Անկախացողի օրագիրը
Անկախացում

Անկախացողի օրագիրը

Պատառիկներ Շարժման ականատես պատանու օրագրից:

Տեքստն ու նկարազարդումները՝ Նորայր Չիլինգարյանի

 

ԵՐԵՎԱՆ #64 | 2020

#ՄերՀայրենիք

Հատվածներ ծրագրավորող Նորայր Չիլինգարյանի օրագրից, որտեղ նա 13-14 տարեկանում գրի է առել Ղարաբաղյան շարժման և Անկախության պայքարի համար նշանակալի դեր ունեցող սոցիալական ու քաղաքական իրադարձությունները։ Ավելի պատկերավոր դարձնելու համար հեղինակը նաև նկարազարդել է որոշ իրադարձություններ։

 

17/11/1990

Շուտով ՀՀՇ համագումար է լինելու։


Գորբաչովի ելույթում ոչ մի լավ բան չկար, ինչպես նաև չէին նշված ճգնաժամից դուրս գալու ուղիներ – նշեց Իգիթյանը։


Աֆանասևը պահանջեց, որ Ռիժկովին հանեն, իսկ իր ելույթում բազմիցս հղում էր Տեր-Պետրոսյանին։


18/11/1990

Ըստ Նոստրադամուսի՝ այս պետության վերջը կգա երեք տարի և յոթ ամիս անց։


Գորբաչովը մտադիր է հայտարարել նախագահական կառավարում։ Հանրապետությունները չեն ցանկանում իրենց սուվերենիտետի խախտում։

 


19/11/1990

Ղարաբաղում սպանում են մարդկանց։ Օդանավակայանը գրավել են ադրբեջանցիները։ Արդեն շուտով չի լինի մթերք։


Հայաստանին պետք է 10 ԻԼ-86 նաև արտասահմանյան թռիչքների համար, որովհետև շրջափակման պարագայում գնացքները պետք չեն։


20/11/1990

Ղարաբաղում գյուղերից մեկի վրա հարձակում է եղել, բայց հայերն այն հետ շպրտեցին։ Վազգեն Սարգսյանն ասաց, որ սահմանին կան 500 զինված տղաներ, ու երբ պետք լինի՝ կօգնեն։


21/11/1990

Ելցինը գնաց Ուկրաինա՝ պայմանագիր ստորագրելու։ Իրեն պալատում են տեղավորել ու նա շատ գոհ է։ Հիմա Ռուսաստան գալու է Ղազախստանի դելեգացիա, և Ելցինը չի իմանում իրենց որտեղ տեղավորել։ Պալատ են նորոգում հյուրեր ընդունելու համար։


Ադրբեջանը ջանում է ստորագրել Ռուսաստանի հետ առևտրային պայմանագիր, որովհետև այն պարունակում է ընթացիկ սահմանները ճանաչելու կետ։

 


23/11/1990

Սկսվեց ՀՀՇ համագումարը։


Շեյնիսն իր ելույթում ասաց, որ ռուս դեմոկրատների ցանկությունն է՝ ավելի շատ ազատություններ տրամադրել հանրապետություններին։ Այդ պատճառով իրեն բոլորը հայհոյեցին, բացի մի պատգամավորից, որ բոլորի համար ներողություն խնդրեց։


ՀՀՇ համագումարը անցնում է Կոմկուսի համագումարների շենքում։


25/11/1990

Համագումարին տաջիկ է խոսել։ 


Տեր-Պետրոսյանը նշել է, որ պայքարն անկախության, և ոչ թե Ղարաբաղի համար է։


26/11/1990

Հողի մասին օրենք են ընդունում։


Համագումարին խոսեց Վազգեն Ա-ն։


Գորբաչովը ստացավ Նոբելյան մրցանակ։

 


28/11/1990

Հայաստանի Կոմկուսի համագումար։


30/11/1990

Գորբաչովը մեկնել է Մոլդովա։


Վազգեն Մանուկյանը պնդում է՝ մենք չունենք անկախությանը հասնելու ծրագիր։


1/12/1990

Սիլվան Կոմկուսի համագումարում նշել է, որ պետք է մնալ ԽՄԿԿ կազմում։


2/12/1990

Գորբաչովն ուղիղ ասաց, թե դեմ է մասնավոր սեփականությանը։


Վազգեն Մանուկյանը խուճապի մեջ է։


3/12/1990

Հայտարարված է տրոլեյբուսների վարորդների գործադուլ։


4/12/1990

Ռուսաստանն ընդունեց մասնավոր սեփականության մասին օրենքը։


Ադրբեջանցիները սպանել են վեց հովիվ և անասուններին։ Զինվորականները պնդում են, որ կա չբացահայտված ԲՏՌ՝ ՉԲՏՌ։ Եվ չբացահայտված ուղղաթիռ՝ Չուղղաթիռ։ Հայերը պետք է ծառայեին աղետի գոտում, բայց այդտեղից էլ են փախչում։ Գուցե և ճիշտ են անում, բայց չէ՞ որ կարող է պարտադրեն Ռուսաստանում և այլ հանրապետություններում ծառայել։ Իսկ եթե մենք ստեղծենք պրոֆեսիոնալ բանակ՝ փախուստներ չեն լինի։


