An Gordonach! Հայ-շոտլանդական ռոք Վանաձորից
Երաժիշտ Արթուր Աթայանը հիացմունքով պատմում է Վանաձորում ձևավորված հայ-շոտլանդական An Gordonach! խմբի պատմությունը՝ պատկերացնելով, թե ինչպիսին կարող էր լինել խմբի մասին կենսագրական ֆիլմը ու բացատրելով, թե ինչու պետք է բոլորս հպարտանանք այս համույթի գոյությամբ։
Տեքստը՝ Արթուր Աթայանի
Lուսանկերը՝ Դավիթ Ներկարարյանի
Այս պատմությունը սկսվեց 2010 թվականին, Վանաձորում։ Օգոստոսյան անձրևոտ մի երեկո շոտլանդացի Ստյուարտ Մոյրը քայլում էր վանաձորյան մառախլապատ փողոցներով և անհոգ սուլում։ Այսպիսի օրերին Վանաձորը նրան շատ էր հիշեցնում հարազատ Լոնդոնը․մառախուղը սփռվում էր քաղաքի վրայով, բակերից ու շքամուտքերից ներս սահում, և դրանում հազիվ էին նշմարվում լուսացույցներն ու ցուցանակները։ Մշուշոտ օրերին Ստյուարտի տրամադրությունն ակամայից բարձրանում էր, ու երաժշտություն գրելու ցանկություն էր առաջանում։ Նա արդեն մտովի երկրորդ երգն էր ավարտում, երբ հանկարծ մառախուղից դուրս եկավ բարձրահասակ մի ֆիգուր՝ ձեռքին՝ մեծ, երկարավուն մի առարկա։ Լսած լինելով տեղական հանցավոր կյանքի մասին բազմաթիվ պատմություններ՝ Ստյուարտը թեթևակի լարվեց, սակայն մի փոքր ուշադիր նայելուց հետո նկատեց, որ անցորդի ձեռքում կիթառ է։ Ստյուարտը մոտեցավ անծանոթին և առանց երկմտելու բարևեց․
- Hey man, my name is Stuart, is that your guitar?
Անծանոթն իջեցրեց վերարկուի կապյուշոնը։ Անձրևի կաթիլները փայլեցին նրա ակնոցի վրա․
- Hello, my name is Tirayr, and yes, this is my guitar. Why do you ask?
- Then maybe we should have some whisky and jam together?
Ահա այսպես եմ ես պատկերացնում իմ երևակայական ֆիլմի սկիզբը, որը, եթե ռեժիսոր լինեի, անպայման կնկարեի An Gordonach! խմբի մասին։ Քանի որ ավելի անհավատալի բան, քան շոտլանդա-վանաձորյան ալտերնատիվ ռոք խումբ, որն ալբոմ է գրել հայկական էպոսի մոտիվներով, ես ուղղակի դժվարանում եմ պատկերացնել։
Նախապատմությունը
An Gordonach!-ի մասին առաջին անգամ լսել էի դեռ տարիներ առաջ։ Խումբը երբեմն նվագում էր Վանաձորի ու Երևանի ակումբներում, իսկ 2010-ականների կեսերին նրանց և Որդան Կարմիրի համատեղ համերգները արդեն իսկական ավանդույթ էին դարձել։ Գոյության 15 տարվա ընթացքում խումբը հասցրել է թողարկել 2 լիաֆորմատ և 4 կարճամետրաժ ալբոմ, որը բավական լուրջ ցուցանիշ է հայկական ռոքում, ինչպես նաև հանդես գալ ոչ միայն Հայաստանում, այլև արտասահմանում։
An Gordonach!-ը ձևավորվել էր 2010 թվականին, երբ (հուսամ` իմ պատկերացրածին գոնե մի քիչ նման պայմաններում) ծանոթացան Ստյուարտ Մոյրն ու Տիրայր Մխիթարյանը։ Կիթառահար, ջութակահար և երգիչ Ստյուարտը Վանաձորում հայտնվել էր գործուղման բերումով․աշխատում էր մարդու իրավունքների և peacebuilding-ի (խաղաղաշինությա՞ն․․․) ոլորտում: Նա արդեն բավական հարուստ երաժշտական փորձ ուներ, ու փնտրում էր ինչ-որ մեկին, ում հետ կարելի էր նվագել։
