Անահիտը լույսի տակ
Ցուցահանդես

Անահիտը լույսի տակ

Հայաստանի պատմության թանգարանը վեց ամսով հյուրընկալել է Անահիտ աստվածուհու բրոնզե գլուխն ու ձեռքը, որ մաս են կազմում Բրիտանական թանգարանի հիմնական հավաքածուի: Հելլենիստական շրջանի այս գործը ներառվել է «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» խորագրով ցուցադրության մեջ,: ԵՐԵՎԱՆը զրուցել է ցուցահանդեսի գլխավոր ճարտարապետ Կարեն Բալյանի, ինչպես նաև նախագծի գլխավոր հովանավոր «Կերոն» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանի հետ:

 

Տեքստը՝ Սոնա Կարապողոսյանի

 

Լուսանկարները՝ «Կերոն» հիմնադրամի

 

ՎԱՆԱՆԵ ԱՐԱՐՔՑՅԱՆ

«Կերոն» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն

 

Գաղափար և նպատակ

«Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» խորագրով պատմական այս ցուցահանդեսն իրականություն դարձավ  Հայաստանի պատմության թանգարանի և Բրիտանական թանգարանի միջև ձեռք բերված համաձայնության շնորհիվ, և մեր հիմանդրամը մեծ ոգևորությամբ միացավ այս գաղափարի իրագործմանը: Մեր գործունեության վեց ամիսների ընթացքում հիմնադրամն արդեն հասցրել է իրականացնել մի քանի հաջողված նախագծեր ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ: Մենք ուրախ ենք նախարարության հետ ևս մեկ, և Հայաստանի պատմության թանգարանի և «Մշակույթի զարգացման» հիմնադրամի հետ առաջին համագործակցության համար:

 

Այս նախագծի նպատակն է ոչ միայն հարստացնել և աշխուժացնել մշակութային կյանքը Հայաստանում, այլև այցելուներին բացառիկ հնարավորություն ընձեռել ծանոթանալու մշակութային պատմության կարևոր նմուշների հետ:

 

 

Որպես պտղաբերության, մայրության և իմաստության խորհրդանիշ, Անահիտ աստվածուհին նշանակալից տեղ է զբաղեցնում հայոց պատմության, դիցաբանության և մշակույթի մեջ։ Անահիտի արձանը ոչ միայն հնագույն արվեստի պահպանված հազվագյուտ օրինակ է, այլև մշակութային ինքնության և պատմական ժառանգության հզոր խորհրդանիշ:

 

Մեր հիմնադրամի նպատակներից մեկը հայկական մշակութային ժառանգության պահպանումը և տարածումն է՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Հենց այս նպատակով էլ մենք աջակցեցինք Անահիտի արձանը՝ թեկուզ և ժամանակավոր, Հայաստան բերելու նախաձեռնությանը: 
 

Գործընթացի բարդություններ

Նախագծի իրականացումը պահանջում էր հսկայական ջանքեր և ժամանակ: Ամենամեծ դժվարություններից մեկը կապված էր այս գործընթացի կարևորագույն մասի՝ ապահովագրության, տեղափոխման և անվտանգության  կազմակերպման հետ, որն իրականություն դարձավ մեր հիմնադրամի աջակցությամբ: Բացի այդ, միջազգային գործընկերների հետ լոգիստիկ և վարչական հարցերի լուծումը ևս երկար գործընթաց էր, որը կոորդինացնում էր Հայաստանի պատմության թանգարանը։ Այս ցուցադրությունը իրականություն դարձավ բոլոր ներգրավված կողմերի համատեղ ջանքերով։

 

Առաջին տպավորություններ

Ինձ համար շատ ուրախալի և խորհրդանշական էր, որ ցուցահանդեսը պաշտոնապես բացվեց Հայաստանի Հանրապետության Անկախության օրը՝ սեպտեմբերի 21-ին: Չափազանց հուզված էինք ցուցադրության պաշտոնական բացումից 2 առաջ Հայաստանի պատմության թանգարանում ազդարարել մեկնարկը մեր հիմնադրամի կողմից կազմակերպված բացառիկ փակ միջոցառման ընթացքում, որտեղ հիմնադրամի հյուրերը ներկա գտնվեցին «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» պատմական ցուցահանդեսի նախադիտմանը: Դա անմոռանալի երեկո էր բոլոր ներկաների համար:

