Համադրել անհամադրելին․ ինչպե՞ս է ստեղծվում Armenia Art Fair-ը
Ովքե՞ր են համադրողները, ի՞նչ է ենթադրում այդ մասնագիտությունը և արդյոք արվեստի տոնավաճառներին անհրաժեշտ է համադրողի աշխատանքը․ այս և այլ հարցեր պարզաբանում են ԵՐԵՎԱՆը, Armenia Art Fair-ն ու համադրող Եվա Խաչատրյանը
Տեքստը՝ Հասմիկ Բարխուդարյանի
Լուսանկարները՝ Armenia Art Fair, Եվա Խաչատրյանի արխիվ
Armenia Art Fair 2022 արվեստի տոնավաճառը տեղի կունենա մայսի 27-ից 30-ը։
Ի՞նչ են անում համադրողները
Համադրողի (կուրատոր) մասնագիտությունը համեմատաբար նոր է։ 19-րդ դարի կեսերին թանգարանների՝ արվեստի ստեղծագործությունների պահպանության գործառույթը դադարեց լինել միակը։ Թանգարանը վերածվեց պրոֆեսիոնալ հաղորդակցության և փորձարարության հարթակի, իսկ արվեստագետների և հանդիսատեսի միջև միջնորդի կարևոր գործառույթը ստանձնեցին արվեստի գիտակները, ովքեր հեռու չէին նաև կոմերցիայից։
Ընդունված է համարել, որ համադրական աշխատանքը որպես գիտակարգ առաջ է եկել 1960-1970-ականներին տեղի ունեցած մի քանի կարևոր գեղարվեստական իրադարձություններից հետո։ Դրանցից առաջինը՝ 1969-ին Հարոլդ Զեմանի «Երբ հարաբերությունները վերածվում են ձևի» ցուցահանդեսն էր, որտեղ Զեմանը միավորել էր միջազգային նկարիչների լայն շրջանակ։ Այդտեղ ցուցանմուշները ոչ այնքան ինքնաբավ գործեր էին, որքան որոշակի ժամանակի մեջ արվեստագետների կատարած գործողություններ։ Ցուցանմուշները միավորող հատկանիշները բնութագրեցին նաև ողջ ցուցադրությունը։ Այն ակամայից ուշադրություն սևեռեց ոչ միայն արվեստագետների, այլև հենց Զեմանի անձին, ով սահմանել էր ցուցահանդեսի դրամատուրգիան և որպես ռեժիսոր գծագրել դրա հոսքը ժամանակի մեջ (ի դեպ, Զեմանն ինքը համադրական պրակտիկա է եկել թատերական աշխարհից)։ Արդյունքում առաջին անգամ ցուցահանդեսի ստեղծողի հեղինակային կամքն արտահայտվեց էքսպոզիցիայում, այսինքն՝ նա վերածվեց համադրողի, իսկ ցուցահանդեսն այլևս ավելին էր, քան պարզապես տարածության մեջ դասավորված ստեղծագործություններ։ Այն վերածվեց նախագծի, ավելի ճիշտ՝ համադրողի նախագծի։ Այդ տարիներին նման հեղափոխական նշանակություն ունեցան նաև Սեթ Սիգելաուբի «Հուլիս Օգոստոս Սեպտեմբեր 1969» և Մարսել Բրոտասի «Ժամանակակից արվեստի թանգարան։ Արծիվների բաժին» ցուցահանդեսները։
Եվա Խաչատրյան
Մինչ այժմ համադրողն ակտիվ համագործակցում է արվեստագետների հետ, օգնում կյանքի կոչել գաղափարներ, կամ էլ արվեստագետների միջոցով կյանքի է կոչում իր իսկ գաղափարները, ձևակերպում կոնցեպտներ, ինչի արդյունքում իրականացվում են արվեստի նախագծեր ու կազմակերպվում ցուցահանդեսներ։ Այս ամենից բացի, հատկապես ժամանակակից արվեստի պարագայում, համադրողը նաև մեկ այլ շատ կարևոր առաքելություն ունի․ երկխոսություն հաստատել արվեստագետի և հանդիսատեսի միջև։
Համադրողից է կախված ցուցադրության հաջողությունն ու արվեստագետի հետագա ճանապարհը։ Կարևոր է հաշվի առնել ամեն բան․ ճիշտ պահը, գաղափարը, տեղեկացվածությունը, ցուցադրական տարածքն ու դրա ճիշտ կազմակերպումը։ Համադրողի աշխատանքը ոչ միայն ակադեմիական գիտելիքներ է պահանջում։ Համադրողը նաև արվեստաբան է, արվեստի քննադատ, մենեջեր ու մարքետոլոգ, չէ՞ որ հենց նրա ուսերին է ընկած ցուցահանդեսի կազմակերպումը, կոնցեպտի մշակումը, ցուցադրվող նյութի կոմպետենտ ընտրությունը, հանրային ելույթներն ու մամուլի ասուլիսները, կատալոգի և տեղեկատվական այլ նյութերի պատրաստումը, նախագծի կոմերցիոն մասի և անհրաժեշտ բյուջեի պլանավորումն ու շատ այլ մանրամասներ։
