Ամեն օրվա երջանկություն
Սիրահարների այգի

Ամեն օրվա երջանկություն

Որտեղի՞ց այդքան ջուր, ինչպե՞ս օգնեց բրենդինգը, ինչո՞ւ առայժմ չկա ձմեռային լուսային փառատոնը. ԵՐԵՎԱՆը վերհիշում է Սիրահարների այգու վերաբացման պատմությունը:

Տեքստը՝ Արտավազդ Եղիազարյանի


Լուսանկարները՝ Պողոսյան հիմնադրամի արխիվ


ԵՐԵՎԱՆ #51 | 2018

2006 թվականին արդեն վաղուց լքված Սիրահարների այգու դարպասները կողպվեցին, իսկ ճաղերի ամբողջ երկայնքով Բաղրամյան պողոտայի կողմից փակցվեցին հսկայական ցուցանակներ, որոնք ազդարարում էին «Պուշկինսկիում» վերանորոգման աշխատանքների մեկնարկը: Հանրության մի մասը մտահոգվեց. հաստատ հերթական անճաշակ սրճարանը կամ որևէ այլ բիզնես է լինելու, մտածում էին շատերը: Նույնիսկ որոշ ժամանակ անց հրապարակված էսքիզները (բուռն կանաչ, լճակ, ջրվեժներ, քարեր) չկարողացան ամբողջապես փարատել կասկածները. երևանցիներն արդեն մեծ ու դառը փորձ ունեին: Այդուհանդերձ, շուտով այդ էսքիզները պետք է դառնային իրականություն, իսկ Սիրահարների այգին պետք է հռչակվեր նոր սերնդի սիրելի վայրերից մեկը: Այդ ամեն տեղի չէր ունենա, եթե չլիներ Պողոսյան հիմնադրամի հիմնադիր Ալբերտ Պողոսյանի անձնական հետաքրքրվածությունը շրջակա միջավայրով:

 

Հանդիպում Բրյուսելում

2000-ականների կեսերին Պողոսյան հիմնադրամն արդեն մի քանի խոշոր նախագծեր էր իրականացնում Հայաստանում՝ Գյումրիից մինչև Երևան, մշակութայինից մինչև քաղաքային ենթակառուցվածքներ: Այն հարցին, թե որտեղից առաջացավ միտքը զբաղվել այգու բարեկարգմամբ, Ալբերտ Պողոսյանը, որ Երևանում իր վերջին այցի ժամանակ հասցրել էր հանդիպել նոր վարչապետի հետ, հիշում է, որ այն տարիներին բազմիցս լսում էր բողոքներ այն մասին, որ Երևանում գնալով ավելի ու ավելի են պակասում հանրային տարածքները: Եվ իսկապես, դա այն ժամանակ էր, երբ նախկին այգիները մեկը մյուսի ետևից զավթվում էին սրճարանների կողմից, իսկ պարզապես հանրային տարածք, որտեղ պարտադիր չէ գումար ծախսել, չէր մնացել:

 

Մանկական ատրակցիոնների մնացորդները լքված այգում, 2000-ականներ

 

Զարմանալիորեն, Երևանի համար այդ կենսական հարցի գոնե մասնակի լուծումը գտնվեց Բրյուսելում, երբ այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանն այցելեց Պողոսյանների կենտրոն: «Քանի որ ես միշտ թուլություն եմ ունեցել շրջակա միջավայրի հանդեպ, ապա օգտագործեցի մեր հանդիպման հնարավորությունը և պարզապես խնդրեցի թույլ տալ հիմնադրամին բարեկարգել մի որևէ տարածք և հանձնել քաղաքին», հիշում է Ալբերտ Պողոսյանը, «Պատասխանը եղավ շատ արագ, ասաց՝ նստավայրիս դիմացի այգին ձերն է»:

 