 

Ցուցահանդեսի ճարտարապետ Կարեն Բալյանը, Մշակույթի զարգացման հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Կարեն Ավետիսյանը, «Կերոն» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանը և Պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը

 

Տեսնել Անահիտի արձանն այստեղ առավել խորհրդանշական է: Այն կարծես նոր կյանք է ստացել և դարձել մշակութային կամուրջ անցյալի և ներկայի միջև՝ միավորելով պատմությունն ու ժամանակակից Հայաստանը:

 

Անահիտի արձանը կցուցադրվի մինչև 2025թ.-ի մարտի 21-ը: Այս ժամանակահատվածում «Կերոն» հիմնադրամը նախատեսում է կազմակերպել մի շարք միջոցառումներ՝ նվիրված մայրության և կանացիության թեմաներին: Այդ ծրագրերի մասին առավել մանրամասն կտեղեկացնենք շուտով:

 


 

ԿԱՐԵՆ ԲԱԼՅԱՆ

Ցուցահանդեսի ճարտարապետ

 

Ոչ միայն Անահիտով

Հայաստանյան թանգարաններում հրավիրյալ ճարտարապետների կամ համադրողների հետ աշխատելը դեռևս շատ տարածված չէ, ինչը հաճախ հանդիպող փորձառություն է արտասահմանում: Թանգարանն առաջարկեց միանալ նախագծին` իր մտքին ունենալով հստակ ծրագիր ու սցենար, թե ինչպիսին պետք է լինի ցուցահանդեսը: Թանգարանի տնօրինությունն առաջադրանք էր դրել Անահիտին ներկայացնելու հայ մշակույթի համատեքստում: Ըստ իս, առանցքային խնդիրն էր լինելու ապահովել հայ մշակույթի ժամանակագրական միասնությունը: Հայտնի է, որ քրիստոնեության ընդունումից հետո դրան նախորդող շերտերը մեծապես ջնջվել են. հատկապես հելլենիզմի շրջանից շատ քիչ նյութ կա: Ցուցադրության նպատակն էր վերստեղծել այդ շղթան: Այսինքն` թեև Անահիտն ունենալու էր կենտրոնական դիրք` որպես հյուր, բայց ժամանակագրական սկզբունքը պետք է պահպանվեր և հասներ մինչև մեր օրեր:

 

 

Տարածքային լուծումներ

Տարածքը, որ տրամադրվել էր ցուցադրության համար, բավական անբարենպաստ էր. այն ուներ երկու դահլիճ, որ միացված են իրար, բայց մուտքը կողքից է, ինչի պատճառով ամբողջական պատկեր ստանալը բարդ մարտահրավեր էր: Որպես լուծում` ես և իմ երկու գործընկերները` Արսեն Մկրտչյանն ու Նորա Մարգարյանը, առաջարկեցինք կարմիր ժապավենի գաղափարը, որ միացնելու էր հնագույն շրջանները, հելլենիզմն ու քրիստոնեությունը: Անցնելով մի դահլիճից մյուսը` յուրաքանչյուր սենյակում այն ավարտվելու էր «օկուլուսով»` բաց երթիկով դեպի երկինք: Օկուլուսը, որ մեծ տարածում էր ստացել հելլենիզմի դարաշրջանում և որի լավագույն օրինակը Հռոմի պանթեոնն է, մեզ համար նախնադարյան էլեմենտ է և բնորոշ է գլխատներին, որի կենտրոնական տարածքն ուներ երթիկ` բաց դեպի երկինք, և առկա է նաև միջնադարյան գավիթներում:  

 

Երկու դահլիճ

Ցուցադրության բոլոր լուծումների մեջ դրված էր փոխառությունների սկզբունքը: Առաջին դահլիճը տաճար է, որի ապակե պրիզմաների տակ ներկայացված են հնագույն, ուրարտական և հելլենիզմի շրջանի բացառիկ նմուշներ, իսկ կենտրոնում` գլխավոր առանցքով Անահիտն է: Եթե հիշենք Գառնիի տաճարը, այն ուղղանկյուն տարածք է, որի վերջում պետք է գտնվեր թագուհու արձանը: Կան նաև տարրեր, որ հիշեցնում են ուրարտական ուրվագծեր: Օրինակ` թանգարանում կան սափորներ` Ուրարտուի նշանով, որից դուրս է գալիս հասկը (որը հետագայում Ռաֆայել Իսրայելյանը Ջիմ Թորոսյանի և Գրիգոր Գուրզադյանի հետ դարձրին Երևանի խորհրդանիշ): Ցուցափեղկերի ներքևի մասը հիշեցնում է ուրարտական ուրվագծեր, որոնք նաև որոշ չափով բերդերի պատկերներ են: 

