«Ամեն մարդ արվեստագետ է, ուղղակի դա չի բացահայտել իր մեջ»
Արվեստ

«Ամեն մարդ արվեստագետ է, ուղղակի դա չի բացահայտել իր մեջ»

Կյանքից հեռացել է ժամանակակից հայ արվեստի ամենաինքնատիպ ներկայացուցիչներից մեկը՝ նկարիչ Արման Գրիգորյանը։ Ահա, թե ինչպես են նրան հիշում ծանոթներն ու ընկերները։

#Արվեստ

Արման Գրիգորյան (ԵՐԵՎԱՆ ամսագիր, 2019)

Ամեն մարդ արվեստագետ է, ուղղակի դա չի բացահայտել իր մեջ: Ինքս աշխատում եմ այնպիսի գործեր ստեղծել, որ մարդը դրանց նայելիս ունենա նկարիչ դառնալու ցանկություն: Իմ նկարները հանդիսատեսին դարձնում են նկարիչ:

 

Կարելի է օգտագործել ցանկացած նյութ, եթե կարողանանք դրանում բացահայտել հոգևորը կամ արվեստը: Գեղարվեստի ինստիտուտում տրադիցիոն նյութով աշխատելը տարածված էր: Սակայն ժամանակակից արվեստն ունի միտում ոչ միայն ընդլայնելու թեմաները, այլև ավելացնում է նյութերը: Փոփարտիստ արվեստագետը կաշկանդված չէ նյութի առումով. արել եմ վիդեոարտեր, ֆոտոներով եմ աշխատել, օբյեկտներ, նաև՝ պերֆորմանս:

 

Լուսանկարը՝ Արթուր Lumen Գևորգյանի

 


 

Կարեն Ավետիսյան, արվեստաբան

Արմանը չնայած փիլիսոփայական ու տեսաբանական խորը ու շատ ինքնատիպ մտածողությանը, մեզ այնուամենայնիվ թողեց (ևս մեկ անգամ զարհուրելով անցյալ ժամանակի կիրառումից) չափազանց պարզ, հստակ ու հասկանալի ուղենիշներ, որոնց չենք հասնի երբևէ, բայց և որոնք չունեն այլընտրանք։

 

 


 

Կարեն Անտաշյան, բանաստեղծ

Հայ ժամանակակից արվեստի ամենավառ ներկայացուցիչներից մեկը՝ սիրելի Արման Գրիգորյանն է հեռացել կյանքից: Սարսափելի տխուր է, որ էլ չենք վայելելու նրա թեթևորեն զվարթ կերպարն ու աննահանջ սարկազմով լի զրույցները: Հայաստանի պես մշակութային ծայրագավառը Արմանի արվեստի ուժով էր նաև հանրապետություն կոչվելու պատիվ շահում - այ էդքան մեծ էր նրա արվեստն ու ազատարար, լայնախոհ՝ միտքը: Հանգչիր խաղաղությամբ անուշ մարդ և մեծ արտիստ:

 

 


 

Գայանե Ղազարյան

Արմանը մեր հարսանիքին մի անսպասելի նվեր արեց։

Հրավիրելուց նույնիսկ վստահ չէի, թե կգա. մի տեսակ քեզ անհարմար ես զգում մի ուրիշ աշխարհում համամարդկային նպատակների համար ապրող մարդուն քեզնով անհանգստացնելուդ համար, վերջիվերջո մի թանկարժեք օր ես խլում։

Բայց Արմանը եկավ, դեռ ձեռքին էլ էս գործը։ Մինչև վերջ հավատս չէր գալիս, որ սա իմ տանն ա ապրելու։

Մեր տանն ինձ համար արժեքավոր շատ բան չկա. անձնական հուշեր, հորս արխիվը ու մեկ էլ սա...

Բայց սա մենակ չի։ Իմ մանկության ամենավառ, ամենազառվառ պատկերներից էր մեր հյուրասենյակի պատին կախված մի նկար՝ հափշտակող պատումով, Ալեքսանդր Գրիգորյանի՝ Արմանի հոր կտավը, որը հայրս անձամբ էր ընտրել իր ծննդյան համար, քանի որ Ալեքսանդր Գրիգորյանն իր ամենասիրած ժամանակակից նկարիչներից էր։

Ու ինձ համար Արմանը դառնում էր մի երանելի առանցքի մաս, երբ տաղանդից ծնվում ա ավելի մեծ տաղանդ՝ ընդվզում, հեղափոխում ու ստեղծում էն նորը՝ առանց որի ազգերն աղքատ են մնում։

