Երևանյան ֆիթնեսի խրոնիկա #2. Action Fitness՝ քաղաքի ամենահին մարզասրահներից մեկը
Առողջ ապրելակերպ

Երևանյան ֆիթնեսի խրոնիկա #2. Action Fitness՝ քաղաքի ամենահին մարզասրահներից մեկը

Երևանյան ֆիթնեսի խրոնիկաները մեզ տանում են դեպի քաղաքի ֆիթնես մշակույթի արմատները։ Այս անգամ զրուցել ենք Action Fitness-ի նախկին տնօրեն Արա Թութունջյանի հետ՝ պարզելու, թե ինչպես բացվեց քաղաքի առաջին մարզասրահներից մեկը, ինչ է այն փոխել սերունդների կյանքում, և ինչ հետաքրքիր պատմություններ են թաքնված նրա պատերի հետևում։

Տեքստը՝ Արաքս Սաֆարյանի

 

Լուսանկարները՝ Action Fitness-ի

 

ActionEVN պրոմոկոդով կարող եք ստանալ զեղչ Action Fitness-ում գրանցվելիս 💪

#Գործընկեր

Ռեստորանից՝ մարզասրահ

Արդեն հեռավոր 2015-ն էր, 1-2 խոշոր մարզասրահներից բացի, քաղաքում այլընտրանք չկար։ Անհատական մարզչի գաղափարը նույնպես, կարելի է ասել, չկար։ 

 

«Սիրիայից նոր էի տեղափոխվել Հայաստան և աշխատում էի որպես մարզիչ։ Միտք ունեի բացել իմ սեփականը, որովհետև սիրահարված էի իմ գործին ու զգում էի, որ կարող եմ այստեղ ինչ-որ բան փոխվել», - պատմում է Արան։

 
«Հետո մի օր պատահաբար գտա մի ռեստորանային տարածք, որ վարձով էր տրվում։ Երկու գլխավոր առավելություն ուներ. նախ՝ սյուներ չկային, բաց, ազատ տարածք էր՝ մարզվելուն հարմար, և հետո մեծ պատուհաններ ուներ ու բնական լույս։ Պայմանավորվեցի, գնացի՝ տարածքը տեսնելու։ Երբ առաջին անգամ մտա ներս, Սուրբ ծնունդ էր, ու շուրջ բոլորը՝ ձյուն. պատուհաններից որ նայում էիր, շնչառությունդ բացվում էր։ Ինքս ինձ մտածեցի՝ էս հենց այն է, ինչ փնտրում եմ. հաստատ հաջողելու է։
Դե 16 տարեկանից մարզվելով՝ ես էլ գիտեի մարզվողի հոգեբանությունը. ո՞վ չէր ուզի պարապել ընդարձակ ու լուսավոր դահլիճում»։

 

Այդպիսի նախատոնական միջավայրում ծնվեց Action Fitness-ը։ Ի դեպ, Արան հիշում է, որ պայմանագիրը կնքելիս տարածքի տիրոջը պատմեց, թե ինչ է նախատեսում, վերջինս ուրախացավ, ասելով, որ «վերջապես էդ ուտել-խմելուց կձերբազատվենք ու կանցնենք առողջ ապրելակերպի»։

 

 

 

Հավասար պայմաններ բոլորի համար

Պարզվում է՝ Արան չէր սխալվում, և բացվելուց ընդամենը երկու ամիս անց մարդիկ սկսեցին գալ։ Ընդ որում՝ սկզբում տղաները գերակշռում էին աղջիկներին, դե, քանի որ մեզ մոտ այն ժամանակ դեռ ընդունված չէր մարզվելու մշակույթը։ Մարզիչներն էլ կամա թե ակամա ստանձնում էին միջավայրի պաշտպանների դերը, որը, ի դեպ, շարունակվում է մինչ օրս։ Ժամանակի ընթացքում աղջիկների թիվը մարզասրահում կրկնակի գերազանցեց տղաներին։
 

