Անիմացիայի հանրապետություն
Ինչպե՞ս մեծ ցանկությունից, բազում հանդիպումներից, որոնումներից ու ներդրված ջանքերից ծնվեց տարածաշրջանի առաջին փառատոնը՝ նվիրված անիմացիոն կինոյին։ ԵՐԵՎԱՆը Հայաստանում այսպիսի պրոֆիլային փառատոն կազմակերպելու դժվարությունների և իմաստի մասին զրուցել է ՌեԱնիմանիայի հիմնադիր, երգիծանկարիչ, նկարիչ և անիմատոր Վրեժ Քասունու հետ։
Տեքստը՝ Հասմիկ Բարխուդարյանի
Լուսանկարները՝ ՌեԱնիմանիա փառատոնի արխիվ
ԵՐԵՎԱՆ #74 | 2022
2009 թվականի հոկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում «Մոսկվա» կինոթատրոնի երկու մեծ էկրաններին ցուցադրվեց մի քանի տասնյակ անիմացիոն ֆիլմ՝ տարբեր լեզուներով, տարբեր երկրներից, անիմացիոն տարբեր տեխնիկաներով ու հիմնականում՝ ոչ մանկական։ Այդպես, հանկարծ Երևանից բացվեց անիմացիոն կինոյի աշխարհի դուռը։ ՌեԱնիմանիա փառատոնի առաջին թողարկումն էր։
Պետք էր մի բան անել
Սկզբում այն պարզապես գաղափար էր, որ ծնվել էր պարզ անհրաժեշտությունից։ Չկար նման հարթակ, պետք էր։ Պետք էր համախմբել ոլորտի մասնագետներին մի ծածկի տակ, պետք էր փոխել մոտեցումներ ոչ միայն հենց իրենց՝ անիմատորների ու ռեժիսորների, այլ նաև հանդիսատեսի շրջանում։ Պետք էր վերջապես խոսել այն մասին, որ անիմացիան «մուլտիկ» չէ և միայն երեխաների համար չէ։ Անշուշտ, կար «Ոսկե Ծիրան» փառատոնը, կային և այլ փոքրամասշտաբ նախաձեռնություններ, բայց դա այն չէր, ինչ պետք էր։
Վրեժ Քասունին, որ վեց տարի առաջ էր հայրենադարձվել Սիրիայից և իր առաջին քայլերն էր անում անիմացիայի ոլորտում, զգում էր հայրենիքում թեմատիկ փառատոն ունենալու անհրաժեշտությունը, սակայն ինքնուրույն կազմակերպել չէր ցանկանում։ Ասում է՝ «Ես նկարիչ եմ՝ ո՛չ մենեջեր, ո՛չ մարքետոլոգ ու ո՛չ էլ PR պատասխանատու»։ Ճակատագրի բերումով համատեղեց բոլորը։
Նախ հասկացավ, որ ողջ Հարավային Կովկասում նման փառատոնի անհրաժեշտություն կա և խնդիրը Հայաստանի սահմաններից դուրս է։ Հետո նաև հստակ էր մի բան. ոլորտը զարգացնելու համար կարևոր էր ունենալ հարթակ, որտեղ հնարավոր կլիներ սեփական արտադրանքը տեսնել միջազգայինի համատեքստում, հասկանալ, թե արդյոք այն, ինչ անում ես, լավն է, իսկ միգուցե շատ ավելի լավն է։
Վրեժ Քասունին
Ամերիկացի օսկարակիր անիմատոր, ռեժիսոր Բիլ Փլիմփթոնը, 2016
Խոստումներ
Սկսվեց մի նոր փուլ. գնալ, տեսնել, ծանոթանալ ու փորձել համոզել ստեղծել անիմացիայի փառատոն։ Նախ՝ հանդիպում Ռոբերտ Սահակյանցի հետ, ով արդյունքում համաձայնեց Վրեժին վերցնել որպես իր վերջին ուսանող, ապա՝ «Ոսկե Ծիրանի» տնօրեն Հարություն Խաչատրյանի հետ, ով խոստացավ աջակցել, եթե Վրեժն ինքը նախաձեռնի փառատոնը, հետո նաև այց Ազգային կինոկենտրոն, որտեղ ևս խոստացան աջակցել։
«Ողջ կյանքում երազել էի անիմատոր լինելու մասին։ Դիսնեյ էի նայել ու Խորհրդային Հայաստանի անիմացիային էլ նայում էի նույն աչքերով, ինչ Դիսնեյին։ Սիրիայից Հայաստան գալով՝ բախվեցի այլ իրականության հետ։ Ոլորտը հազիվ էր հենվում մի քանի նվիրյալների ուսերին։ Հասկացա, որ լուրջ խնդիր ունենք, դա նույնիսկ մի քիչ վիրավորական էր, չէի ուզում հավատալ, որ անիմացիայի ոլորտում մենք ոչինչ ենք այլևս»,– ցավով է պատմում Վրեժը։