Մեզ համադրող պե՞տք է
Հետաքրքիր է՝ արդյո՞ք մեծամասշտաբ արվեստի միջոցառումները, ինչպիսին արվեստի տոնավաճառներն են, ունեն համադրողի կարիք և եթե այո, ապա ի՞նչ է ակնկալվում համադրողից այդ դեպքում։ Սովորաբար, արվեստի տոնավաճառները, որպես այդպիսին, համադրող չեն ունենում, քանի որ այնտեղ, ի տարբերություն ցուցահանդեսների, մեկ ընդհանուր կոնցեպտ չի լինում և չի էլ կարող լինել։ Յուրաքանչյուր ցուցասրահ տոնավաճառին մասնակցում է սեփական կոնցեպտով և յուրաքանչյուրը կարող է ունենալ իր համադրողը։ Սակայն, այնուամենայնիվ, համադրողի մասնագիտական հայացքը շատ կարևոր է տոնավաճառն իրականացնելու և կայացնելու գործում։
Համադրող Եվա Խաչատրյանն, օրինակ, Armenia Art Fair-ի կազմակերպման աշխատանքներին մասնակցում է որպես փորձագետ։ Եվայի հիմնական առաքելությունը տոնավաճառը կազմակերպող թիմին հայ արվեստի դաշտում ճիշտ կողմնորոշելն է։ Ու՞մ ներառել, ի՞նչ ուղղությամբ շարժվել և այդ ամենը հատկապես միջազգային համատեքստում։ Կարևոր է ոչ միայն տեղեկացվածությունը, այլև մասնագետի հայացքը՝ արվեստի տոնավաճառին մասնակցության հայտ ներկայացրած ցուցասրահների միջև ճիշտ ընտրություն կատարելու համար։
Շատ կարևոր է նաև տարածքի ճիշտ օգտագործումը։ Ցուցասրահները բազմազան են, ներկայացվող արվեստի գործերը ևս։ Այդ ամենը մեկ հարկի տակ ներկայացնելն իրականում այնքան էլ հեշտ չէ։ Տաղավարները պետք է բաշխել հաշվի առնելով գործերի չափսերը, զբաղեցրած տարածքը և որոշակի ընդհանուր տրամաբանություն գտնել։ Կարևոր է հաշվի առնել և՛ բովանդակությունը, և՛ վիզուալ պատկերները, և՛ այն, թե որ աշխատանքն ինչ չափով պետք է ընդգծվի։ Տարածքի կազմակերպման այս բավական բարդ հարցով համադրողն աշխատում է ճարտարապետի և արվեստի տոնավաճառի տնօրենի հետ։ Իհարկե, շատ գաղափարներ առաջ են գալիս թիմային աշխատանքի ու քննարկումների շնորհիվ։
Armenia Art Fair 2019
Ինչպե՞ս են ընտրվում տոնավաճառի մասնակիցները
Armenia Art Fair ուղարկված բոլոր հայտերը նախ քննարկվում են կոմիտեի կողմից, որի ընտրությունն արդեն ներկայացվում է ժյուրիի անդամների դատին՝ վերջնական որոշման համար։ «Ոչ բոլոր հայտերն են ընդունվում։ Փորձում ենք մեղմ լինել, բայց երբեմն, եթե նույնիսկ ցուցասրահը պատրաստ է վճարել, բայց մենք կարծում ենք, որ տվյալ ցուցասրահի առկայությունը կազդի տոնավաճառի բովանդակության վրա, ստիպված ենք լինում մերժել»,—ասում է Եվան։
Հայաստանում մասնավոր պատկերասրահները, ցավոք, շատ չեն, եղածներն էլ միշտ չէ, որ ունենում են բավարար ֆինանսական միջոցներ տոնավաճառին մասնակցելու համար, ինչը հավելյալ դժվարություն է ստեղծում։ Կան և այնպիսիք, որոնք իրենց գործունեությունը ծավալում են առցանց, հաճախ չեն ունենում ցուցահանդեսային պրակտիկա և տոնավաճառը հենց այն եզակի հարթակներից է, որը պատկերասրահներին հնարավորություն կտա ներկայանալ հանդիսատեսին իրական տարածության մեջ։ Ահա թե ինչու Եվան և իր գործընկերները փորձում են անել ամեն ինչ, որպեսզի այլընտրանքային մասնակցային պայմաններ և մեծ տեսանելիություն ստեղծեն նման ցուցասրահների համար։