Նկարում ժպտում եմ, որովհետև Արմանին հանդիպելիս անհնար էր չժպտալ։ Արմանն էն մարդն էր, որը բացարձակ բարու, բացարձակ հանդուրժողականության ու մարդուն բարձրացնելու հազվագյուտ շնորհ ուներ։

Վերջին անգամ մոտեցավ, թե՝ շատ եմ ուզում ձեզ հյուր գալ։

Ինչպես միշտ ասեցի՝ Դուք գիտե՛ք, թե քանի տարի եմ սպասում, բայց մենակ ասում ու չեք գալիս։

Ու չեկավ։ Էլի չեկավ։ Ու էլ չի գա։

 


 

Արփի Ոսկանյան, գրող

 

30 տարի է, ինչ ճանաչում եմ Արմանին։ Ժամանակը զգույշ էր դիպչում թե մարմնին, թե հոգուն ու մտքին։ Կոորդինատային համակարգի վրա իր նախագծած ուղով հետեւողականորեն ու անշեղ հոսում էր։ Հայերս լեռնային գետեր ենք սովորաբար՝ էս քարից էն քարը թռչող, էս փորձող, էն փորձող, ձանձրացող ամեն ինչից, երկար մի մտքի չմնացող։ Որ ասում ես Արման Գրիգորյան, մի հստակ ու ամբողջական պատկեր է գալիս աչքիդ առաջ՝ ամուր տեսական հիմքերով, հստակ ձեւակերպված մտքով, պինդ ու վստահ գծով։ Եվ մաքուր, վառ, չծերացող ու չխամրող գույն։

 

 


 

Սահակ Պողոսյան, արվեստագետ

12 ժամ մտածում եմ ինչ պետքա գրեմ իմ ամենահին ընկերներից մեկի մասին․․․ Արման Գրիգորյանը այսօրվանից դարձավ Պատմական Արժեք․․․ Արմանը իմ համար այս Գործն է։ Գործը ինքը անվանել է «Անարխիստ հեղափոխականը և Երազ ավտոմեքենան»։ Այո, Արման Գրիգորյանը մեր ժամանակների ամենամեծ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆԵՐԻՑ ու ԵՐԱԶՈՂՆԵՐԻՑ մեկն էր։

Ցավակցում եմ անդառնալի կորստի համար բոլորիս․․․

 


 

Ժան-Շա Թեքգյոզյան, գրող

Սարսափելի զգացողություն, երբ մահը ֆիզիկապես, շատ մոտ, ապագայի մեջ ես զգում: Արման ջան, քեզանից, այնուամենայնիվ, մի կարևոր բան սովորեցի. իմ պատկերացմամբ դու ամենաշատը մտքի, պատկերի ու դրանցում հայտնվածների երիտասարդությունն էիր սիրում.

 

 


 

Արթուր Աթայան, երաժիշտ

Արմանն՝ իր պանկ լավատեսությամբ, ու մահը անհամատեղելի էին թվում։

 

 


 

Վահրամ Մարտիրոսյան, գրող

«Վայ, Արման ջան»՝ երևի շատ-շատերի առաջին բառերն են եղել, երբ իմացել են Արմանի մահը։ Հետո էլի քեզ հետ էի խոսում, ուղղակի քեզ դիմելով, ու չէի կարողանում ինձ հավաքել, որ հրաժեշտի խոսք գրեմ՝ կարծես դրանով ընդունելու էի մահվան փաստը։ Բայց մեկ էլ էլի ֆեյսբուքը ցույց տվեց, որ մահից ժամեր առաջ շնորհավորել ես ընկերուհիներիցդ մեկի ծննդյան օրը։ Դա կարծես ուղերձ էր, որ ես էլ հիմա չլռեմ։

 

Դու մի հատկանիշ ունեիր, որը Հայաստանում հազվադեպ է, ու ես էլ ուշոտ սկսեցի գնահատել։ Երբեք չէիր համաձայնվում զրուցակցի հետ։ Բարեկիրթ, շա՜տ, ջերմ՝ միշտ, բայց եթե մեկը նույնիսկ քո ասածը կրկներ, դու ուրիշ բան կասեիր, որը մի «բայց» կավելացներ։ Ու բանավեճից ավելի լավ բան կծնվեր, քան արդեն երկու հոգու կողմից հաստատված միտքը։ Որովհետև մահը անշարժությունն է, Միքայել Նալբանդյանը կասեր՝ «ասիական անշարժությունը»։ Էդ պատճառով ես էլ անկեղծ կգրեմ իմ կարծիքը քո արվեստի մասին։ Դու, քո հեղափոխական սերնդակիցների մեծ մասը թարգմանիչներ եք, Արևմտյան արվեստի թարգմանիչներ՝ յուրաքանչյուրդ ձեր անհատականությամբ հարստացնող թարգմանությունը (հիշենք, որ սուրբ Թարգմանչաց տոն ունենք)։ Ճիշտ է, մեծ մասը դա չի խոստովանում, բայց իրար մեջ տղերքը (աղջկերքն էլ) գիտեն իրենց արվեստի ակունքները և չեն վարանի բացահայտել, երբ խոսքը մյուսի, ընկերոջ մասին է։ Բայց դու գործերիցդ մեկը կոչել ես Armenican painting, և հարցազրույցում էլ (Շիրինյան Արայիկն էր տարածել, իր էջում կա) պարզաբանում ես, որ ամերիկյան արվեստ ես անում Հայաստանում։ Դա հեղափոխության փուլերից մեկն է, որը ազատ աշխարհում ավելի թեթև ու սահուն է անցել, մեզանում, ցավոք, դեռ բախվում է դասական հնի արտանկարություններին ու նոր գլամուրին (էստեղ անուններ չտամ, ուրիշ անգամ կգրեմ) և շարունակում է մնալ ոչ կոմֆորմիստական։

