Ամենայն հայոց խաղաստեղծը
Հովհաննես Թումանյանը, բացի իր թողած հսկայական գրական ժառանգությունից, նաև մոտ մեկ տասնյակ մանկական խաղեր է կազմել: «ԵՐԵՎԱՆՆ» այցելել է գրողի տուն-թանգարան և ուսումնասիրել ամենայն հայոց բանաստեղծի այս յուրահատուկ ժառանգությունը:
Տեքստը` Լենա Գևորգյանի
Լուսանկարները` Թումանյանի տուն-թանգարանի արխիվից
ԵՐԵՎԱՆ #42 | 2017
«Վնաս հաստատ չի լինի»
Թումանյանի ստեղծած խաղերը պահպանվել են գրողի ընտանեկան արխիվում: Հենց դրա շնորհիվ էլ մի քանի տարի առաջ հնարավոր դարձավ վերահրատարակել դրանց հիմնական մասը: Բանաստեղծի անձնական գրադարանում պահվող խաղերի ստեղծման վերաբերյալ արտասահմանյան գրականությունը վկայում է, թե ինչ պատասխանությամբ է Թումանյանը վերաբերվել դրանց կազմելու հարցին:
1915 թվականի գարնանը գրողը սկսեց աշխատել խաղերի ստեղծման վրա: Մեզ հետ զրույցում փոխտնօրեն Անի Եղիազարյանը նշում է, թե հայոց ցեղասպանությունից հետո որքան ապշեցուցիչ է եղել բանաստեղծի անսահման լավատեսությունն ու հավատը: Նամակներից մեկում Թումանյանը գրում է.
«…էս խառը ժամանակը ես էլ, ի միջի այլոց, զբաղված եմ և հայրենագիտական և ուրիշ տեսակի խաղալիքներով — ասում եմ գուցե դրանով էլ մեր մանուկներին մի բանով օգնած լինենք — հայանալու և մարդանալու…: Էսպիսի ժամանակներում, ոմանք իրենց գինուն են տալիս, ոմանք լռում ու ինքնամփոփ դառնում, ես որոշեցի էս տեսակ մի բան անեմ, օգուտ, որ չլինի, վնաս հաստատ չի լինի»:
«Ճանաչեն ու սիրեն իրենց հայրենիքը»
Բանաստեղծի նպատակն էր «հայրենագիտական»` իր բնորոշումն է, խաղերի միջոցով երեխաներին բացահայտել իրենց հայրենիքը, բնությունը, ժողովրդական առածներն ու ասացվածքները: Թումանյանը գրում է՝ «Մենք անծանոթ ենք մեր հայրենիքին, նրա բնությանը, նրա կյանքին, նրա անցյալին ու ներկային: Մեր պատմության էս սև ու դժբախտ ժամանակի շրջանում, շատ ու շատ լավ սովորությունների հետ, մենք թողել ենք և մեր ազգային գեղեցիկ ու իմաստալի խաղերը, մոռացել ենք նրանց ահագին նշանակությունն ու ազդեցությունը կյանքի մեջ: Սա ժամանակավոր թմրություն է, որից հետո մենք մտնում ենք վերածնության, վերանորոգության, կազդուրման նոր, կենդանի, աշխույժ, առողջ ու ոգևորիչ շրջանը»:
Խաղերը ստեղծելուց առաջ Թումանյանը «Ազդ» վերնագրով մի տեղեկատվություն էր հրապարակել՝ մանուկների կրթության և դաստիարակության հարցում կարևորելով խաղի դերը: «Մանկությունը մարդու կյանքի էն ամենաընդունակ շրջանն է, երբ նա չորս կողմից ընդունում է, սնունդ է առնում ու զարգանում շարունակ… ահա էստեղ էլ հարց է առաջ գալիս`ի՞նչ սնունդ տալ և ի՞նչ ձևով տալ: Եվ ամեն բան, ինչ որ տրվում է խաղով, ուրախությունով ընդունում է, հեշտ էլ յուրացնում»:
Թումանյանի հեղինակած խաղերի վերնագրերը արդեն իսկ վկայում են բանաստեղծի՝ ապագա քաղաքացի ու իսկական հայրենասեր դաստիարակելու մասին՝ «Հայոց գետերը», «Թանկագին քարեր», «Հայկական առածանի», «Աստղերի խաղ», «Հայկական հանելուկներ» և այլն: «…Կաշխատենք …ծանոթություն տալ թե Հայաստանի, թե Կովկասի ջրերից, լեռներից, լճերից, կենդանական ու բուսական աշխարհից… որ մեր երեխաներն ու պատանիները ճանաչեն ու սիրեն իրենց հայրենիքը: Սիրեն ոչ թե կույր ազգասերի սիրով, այլ գիտակից, ինտելիգենտ մարդու սիրով, որ սերն ազնիվ լինի, առողջ ու բովանդակալի», — գրում է բանաստեղծը:
Հայոց գետերից` մինչև աստղեր