Առավել բարդ է աշխատել այն ցուցասրահների հետ, որոնք տոնավաճառներին մասնակցելու փորձ չունեն և դժվարությամբ են համակերպվում առաջադրվող պայմաններին․ «Մինչ օրս էլ մասնակիցներից ստանում ենք բավական տարածված հարցեր և ստիպված լինում բացատրել, թե, օրինակ, ինչու են արժեքները կոնկրետ ինչ-որ կերպ սահմանվում, ինչով է դա պայմանավորված և որ անընդհատ զիջումներ անելը հնարավոր չէ ու կարևոր է աճ գրանցելը»,— նշում է Եվան՝ ուրախությամբ հավելելով, որ, այնուամենայնիվ, առաջընթաց զգացվում է։
Այս առումով փոքր-ինչ այլ են Հայաստանից դուրս գտնվող մասնակից ցուցասրահները, որոնք, որպես կանոն, արդեն ունեն արվեստի միջազգային տոնավաճառների մասնակցության փորձ և ընթացքն ավելի լավ են պատկերացնում։ «Հիմա դժվար ժամանակներ են, ես հասկանում եմ, թե ինչու մարդիկ կարող է ակտիվ չլինեն, բայց, մյուս կողմից, ուրախանում եմ, որ Armenia Art Fair-ը հնարավորություն է ստեղծում, որ մարդիկ ակտիվանան»,—ասում է Եվան։
Armenia Art Fair 2019
Art Fair-ից դուրս, Art Fair-ի ներսում
Որպես համադրող՝ Եվան նաև մի քանի գաղափար է իրականացնելու Armenia Art Fair-ի ընթացքում։ Ըստ նրա, շատ կարևոր է, որ արվեստի տոնավաճառը չբավարարվի միայն ցուցահանդես-վաճառք լինելով և ընդգրկի այլ նախագծեր․ «Կրթական և այլ ծրագրեր ենք ներառել, որոնք իրենց գոյությամբ կարտացոլեն թե՛ մեր տեղական խնդիրները և թե՛ նաև կփորձենք այդպիսով ինչ-որ խնդիրների լուծում տալ։ Հակառակ դեպքում, եթե լիներ չոր ու ցամաք էքսպո, վաճառք, անշուշտ, մեր կյանքը դրանից գուցե ավելի հեշտ լիներ, բայց, վստահաբար, հետաքրքիր չէր լինի ո՛չ մեզ համար և ո՛չ էլ մասնակիցների»։
Բացի այդ, նա նաև սեփական նախագծերն ունի, որոնք կներկայացվեն տոնավաճառի ընթացքում։ Օրինակ՝ Open space-ը, որն առանձնանում է համադրողական մոտեցմամբ։ Այստեղ Եվան մեծապես կարևորում է երիտասարդների ներգրավվածությունը։ Հարթակը կընդգծի ժամանակակից արվեստի համատեքստը տեղական և միջազգային տեսանկյունից ու կներկայացնի ժամանակակից արվեստն ավելի ոչ կոմերցիոն տեսանկյունից։ Եվան հուսով է, որ մոտ ապագայում ժամանակակից արվեստը տեղ կունենա հայաստանյան արվեստի շուկայում, սակայն, մինչ այդ, այս հարթակը հնարավորություն կտա ազատորեն ստեղծագործել՝ լինելով արվեստի տոնավաճառի ձևաչափից դուրս։
Այս անգամ Open Space-ը տեղի կունենա հրավիրված արվեստագետների՝ հատուկ Armenia Art Fair-ի համար և հենց այս տոնավաճառի առաջարկած գաղափարի շուրջ ստեղծված ինստալյացիոն գործերով։ Անկախ արվեստագետները, որոնք կապ չունեն որեւէ ցուցասրահի հետ, ներկայացված կլինեն Մերգելյան ինստիտուտի ներքին բակի բաց տարածքում։ Ինստիտուտն, ըստ Եվայի, բովանդակային առումով ևս հետաքրքիր է և պատահական չէ, որ հրավիրված անկախ արվեստագետների առջև խնդիր է դրվել հաշվի առնել ինստիտուտի և նորագույն տեխնոլոգիաների համատեքստը, ինչն, ըստ Եվայի, կարևոր է ու պետք է շեշտադրվի նաև տոնավաճառի ընթացքում անցկացվող դասախոսությունների ու քննարկումների միջոցով։ Armenia Art Fair-ի շրջանակում տեղի կունենան նաև այլ նախագծեր հիմնական տարածքից դուրս, օրինակ՝ Մատենադարանում, «Դալան» ցուցասրահում և այլն։
«Թեմատիկ առումով շատ կարևոր է մեր արվեստը ավելի ճանաչելի դարձնել։ Մենք միշտ ունենք այդ խնդիրը՝ դրսում չերևալու կամ լավ չերևալու, հատկապես, երբ հերթը հասնում է ժամանակակից արվեստին։ Ահա թե ինչու, հաշվի առնելով բոլոր բացերն ու խնդիրները, Armenia Art Fair-ն իր վրա մեծ պատասխանատվություն է վերցնում լրացնելու և լուծումներ փնտրելու»,—ամփոփում է Եվան։