Շատ չանցած Պողոսյանն արդեն Հայաստանում էր, ուսումնասիրում էր լքված այգին: Միևնույն ժամանակ, նրա մտքում արդեն ծագել էր գաղափարը Երևան բերելու այգեգործության ասիական ավանդույթները. «Այնտեղ այգիներին վերաբերում են շատ ավելի լուրջ, քան Արևմուտքում, նրանց համար դա այնպիսի վայր է, որտեղ մարդ պետք է զգա խաղաղություն և վերգտնի ինքն իրեն: Դա համապատասխանում էր իմ տեսլականին»: Ավելին, Պողոսյանն արդեն Շվեյցարիայում իր առանձնանատան այգին նման մոտեցմամբ վերակառուցելու փորձ ուներ: Երևան եկավ նույն ֆրանսիացի ճարտարապետ Պիեռ Ռամբախը: Այդպես, հայկական հողի վրա խորհրդային այգին վերածնվեց ճապոնական ոճով, բայց եվրոպական պրոֆեսիոնալիզմով: Դա հայտնի ճարտարապետի վերջին խոշոր նախագիծն էր. այդ ժամանակ նա արդեն գրեթե 90 տարեկան էր, բայց մեծագույն հաճույքով ստանձնեց աշխատանքը:

 

Ռամբախը՝ կնոջ հետ Սիրահարների այգում

 

Ռամբախի վերջին գործը

Պողոսյանն ու Ռամբախը Երևան ժամանեցին արդեն ավելի առարկայական ուսումնասիրությունների համար, իսկ որոշ ժամանակ անց նրանց միացավ ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը, այն ժամանակ՝ Ուրբանլաբի ղեկավարը: «Ինձ պետք էր մեկը, ում ես կվստահեի ամենօրյա աշխատանքը», վերհիշում է Ալբերտ Պողոսյանը, «Եվ դա Սարհատն էր, և նրա գործընկեր Սևադա Պետրոսյանը: Իսկ երբ նախագծին միացավ նաև ՀԲԸՄ-ն, ամեն ինչ շատ արագ ընթացավ»:

 

Այսօր Սարհատին գտնելը դյուրին գործ չէ՝ հեղափոխությունից հետո նա ստացել է Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնը և ազատ ժամանակ քիչ է ունենում: Այդուհանդերձ, այգու մասին խոսելու համար դա հնարավոր եղավ: Ճարտարապետի խոսքով՝ 2000-ականներին Երևանում կանաչ տարածքների հաշվին բուռն, անողոք շինարարություն էր գնում, և այդ ֆոնին այգու վերականգնման աշխատանքին մասնակցելը առանձնահատուկ երևույթ էր. «Քանի որ ինքս դեռ 2003-ից կանաչահատման դեմ ակտիվ պայքարողներից եմ եղել, ապա այգու վրա աշխատելիս կարողացանք ներգրավել այն ժամանակ բոլոր ակտիվ բնապահպաններին, և իրենց հետ փոխվստահության մթնոլորտում գտնել ամենաօպտիմալ լուծումները», ասում է նա:

 

Ալբերտ Պողոսյանը և Սարհատ Պետրոսյանը Սիրահարների այգում ամֆիթատրոնում

 

Բայց ամենամեծ տպավորությունը Սարհատը ստացել է ճարտարապետ Ռամբախի հետ համագործակցությունից: Չնայած, որ հետագայում հնարավորություն ունեցել է շփվելու շատ այլ խոշոր ճարտարապետների հետ, ֆրանսիացու և նրա կնոջ հետ երկարատև շփումը բոլորովին այլ էր. «Երբեք չեմ մոռանա Պիեռի հետ տևական աշխատանքը գծագրերի վրա ու քարեր գտնելու նպատակով Հայաստանով մեկ ճամփորդությունները»։

 

Պողոսյանը մինչ օրս մեծագույն գնահատականն է տալիս այգու աշխատանքն ապահովող թիմին, քանի որ հերիք չէր լինի պարզապես գեղեցիկ զբոսայգի կառուցելը, դեռ անհրաժեշտ էր այն պատշաճ սպասարկել:

