Անդադար աշխատող շարժիչ
Արցախ

Անդադար աշխատող շարժիչ

Ստեփանակերտի բնավորությունը, ճարտարապետությունն ու քաղաքաշինական իրավիճակը՝ ըստ ճարտարապետ Մանուշակ Տիտանյանի, որն արդեն երեք տասնամյակ ապրում ու աշխատում է Արցախի մայրաքաղաքում։

Տեքստը՝ Մարգարիտ Միրզոյանի


Լուսանկարները՝ Արեգ Բալայանի

 

ԵՐԵՎԱՆ #79 | 2023

#Արցախ

2011 թվականից ի վեր մեր փոքր (բայց հպարտ) թիմը ստեղծում է ԵՐԵՎԱՆ քաղաքի ամսագիրը։ Մենք պատմում ենք Երևանի ու երևանցիների անցյալի, ներկայի ու ապագայի մասին։ Եվ մենք ունենք ձեր աջակցության կարիքը, քանի որ պատրաստում ենք ամսագիրը բացառապես մեր ուժերով։

 

Մանրամասներն այստեղ՝ patreon.com/evnmag

Փոքր կանաչ քաղաքը

Արցախ առաջին անգամ եկա 1989 թվականին։ Հուշարձանների վերականգման մեր գրասենյակը Ստեփանակերտում արվեստանոց էր բացել ու մի քանի հոգով տեղափոխվեցինք այստեղ աշխատելու։ Քաղաքի օժանդակ դպրոցի կացարանում մեզ բնակարան տրամադրեցին։ Ներքևի հարկում աշխատում էինք, վերևում՝ քնում։ Հետո բոլորը վերադարձան, իսկ ես մնացի։ 


Ստեփանակերտը շատ լավ քաղաք էր՝ կանաչ, փոքր, իր ամփոփ բնակչությամբ։ Այդ չափի քաղաքներին բնորոշ կերպով բոլորը միմյանց ճանաչում էին։ Խանութները հիմնականում դատարկ էին, բայց որակյալ թելեր էին վաճառում, ու քանի որ սկզբնական շրջանում ծանոթներ քիչ ունեի ու առանձնապես ժամանցի տարբերակները շատ չէին, անվերջ գործում էի։ 

 

Ընդհանուր միտքը 

Այդ տարիներին Ստեփանակերտն ավելի միակուռ քաղաք էր թվում, տիպիկ սովետական ոճի։ Այն հիմնականում ձևավորվել էր 20-րդ դարում։ 19-րդ դարից էլ շենքեր կային պահպանված, բայց դա չէր խանգարում, որ քաղաքն ընդհանուր դեմք ունենար։ 


Այսօր պատկերը մի քիչ այլ է, մայթերից որոշներն առգրավված են ինչպես և շատ քաղաքներում, անճաշակ կամ ճաշակով կցակառույցներ են ավելացել, որոնք, ըստ իս, Ստեփանակերտին պետք չէին։ Քաղաքը որոշակի առումով կորցրել է իր ընդհանրականությունը, ցրվել է իր ճաշակի ու մտքի մեջ։ Այն ժամանակ Ստեփանակերտի ամենահայտնի փողոցները, օրինակ՝ Թումանյանը կամ Մարտունու փողոցը, թեև լավ վիճակում չէին, ամբողջը ցեխ էր, ասֆալտ չկար, բայց նույնիսկ այդ տեսքով երևում էր, որ միասնական մտահղացում է ներդրված։ Այսօրվա Ստեփանակերտին նայելով հասկանում ես, որ մասնավորն ավելի ուժեղ է, քան պետությունը։ Երբ Կառավարության շենքի դիմաց ավելի բարձր շենք է կառուցվում, ուժային հարաբերակցությունը պարզ է դառնում։ Երբ տեսնում ես, որ մայթի վրա շինություն է տեղադրվում, հասկանում ես, որ մասնավորը նաև խլում է հասարակության տարածքը, ուրեմն վերջինս լավ վիճակում չէ։ 

 

 

Ստեփանակերտի գույնը 

Ես Ստեփանակերտին կանաչ ու դարչնագույն եմ ընկալում։ Երբ նոր տեղափոխվեցի այստեղ, քաղաքի մեծ մասն այդ գույների մեջ էր. շենքերն Ադրբեջանից բերված ագլայլ քարով էին երեսպատում, որը հենց այդ երանգն ուներ։ Քաղաքում Երևանից բերված տուֆից կառուցված մի քանի շենքեր կտեսնեիր։ Մի պահ սկսեցին մարմարով երեսպատել շենքերը։ 


