Armenia Art Fair․ «Մենք արդեն մեծացել ենք և գրավում ենք նոր տարածքներ»
Armenia Art Fair

Armenia Art Fair․ «Մենք արդեն մեծացել ենք և գրավում ենք նոր տարածքներ»

Armenia Art Fair արվեստի տոնավաճառը 2018 թվականին հիմնադրել են Նինա Ֆըսթըգճեանը և Զառա Ուզունյան-Հելպինը: ԵՐԵՎԱՆ-ը զրուցել է հիմնադիրների հետ ու պարզել տոնավաճառի հիմնադրման մանրամասներն ու առանձնահատկությունները։

Տեքստը՝ Հասմիկ Բարխուդարյանի

#Արվեստ

 

Armenia Art Fair-ի ամբողջական ծրագրին կաող եք ծանոթանալ այստեղ։

 

 

Մեծ գաղափարի իրականացման ճանապարհին

Տարիներ առաջ Նինան և Զառան համատեղ նախագծի վրա աշխատելով հասկացան, որ երկուսն էլ մեծ սեր և կիրք ունեն արվեստի հանդեպ, և հենց այդ ժամանակ էր, որ նկատեցին նաև միասին արվեստի ոլորտում աշխատելու ներուժն ու հնարավորությունը: Քննարկեցին ու համաձայնեցին, որ Հայաստանի և տարածաշրջանի տաղանդները դժվարությամբ են կարողանում դուրս գալ միջազգային ասպարեզ ու մեծ տարածում ունենալ աշխարհում: Ահա այսպես ծնվեց տարածաշրջանային արվեստի բուտիկ-տոնավաճառ ստեղծելու գաղափարը՝ օգնելու տարածաշրջանի նոր տաղանդներին ավելի մեծ համբավ ձեռք բերել: 

 

Հավակնոտ նպատակն իրագործելը բազմաթիվ գործողություններ էր ենթադրում։ Միտք առաջացավ ոչ միայն կազմակերպել ցուցադրություն տեղի արվեստասեր հասարակության համար, այլև պատկերասրահներ և արվեստագետներ ներգրավել տարածաշրջանից, ինչպես նաև գնորդներ ու միջնորդներ ամբողջ աշխարհից։ 

 

 

Թիմ հավաքելը բարդ էր, երկուսն էլ ապրում էին արտերկրում։ Այնուամենայնիվ, հաջողվեց գտնել մի խումբ անհատների, որոնք նույնքան էմոցիոնալ և էնտուզիազմով լի էին և ունակ աշխատելու այդչափ ծավալուն նախագծի շրջանակում, ինչը միաժամանակ և ոգևորիչ էր, և պարտավորեցնող: «Մենք աջակցություն ունեինք տեղական որոշ բիզնեսներից, բայց հետո, նախապատրաստական աշխատանքների ընթացքում, սկսվեց Թավշյա հեղափոխությունը։ Բոլոր լոգիստիկ խնդիրները, որոնք արդեն ունեինք, մի քանի անգամ բարդացան։ Նույնիսկ մտածում էինք չեղարկել, բայց կարծես թե ամեն ինչ հարթվեց, և որոշեցինք շարժվել ըստ նախատեսվածի: Ռիսկային և ոչ հեշտ որոշում էր՝ հաշվի առնելով Հայաստանում կատարվող իրադարձությունները»,—նշում է Նինան։

 

Հնարավորությունների ու դժվարությունների մասին

Նինան և Զառան վստահ են, որ  յուրահատուկ աշխարհագրական դիրքի շնորհիվ, բայց ոչ միայն, Հայաստանը հսկայական հնարավորություն ունի դառնալու կովկասյան տարածաշրջանի արվեստի կենտրոն, որը կներգրավի արվեստագետների ոչ միայն Հայաստանից, այլև ողջ տարածաշրջանից: Արվեստի հանրահայտ տոնավաճառներ, ինչպիսիք են Art Dubai-ն և Art Basel-ը, դարձել են չափից դուրս մեծ և ոչ բավարար կենտրոնացված, և շատ հայտնի պատկերասրահների չի հաջողվում նույնիսկ մասնակցել այդ տոնավաճառներին: Հայաստանն այդ առումով ռազմավարական դիրք ունի, ինչը կօգնի ստեղծել ժամանակակից արվեստի փոքր, բայց ամուր շուկա: 

 

Ըստ հիմնադիրների, հաշվի առնելով նաև մատչելի ավիատոմսերն ու կացարանը, պատկերասրահների մասնակցությունը տոնավաճառին ֆինանսական առումով ևս շահավետ է: «Հուսով ենք, որ Armenian Art Fair-ը այնպիսի ազդակներ կփոխանցի, որը կօգնեն ապագայում  արվեստի այլ նախագծերի ստեղծման համար»,— ասում է Նինան: 

 

Իհարկե, կան շատ դժվարություններ։ «Շատ կարևոր է, որպեսզի հաղթահարվի այն պատկերացումը, որ սա հերթական ցուցահանդեսն է, հատկապես տեղական բիզնեսների և հովանավորների ընկալմամբ: Ժամանակ կպահանջվի, որպեսզի այն ընկալվի որպես իսկական արվեստի տոնավաճառ՝ նույն մակարդակի վրա, ինչ  արվեստի մյուս տոնավաճառներն ամբողջ աշխարհում: Ցավալի է նաև, որ դժվար էր գտնել մի վայր, որը կարող էր մեզ տեղավորել և հոգալ մեր բոլոր կարիքները: Առաջանում են նաև այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ բեռնափոխադրումը, մաքսային վճարումները և ապահովագրությունը»,—մտահոգությամբ հավելում է Նինան: 

 

 

Կարևոր է նաև հասկանալ, որ Armenia Art Fair-ը միայն արվեստի գործեր վաճառելու համար չէ: Այն ունի ակադեմիական և ինտելեկտուալ բաղադրիչ մարդկանց կրթելու, արվեստագետների համբավը բարձրացնելու կարևոր գործառույթներ։ Վաճառքը տոնավաճառի ընդամենը մի փոքր մասն է: «Իհարկե, մենք ցանկանում ենք վաճառել որքան հնարավոր է շատ արվեստի գործեր՝ հաջողված միջոցառում կազմակերպելու համար, բայց շատ ավելի կարևոր է կապեր ստեղծելը: Դա նման է PR-ի. երբեմն դա ժամանակ է պահանջում, և տարածումն ու արդյունքները կարող են անմիջապես չերևալ»,—նշում է Նինան:

 

Այս տարի, մայիսի 28-ից 30-ը Armenia Art Fair-ը կիրականացվի 3-րդ անգամ՝ կրկին Երևան Էքսպոյում և ընդլայնվելով կներկայանա արդիական ծրագրով՝ գործարկելով,  օրինակ, թվային արվետսիհարթակ, որն առաջինն է Հայաստանում և տարածաշրջանում: Սա հնարավորություն կտա տարածաշրջանի արվեստագետներին ցուցադրել իրենց թվային արվեստը և վաճառել դրանք ինչպես սովորական ֆինանսական գործիքներով, այնպես էլ կրիպտոարժույթով: Այս գործերի սեփականատերերը հետագայում կկարողանան վերավաճառել դրանք բաց շուկայում: «Մենք արդեն մեծացել ենք և գրավում ենք նոր տարածքներ։ Այս տարի միջոցառումներ կիրականացվեն նաև Երևանի այլ մշակութային հաստատություններում», — ուրախությամբ նշում է Նինան։

հավելյալ նյութեր