Պարույր Հայրիկյանն ասաց, որ անհրաժեշտ է ընտրել նախագահ և ստեղծել խումբ, որը կզբաղվի նոր սահմանադրությամբ։


Գերագույն Խորհրդի շենք ներխուժել է նռնակով մարդ և պահանջել, որ իրեն ելույթ տրամադրեն։


5/12/1990
 

Այսօր գազի արտահոսքի պատճառով շենք է պայթել։


Վազգեն Ա-ն նամակ է հղել Գորբաչովին։


Պարզվում է, որ նռնակով մարդը պահանջել էր [պարզ գրած չի] համաներում և ասաց, որ շենքը շրջապատված է։ Մինչ նա խոսում էր, շենք ներխուժեցին զորքեր։

 


6/12/1990

Հայաստանում ուզում են դեղերի գործարան և հիվանդանոց բացել։ Ինչ վերաբերում է Եվրոպոլիսին՝ երևի այն կկառուցեն։


7/12/1990

Ստեղծվել է հանգստյան օրերի, հիշատակի օրերի և տոների մասին օրենքի նախագիծ։


Հեռուստացույցով խոսել է Տեր-Պետրոսյանը։ 


Ժամանել են Բելգիայի, Մոնղոլիայի, Ամերիկայի, Հոլանդիայի ներկայացուցիչներ։


8/12/1990

Գերմանացիները կառուցել են մանկատուն, որն հիմա ընտանեկան է։


Դեսպանները շրջել են աղետի գոտիով։


Մետլոքն ասաց, որ չի կարող գալ Հայաստան, բայց իր փոխարեն ուղարկում է 8,000,000։


9/12/1990

Եվս մի տուն է պայթել։


Շախտյորները սատարում են Միութենական պայմանագրին։


Ոնց որ Կասպարովը հաղթում է։


10/12/1990

Քննարկվում է օրինագիծ, որն արգելում է կուսակցություններին ֆինանսավորվել դրսից։


11/12/1990

Կանգնեցված են սահմանադրության կետերը, որ հակասում են անկախության հռչակագրին։


12/12/1990

Հայաստանում արդեն ընդունված է մասնավոր սեփականության մասին օրենքը։

 


13/12/1990

Լյուբիմովին կրակեցին, բայց նա մնաց կենդանի։ Գուցե որ նա չանի իր հաղորդումը։ Չէ՞ որ վաղն ուրբաթ է։ Գորբաչովն իր կարեկցանքն արտահայտեց Լյուբիմովին։


14/12/1990

Շևարդնաձեն գնացել է Թուրքիա։ Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԿԳԲշ-նիկների հետ։ Գյուղացիները կարծում են, որ հողը պետք է անվճար բաժանել։


15/12/1990

Պարզվում է՝ Լյուբիմովին զանգել էին, ասել, որ մենակ գա ինչ-որ տեղ, կարևոր փաստաթղթեր փոխանցելու համար։ Այնտեղ նրան և կրակեցին։ Մոլդովացիները հիմար են։


16/12/1990

Մինչև Ադրբեջանը և Հայաստանը կենտրոնանան Ղարաբաղի վրա, իրենք չեն դուրս գալու ԽՍՀՄ կազմից։ Նույնը վերաբերում է Մոլդովային։ 


Հայ պատգամավորները չեն գնալու ԽՍՀՄ համագումարին։


17/12/1990

Լիտվացիները նույնպես չեն ներկայացել համագումարին։ Չեն ներկայացել, քանի որ համարում են, որ ԽՍՀՄ-ից դուրս են։ Իսկ հայերը ներկայացան՝ Ղարաբաղի պատճառով։


18/12/1990

Ուզբեկները համաձայն չեն պայմանագրի հետ։


Մարգարյանը թաքուն գնացել է համագումարի։ Նա դավաճան է։


Հավանական է, որ շատ հանրապետություններ կմերժեն Միութենական պայմանագիրը։


19/12/1990

Սկսվեց համագումարը։ ԽՍՀՄ համագումարին քննարկում էին Միութենական պայմանագիրը։ Լավ է, որ մեր պատգամավորներն այնտեղ չեն գնացել։


