Ալինա Սահակյանի հյուսված երազները
Ցուցահանդես

Ալինա Սահակյանի հյուսված երազները

Հոկտեմբերի 5-ից 10-ը Նարեկացի արվեստի միությունում տեղի կունենա նկարչուհի Ալինա Սահակյանի «Հյուսված երազներ» հեղինակային ցուցահանդեսը, որի շրջանակում կներկայացվեն հեղինակային բրդային տեխնիկայով արված աշխատանքները։ Խոսել ենք Ալինայի հետ ցուցահանդեսի, բրդի ու բնությունը նկատելու կարևորության մասին։

Ցուցահանդեսի մանրամասները՝ այստեղ

#Արվեստ

Առաջին հայացքից թվում է՝ կտավի առաջ ես կանգնած։ Գույները շերտերով տարածվում են մակերեսին, ձևերը երբեմն հստակ են, երբեմն՝ իրար մեջ լուծված, իսկ լույսը տարբեր անկյուններից փոխում է պատկերի տրամադրությունը։ Միայն ավելի մոտենալուց ես նկատում, որ այստեղ ոչ մի վրձնահարված չկա։ Պատկերն ամբողջությամբ ստեղծված է բրդից՝ մանրաթել առ մանրաթել կառուցված մակերեսով։ Այս յուրահատուկ տեխնիկան Ալինա Սահակյանի այցեքարտն է։ 

 

Հենց այսպիսի գործվածքային աշխատանքներն են ներկայացվելու Նարեկացի արվեստի միությունում նկարչուհու հեղինակային ցուցահանդեսում։ 

 

 

 

«Ցուցահանդեսում ներկայացված են տարբեր տարիների աշխատանքներ, որոնք ցույց են տալիս իմ ստեղծագործական ճանապարհի որոշ փուլեր։ Միևնույն ժամանակ, այն նաև այն կետի արտացոլումն է, որտեղ ես այսօր եմ՝ շարունակելով զարգացնել իմ սեփական լեզուն բրդի, մանրաթելի, գույնի և հյուսվածքի միջոցով»,— ասում է Ալինան։

 

Բայց բուրդը նրա ստեղծագործության մեջ միանգամից չի հայտնվել։ Մինչև այս նյութին հասնելը Ալինան աշխատել է դասական գծանկարի, քանդակագործության, յուղաներկի, թանաքի և այլ տեխնիկաների հետ։ Բուրդն ի սկզբանե պարզապես փորձ էր՝ ևս մեկ նյութ, որի հնարավորությունները կարելի էր ուսումնասիրել։ Ժամանակի ընթացքում, սակայն, այդ փորձը վերածվեց հիմնական արտահայտչամիջոցի։

 

«Բրդի հետ աշխատելիս հասկացա, որ այն ինձ թույլ է տալիս միաժամանակ նկարել, կառուցել և ստեղծել ծավալ։ Գույնը, ձևն ու հյուսվածքը այստեղ ստեղծվում են մանրաթելերի միջոցով, և ես զգացի, որ հենց այս նյութով կարող եմ գտնել իմ սեփական լեզուն»։

 

Բրդի առանձնահատկությունը Ալինան առաջին հերթին տեսնում է նրա ֆիզիկական բնույթի մեջ։ Այն միաժամանակ և՛ գույն է, և՛ նյութ, և՛ ծավալ։ Տարբեր երանգների մանրաթելերը հնարավոր է համադրել այնպես, որ ստացվեն գրեթե գեղանկարչական գունային անցումներ, սակայն ի տարբերություն գեղանկարչության՝ այստեղ պատկերը նաև շոշափելի կառուցվածք ունի։

 

Լույսն էլ իր հերթին փոխում է աշխատանքը։ Մանրաթելերը տարբեր կերպ են արձագանքում լուսավորությանը, ինչի պատճառով նույն գործը կարող է տարբեր տեսք ունենալ՝ կախված նրանից, թե որտեղից ես նայում։

 

 

 

«Ինձ համար կարևոր է նաև նրա շոշափելիությունը․ աշխատանքը միայն պատկեր չէ, այն ունի ֆիզիկական ներկայություն»,— ասում է նկարչուհին։

 

Այդ շոշափելիությունը կարևոր է նույնիսկ այն դեպքում, երբ դիտողը աշխատանքին չի դիպչում։ Բրդի փափկությունը, շերտերը, մանրաթելերի ուղղությունները տեսողականորեն փոխանցում են նյութի զգացողությունը։ «Ես ուզում եմ, որ աշխատանքը միայն պատկեր չլինի, այլ ունենա ջերմություն և ֆիզիկական ներկայություն»։

 

Ստեղծագործական գործընթացը սովորաբար սկսվում է բավական հստակ պատկերից։ Նախ այն ձևավորվում է մտքում, հետո վերածվում է էսքիզի։ Բայց վերջնական արդյունքը միշտ չէ, որ ենթարկվում է նախնական ծրագրին։ Ալինայի խոսքով՝ բուրդը աշխատանքի ընթացքում կարող է ինքն էլ «խոսել»։

 

Երբեմն հենց նյութի վարքն է առաջարկում նոր լուծում՝ գույնի, հյուսվածքի կամ ձևի փոփոխություն։ «Այդ երկխոսությունն ինձ համար ստեղծագործական գործընթացի ամենահետաքրքիր մասերից է»։

 

Ալինա Սահակյանի աշխատանքներում հաճախ հանդիպում են բնությունը, ծաղիկները, բնական ձևերն ու գույները։ Բայց նրա համար բնությունը միայն պատկերելու թեմա չէ։ Ավելի կարևոր է այն զգացողությունը, որ այն կարող է փոխանցել՝ հանգստություն, խորություն, ժամանակի մի փոքր դանդաղում։

 

 

«Մենք հաճախ այնքան ենք շտապում, որ չենք նկատում մեր կողքին եղած փոքրիկ հրաշքները»,— ասում է նա։

 

Հենց այդ պատճառով ցուցահանդեսն էլ Ալինայի համար չի ավարտվում այն պահին, երբ դիտողը վերջին աշխատանքից հեռանում է։ Նա կուզենար, որ մարդն իր հետ տաներ ոչ միայն որևէ կոնկրետ պատկերի հիշողություն, այլև որոշակի զգացողություն՝ հանգստություն, հետաքրքրություն կամ պարզապես ցանկություն կրկին ուշադրությամբ նայելու շուրջը։

 

«Եթե իմ աշխատանքը որևէ մեկին ստիպի մի պահ դանդաղել, նայել և զգալ, ես կհամարեմ, որ այն հասել է իր նպատակին»։

 

Ցուցահանդեսը բաց է մինչև հոկտեմբերի 10-ը։

հավելյալ նյութեր