«Հայ տղա կա, ռեպ ա անում».  A. Chilla-ն՝ ամերիկահայ ռեպոլորտի մասին
Հայոց ռեպ

«Հայ տղա կա, ռեպ ա անում». A. Chilla-ն՝ ամերիկահայ ռեպոլորտի մասին

3.33 նախագծի համահիմնադիր Նարեկ Հովսեփյանը, նույն ինքը՝ A. Chilla-ն, պատմում է, թե ինչպես 1990-ականներին Լոսում ձայնագրեց իր առաջին ռեպ ալբոմը, հետո իրար գլխի հավաքեց տեղի բոլոր հայազգի ռեպ կատարողներին, ինչու հետագայում անցավ հայերեն տեքստերին և ինչ խնդիրներ ունի երևանյան հիփ-հոփ համայնքն այսօր։

Տեքստը՝ Արտավազդ Եղիազարյանի


Լուսանկարները՝ Վահան Ստեփանյանի, Armenian MC Sypher-ից 

#Ռեպ

Chronic-ն ու արևելյան ափի վերելքը

Ես 12 տարեկան էի, երբ 92 թվին ընտանիքով տեղափոխվեցինք Ամերիկա։ Դա համընկավ West Coast-ում ռեպի ամենապիկ ժամանակների հետ։ Շատ լավ հիշում եմ, ոնց դուրս եկավ Dr. Dre-ի ու Snoop Dogg-ի Chronic ալբոմը։ Անձամբ հերթ եմ կանգնել, որ կասետը առնեմ։ Դա իմ առաջին տպավորությունն էր ռեպից։ Ու էնքան տպավորված էի, որ որոշեցի ես էլ ռեպ անել։ Սկսեցի ուսումնասիրել, զբաղվել ու գրել՝ չնայած անգլերենս դեռ մի եսիմ ինչ չէր։ Չնայած, օգտակար էր, որ երաժշտական բեքգրաունդ ունեի, մեր տանը միշտ լսում էին ավելի վաղ սևական երաժշտությունը՝ Քուինսի Ջոնս, Մայքլ Ջեքսոն, Մայլզ Դևիս, Ջեյմս Բրաուն և այլն։ 


Դրան զուգահեռ 2Pac-ը հանկարծ հայտնվեց ամենավերևում, Կալիֆորնիայի ռեպն արդեն իրոք սկսեց հավասարվել Նյու Յորքին, իսկ դպրոցներում երեխեքը համատարած Դրեի ու Թուփաքի նման էին հագնվում։ 

 

 

Սուպեր Սաքոն

Մի օր էլ Լոսի հայկական թատերական խմբակում, որը մյուզիքի հետ ոչ մի կապ չուներ, ուղղակի տաղանդավոր հայ երեխեքին զբաղացնելու տեղ էր, էնտեղ հանդիպեցի Սուպեր Սաքոյին։ Ես 16-17 տարեկան էի, ինքը՝ մի երկու տարով մեծ։ Հատուկ ուզում եմ շեշտել, որ էդ էն Սուպեր Սաքոն չէր, որին հիմա բոլորը ճանաչում են։ Էն ժամանակ ինքը ուներ լիքը կապեր ոչ հայկական՝ սևական ստուդիաների հետ՝ տարբեր գործեր էր անում, ներսուդուրս էր անում, կապեր էր հաստատում ու շատ լավ հասկանում էր, թե ոնց ա աշխատում հիփ-հոփի աշխարհը։ Էդ ժամանակ, երբ ծանոթացանք, ինքը արդեն ուներ մի հատ ձայնագրած թրեք՝ Armenian Power-ի մասին, դա էն տարիներին Լոսում շատ հայտնի հայկական գենգ էր։ Ես էլ ցույց տվեցի իրան իմ գրածը. զարմացած էր, ասեց, որ սենց բան չի լսել հայերի մեջ։ Իսկ ռեպով զբաղվող հայեր Լոսում դեռ նոր-նոր էին հայտնվում, մեր համայնքում էդ լրիվ նոր, դեռ չփորձված բան էր։ 


Շատ լավ հիշում եմ՝ մի օր 2003-04 թվին ինձ Սուպերը ասեց՝ այ հիմա ես կխառնեմ ռեպը ռաբիզի հետ ու տես ոնց կգմփցնեմ։ Ու գմփցրեց։ Որովհետև շատ լավ հասկացավ, որ մարդիկ կսիրեն Սպիտակցի Հայկոյին ռեպի հետ։ Ես իրա հետ աշխատել եմ, բիթեր եմ գրել, տեքստեր եմ գրել՝ ինքը շատ լավ գիտի էդ ոնց ա աշխատում ու ինչ ա պետք անել։ Ամեն մեկն իրա ճանապարհը ունի։ 

 

 

Միշտ չիլվող հայ ռեպերը

Մի խոսքով, Սաքոյի օգնությամբ գրեցի առաջին ալբոմս, որը կոչվում էր Mastering the Game: Մենակ ես ունեմ հիմա դրանից՝ կասետով ու սիդիով, ինտերնետում չեք գտնի, կներեք։ Էդ ժամանակ էլի ինչ-որ փորձեր սկսվեցին հայ համայնքում։ Դրանց մեջ իմ արածը էական տարբերվում էր նրանով, որ ոչ մի ռեֆերենս չուներ Հայաստանին ու հայ համայնքին։ Սովորական ամերիկյան ռեպ էր…


Սաքոն ծանոթացրեց սևական ստուդիաների ինժեներների հետ, բիթեր դեռ չէի անում, լուփեր ու սեմփլներ էինք գտնում։ Բավական լավ եղավ։ Հայկական խանութներում հայտնվեց ալբոմը։ Սկսեցի դպրոցներում, ջահելների մեջ ճանաչվել։ Կոչվում էի AC` Always Chilling, որը հետո ձևափոխվեց դարձավ A. Chilla: 


Իսկ 98 թվին Լոսում եղավ առաջին, շատ մեծ ու շատ հաջողված Armenian Music Awards-ը, որտեղ կար նաև լավագույն ռեպ ալբոմի կատեգորիան։ Ես էի, Twinz-ն էր՝ իրանահայ զույգ ախպերներ էին, որոնք իմ հետ զուգահեռ մինի ալբոմ էին գրել, Bouncer-ը, MC Eric-ը։ Հաղթեցի ես։ Արդեն տարածքում գիտեին՝ հայ տղա կա, ռեպ ա անում։ Նորություն էր, հայերին դզել էր, որ իրանցից մեկը անգլերեն լավ ռեպ ա անում։ 

 

 

Հայ ռեպ համայնք

Դրանից հետո սկսեցի տարածքում հայտնաբերել ուրիշ հայ տղեքի, որոնք իմ նման ռեպ էին ուզում անել։ Առաջինը, որ աչքովս ընկավ՝ Backwash խումբն էր՝ Պատրիկ Անտոնյանն ու Bei՛ru-ն։ Bei’Ru-ն հիմա հայտնի ա, որպես բիթմեյքեր, իսկ Պատրիկը դեռ ակտիվ ա ու իմ սիրած հայ ռեպերներից ա ընդհանրապես։ Իրանք շատ ուժեղ որակ ունեին։ Լուրջ, եթե դեմքով չիմանաս, միացնես, Method Man-ից չես տարբերի, չես մտածի՝ հայ տղա ա։ Բայց իրանք երկուսն էլ միշտ մնացին անդերգրաունդում։ Էն ժամանակ մոդա էր կոմերցիոն հիփ-հոփից հեռու մնալը։


Մի քիչ էլ անցավ, 2002-2003-ին բացեցի իմ սեփական լեյբլը։ Գտա լիքը ուրիշ հայ տղեքի, ծանոթանում էի, կանչում մեր մոտ։ Կար R-Mean-ը, պարսկահայ։ Հիշում եմ, ընկեր ուներ հետը՝ One 2-ն ու կույր բիթմեյքեր՝ Blind-ը։ 

 


Apejan-ը եկավ՝ իրա համար բիթեր էի գրում, Capital Z-ն էր ձայնագրվում, մի աղջիկ կար՝ Մարիան, բայց ինքը երգում էր, ռեպ չէր կարդում։ Ընդհանրապես աղջիկները քիչ էին։ Մի երկու հոգի կար, որ փորձեցին ռեպ անել, բայց վուլգար էր, չէր ստացվում, իսկ թոփ-մակարդակի պոետեսաներ չեն հանդիպել։ 


Մի պահ խումբ հավաքեցի, չորս հոգով էինք։ Շատ տաղանդավոր տղեք էին, որոնցից մեկը հիմա փաստաբան ա, մեկը՝ գրող, էն մեկը չգիտեմ։

 

Ու բոլորը մնացին Ամերիկայում, մենակ ես մնացի ռեպում ու եկա Հայաստան։ 


Մի խոսքով, եթե հայ էիր, ու ռեպի մեջ էիր, հաստատ մեր տուն էիր գալու։ Դեռ մինչև առանձին ստուդիան բացելը, իմ սենյակում էի մինի ստուդիա սարքել, էնտեղ էինք հավաքվում։ Զարմանալի էր, որ միակ հայաստանցին ես էի, մնացածն Իրանից էին, Լիբանանից, Ամերիկայի հին հայերից։ Շատ չէինք, մի 10-15 հոգանոց կուտոկ։ 
Մեծ մասը չմնաց ակտիվ։ Բայց մեկ ա՝ կապը պահում ենք։

 

 

Հայ-սևական բարեկամություն

Մի հատ էլ սևական տղա կար հետներս՝ Black Jack-ը, ասում էր՝ հերս հայ ա։ Սևերը շատ ժամանակ զարմանում էին, որ սպիտակ հայ տղեքը սենց լավ ռեպ կարան անեն։ Ես շատերի համար բիթեր եմ գրել։ Խտրականություն չկար, շատ հանգիստ ընդունում էին։ Բայց դե պարզ էր, որ իրանք էնքան ունեն ուժեղ ռեպեր, որ մեր ինչ-որ մեծ միջազգային հաջողությունը դժվար ըլնող բան էր։ 


R-Mean-ը շատ հայտնի ա հիմա, հասցրել ա Nas-ի ու Method Man-ի հետ գործեր անի, օրինակ։ Անցյալ տարի էր եկել էր 50 Cent-ի հետ, մենք բացումը արեցինք, հետո ինքը։ Չնայած international rap star չդարձավ, բայց հաստատ կայացած արտիստ ա։ 

 

Մենք մերոնցով

Ամերիկայի հայկական մյուզիքը աղետ ա։ Սիսթեմն էր, որ դուրս եկավ փուչիկից, դարձավ Ամերիկայի սիրած ռոք խումբը։ Ընդ որում, իրանք ռեպի հետ էլ էին շատ քիփ, Շավոն Wu Tang Clan-ի RZA-ի հետ քոլաբ արեց։ Իսկ դրանից բացի մեկ էլ ռաբիզն էր։ Արմենչիկի հետ հո չէի՞նք երգելու։ Մենք մեր համայնքով լռված էինք, լրիվ հերիք էր։ Դրա համար Արմենչիկը Սնուփի հետ երգ ձայնագրեց, չնայած էդ էլ չաշխատեց, որովհետև Սնուփ լսողները Արմենչիկ չէին լսելու, Արմենչիկ լսողներին էլ Սնուփը բան չէր ասում։ 

 

East Coast-ի միայնակ հայ ռեպերը

Մի կես տարով գնացել եմ Նյու Յորք մի նպատակով՝ ուսումնասիրեմ, տեսնեմ East Coast-ում ինչ հայ ռեպերներ կան։ Մի ընկեր ունեի, որ Հառլեմում էր ապրում, ու ինքը միակ հայն էր Նյու Յորքում, որ ռեպ էր անում։ Նկարիչ Դիլաքյան Դավոյի տղան էր՝ Հովոն, իսկ Դիլաքյանները հորս վաղուցվա ընկերներն էին։ Իսկ Հովոն Հառլեմի ամենավախենալու սևական թաղերում միակ սպիտակ տղեն էր։ Իրա հետ ֆռֆռացինք, Ջեյ-Զիի, Բիգգի տները տեսա, ստուդիաները մտա։ Ինձ East Coast-ի ռեպը միշտ ավելի հարազատ էր՝ բիթերը, տեքստերը, թեմաները։

 

Բայց մենք հայերով West-ում ենք, որտեղ սիրում են ցեպեր, ավտոներ, աղջիկներ, էդ ամեն ինչ։ 


Հիմա էն հիփ-հոփը, որին ես սիրահարված էի, էլ չկա։ 

 

Հայերեն ռեպ՝ ռեպ չլսողների համար

Կյանքում չէի մտածի, որ կկարողանամ հանգով հայերեն մի նախադասություն գրեմ։ Բայց որ 2008-ին Apejan-ով եկա ստեղ ու Ֆելոյի հետ ծանոթացա, ասեց՝ լավն ա ձեր ռեպը, բայց ափսոս բան չեմ հասկանում, որովհետև անգլերեն ա։ Շատ ազդվեցի, որտև ռեպի իմաստը էն ա, որ հասկանաս բառերը։ Մտածեցի՝ բա ինչի՞ համար ենք անում, եթե ասածներս տեղ չեն հասնում։ Փորձեցի հայերեն։ Լավ ա, որ էդ ժամանակ մեջս արդեն կար ֆլոուն՝ բիթի տակ կարդալը, ինձ պետք էր ուղղակի ադապտացնել հայերենին։ 