20/12/1990

Հայաստանի համագումարում համակարգիչը սկսեց սխալ թվեր ցուցադրել։ Սեղմում է մի հոգի, իսկ ցույց է տալիս իբր երկու։ Կամ կողմ քվեարկեցին 57 հոգի, իսկ ցուցադրեց 20-ի մոտ։
 

21/12/1990

Շևարդնաձեն ասաց, որ Գորբաչովը վարում է դիկտատորի քաղաքականություն, ու հավանական է կհասցնի այնպիսի դիկտատուրայի, որ աշխարհը չի տեսել։ Գորբաչովը երևի չէր սպասում նման բան։ Զորի Բալայանը գրել է տափակ դիմում Գորբաչովին։


22/12/1990

Շարունակվում է Միութենական համագումարը, քննարկում են ինչպես հանրապետությունների ձեռքերը կապեն։ Բայց ինչքան շատ ճնշեն, էնքան շատ կդիմադրեն։


23/12/1990

Տեր-Պետրոսյանն անդրադարձել է Յազովի ուլտիմատումին, որում վերջինը սպառնում էր, որ կհրաժարվի պայմանավորվածությունից, որ հայերը ծառայեն Հայաստանի տարածքում, և ասաց, որ յուրաքանչյուր մեկի գործով ռազմական դատարան է տալու։


24/12/1990

Ճապոնացիները Ղարաբաղում ֆիլմի համար նյութ էին նկարում, իսկ իրենց կասետներն այստեղ գողացան։ Կամ հայերը, կամ ԿԳԲ-ն։


25/12/1990

Հայաստանից առևանգել են ժողովրդական համագումարի պատգամավորին, երբ նա թռնում էր Ղարաբաղից Երևան։ Այդ կապակցությամբ հեռուստատեսությամբ ելույթ է ունեցել Զորի Բալայանը։


26/12/1990

Հայաստան եկել է գործարար գործարան բացելու համար։


27/12/1990

Կասպարովն աշխարհի չեմպիոն է։


Հավելն ուղղել է նամակ Տեր-Պետրոսյանին, որում սատարում է նրան։


28/12/1990

«Վզգլյադ» հաղորդումը հանեցին, իրենք պատրաստում էին Շևարդնաձեի մասին հաղորդում։


Պատրաստում են ԽՍՀՄ մարդահամար։ Կարպովը պաշտպանում էր հայերին։


30/12/1990

Մոսկվայում վրանների ճամբարը շրջափակել են և բուլդոզերներով քանդել։ 47 հոգի ձերբակալված է։


Չիտայում բունտ է՝ ջրի պատճառով։


31/12/1990

Թատերական հրապարակում ժողովուրդ է, տոնածառ, պարեր, եկավ Տեր-Պետրոսյանը, հիշեց հին բարի ժամանակները, բղավեց՝ Արցախ, Միացում, Պայքար, պայքար մինչև վերջ։


1/1/1991

Էլեկտրաէներգիան չի հերիքում։ 
Գիշերը լույս են անջատել։
Ժողովուրդը գնաց էլեկտրիկներին ծեծելու։


2/1/1991

Ստեղծվում է Դաշնային Խորհուրդ, ուր հանրապետությունների Գերագույն Խորհուրդների նախագահները քննարկելու են Գորբաչովի հետ 1991 թվի բյուջեն։


3/1/1991

Էլեկտրաէներգիայի ճգնաժամ է, քննարկվում է Սևան իջեցնելը։ Ավելի լավ է նստել առանց լույս, քան դա։


4/1/1991

Մի քանի օրից երևի կանջատեն էլեկտրականությունը։


Գազ չկա։
 

5/1/1991

Այսօր ճրագալույց է։


Քանի որ էլեկտրաէներգիայի պակաս է, հիմա չեն հեռարձակում ծրագրեր, որ մարդիկ չմիացնեն հեռուստացույցները։

 


7/1/1991

Հայաստանում բոլոր հեռուստահաղորդումները հայերեն են լինելու։


Էլեկտրականություն չկա։ Գազը քիչ է։


8/1/1991

Չնայած հեռուստատեսությունն անջատում են, բավական էլեկտրականություն չհաջողվեց խնայել՝ ընդամենը, որ ամբողջ Լենինականը սնեն։ 30-ին վառվել է 5 ենթակայան, 31-ին՝ 3։


10/1/1991

Լիտվա բերում են դեսանտի զորքեր։


Ծեծել են լրագրողի, բայց այլ լրագրողների հաջողվեց նկարել դա և ցուցադրել հեռուստատեսությամբ։

հավելյալ նյութեր