Տիրայրն, իր հերթին, վանաձորյան անդերգրաունդում հայտնի երաժիշտ էր․այդ ժամանակ նա նվագում էր PUSH խմբում, իսկ հետագա տարիներին նրան հաստատ տեսած կլինեք թե՛ Clocker-ում, թե՛ լեգենդար Լավ Էլի-ում՝ եղբորը՝ կիթառահար Գոռ Մխիթարյանին փոխարինելիս։ Իմիջիայլոց, Տիրայրը նաև կիթառների վարպետ է․ նրա կերտած բացառիկ գործիքները կարելի է տեսնել տարբեր երաժիշտների ձեռքում։
Եվ այսպես, Ստյուարտը և Տիրայրը սկսում են առիթից առիթ նվագել, այնուհետև նրանց միանում է թմբկահար Կարեն Պողոսյանը, որը Վանաձորում հայտնի էր Quake մականունով։ Ընդամենը երկու ամիս անց խումբն արդեն ելույթ է ունենում Երևանում և Վանաձորում։ Այդ ժամանակ որոշվում է նաև խմբի անունը՝ An Gordonach!։ Այն (սա իմ ֆիլմում կլիներ ամենաէպիկ պահը) Շոտլանդիայի լեռներից սերող Գորդոնների կլանի մարտական կոչն է, որը եկել-հասել էր հենց այդ կլանի ժառանգներից մեկին՝ Ստյուարտին։
Երաժշտությունը
Խմբի ողջ պատմության ընթացքում An Gordonach!-ը համատեղում էր մի շարք ոճեր և ուղղություններ, որոնք բավական նոր էին հայ հանդիսատեսի համար։ Նրանց ալբոմներում էմոցիոնալ ալտերնատիվ ռոքին ու մեղեդային բրիտ-փոփին հանկարծ փոխարինում էր չոր ու արագ փանքը, դրան, իր հերթին, ծանր ու դանդաղ ծորացող սթոները, որի մեջ հանկարծ ջութակ էր լսվում, ու այդ ամենը՝ համեմված շոտլանդական ու հայկական ֆոլկի մոտիվներով։ An Gordonach!-ի երաժշտությունը ճանաչելի է թե՛ Ստյուարտի վոկալով, թե՛ կիթառի շատ հատուկ, լայն ու իմպուլսիվ նվագով, որը կրկին հղում է բրիտանական ալտերնատիվ/ինդի ռոքի դպրոցին։
Երգերի թեմատիկան բազմազան է։ Առաջին ալբոմում երևում է երաժիշտների սերը ժողովրդական մշակույթների, դիցաբանության հանդեպ, սակայն 2013-14թթ․ An Gordonach!-ի գործերը ձեռք են բերում ավելի քաղաքական, ընդվզող բովանդակություն՝ ընդդեմ ավտորիտարիզմի, կոռուպցիայի, բռնաճնշումների։ Այս առումով հատկապես հայտնի էր դարձել 2008-ի մարտի 1-ի դեպքերին նվիրված «Gurr» կոչվող ծանր գործը։
2024-2025 թվականներին An Gordonach!-ն անսպասելիորեն վերադարձավ՝ կես տարում թողարկելով երկու EP՝ «Daredevils: Tales from Sassoon» և «Spear Carriers»: Եվ եթե երկրորդը հիմնված է տարբեր գրական աղբյուրների վրա՝ Գիլգամեշից մինչև Ֆրենք Հերբերտի «Դյունայն», ապա առաջինը, ինչպես կռահեցիք, ամբողջովին նվիրված է «Սասնա ծռերին»։ Ու հենց այս ալբոմի մասին էլ կուզեի մի փոքր պատմել։
Ալբոմի մասին