 

Երկու ծառ, մի քանի քար ու լիքը ջուր

Դիզայներ Արա Ասլանյանն այն երևանցիներից է, ովքեր հասցրել էին փոքր հասակում լավ տժժալ «Պուշկինսկիում»: Եվ նա դարձավ այն մարդկանցից մեկը, ովքեր ակտիվ մասնակցություն ունեցան վերաբացված այգու կայացման գործում: Արան ստեղծեց Սիրահարների այգու տարբերանշանը՝ երկու ծառ, ջրավազան, քարեր՝ այն ամենը, ինչ խորհրդանշում էր նոր Սիրահարների այգին:

 

Այգու նորաստեղծ թիմն այն ժամանակ մեծ ուշադրություն էր դարձնում տարածքի հանրայնացմանը՝ ի վերջո, մարդիկ չգիտեին, թե ինչ է իրենց սպասում տասնամյակների պատմություն ունեցող վայրի տեղում: Բացվելուն պես Սարհատ Պետրոսյանի թիմը ակտիվ գործունեություն ծավալեց սոցցանցերում, իսկ մարդկանց դեպի նորաբաց այգի գրավելու համար սկսեցին կազմակերպվել զանազան միջոցառումներ: Տրընդեզը, օրինակ, մինչ օրս նշվում է այստեղ ամեն տարի: Մյուս կարևոր տարրը, անշուշտ, բրենդինգն էր:

 

 

Վերակառուցման նախնական ռենդերները

 

Արայի հետ զրուցում ենք այգու «Աչաջուր» սրճարանում: Հիշում է, որ երբ զանգ ստացավ Սարհատ Պետրոսյանից, այգու տեսքը դեռ քննարկվում էր: «Շատ էի համոզում, որ ավտոդրոմը վերականգնվի հին տեղում՝ հենց էդպես, սովետական ոճով, բայց նորմալ սարքած, բայց բանի տեղ չդրեցին», ծիծաղելով ասում է Արան: Հետո ձեռքը պարզում է դեպի այգու խորքը, այնտեղ, ուր մոխրագույն պատն է, իսկ պատին հենված է ժամանակին մեծ իրարանցում առաջացրած ազդագրերից մեկը, որտեղ տարօրինակ տձև դեղին մարդուկը ձեռքը պարզած ինչ-որ համովություն է ուղարկում բերանը, իսկ ազդագրի զգալի մասը զբաղեցնում է «Հաաաաաամփ» գրությունը: «Անհամեստություն չլինի, բայց ոնց որ թե էս ոճը լավ տարբերվում էր էն ժամանակ մնացած ամեն ինչից ու ինքը իրան դարձավ այգու յուրահատուկ ոճը», հաճույքով հիշում է Արան:

 

Ջրի թող գնա

Այգու փայտե կամրջակներից մեկից Պողոսյանի հայացքը հառվում է լճակի հանդարտ, բայց բնավ ոչ ապշած հայելուն: Գործարարն ասում է, որ ամենից շատ այգում սիրում է ջրային հատվածները. «Եվրոպական ավանդույթը միշտ կենտրանացած է խոտի և ծառերի վրա, իսկ ճապոնականը ոչ պակաս կարևորում է դրանց միջև եղած ջուրը, կարծում եմ՝ դա իսկապես առանձնահատուկ է դարձնում Սիրահարների այգին»: Երևի բնավ զարմանալի չէ, որ այգու 10 տարվա պատմության ամենահիշարժան միջոցառումներից մեկը 2013 թվականի օգոստոսին հենց ջրառատ Վարդավառն էր: Հազիվ մի անգամ մարդիկ ոչ թե պարզապես անողոքաբար ջրում էին միմյանց ամենատարբեր միջոցներով, այլ մի փոքր այլ կերպ էին նշում՝ լուսանկարվում էին, խաղում, քննարկում: Ու այդպես ամբողջ այգին: Միջոցառման կազմակերպիչ Արա Ասլանյանն ասում է, որ միանգամից մտքով անցավ հենց այգում անցկացնել տոնը, այգում էլ ոչ միայն ընդառաջեցին, այլև իրենց նախաձեռնությամբ գտան հովանավորներ և ամեն ինչ անցավ այնպես, ինչպես պլանավորվում էր՝ հավես ու անմոռանալի:

 

Շինարարական աշխատանքներ

 

Ձմեռային հեքիաթ

Հիմա, երբ քայլում ես Սիրահարների այգով կամ նստում նստարանին՝ պոկվելով փողոցի ժխորից, թվում է, թե այստեղ ամեն ինչ մոտ է կատարելության: Բայց Ալբերտ Պողոսյանը ափսոսանքով պատմում է, որ ամեն բան չհաջողվեց իրագործել: Հատկապես ցավալի է, որ այգին դատարկվում է ձմեռվա ամիսներին: Մինչդեռ նախնական փուլում գաղափար է եղել այն կենդանացնել նաև ձմռանը՝ հատուկ տեխնիկական հնարքներով ստացված լուսային փառատոնի միջոցով. «Հեքիաթային մի բան կարող էր դառնալ, նոր հարթություն, բայց առայժմ բյուջեն չի բավականացնում», հայտնում է գործարարը: Գուցե այդ նոր, հեքիաթային հարթությունը հնարավոր լինի կյանքի կոչել ապագայում:

 

Բա հետո՞

Արդեն վերաբացումից հետո հնարավոր եղավ պայմանավորվել քաղաքապետարանի հետ, որպեսզի այգու պահպանման բեռը չմնա միայն հիմնադրամի ուսերին: Այդ համագործակցությունը շարունակվում է մինչ օրս: Սակայն զարմանալի է, որ չնայած Սիրահարների այգու շլացուցիչ հաջողությանը, այն օրինակ չծառայեց մյուսների համար, և Երևանի բազմաթիվ կիսալքված կանաչ տարածքներ չարժանացան նույն երջանիկ ճակատագրին: Ինչու՞: Ալբերտ Պողոսյանի կարծիքով խնդիրն այն է, որ կանաչ տարածքները շատ դժվար են գրավում պոտենցիալ ներդրողների ուշադրությունը. «Նույնիսկ մեր ընտանիքում հարցեր կային», հիշում է Պողոսյանը, «Եղբայրս պնդում էր, որ այգին չարժե այդքան գումար ծախսելու համար, կարելի էր այլ կերպ այդ միջոցներն ուղղորդել: Բայց ես պնդեցի, որ սա ամենալավ տարբերակն է մարդկանց ամեն օր երջանկություն պատճառելու»: Չի բացառվում, որ հաջորդ մեծ նմանատիպ նախագիծը կրկին իրականացնի Պողոսյան հիմնադրամը. ԵՐԵՎԱՆի հետ զրույցից հետո Պողոսյանը հատուկ պտույտ կատարեց քաղաքի լքված կանաչ տարածքներով և գուցե շուտով ևս մեկ այգի ժամանակավորապես մեկուսացվի խոստումնալից ցուցանակներով: Իսկ մինչ այդ միշտ կարելի է գնալ Սիրահարների այգի:

 

Բացումը, 2008 թվական

 

Հ. Գ.

Սիրահարների այգին միանշանակ կարելի է համարել 21-րդ դարի Երևանի հազվագյուտ հաջողված քաղաքաշինական նախագծերից մեկը: Իսկ ինչպե՞ս չափել այդ հաջողությունը: Ալբերտ Պողոսյանի կարծիքով՝ շատ հեշտ. «Եթե նախագիծը երջանկացնում է մարդկանց, եթե մարդիկ չեն հոգնում այնտեղ ամեն օր գնալուց, ուրեմն ամեն ինչ ճիշտ է արվել»:

հավելյալ նյութեր