Ալքիմիկոսը
Մինչև մարտի 13-ը AHA Collective պատկերասրահում կարելի է տեսնել (ու գնել) Արմեն Տեր-Մկրտչյանի բացառիկ ռեզինոտիպային աշխատանքները։ ԵՐԵՎԱՆը պատմում է մեր ժամանակների ալքիմիկոսի մասին։
03.03.2025
Ցուցադրությունը նախագծվել է Նայիրի Խաչատուրեանի կողմից որպես լուսանկարչական զրույց Արմեն Տեր-Մկրտչյանի և Բահար Շողիի միջև։ Երկխոսությունը տարածվում է քաղաքների (Գյումրի-Երևան), այլընտրանքային լուսանկարչական տեխնիկաների (ռեզինոտիպ-լուսա-փորագրություն) և լույսի ընկալման ուրույն դրսևորումների միջև։
Ցուցադրությունը բաց կլինի մինչև 2025 թվականի մարտի 13-ը։
Ցուցասրահը բաց է ամեն օր (երկուշաբթի-շաբաթ) ժամը 16։00-ից 19։00-ը (և ժամադրությամբ)։
Արմեն Տեր-Մկրտչյանը Գյումրու ամենայուրատիպ արվեստագետներից է, լուսանկարիչ, որը վերջին տարիներին աշխատում է ռեզինոտիպիային տեխնիկայով: 19-րդ դարում սկիզբ առած այս եզակի մեթոդով աշխարհում այսօր մի քանի տասնյակ մարդ է աշխատում, Արմենը նրանցից մեկն է: Իր աշխատանքի մասին պատմում է սիրով ու համբերատար, ինչ-որ պահի դիմացդ, կարծես, ալքիմիկոս է հայտնվում: Սա պատահական չէ, քանի որ այս տեխնոլոգիան իրերի հոգին թափանցելու հատկություն ունի:
«Այլ տեխնիկայով նման բան ստանալ չի լինի։ Ինչպես որ երաժշտությունն է. կարող ես կատարել տարբեր գործիքներով, ու բոլորի դեպքում տարբեր հնչողություն կունենա։ Սա էլ ունի իր սպեցիֆիկան։ Եթե ժապավենի դեպքում որոշակի ստանդարտներ կան, ու բնագիրը բազմացնելուց, անկախ քանակից, լուսանկարներն իրարից չէին տարբերվի։ Թվայինի դեպքում նույնն է՝ 1000 հատ էլ կտպի նույնությամբ։ Բայց այս տարբերակում երբեք նույնը չես ստանա։ Կրկնվելու տարբերակ չկա։ Կարող ես պատկերը կրկնել, բայց նույն պոզիտիվից հանած երկու տարբերակ տարբեր կլինեն»։
Լուսանկարչական տարբեր տեխնոլոգիաներ համեմատելով՝ Արմեն Տեր-Մկրտչյանը նշում է, որ թվային սիստեմն արժեքների փոփոխություններ է բերում։ «Նայեք, կենցաղայինի օրինակով ասեմ, 70–80-ականների, կամ նույնիսկ 90-ականների նկարները։ Խնջույք է, նկարվում են՝ առաջին պլանում մարդիկ են։ Իսկ էսօր նկարում են սեղանը և ուտելիքը։ Թվայինի առավելությունն այն է, որ խորությունն ավելի շատ է, երկու պլանն էլ ֆոկուսի մեջ են. եթե ժապավենի դեպքում առաջին պլանի կերակուրները ֆոկուսից դուրս կմնային։ Հիմա էլ ուտելիքն է։ Տեսեք կորպորատիվները՝ ամենաշատը 3-րդ կադրից հետո ֆուրշետն են ցույց տալիս։ Մարդու ենթագիտակցությունն էլ ավտոմատ ֆիքսում է ուտելիքը»։
Արմենի հետ խոսակցությունը տեղափոխվում է փիլիսոփայության հարթություն. «Այստեղ երևույթի փիլիսոփայության խնդիրն է։ Ժապավենը՝ նյութական է, լավ թե վատ՝ կա։ Հեռախոսինը՝ չկա, նյութական չէ, շոշափելի չէ։ Հեռախոսների ու թվային լուսանկարչության բացասական բանն այն է, որ մարդիկ կորցնում են ժամանակի զգացողությունը։ Օրինակ, էն ժամանակ մարդիկ ցանկացած առիթով հավաքվեին, 10 ժապավեն էլ նկարեին, բայց հետո մի քանիսը կտպվեին, կբաժանվեին։ Ինչ-որ ժամանակ, անկախ քեզնից հիշողություն կունենայիր էդ օրվա մասին։ Լուսանկարը կլրացներ բացակայող հիշողությունը, կամրջակ կծառայեր, կապող սիստեմ, հիշղությունը կկապեր լուսանկարի նյութականության հետ»։