 

Քրիստոնեական դահլիճի հիմքում քրիստոնեական կիսակոր խորշերն են, իսկ դիմացի պատին` օկուլուսի տակ, քրիստոնեական վարագույրն է՝ Թբիլիսիի եկեղեցիներից մեկից, որ թվագրվում է 19-րդ դարի սկզբով: Այստեղ լուծումը պետք է լիներ որպես եկեղեցական բեմ, և փոխադրությունն ավելի աբստրակտ է: Այսպիսով, քարե բեկորները` սև ու կարմիր, խորհրդանշում են եկեղեցու բեմը, որի վրա ապակյա ցուցափեղկերում դրված են ոսկեգույն ու կարմիր այդ նրբագույն եկեղեցական օձիքները, որոնք համադրվում են վարագույրի հետ: 

 

 

 

Ժամանակակից տարր

Ցուցահանդեսը պետք է ունենար նաև ժամանակակից տարր` անիմացիա, որ ավելի մատչելի ձևով կպատմեր մայր-աստվածության գաղափարի մասին: Ինձ համար անընդունելի էր հեռուստաէկրանի և անիմացիայի ներառումը դահլիճում, որտեղ ներկայացված է քրիստոնեական վերելքի ժամանակաշրջանը: Ուստի` որպես լուծում ստեղծեցինք առանձնացված մետաղական ցիլինդր, որի ներսում դրված էր հեռուստաէկրանը, և որտեղ նաև ցուցադրվեցին աթեիստական շրջանի խորհրդային կուռքեր` երկու Մայր Հայաստանների պատկերները: 

 

Փարաջանովյան մոտիվներ

Թեև ողջ ցուցահանդեսը կառուցված է Անահիտ աստվածուհու շուրջ, կան եզրեր, որոնք սրանից ոչ պակաս կարևոր են: Ցուցադրությունը հնարավորություն է տալիս ավելի լայն նայել ու հստակեցնել մեր պատկանելությունը, նաև հասկանալ տարբեր արվեստի գործեր, որ ինչ-որ ձևով կապվում են այն կամ այն ժամանակաշրջանի հետ: Օրինակ` այդ գեղեցկագույն վարագույրը, որ ստեղծվել է 19-րդ դարի 30-ականներին Թբիլիսիիում, ամբողջությամբ լուծված է ապլիկացիայի ձևով: Դրանից 150 տարի անց Փարաջանովը, որը ևս Թբիլիսիի ծնունդ է, իր արվեստում օգտագործում է ապլիկացիայի նույն մեթոդը, բայց ներկայացնելով այն ավանգարդիստական պրիզմայով: Եվ սա հուշում է, որ թերևս Փարաջանովը հաղորդակցվել ու սնվել է Թբիլիսիի հայկական միջավայրից:

 

 

Վերադարձ

Վերջին տարիներին քննարկվող մշակութային գաղթարարության, ժառանգության որոշ նմուշների` իրավատեր երկրներին վերադարձնելու մասին խոսելիս պետք է հիշել, որ շատ դեպքերում գերտերությունները դրանք վերադարձնում էին իրենց գաղութներին կամ նախկին գաղութներին, ինչպես օրինակ` Ռուսաստանը վերադարձրեց Դրեզդենի թանգարանի հավաքածուն պատերազմից հետո, 1955-ին: Մեր` Անահիտի դեպքում տեղի ունեցավ մեկ այլ կարևոր բան․ հաստատվեց նրա հայկական լինելը և Բրիտանական թանգարանի ահռելի հավաքածուի մեջ ուշադրություն սևեռվեց այս նմուշի վրա: Այն դուրս եկավ իրենց թանգարանից ու մեկնեց հեռավոր մի երկիր, որի գոյության մասին շատերն անգամ չգիտեին:

հավելյալ նյութեր