2007 թվական, Կաննի կինոփառատոն. Վրեժը բոլորին պատմում է դեռ անգամ անուն չունեցող փառատոնի մասին ու հաճելիորեն զարմանում արձագանքներից։ Բոլորը միաբերան նշում են, որ տարածաշրջանը նման փառատոնի կարիք ունի, և որ այն կարող է կամուրջ հանդիսանալ Հարավային Կովկասի և Արևմուտքի միջև։ Ոլորտն ուսումնասիրելուց հետո պարզ էր մի բան՝ այդ ձևաչափի փառատոն չունի նույնիսկ ողջ արաբական աշխարհը։ Արդյունքում նույնիսկ հրավեր եղավ փառատոնը Դուբայում կազմակերպելու և, անշուշտ, առաջարկը մերժվեց։ Փառատոնը պետք է լիներ Հայաստանում։
Ի վերջո, 2009-ին տեղի ունեցավ առաջին ՌեԱնիմանիան։ Ինչպես Վրեժն էր ծրագրել՝ կարծես Անեսիի փառատոնի (անիմացիոն կինոյի կարևորագույն իրադարձությունն աշխարհում) բուտիկ տարբերակը լիներ՝ սերտ համագործակցությամբ։
Իսկ բազմաշերտ անվանումը շատ դիպուկ փոխանցում էր միջոցառման առաքելությունը. կրճատ ReA-ն կարելի է բացել և՛ Republic of Armenia (Հայաստանի Հանրապետություն), և՛ Republic of Animation (անիմացիայի հանրապետություն), իսկ reanimation-ը ոչ այլ ինչ է, քան «վերակենդանացում»։ Ոլորտն իսկապես վերակենդանացավ։
Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին «Անիմացիոն արվեստում նշանակալի ներդրման համար» մրցանակը հանձնելիս, 2018
Հայկական անիմացիայի 80-ամյակին նվիրված քննարկում. Միրթադ Գազազյան, Դավիթ Սահակյամց, Գայանե Մարտիրոյան, Նաիրա Մուրադյան, Վրեժ Քասունի, 2018
Մեծական մուլտիկներ
Առաջին ՌեԱնիմանիան ապացուցեց, որ անիմացիան Հայաստանում ունի հանդիսատես։ Անշուշտ, կար ընկալումների խնդիր և, անշուշտ, հասարակությանն այդ ոլորտում կրթելու անհրաժեշտություն կար, սակայն կային նաև ձգտում ու հետաքրքրվածություն։
«Հիշում եմ, թե ինչպես ցուցադրություններից մեկի ժամանակ մի տատիկ իր թոռնիկի հետ դուրս եկավ շատ վրդովված։ Պարզվեց՝ ֆիլմում դաժան տեսարաններ կային և այն իրականում երեխաների համար չէր նախատեսված։ Սխալը մերն էր, անփորձ էինք ու «18+» նշումը չէինք կատարել, մուտքի մոտ էլ չէինք հետևել, թե ովքեր են ներս մտնում։ Բայց դա նաև ցուցիչ էր այն բանի, որ անիմացիայի ընկալումը մեր հանդիսատեսի մոտ փոխելու խնդիր ունենք։ Անիմացիան «մուլտիկ» չէ միայն»,– ասում է Վրեժը։ Բարեբախտաբար, վերջին տարիներին այդ առումով դրական տեղաշարժ է նկատվում։
Վարպետաց դասեր՝ իրական վարպետներից
Փառատոնի հիմնադրի հպարտության մյուս առիթը փառատոնի ազդեցությունն է մասնագիտական հանրության վրա. առաջին իսկ թողարկումից ՌեԱնիմանիայի պարտադիր բաղկացուցիչներից էին վարպետաց դասերը, որոնց ամեն տարի առնվազն 500 մարդ էր մասնակցում։ Այսպիսով՝ Ռեանիմանիան կրթել է անիմատորների մի քանի սերունդ։ Եվ դա այն ժամանակ, երբ Հայաստանում հատուկենտ տեղեր կային, որտեղ կարելի էր անիմատորական կրթություն ստանալ։
Մեծ ջանքերի, Վրեժի անձնական կապերի ու հնարամտության շնորհիվ հնարավոր եղավ ամեն տարի հրավիրել 10-15 վարպետի աշխարհի տարբեր երկրներից. Հնդկաստան, Անգլիա, Գերմանիա, Ֆրանսիա, ԱՄՆ, Վրաստան, Իրան և այլն։ Փառատոնն այսպիսով իսկապես միջազգային էր՝ անկախ մրցութային ծրագրից։ Այն կարևորում էր վարպետների գործն անկախ նրանից, թե արդյոք նրանք տվյալ տարի նկարահանել են նոր ֆիլմ, թե ոչ։
«Նույնիսկ 2020-ին՝ համավարակի շրջանում, մենք առցանց վարպետաց դասեր արեցինք ու մարդիկ դիտեցին դրանք,– ուրախությամբ է նշում Վրեժը։– Հուսանք, որ 2022-ին կկարողանանք շարունակել։ Կան բազմաթիվ տաղանդավոր երիտասարդներ, որոնց հիշում եմ դեռևս մեր վարպետաց դասերից և որոնք այսօր ունեն սեփական ստուդիան և իրենցն են ստեղծում, բիզնես նպատակներ են դնում իրենց առաջ ու լուծում։ Դա իրապես հպարտանալու առիթ է ինձ համար»։
