Կրքոտ սեր առ ձայնն ու պատումը. «Ականջօղ» փոդքասթ
Փոդքասթ

Կրքոտ սեր առ ձայնն ու պատումը. «Ականջօղ» փոդքասթ

«Ականջօղի» համահիմնադիր Անահիտը պատմում է, թե ինչպես է պատրաստվում Հայաստանի առաջին ֆեմինիստական փոդքասթը։

Տեքստը և լուսանկարները՝ Անահիտ Ղազարյանի/«Ականջօղ»


ԵՐԵՎԱՆ #60 | 2020

#Լսում_է_Երևանը

 

Ականջօղի բոլոր թողարկումները՝ այստեղ

 

Ինձ թվում ա՝ ես ու Գոհարը հանդիպել ենք, ընկերություն ենք արել, որ վերջում էդ վերաճի ու դառնա «Ականջօղ» փոդքասթ, կամ ինչպես ասվում ա մեր ամեն էպիզոդի սկզբում՝ Ական-ջըըը-օղ։ Մեր ստեղծագործականությունը, հետաքրքրությունները, միասին մտածելու ու ինչ-որ բան արարելու կայֆն ու պատասխանատվությունը, իրար անսահման վստահելու ու իրար հետ արդյունավետ ժամանակ անցնացնելու մորմոքը դարձավ անուն ու լոգո։ Կան, չէ՞, տենց բնավորություններ, մարդիկ, որոնց էմոցիոնալ կառուցվածքը տարբեր ա, բայց ժամացույցի անիվիկների քյառթիկների պես բռնում ա իրար ու պտտացնում մի ամբողջ համակարգ։ Հիմա իմն ու Գոհարինը հենց տենց ա։ Փոդքասթի աստվածները մեր հանդեպ բարեգութ գտնվեցին ու ապրիլյան մի պայծառ օր ծնվեց «Ականջօղ» անունն ու մենք, որպես փոդքասթ անողներ։

 

Գոհարը մի ինտիմ խոստովանություն ունի փոդքասթ երևույթին, ու ես պետք ա պատռեմ ճշմարտության դեմքն ու ամրագրեմ․ Գոհարն ասում ա, որ եթե կա մի բան, որի հետ ինքը կուզեր կապել իր կյանքն ու ամուսնանալ, էդ փոդքասթն ա․ այ էդքան խորը սեր ա զգում ձայնային էդ փառահեղ մշակույթի հանդեպ։ Էդ մի սեր ա, որը իմ մոտ երևի էդքան բուռն չի, բայց հաստատ կրքոտ ա։ Կրքոտ սեր առ ձայնն ու պատումը։ Ու մի բան էլ խոստովանությունների շարքից։ Գոհարն ատում ա լուսանկարվել ու լուսանկարվելու հրավերը վիրավորանք ա իր ողջ գոյությանն ու հավատամքին։ Բայց «Ականջօղն» ինձ տվեց ինստիտուցիոնալ մուննաթի արտոնություն իր դիմադրությանն ու նկարվել չուզենալուն։ Դրանից հետո մենք սկսեցինք աջուձախ լուսանկարվել։ «Ականջօղը» ծաղկում ա։

 

 

Հիմա փորձեմ պատմել, թե ոնց ենք ստեղծել մեր վերջին՝ «Սոլիդարությունը որպես զենք» էպիզոդը։ Օգոստոսի երկրորդ կեսին մի քանի ամսով եկա Ստամբուլ ու ինչ-որ կարճ շրջան հետաձգվեց մեր հաջորդ էպիզոդի ձայնագրումը։ Հանդիպեցինք սեպտեմբերի վերջերին Մոսկվայի օդանավակայանում ու միասին գնացինք Լոս Անջելես՝ Werk It կանանց փոդքասթ փառատոնին մասնակցելու, ինչի համար ահավոր ուրախ էինք ու ունեինք խլվլուն, խուտուտ տվող երջանկություն, քանի որ էդ փառատոնի ժամանակ հանդիպելու էինք նաև Ռոքսան Գեյին։ Մի տեսակ ռոմանտիկ ստացվեց։ Ինչևէ։ Մինչ իրար հանդիպելն արդեն ունեինք գուգլ դոք, որի մեջ մի ամիս շարունակ գրվում էր մեր հաջորդ էպիզոդի սցենարը։ Սցենար գրելը շատ աշխատատար ու ջանջալ, բայց նաև սիրելի գործ ա։ Ինչպե՞ս սկսել։

 