«Daredevils»-ի ձայնագրությունները սկսվել էին դեռ 2023 թվականին։ Սկզբում ենթադրվում էր, որ այն հաջորդ EP-ի հետ միասին մի ալբոմ կդառնա, բայց աշխատանքի ընթացքում պարզ դարձավ, որ հայկական էպոսի վրա հիմնված երգերը մի ամբողջություն են կազմում։ Հայաստանի և Անգլիայի միջև կիսված ձայնագրությունների ընթացքում երաժիշտները փորձում էին նոր հնարքներ գտնել․ դրանցից մեկը եղավ որոշ գործերում Ստյուարտի և Տիրայրի գործիքներով փոխվելը, ինչպես նաև հազվագյուտ գործիքների օգտագործումը։ Անակնկալ էր նաև ալբոմում Պայքար Չախոյանի (Որդան Կարմիր) հարվածայինները լսելը։
«Սասնա Ծռերի» հանդեպ հետաքրքրությունը Ստյուարտի մոտ առաջացել էր դեռ 2011-ին, երբ Տիրայրը նրան նվիրել էր էպոսի՝ Լևոն-Զավեն Սյուրմելյանի կողմից արված ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանավորությամբ տպագրված անգլերեն թարգմանությունը (սա իմ ֆիլմի շրջադարձային կետը կլիներ)։ Երգերից յուրաքանչյուրը նվիրված է էպոսի հիմնական հերոսներից մեկին, և ամեն երգում նրանց տեսանկյուններից պատմվում են տարբեր դրվագներ։ Այս մոտեցումն, իրականում, ինձ շատ զարմացրեց ու հիացրեց, քանի որ ակնհայտ է՝ խումբը, ու մասնավորապես՝ Ստյուարտը, շատ մանրակրկիտ է ուսումնասիրել սկզբնաղբյուրը և շատ լուրջ է մոտեցել դրան։
Ալբոմը զարմանալիորեն բազմազան է․ եթե առաջին երգերը ալտերնատիվ ռոքի սիրահարներին կարող են նույնիսկ տեղ-տեղ Muse-ի որոշ գործեր հիշեցնել, ապա ալբոմի կեսից ինտոնացիան փոխվում է, այն ծանրանում է դեպի դասական սթոներ, իսկ Փոքր Մհերի մասին ասքն ավարտվում է հայկական մեղեդիով և արագ ու ծանր ռիֆերով։ Ալբոմի հնչողությունը դիտավորյալ հում ու անկեղծ է, երբեմն՝ նույնիսկ կեղտոտ, ու դրա շնորհիվ երաժշտությունն ավելի արտահայտիչ է դառնում։
ԳՈՐԾԵՐԻ ՄԱՍԻՆ
The Jealousy of Balthazar – Բաղդասարի խանդը
Ալբոմի առաջին երգը Բաղդասարի մասին է և պատմում է նրա խանդի և նախանձի մասին, երբ նա իմանում է, որ Քառսուն-Ճուղ-Ծամ Դեղձուն-Ծամն իրականում ընտրել է Սանասարին։ Բաղդասարը՝ զայրույթից կուրացած, մենամարտում է եղբոր դեմ, սակայն վերջինս հաղթում է, և եղբայրները բարիշում են։ Ինտրոյի ավարտից հետո երգը վերածվում է 6/8 չափսով ծանր ու մեղեդային բալադի, ու սահմանում է ալբոմի ընդհանուր տրամադրությունը։
The Rescue of Sanasar – Սանասարի փրկությունը
Երգը պատմում է եղբայրների մասին առասպելի հաջորդ մասը։ Դեղձունի ձեռքը ստանալու համար Սանասարի փորձություններից մեկը 60 փահլևաններին հաղթելն էր։ Մարտի կեսից կտրիճն ուժասպառ է լինում, սակայն Բաղդասարն օգնության է հասնում, և նրանք միասին հաղթում են մարտում։ Թեև երգը նման է նախորդին ռիթմիկ տեսանկյունից, մելանխոլիկ տրամադրությունն այստեղ փոխվում է հուսադրող, ոգեշնչող մեղեդիով, իսկ վերջին հատվածում հայտնվում է գործի մեջ շատ գեղեցիկ տեղավորվող ջութակը։
The Adamance of Great Mher - Մեծ Մհերի համառությունը