Փորձենք ավելի մոտիկից ուսումնասիրել թումանյանական խաղերը: «Հայոց գետերի» շնորհիվ, օրինակ, երեխան պատմական ու ժամանակակից Հայաստանի 69 գետի անուն է սովորում: 69 խաղաթղթերը բաժանվում են խաղացողների միջև, որոնցից պետք է հավաքածուներ կամ ավազաններ կազմվեն: Խաղի հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, ով առաջինն է հավաքում տվյալ ավազանին պատկանող գետերի խաղաթղթերը: Ի դեպ, «Հայոց գետերը» խաղն իր հետ հանրագիտարան հիշեցնող հավելված-գրքույկ ունի, որում Թումանյանը հավաքագրել է գետերի մասին տարբեր հեղինակների գեղարվեստական գործերից համապատասխան հատվածներ, հետաքրքիր պատմություններ, ավանդազրույցներ, լուսանկարներ, ջրի մակարդակը պատկերող սխեմաներ, քարտեզներ` մի ամբողջ խմբագրական թիմի աշխատանք: Գրողը մտադրված էր կազմել նաև «Հայոց լճեր» խաղը, որի մասին բազմաթիվ գրառումները պահպանվել են արխիվում:
Թումանյանի խաղացանկում կար նաև մեկը` աստղային երկնքի մասին: Խաղը բնութագրելիս բանաստեղծը գրում է՝ «…հաճախ նայեցեք երկնքին: Ձեր հոգին կմեծանա, ձեր սիրտը կազնվանա: Մարդիկ միշտ ցած նայելով՝ հոգով են ցածրանում են…»: Խաղին կարող են մասնակցել տասը հոգուց ավելի խաղացողներ: Կարմիր, կապույտ ու սպիտակ խաղաթղթերը խորհրդանշում են արևը, լուսինը, երկիրը, աստղերը և այլն: Մասնակիցներից մեկը նշանակվում է գանձապահ, որն էլ խաղաթղթերը «վաճառում» է մասնակիցներին, որոնք վճարում են թղթից պատրաստված լոբով կամ կաղնով: «Աստղերի խաղի» կանոնները մասամբ են պահպանվել, բայց տուն-թանգարանի աշխատակիցները վստահ են՝ վերականգնելը հնարավոր է: Սա համարվում է Թումանյանի կազմած խաղերից ամենաբարդը և որոշակի տարիքային հասունություն է ահանջում:
Իսկ «Դդումը» շատ ավելի թեթև խաղ է, որը շատ մոտ է շատերիս հայտնի «Մրոցուն»: Մասնակիցների թիվը կարող է հասնել 12-ի: Խաղը 25 տարբեր գույների խաղաթուղթ ունի: Մասնակիցները հերթով հանում են խաղաթղթերը՝ բաժանելով գույները համապատասխան զույգերի: Խաղը վերջանում է, երբ բոլոր գույները գտնում են իրենց զույգերին: Խաղացողների նատակն է խուսափել դդումից: Այն մասնակիցը, ում մոտ մնում է այդ խաղաքարտը՝ «դառնում է» դդում: Նկարագրության մեջ Թումանյանը բացատրում է, որ հայոց լեզվում «դդումը» նշանակում է «բթամիտ»:
Թումանյանական խաղերի վերածնունդը
Մի քանի տարի առաջ տուն-թանգարանի աշխատակազմը, գիտակցելով ստեղծված խաղերի կարևորությունը, սկսեց թումանյանական ձեռնարկի վերահրատարակման գործընթացը (ժամանակակից հրատարակությունների ձևավորումը՝ Լիլիթ Մովսիսյանի): Նախագիծը ներկայացվեց նաև Կրթության և գիտության նախարարությանը: Արդյունքում, երբ վերահրատարակվեցին «Հայոց գետերը», նախարարությունը այն ընտրեց որպես օժանդակ նյութ երեխաների կրթական ժամանցի կազմակերպման համար: Բազմաթիվ դրոցներում խաղն օգտագործվում է լրացուցիչ պարապմունքների ընթացքում:
2007 թվականից առ այսօր վերահրատարակվել է թումանյանական 5 խաղ՝ «Հայոց գետերը», «Հայկական առածանին», «Թանկագին քարերը», «Հայկական հանելուկները», «Տառերի խաղը»: Մյուս խաղերը ևս վերահրատարակման փուլում են:
«Երբ սկսեցինք վերահրատարակել խաղերը, վստահ չէինք, որ մեծ պահանջարկ կունենան: Արդյունքում խաղեր կան, որոնք արդեն չորրորդ անգամ ենք վերահրատարակում, որովհետև դրանք շատ արագ սպառվում են», — պատմում է Անի Եղիազարյանը:
Ի դեպ, թանգարանում տեղի ունեցող բազմաթիվ միջոցառումների ընթացքում երեխաներին հնարավորություն է տրվում հենց տեղում փորձարկել թումանյանական խաղերը: Բացի այդ, դրանք կարելի է ձեռք բերել Թումանյանի տուն-թանգարանից, դրանք վաճառվում են նաև քաղաքի մի շարք գրախանութներում: