ALLO. Rambalkoshe-ի և ATS-ի համատեղ ցուցահանդեսը` կապի պատմական շենքում
Ցուցահանդես

ALLO. Rambalkoshe-ի և ATS-ի համատեղ ցուցահանդեսը` կապի պատմական շենքում

Հեռախոսային կայանի նախկին շենքը (նույն ինքը՝ ԱՏՍ-ը) վերադառնում է մեր իրականություն․ ապրիլի 10-ին շենքի չորրորդ հարկում տեղի կունենա ALLO ցուցահանդեսը։ Միջոցառման հեղինակները պատմել են մեկօրյա ցուցադրության և շենքի ապագային մասին։ ☎️ 📷

Տեքստը՝ Մարգարիտ Միրզոյանի

 

ALLO exhibition / rambalkoshe x ats

#Արվեստ

Կապի մեջ

Ապրիլի 10-ին տեղի կունենա Rambalkoshe ժամանակակից արվեստի թանգարանի և ATS նախաձեռնության համատեղ ցուցահանդեսը ATS-ի պատմական շենքի չորրորդ հարկում։ 

 

Ցուցահանդեսի ընդհանուր թեման կապն է։ Այն վայրում, որը ժամանակին ապահովում էր մեր կապը, 24 վիզուալ արտիստներ (ամբողջական ցանկը տե՛ս պաստառին)  ներկայացնելու են մեկական սև-սպիտակ լուսանկար՝ ստեղծված այսօրվա կապը ապահովող սարքերի՝ բջջային հեռախոսների միջոցով։ 

 

Ցուցահանդեսը տևելու է միայն մեկ օր։ Սա արդեն փորձված ֆորմատ է Rambalkoshe-ի կողմից։ Հիմնադիր Վահան Ստեփանյանի խոսքով՝ թե՛ համերգը,  թե՛ ցուցահանդեսը մարդու համար պետք է նույն կարևորությունն ունենան։ «Մենք կարող ենք մի կողմ դնել մեր բոլոր գործերը և գնալ համերգի, քանի որ այն միայն մեկ անգամ է լինելու, նույն ձև պետք է լինի և ցուցահանդեսի դեպքում»։ 

 

Արտիստներին տրվել էր ընդամենը մի քանի օր, որպեսզի փորձեն լուսանկարի միջոցով ցույց տալ կապն իբրև երևույթ։ Սևի ու սպիտակի ընտրությունն էլ նպատակ ունի այդ աշխատանքները դարձնել ATS-ի շենքի ներկայիս տեսքի ստվերների մի մաս։ 

 

Թեև կապի թեման ուղիղ կերպով կապվում է շենքի հետ, բայց այն նաև վերաբերում է մարդկանց միջև եղած կապին։ Հատկապես այսօր, երբ Հայաստան են եկել հազարավոր ռուսներ և ուկրաինացիներ, ցուցահանդեսի նպատակներից մեկն է ապահովել այդ մարդկանց և տեղացիների շփումը։ Արտիստների մի մասը Հայաստանից չեն, բայց մասնակցության պարտադիր պայմաններից էր, որպեսզի նրանց լուսանկարները արվեն Հայաստանում և հեղինակները ցուցահանդեսին ներկա լինեն։ 

 

Ի դեպ, մուտքն ազատ է։

 

 

Տեսնել երաժշտությունը, լսել պատկերը

Ամբողջ միջոցառման ընթացքում հնչելու է կենդանի երաժշտություն։ Նվագելու են երկու հայաստանցի և երկու՝ Մոսկվայից եկած արտիստներ։ Կազմակերպիչները խորհուրդ են տալիս գալ միջոցառման ամենասկզբից, քանի որ մեկնարկը տրվելու է կենդանի իմպրովիզացիայով՝ նվագելու է Hov-ը՝ ոգեշնչված միջոցառման թեմայով։ «Մենք սիրում են վիզուալի ու ձայնի կապը։ Միտքն այն է, որ դու տեսնում ես երաժշտությունը և լսում՝ պատկերը»,- ասում է Վահան Ստեփանյանը։ 

 

Վիզուալ արտիստների ընտրության ժամանակ չի կարևորվել նրանց պրոֆեսիոնալ լուսանկարիչ լինելը։ Կարևոր էր, որ իրենց ձեռքին լիներ հեռախոս և ունենային որոշակի աշխարհայացք, որպեսզի կապի գաղափարին սեփական վերաբերմունքը ցույց տային։ Լուսանկարները հեղինակներից բացի ոչ մեկ չի տեսել և դրանք արվել են հենց ցուցահանդեսի համար։ Վահան Ստեփանյանի խոսքով՝ ստացվել են իրարից բացառապես տարբեր արդյունքներ, բայց բոլորը միահյուսվում են կապի գաղափարի շուրջ։ 

 

ATS-ի ապագան

Ցուցահանդեսից անմիջապես հետո շենքը կփակվի վերանորոգման և մի քանի ամիս անց այնտեղ կստեղծվի ստեղծարար կլաստեր՝ գրասենյակային տարածքներով, շոուռումերով, քովորքինգներով, և նման այլ նախաձեռնություններով։ Տարածքն ունի նաև բակային հատված, որը կարող է լավ հավաքատեղի դառնալ ամենատարբեր մարդկանց համար։ ATS-ն UPD նորաստեղծ կառուցապատող ընկերության նախագիծն է: 

 

Ճարտարապետական մասը վստահվել է Electric Architects ընկերությանը, որի արտ տնօրեն Կարեն Բադալյանը ներառված է նաև ամբողջ նախագծի ստեղծարար մասով զբաղվող թիմում։ Նրա խոսքով՝ ATS-ը նպատակ ունի իր շուրջ ստեղծարար համայնք ստեղծել։ Կարելի է ասել, որ ALLO ցուցահանդեսը այդ նոր միջավայրի թիզերային միջոցառումն է։ 

 

հավելյալ նյութեր