Ի տարբերություն նախորդ երգերի, Մեծ Մհերի մասին պատմող գործը գրված է երրորդ դեմքից, և ըստ էության երաժշտության վրա դրված արտասանված տեքստ է, որն ընթերցում է բրիտանահայ կատակերգու Արա Իսկանդերյանը։ Երգը ներկայացնում է Իսմիլ Խաթունի ու Մհերի պատմությունը․ Խաթունը խորամանկաբար ստիպում է Մհերին նրա հետ գիշեր անցկացնել, և այդ հարաբերությունից հետագայում ծնվում է Մսրա Մելիքը՝ Դավթի խորթ եղբայրն ու մեծագույն թշնամին։ Ստեղծագործության հիմնական թեման Մհերի արարքների ճակատագրական հետևանքներն են, որոնց պատճառով տուժում են հետագա սերունդները։ Երգն ունի շատ հետաքրքիր լուծում՝ ամեն հերոսի հետ հայտնվում է նոր գործիք․ Մհերի հիշատակումներում կարելի է լսել դաշնամուրի ցածր տոներ, Իսմիլ Խաթունի թեման արևելյան մոտիվներով ջութակն է, Արմաղանինը՝ զանգակները, որոնք խորհրդանշում են նրա մաքրությունը, իսկ Մսրա Մելիքի թեման վերջում ընդգծվում է թանբուրի ձայնով։ Երգն ավարտվում է կարծես ճակատագիրը խորհրդանշող արագ ու ծանր ռիֆով, որը պատումը տանում է դեպի հանգուցալուծում։
The Struggle of David – Դավթի պայքարը
Ալբոմի ամենաերկար երգը երկխոսություն է Սասունցի Դավթի ու Ձենով Օհանի միջև․Մըսրա Մելիքի կողմից դավադրաբար շղթայված Դավիթը լսում է Ձենով Օհանի կոչն ու, ազատվելով կապանքներից, մարտի է նետվում Մըսրա Մելիքի դեմ։ 8 րոպեանոց այս գործը կիսված է երկու մասի․ Օհանի կոչից հետո երգի առաջին հատվածի երկար բիլդափը պայթում է ծանր սթոներային ռիֆով։ «Դավթի պայքարը» հզոր կուլմինացիա է ալբոմի համար, և դուր կգա, ծանր, դանդաղ, գրուվային երաժշտության սիրահարներին։
The Anguish of Little Mher – Փոքր Մհերի տառապանքը
Ալբոմի եզրափակիչ թրեքն ամենաէմոցիոնալն է, և պատմում է Փոքր Մհերի վերջին օրերի մասին։ Նրա բոլոր հարազատները մահացել են, բայց նա գամված է աշխարհին, որն իրեն այլևս չի պահում։ Մհերը հարցնում է հորն ու մորը, թե ինչ անի, և Դավիթն ու Խանդութն այն աշխարհից պատասխանում են, որ նա միայն հանգիստ կգտնի, եթե հեռանա և մտնի Ագռավաքարը։ Երկխոսությունից հետո մտնում է հայկական մեղեդու վրա հիմնված ծանր ռիֆ, որի ավարտին երգը վերադառնում է ալբոմի սկզբի մելանխոլիկ տրամադրությանը, երբ Մհերը հեռանում է դեպի իր հավերժ միայնությունը։
Ամփոփում
«Daredevils: Tales from Sassoon»-ն, ըստ իս, ունի երեք հիմնական արժանիք։
- Նախ՝ ալբոմն հարուստ է երաժշտական տեսանկյունից, և «բացվելու» հակում ունի՝ ամեն հաջորդ ունկնդրման ժամանակ նոր մանրուքներ ես բացահայտում։
- Երկրորդը, իսկապես շատ հետաքրքիր է հայկական էպոսի սյուժեին և ուղերձներին նայել արտաքին հայացքով, հատկապես, կոնցեպտուալ ալբոմի ձևաչափով։
- Շատ թարմացնող և հետաքրքիր է էպոսի ու ալտերնատիվ ռոքի առաջին հայացքից անհամադրելի միաձուլումը։
Եվ, իհարկե, չեմ կարող ևս մեկ անգամ չնշել, որ միայն այն փաստը, որ աշխարհում գոյություն ունի հայ-շոտլանդական ռոք, պիտի մեզ (հայերիս ու շոտլանդացիներիս, էլի) հպարտության առիթ տա։