Նորից համեմատում ենք հինն ու նորը. «Հիմա շատ են նկարում, բայց նկարը էլ չկա։ Վիրուս ընկավ, կորավ՝ էլ չունես էդ հիշողությունը։ Նկարելուց պետք է պարտադիր տպել։ Հիշողությունը շոշափելի է դառնում, հիմնվում է, ընդմիշտ ամրապնդվում է մեջդ։ Ռեզինոտիպիան, այս իմաստով, շատ ավելի երկարակյաց է, քան ժապավենը կամ թվայինը, որոնք ժամանակի հետ գունաթափվում են»։
Ռեզինոտիպիա
Ռեզինոտիպիայի տեխնոլոգիայի հեղինակն է Ռոդոլֆո Նամիասը (1867–1938), որը կատարելագործել է արդեն հայտնի փոշի-պիգմենտով տպագրության պրոցեսը: Բայց տեխնոլոգիան շատ կարճ ժամանակ է տարածում վայելել, գրեթե մոռացվել է 2-րդ համաշխարհային պատերազմի նախաշեմին, երբ դարին բնորոշող «պատկերապաշտությանը» (pictoralism) գալիս էին փոխարինելու բոլորովին այլ էսթետիկ ուղղություններ: 1970-ականների վերջին 1980-ականների սկզբին հնի ու այլընտրանքային տեխնոլոգիաների հանդեպ հետաքրքրության ալիքի վրա ռեզինոտիպիան վերահայտնագործվեց, ժամանակակից լուսանկարիչները, այնուամենայնիվ, տեխնոլոգիան յուրովին վերափոխել են սեփական փորձարկումների և գյուտերի արդյունքում:
Արմենը շատ է նկարում Գյումրին: Մեթոդն ըստ հեղինակի շատ օրգանիկ է Գյումրու համար, ու փոխանցում է քաղաքին բնորոշ ժամանակատարածական բազմաշերտությունը։ Բայց նրան հետաքրքիր չեն ուղղակի շենքերը, նա նկարում և ուսումնասիրում է լույսի կյանքը նրանց վրա։ Քանի որ յուրաքանչյուր նկարի լուսանկարման բուն ընթացքը ժամեր է տևում, նկարում արտացոլվում են լույսի շարժումները, ստվերների թրթիռները, պատահական մարդկանց ու կենդանիների գրեթե աննկատ, բայց ներկա հետքերը։ «Առավոտյան լույսը սահուն է, նուրբ է ազդում մարդու վրա: Լույսի հետ միասին պիտի շարժվես, հետը արթնանաս։ Օրինակ, եթե ուշ արթնանաս, լույսն արդեն ճնշող կլինի, քեզ էլ ճնշված կզգաս», — ասում է Արմենը։
Պատմում է իր նախագծերից մեկի մասին, որի ընթացքում նկարում էր մարդկանց շենքերի կամ հանրային տարածքների ֆոնին, որոնց հետ նրանք էթնիկ կապ ունեին։ «Մարդը ստեղծում է մի բան, շենք, օրինակ, որն իրենից հետո դեռ դարեր է ապրելու, բազմաթիվ մարդկանց կյանքեր է տեսնելու, իր վրա կրելու և պահպանելու է նրանց էներգիան»։
Նա հագնում է սև ձեռնոցներ, զգույշ ու դանդաղ հանում է փոքր պատկերները. յուրաքանչյուրի հետ միասին կա մի պատմություն։ Ահա, Տիգրան Համասյանը դաշնամուրի հետ Գյումրու հայտնի երկաթե շատրվանի մոտ. «Մոտ մի ժամ նկարել եմ։ Ընթացքում նվագում էր, վեր կենում, քայլում»։ Նկարում նշմարվում է միջավայրը, նվագող երաժիշտի սիլուետը։ Իսկ շատրվանի մետաղե «փետուրները» անհավանական մանրամասնությամբ ու սրությամբ են երևում։ «Մի օր մարդիկ կկարողանան բացել նկարները շերտերով, տեսնել՝ որ պահին ինչ է եղել»։
Մեկ այլ նկարում Ազատության հրապարակն է, պարզ երևում է Թումանյանի արձանը, որին հենված է կիսաթափանցիկ մարդու ֆիգուր։ Նրա շուրջ կարծես լուսային հոսքեր լինեն, շարժումների ու ձայների վիբրացիներ, հետքեր։ Սա Գագիկ Ղազարեն է, Թումանյանի մոտ ուզեց նկարվել։ Բոլոր ցույցերին այստեղ է կանգնում, սա քաղաքացու կայացման տեղ է։
Նայում ու հասկանում ես, որ այս տեխնոլոգիան իսկապես թափանցում է ֆիզիկական իրողության շերտերից դուրս գտնվող տիրույթներ, ու նկարում արտացոլում է մարդկանց, շենքերի, միջավայրերի, յուրահատկություններ, որակներ, հարաբերություններ ու հիերարխիաներ, որոնք միանգամայն ընկալում ես, բայց դժվարանում ես արտահայտել։ Գուցե, պետք էլ չի։