 


 

Կարեն Ղարսլյան, բանաստեղծ

2004 թիվն էր, «Բնագիր» հանդեսի 9-րդ համարն էր լույս տեսել: Մեջն առաջին անգամ հրատարակվել էր «Սեր ամեն հայացքից» պոեմը, որի մասին լիքը հիացական բաներ էի լսում «Բնագրի» քննարկումներին, և դրանցից դուրս: Մշտապես ներկա Արման Գրիգորյանը հիմնականում լսում էր: Մեկ էլ մի օր, երբ հերթական քննարկումից դուրս էինք գալիս «ՆՓԱԿ»-ից, իհարկե ոչ առանց իր ֆիրմային ժպիտի` Արմանը մոտավորապես սենց մի բան ասեց պոեմի ամենա 18+ դրվագի մասին. «Բայց հետաքրքիր ա, չէ՞, ինչի՞ հենց աղջիկը, այլ ոչ թե աղջկան»: Անակնկալի եկա, մտածեցի, բացատրություններ առաջարկեցի սիրահարված, գրգռված լիրիկական հերոսի երազանքների մասին` կուռ ապացույցներով, որ ոչինչ պոեմում չի բացառում կամ ստորադասում կունիլինգուսը և այլն: Բայց խնդիրն ավելի լայն էր` պոեմից էլ դուրս: Քննարկումների ժամանակ ոչ ոքի մտքով չէր անցել խնդրականացնել առնական անկասելի գերիշխանությամբ տոգորված հասարակության կուռ հարացույցի սողոսկումն անգամ այդ հարացույցը սուր քննադատող բանաստեղծի երկում: Այլ հասարակություններում այդ հարցը կարելի էր բանի տեղ չդնել, սակայն դա դիպուկ դիտարկում էր մի հասարակությունում, որտեղ կունիլինգուսը տաբու էր համարվում, իսկ անողները ամոթից ու վախից ծպտուն անգամ դրա մասին չէին հանի: Թեև ես թքած ունեի այդ տեսակ տափակ տաբուների վրա, բայց չէի նկատում, որ գրականությունս, փաստորեն, դրա մասին լռում էր: Անցան տարիներ, հազար ու մի բան փոխվեց իմ կյանքում, «Սեր ամեն հայացքից»-ը մնաց անփոփոխ, բայց շուրջը տասնյակ հայրեններ բուսնեցին անբռնազբոս սիրո մասին, ու լույս տեսավ «Գրողի ծոցը» 2010-ին:

 

Վերջին անգամ Արմանին տեսա 2022 թ. «Բուն» սրճարանում, երկար քննարկում էինք Կամյուի փիլիսոփայության նրբությունները նոր-նոր լույս տեսած «Լեզվի ծայրին» ժողովածուում տեղ գտած «Սիզիփոսի ապառաժի առասպելը» պոեմի համատեքստում: Աբսուրդի գիտակցմանը հաջորդող ընդվզման մասին էինք շատ խոսում:

 

Հետաքրքրվեց ընդվզման փուլը պոեմից դուրս թողնելու մասին: Խոսեցինք ընդվզման տարբեր կերպարանքների ու անճանաչելի եղանակների շուրջ:

 

Արմանը շատ լավ զրուցակից էր: Գաղափարախոսական լավ հոտառություն ուներ, սիրում էր ամեն ինչ խնդրականացնել, դժվար հարցեր բարձրացնել, ընդվզել գերիշխող մանտրաների դեմ, ու դա նրա ուժեղ կողմերից էր, ինչն առկա էր նաև նրա նկարներում: Քեզ կհիշենք: Բարի ճանապարհ, Արման:

հավելյալ նյութեր