«Ինձ թվում է՝ դա նրանից էր, որ մեզ մոտ պարտադիր պայման էր, որ մարզիչը ընկերական լինի։ Հա, անհատական մոտեցումն ու խստությունը՝ իրենց հերթին, բայց երբ դու բաց ես մարդկանց առաջ, նրանք քեզ վստահում են։ Իրականում մարզվողի անկեղծությունից է կախված, թե ինչ արդյունք կունենա մարզչի ծրագիրը։ Հետո էդ ընկերական միջավայրը այնքան ամրացավ, որ նույնիսկ այն ժամանակ, երբ Նոր տարվա օրերին քաղաքում ամեն ինչ փակվում էր մոտ 10 օրով, մենք բոլորով պայմանավորվում ու գալիս էինք մարզվելու»։

 

Ինչպես ասում են, մեկը դարձավ երկու, երկուսը՝ երեք, և այս շուրջ 10 տարիների ընթացքում պրոֆեսիոնալ մոտեցման և ընկերական բաց միջավայրի շնորհիվ՝ շատերը մտան Action Fitness որպես մարզվող և դուրս եկան որպես մարզիչ։ Արայի խոսքով՝ մարզասրահում ավելի քան 40-50 մարզիչ «ծնվեց»։

 


Արագ սննդի փոխարեն՝ երկարատև մարզումներ  

Օր օրի առողջ ապրելակերպը ավելի պահանջված էր դառնում, ու մարդիկ, արդեն գիտակցելով նրա կարևորությունը, գալիս էին մարզվելու։ Համեմատության համար՝ եթե սկզբում մեծ մասի նպատակը արագ նիհարել կամ քաշ հավաքելն էր, ապա հիմա շատերը գալիս են թուլանալու և հաճույք ստանալու։
 

Այս տարիների ընթացքում զավեշտալի դեպքերից էլ Action Fitness-ը զերծ չի մնացել։ «Պատահում էր՝ գալիս էին մարզվելու, մեկ էլ տեսար՝ կեսից գնացել են ծխելու։ Կամ էլ ջրի փոխարեն կոլայով են եկել»,- պատմում է Արան։ Բայց ժամանակի ու քրտնաջան աշխատանքի շնորհիվ՝ հիմա շատերը թողել են ծխելը, կոկա-կոլայի փոխարեն էլ պրոտեին են խմում։

Բացի այն, որ Action Fitness-ը նախկին կյանքում, փաստորեն, ռեստորան է եղել, ժամանակի ընթացքում նրա կողքին՝ ընդամենը մի պատ հեռավորության վրա, արագ սննդի կետ էր բացվել։ Ներքին կատակ կար, որ մարդիկ գալիս են մարզվելու, հետո մտնում կողքի դռնով՝ բուրգերների հետևից։ 

 

Լավ է, որ բուրգերանոցի տարածքը շուտով նույնպես «գրավվեց» Action Fitness-ի կողմից ու մարզվողներն այլևս գայթակղության չեն ենթարկվում։
Առողջ ապրելակերպի հաղթանակը էլ ո՞նց է լինում։

 



 

Action Fitness. երբ սիրում ես քո գործը

Արդեն մի տարի է՝ ինչ Արան մարզասրահի տնօրենը չէ, բայց ամեն օր գալիս է այստեղ մարզվելու։ «Երբ սիրում ես քո գործը, ամեն առավոտ անհամբեր սպասում ես, թե երբ պիտի լույսը բացվի, ու գաս, էս երկաթները շոշափես, մարզես ու մարզվես։ Action Fitness-ը աշխատում էր առավոտյան 9-ից, բայց ես, իմ կամքից անկախ, 7-ն անց կեսից էնտեղ էի։ Որովհետև պարտադիր չի հստակ նպատակ ունենալ՝ նիհարելու կամ քաշ հավաքելու, երբ սպորտը դարձնում ես քո առօրյայի մի մասը, հաշվիր՝ արդեն առողջ ես»։

հավելյալ նյութեր