Մյուս հարցը՝ գրական-ոչ գրականն էր։ Լիքը մարդ կար, որ Հայ Տղեք չէին կարող լսել տանը, ավտոյի մեջ, ծնողների հետ, որովհետև միշտ մի պրովոկատիվ բառ կարող ա հնչեր։ Դրա պատճառով ռեպն անուն էր հանում՝ նեգատիվ, ագրեսիվ։ Ես մինչև հիմա ինձ մի տեսակ եմ զգում, որ ինձ ասում են՝ ռեպեր, ոնց որ նեգատիվ երանգ մեջը դնեն միշտ։ 

 


Մենք 3.33-ով փորձեցինք փոխել ռեպի մասին էդ պատկերացումը։ Ես ու Ֆելոն կրեցինք դրանով՝ 15 տարեկանից մինչև 45 տարեկան լսում են, կին, աղջիկ, ձյաձ՝ կապ չունի։ Եթե կինոները ունեն լիքը ժանրեր, ինչի՞ ռեպում էլ չլինի դրանից։ Ռեպերն էլ անպայման չի, որ լինի ցեպերով, տատուներով ու խփոցիների մասին երգի։ 


Հիմա ես ուզում եմ, որ ինձ լսեն էն մարդիկ, որոնք կյանքում ռեպ չեն լսում, բայց 3.33 հաճույքով կլսեն։ Ոչ թե, որ լսեն ուրիշ ռեպերներն ու բարձր գնահատեն, ինչ-որ բան ապացուցելու տարիքից վաղուց դուրս եմ եկել։ 


Անգլերեն կարդալը կարոտում եմ շատ, բայց ու՞մ համար կարդամ։ Եթե հայերեն են լսելու, իմաստը ո՞րն ա։ Ավելին, ես ստեղ մի քանի արտիստի, որոնք ստեղից են ու անգլերեն էին կարդում, համոզել եմ, որ փոխեն, անցնեն հայերենի։ Օրինակ N.O.-ն, D Litte-ը։ Երկուսն էլ մոտս եկան անգլերեն երգերով, ասեցի՝ ափսոս են, ստեղ ոչ մեկ չի հասկանա, իսկ Ամերիկայում ոչ մեկին պետք չի։ Շատ ուրախ եմ, որ համոզվեցին։ 

 

Մի քանի հոգի

Հին ջահելական ռեպ հավաքները շատ եմ կարոտում։ Խոխմ ա, որ Մի քանի հոգին էլ ծնվեց նման տուսովկա վիճակներից։ Ես ու Ֆելոն Ամիրյանում բնակարան ունեինք, ընդեղ հավաքվում, գրում էինք՝ «Խաչբառ» ալբոմի վրա էինք աշխատում։ Տղեքը գալիս-գնում էին՝ Ռոլանդը, Միշոն, Սերժոն, ՀՏ Հայկոն։ Մի օր տենց շատով նստած էինք, ու մտածեցինք՝ մի հատ երգ գրենք բոլորով, մարդ ա՝ իրա տեքստը։ «Աղջիկ-չղջիկը» գրեցինք, ու հասկացանք, որ կարա ստացվի։ Չնայած պարզ ա՝ ամեն մեկս մեր գործերը ունենք ու պարբերաբար ենք հավաքվում, բայց շատ հավես ա էդ տարբեր ոճերն ու բնավորությունները միասին հավաքելը։ 

 

 

Երևանի փոքր ռեպ համայնքը

Հայաստանում էլ մինչև հիմա աշխատում եմ ռեպով զբաղվող բոլորի հետ գոնե ծանոթանամ, շփվեմ մի անգամ։ Բայց իմ լեյբլը դեռ չեմ բացում, որովհետև դաշտը փոքր ա։ Իսկ եղածներից մեջ շատ են, որոնք սխալ են պատկերացնում ռեպը, մտածում են՝ բիթի տակ մունաթով հանգավորելը հերիք ա։ Բայց դե տենց չի։ 


N.O.-ն հիմա ամենահետաքրքիրներից ա։ Վնասակարենք անում են մի բան, որ ես ինքս հաստատ չէի անի, բայց էդ էլ պիտի ռեպի մեջ ու շատ լավ աշխատում ա։ 


Շատ կուզեի Երևանում ռեպ համերգի գնայի, բայց մինչև հիմա չի եղել, չկան։ Եթե լինում ա, սովորաբար 3.33-ի համերգն ա։ Ռեպ համայնքը Երևանում շատ փոքր ա, ցավոք։

հավելյալ նյութեր