Այսօր շենքերից շատերն արհեստական ալիկաբոնդերց սալիկներով են պատված ու դա Ստեփանակերտին միայն վնասում է։ Բայց ես աշխատում եմ չտեսնել վատը, մեջս ֆիլտր կա, գիտեմ, որ վատը կա, բայց չեմ ընկալում։ Ուսանողներիս սովորեցնում եմ կառուցել մարդու համար, ճանաչել սեփական էկոհամակարգը, որի համար ապագայում կառուցելու են, բայց և ուսումնասիրել ու սիրել աշխարհը։ 


Քաղաքաշինությունը մեզ տալիս է ամենաիրական պատմությունը։ Դրանով կարելի է պարզել մարդկանց միջև, մարդու և Աստծո, մարդու և հասարակության միջև հարաբերությունները։ 

 

Շարժիչ

Ստեփանակերտն ինձ համար քեֆչի է, բայց խոսքը ջրիկության մասին չէ։ «Քեֆ անողի քեֆը չի պակսիլ» հեքիաթին շատ է նման։ Երբ պատերազմը նոր էր ավարտվել, հենց հաջորդ ամռանը մեր տան մոտի ռեստորաններից մեկում խնջույք էր։ Ձայներն այնքան բարձր էին, ստիպված գնացինք տեսնելու, թե ինչ է կատարվում։ Մասնակիցներից մեկին ասեցի՝ տեղյա՞կ եք, որ պատերազմ է եղել, էս ի՞նչ եք անում։ Պատասխանեց՝ հա, ի՞նչ, թող Շուշիից տեսնեն, սրտները ճաքի։ Սա բոլոր արցախցիներին բնորոշ գիծ է։ Նրանք կյանքը շատ են սիրում, համառորեն կապված են իրենց հողին, կյանքից հաճույք են ստանում ու պատրաստ են դրա համար կռիվ տալ ու նույնիսկ զոհվել։ Բայց միևնույն ժամանակ կյանքը շատ են սիրում, այն իրենց համար տոն է։ 


Մենք Շուշին անվանում ենք մշակութային մայրաքաղաք, այդ դեպքում Ստեփանակերտը մշակույթին ծառայող քաղաքն է։ Մենք սովորաբար տեսնում ենք ծաղիկը, հիանում իր գեղեցկությամբ, բայց ցանկացած ծաղիկ ունի ցողուն ու արմատ, որը նրան սնուցում է։ 


Եթե չլինի Ստեփանակերտը, ոչինչ էլ չի լինի, այն անդադար աշխատող շարժիչն է։

 

 Մանուշակ Տիտանյանը որդու՝ լուսանկարիչ Արեգ Բալայանի հետ

 

Եկողին 

Երբ նոր էի տեղափոխվել Արցախ, բոլորը ասում էին՝ ո՞ւր ես գնում, վտանգավոր է։ Ես էլ պատասխանում էի, որ Երևանում մայթի մոտ կանգնելը կարող է ավելի վտանգավոր լինել, քան Ստեփանակերտում ապրելը։ Ցավոք, շատերին, եթե ասեն, որ ամեն ինչ հանձնելով հանգիստ կապրեն, նրանք դա կանեն, քանի որ իրական աշխարհի հետ կապը վաղուցվանից կորցրել են։ Առողջ, մտածող մարդիկ գալիս են Արցախ, նույնիսկ արտասահմանցիները մի հնար գտնում են ու գալիս։ 


Արցախում, Ստեփանակերտում կյանքը շարունակվում է, մարդիկ աշխատում են, երեխաները ծնվում են, գնում են դպրոց։ Ոստիկաններն առավոտյան կանգնում են դպրոցների մոտ և ապահովում այդ երեխաների անվտանգությունը։ Անգամ իրենց եմ սիրում առավոտյան ժամերին։ Կյանքը շարունակվում է, դա շատ կարևոր է, և ոչ միայն մեզ համար։ Մենք այստեղ ապրում ենք նաև Երևանում կամ արտերկրում ապրող մեր եղբայրների համար։

հավելյալ նյութեր