Գոհարը միշտ ասում ա՝ պետք ա պատմությունը սկսել պատմել կեսից։ Բայց ո՞նց ամեն անգամ կառուցել պատում, հետո կիսել ու սկսել մեջտեղից։ Էստեղ ա, որ օգնության ա գալիս շատ փոդքասթ լսելու փորձը, կրեատիվությունն ու եղած նյութի հետ ճիշտ աշխատելու հնարամտությունը։

 

Լսողին պետք ա միշտ անակնկալի մեջ պահել, թույլ տալ զարմանալ։ Իսկ ամեն հաջորդ էպիզոդի թեման ընտրելը անհասկանալի գործընթաց ա։ Մենք ունենք թեմաների ցանկ, որոնց մասին նախատեսում ենք ու ուզում ենք խոսել, բայց ընտրության որոշումը կախված ա օդում ու կապված ա մեր կյանքում տեղի ունեցածի հետ։ Օրինակ՝ «Տղա ես, մի՛ լացի» էպիզոդը ծնվեց մեր ընկերներից մեկի հետ թեժ զրույցի արդյունքում։ Այսինքն՝ փորձում ենք զգայուն լինել կյանքի նկատմամբ ու անել ընթացիկ թեմաներին արձագանքող էպիզոդներ։ Էն, ինչ անհանգստացնում ա մեզ, անհանգստացնում ա նաև շատերին։

 

 

Էս անգամ աշխատում էինք կանանց սոլիդարություն թեմայի շուրջ։ Էդ թեման ընտրեցինք, որովհետև նախորդ էպիզոդներից մեկում մեր հերոսներից մեկը միանգամայն այլ թեմայի մասին խոսելիս ասաց, որ կանանց մեջ ոչ մի սոլիդարություն էլ չկա։ Էս նախադասությունը մնաց մեր գլխում որպես բեկորային միտք, էնքան անհանգստություն տվեց, որ վերջապես տեղի տվեցինք ու սկսեցինք նախապատրաստական աշխատանքները։ Նախ փորձեցինք խոսել ու հասկանալ, թե մենք անձնապես՝ որպես Գոհար ու Անահիտ, ինչ վերաբերմունք ունենք սոլիդարություն ասվածի հանդեպ։ Հետո կարդացինք ու թարգմանեցինք Ռոքսան Գեյից մի էսսե։ Գոհարը հետը տպած բերել էր Բելլ Հուքսի մի հոդված, որը կարդում, փորձում էինք հասկանալ ու թարգմանել Գլենդելի սրճարաններից մեկում՝ ստեղից-ընդեղից գողացած ժամանակով։ Ու էդ ընթացքում էր, որ Վերաիմաստավորելով մարտի ութը խմբում թեժ քննարկումներ էին եղել Լիլիթ Մակունցի մասին հնչեցրած կարծիքի արտահայտման ձևի ու բովանդակության շուրջ։ Ու մենք որոշել էինք անպայման անդրադառնալ էդ զրույց-բանավեճին, քանի որ կարծում էինք, որ կարևոր են բոլոր էն խմորումները, որոնք ձևավորում են մտածելու միջավայր, բայց երկար մտածում էինք՝ ինչպես դա անել, ինչ անկյան տակ։

 

Էդպես մտորումներով ճամփորդեցինք Ամերիկայով մեկ՝ Լոսից հասանք Բոստոն, հետո Նյու Յորք ու ամեն տեղ քիչ-քիչ գրեցինք ու աշխատեցինք մեր սցենարի վրա։ Հասանք Ստամբուլ։ Ստամբուլում ունեինք երեք օր տեքստը ամբողջացնելու ու ձայնագրելու համար, քանի որ Գոհարը պետք ա վերադառնար Հայաստան։ Ձայնագրելու գործընթացն ինքնին շատ բարդ էր կազմակերպել, որովհետև տունը, որում ապրում էինք, ուղիղ փողոցի վրա էր, իսկ ստամբուլյան փողոցն աղմուկի թագավորություն ա։ Նախ որոշեցինք պատմել, թե որտեղ ենք գտնվում, ձայնագրել աղմուկը ու վերստեղծել ձայնային էն միջավայրը, որում գտնվում էինք։ Ականջներս սրած սպասում էինք աղմուկի։ Մինչև ես մյուս սենյակից կգայի, բանջարեղեն վաճառով մեքենան իր կանչերով անցավ մեր պատուհանի տակով։ Թարսի պես ձայնագրիչի միացման գործընթացը երկար ա տևում։ Դրա համար ստիպված եղա վերցնել ձայնագրիչն ու դուրս վազել՝ մեքենայի հետևից, որն արդեն իր աղմուկով հասել էր կողքի փողոց։ Էս ձայնագրիչը ոնց որ խնդալու, փռչոտ կենդանի լինի, որը սկզբում չի գրավում մարդկանց ուշադրությունը ու մարդիկ չեն հասկանում, որ ձայնագրվում են։ Հասել էի մեքենային ու էս փռչոտիկով սպասում էի, որ գոռա՝ բույրուն, բույրուն, դոմաթես բեշ լիրա և այլն։ Էդ սպասելու վայրկյանները տարօրինակ էին հա՛մ իմ, հա՛մ վաճառողի համար։ Վերջը գոռաց։ Ես ուրախացած ու առաքելությունս ավարտած, ձայնը գրելուց հետո եկա տուն։ Էդ մի դարդից պրծանք, մնաց մնացածը։

