուստը և այլ տարրերը, օրինակ՝ մետաղի կտորներն, իր ակրիլային և յուղաներկ կտավներում… Չանտեսելով որևէ տեխնիկա կամ նյութ՝ օֆորտից մինչև գտածո, բոլորի մեջ նա տեսնում է արտահայտիչ ներուժ, որոնք «արտացոլում են մարդկության թաքնված իրողությունները» (հատված Մարի Թոմբի հոդվածից, Gallery Art Magazine, թիվ 3, 2019)։

 

Կատարինա Մադերթաների աշխատանքներից մեկը

 

«Տնից լավ տեղ չկա»

Մայիսի 28-ից հունիսի 6-ը «Դալան» պատկերասրահում (Աբովյան 12, 2-րդ հարկ) կներկայացվեն Կատարինա Մադերթաների վերջին աշխատանքները, որոնք հաճախ ծանոթ առարկաների տարօրինակ և անսպասելի համակցություններ են: «Տնից լավ տեղ չկա» նախագիծը ոգեշնչված է հայկական համատեքստից, որին Կատարինան ծանոթացել է դեռ 2016 թվականին։ Կատարինան, իրար կողքի դնելով «ներսը» և «դուրսը» սահմանող անհամատեղելի թվացող առարկաները, դրանց տալիս է նոր շունչ, նոր իմաստ՝ միևնույն ժամանակ բնութագրելով հայ իրականության հնարամիտ գոյությունը՝ պատված կիտչային գեղագիտության տարրերով։

հավելյալ նյութեր