Փառատոնի մրցանակներից մեկը
Հպարտ ու անհամեստ
ՌեԱնիմանիան տպավորիչ էր նաև միջազգային հյուրերի թվով։ Շատերի համար գուցե անհայտ, սակայն անիմացիայի ոլորտում մեծ ներդրում ունեցող մարդիկ աշխարհի տարբեր երկրներից ամեն աշուն Երևանում էին։ Անեսիի փառատոնի նախկին տնօրեն և ՌեԱնիմանիայի լավ բարեկամներ Տիցիանա Լոշին ու պրոդյուսեր Մաքս Հաուերը վերջին տարիներին ոչ միայն պարտադիր հյուրեր էին, այլև մանրամասն ուսումնասիրում էին փառատոնն ու վերջում հաշվետվությամբ մատնանշում փառատոնի լավ ու թերի կողմերը։ Վրեժը հպարտանում է նաև մի շարք հանրահայտ անիմատորների ՌեԱնիմանիայի հարկի տակ հյուրընկալելով։ Այս տարիներին Հայաստան են ժամանել Նինա Փալին, Միշել Օսելոն, Բիլ Փլիմփթոնը, Հյու Վելչմանն ու Սյուզի Վիլսոնը։
Չնայած իր փոքր մասշտաբներին ու քիչ ֆինանսական միջոցներին՝ Ռեանիմանիան բավական մեծ քայլեր է կատարել նաև որպես միջազգային հարթակ ֆիլմերի ցուցադրության մեջ առաջամարտիկ լինելու գործում։ Այսպես, օրինակ՝ 2010-ին Սիլվեն Շոմեի «Իլյուզիոնիստը» թողարկվեց ճիշտ այն պահին, երբ Անեսին ու Կանն արդեն ավարտվել էին, իսկ ՌեԱնիմանիան դեռ չէր մեկնարկել։ ՌեԱնիմանիայի թիմի ու անձամբ Վրեժի ջանքերի շնորհիվ Ֆիլմը ֆրանսիական պրեմիերայից հետո առաջին անգամ ցուցադրվեց հենց Հայաստանում՝ ՌեԱնիմանիայի շրջանակում։ Իհարկե, պահանջվեցին ոչ միայն մեծ ջանքեր ու համառություն, այլև գումարներ, ինչի արդյունքում, առաջ ընկնելով մոսկովյան պրեմիերայից, ձեռք բերվեց ֆիլմը ցուցադրելու իրավունքը։ Իսկ Նիք Փարքի «A Matter of Loaf and Death» ֆիլմն իր առաջին մրցանակը ստացել է Ռեանիմանիայում, ապա՝ Անեսիի փառատոնում։
Loving Vincent անիմացիոն ֆիլմի հեղինակ Հյու Ուելշմանը Երևանում, 2019
Անիմացիոն փառատոն. ունենա՞լ, թե չունենա՞լ
Վերջին անգամ ՌեԱնիմանիան անցկացվել է 2019 թվականին։ Համավարակային ու հետպատերազմյան վիճակը թույլ չի տալիս վստահ ասել, թե ինչպես կդասավորվի փառատոնի ապագան։
«Կարծում եմ, որ շատ փառատոներ պետք չեն Հայաստանի նման փոքր երկրին։ Պետք է միավորվել, ռեսուրսներն ու ջանքը կենտրոնացնել ու աշխատել միասին,– անկեղծանում է Վրեժը,– եթե գան մարդիկ ու ասեն՝ Վրեժ ջան, դու լավ չես կազմակերպում, մենք ուզում ենք ավելի լավն անել, ես կասեմ՝ նորը մի արեք, եկեք իմը վերցրեք ու ավելի լավ արեք։ Նպատակներն ու հիմքերը պահպանելով, բայց նոր մոտեցումներով միգուցե երիտասարդ սերունդն ավելի լավը դարձնի փառատոնը»։ ՌեԱնիմանիայի հիմնադիրը վստահ է, որ հատկապես այս ժամանակներում փառատոները ևս պետք է ճկուն լինեն, պետք է արտացոլեն ժամանակի շունչը, իսկ դրանց հետևում կանգնած մարդիկ պետք է ռեալ գնահատեն իրենց հնարավորությունները։
Իր, նախ եւ առաջ նկարիչ լինելու փաստը վերահաստատելով՝ վերջին երկու տարիներին ավելի շատ սեփական անիմացիոն նախագծերի վրա վերջապես կենտրոնացած Քասունին այսպես է ամփոփում ՌեԱնիմանիայի առաքելությունը. «Մեզ համար կարևոր էր ստեղծել մասնագիտական տեսանկյունից լուրջ հարթակ, որտեղ ոչ միայն կմասնակցեին հայկական արտադրության ֆիլմեր, այլև հայ մասնագետները կլինեն գնահատող ժյուրիի կազմում, որտեղ իրենց խոսքը կլիներ արժեքավոր: Կարծում եմ հաջողել ենք»,– խոստովանում է Վրեժը։