 

Փոդքասթի թողարկումներից մեկը

 

Մեր էպիզոդը սկսվելու էր ֆեյսբուքյան քննարկումից մի քանի հատված ընթերցելով, որի համար մեզ տղայի ձայն էր պետք։ Ինչպես ասում են՝ դե արի էս նեղ մաջալին հայերեն, էն էլ արևելահայերեն խոսող տղա գտի, խոսացրու ու ձայնագրի։ Բարդ էր, մտքով անցանք բոլոր ծանոթների անուններով։ Չգտանք։ Նամակ գրեցինք Արեգին Առաքելյան, ուղարկեցինք տեքստը, խնդրեցինք ձայնագրել ու ուղարկել։ Ըհըն։ Սլյեդույշչի՜հ։ Հերթը հասավ մեր բուն տեքստի ձայնագրմանը։ Գոհարի գնալուն քիչ ժամանակ էր մնացել, երևի մի չորս ժամ։ Պետք էր արագացնել։ Գնացինք ներքին բակի կողմում գտնվող սենյակը, որը մեր ընկերուհի Վարդուհու ննաջարանն էր։ Կատվին վտարեցինք սենյակից, դուռը պինդ-պինդ փակեցինք, աղոթողների պես ծնկեցինք մահճակալի մոտ, որ ձայնագրման միջավայրը փափուկ լինի, ձայնագրիչը դրեցինք մեր մեջտեղում ու սկսեցինք խոսել։ Մեր խոսքը մերթընդմերթ ընդհատվում էր վերևի հարևանների աղմուկ աղաղակով, որը ճանճի տզզոցի պես լսվում էր ու մեր արագ-արագ կարդալ վերջացնելու տրամադրվածությանը նյարդայնություն բերում։ Ազնիվ հավատացյալների պես ծնկի ցավերից պարբերաբար փոխում էինք մեր դիրքը ու տընքտընքում։ 


-Գոգ, լավ չես ասում, նորից ասա։ 


-Ան, էս մասը արագ ասեցիր։ Մի հատ էլ։ 


Ձայնագրեցինք։


Ավարտեցինք։

 

 

Հավաքեցինք Գոհարի իրերն ու ընկանք ճամփա։ Գոհարի՝ Հայաստան հասնելուն պես սկսեցինք մոնտաժային աշխատանքները։ Քանի որ գրեթե միշտ մոնտաժը միասին ենք անում՝ որ մասը թողնենք, որ մասը պահենք ու տենց։ Մոնտաժը արեցինք միասին՝ օնլայն տարբերակով։ Մի կողմում համակարգիչն էր ձայնի պատկերով, մյուս կողմում հեռախոսը, որի վրա Գոհարի պատկերն էր, ով տեսազանգով միացել ու ինձ հուշումներ էր անում։ Գիշերվա հազարն էր, վերջացրեցինք մոնտաժը։ Յութուբներում մի հազար բան լսելուց հետո գտանք ճիշտ էն երաժշտությունը, որն ուզում էինք։ Փորձեցինք երաժշտության ռիթմը կտրտել ու հարմարեցնել կարդալու տեմպին՝ դադարներին, արագ անցումներին․․․ Վերջ։ Պատրաստ ա։ Մնում ա ներբեռնել Վուշկա, գրել նկարագրությունը, տալ հղումներն ու ցտեսություն 6-րդ էպիզոդ։ Երևանում գիշերվա երեքն ա, Ստամբուլում՝ երկուսը, իսկ էպիզոդի երկարությունը՝ 27 րոպե, 38 վայրկյան։