«Անորա»․ անորակ ու դատարկ, թե՞ խոր ու գեղեցիկ
Անորա

«Անորա»․ անորակ ու դատարկ, թե՞ խոր ու գեղեցիկ

Մարտի 3-ին հայտնի կլինեն Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակաշխության արդյունքները։ Այս տարվա Օսկարի գլխավոր հավակնորդներից է Շոն Բեյքերի «Անորան», որը սովորականից մեծ ուշադրության արժանացավ հայ ժողովրդի կողմից՝ սյուժեում առկա երկու հայ կերպարների (Կարեն Կարագուլյանի ու Վաչե Թովմասյանի կատարմամբ) և բավական շատ հնչող հայերեն խոսքի շնորհիվ։ Հավաքել ենք հայ հանդիսատեսի իրարամերժ կարծիքները ֆիլմի մասին՝ շատ դրականից մինչև շատ բացասական։

#Կինո
Հղումները տանում են դեպի օրիգինալ գրառումներ։ Դրանք ենթարկվել են չնչին սրբագրումների և կրճատումների՝ առանց մտքի խեղաթյուրման։ 


Կարեն Ավետիսյան, կինոքննադատ

Չի կարող չուրախացնել այն փաստը, որ «Անորա» ֆիլմը ակտիվ քննարկվում ա ու գեներացնում տարբեր կարծիքներ։ Շոն Բեյքերի պես ռեժիսորները չափազանց կարևոր են հեղինակային կինոյի համար. նրանք շատ չեն, «լեզու են գտնում» լայն լսարանի հետ միևնույն ժամանակ մնալով ազատ ստեղծագործող ամերիկյան independent կինոհամայնքում։

 

Այն քննադատությունը, որ տհաճ ա տեսնել ծաղրական մանկլավիկ, տասովշիկ հայեր՝ այն թեմայի շրջանակում ա, որը կարող ենք անվանել «տիպիկ» և «ստերեոտիպիկ» պայմանական բառերով։ Թվում ա թե «ռուս օլիգարխ», «հայ տասովշիկ», «ռուս գոպնիկ», «շեղաչք պուտանկա» ամպլուաները այսպես ասած «կլիշե» են, բայց միևնույն ժամանակ, նույնպես ասած՝ ճանաչելի։ 

 

Սահմաններից մեկը հասկանալու համար «կլիշե» ա թե ոչ՝ կերպարի փոփոխությունն ա կամ զարգացումը կամ մի բան, որը փոխում ա կրավորականությունը ։  Բնականաբար երկրորդական պլանի բոլոր կերպարների հետ դա չի կարող տեղի ունենալ, քանի որ դա կթուլացնի այն ակցենտը, որը դրամատուրգիական առումով  դրված ա նրանից միայն մեկի վրա՝ Յուրա Բորսիսովի կերպարի ու հենց էդ փոքր տեղաշարժի վրա ա կառուցած ամբողջ հանգույցը, որը աշխատեց այնպես, որ  «չեղարկված Ռուսաստանի զավակին» բերեց Օսկարի անվանակարգ։ 

 

Ֆիլմը պետք չի նայել՝ «որպես հայ» (ես էլ եմ Կաննում առաջին դիտմանը էդ կուտը ենթագիտակցաբար կերել), ինչպես վուլգար օրինակով ասած՝ աբարանցին չպետք ա անեկդոտը լսի իբրև աբարանցի։

 

Ամերիկյան հեղինակի հայացք ամերիկյան ամենաջուռ հասարակության ընդհատակին իր մոխրոտներով ու մոխրոտիկներով, այ իսկ եթե չենք ուզում այդպիսին վերարտադրված լինել, պիտի բարի լինենք նախ և առաջ ինքներս այդպես չվերարտադրվել թե չէ՝ «ռուս օլիգարխի հայ տասովշիկը» համաձայնվեք, մեղմ ասած՝ ամենահազվադեպ հանդիպող բանը չէ։ 

 

Ուրախացնողը այն է, որ էդ կերպարների հետևում հայ դերասաններ են, որոնց քաղաքակիրթ աշխարհը ծափահարում է ոչ թե նույնականացնում։

 

 


 

Արևիկ Ավանեսյան, կինոարտադրող


Նայել եմ «Անորան» ու ինչպես և սպասում էի հավանել եմ, նույնիսկ շատ եմ հավանել։ Փորձեմ մի քիչ վերլուծել ինչի մարդիկ խնդիր ունեն, մանավանդ հայերը։

 

Չեն ճանաչում ռեժիսորին ու իր նախորդ աշխատանքները, չգիտեն, որ իր ֆիլմերը +- սենց թեմաների շուրջ են, միշտ բարձրացնում են սոցիալական հարցեր, սոցիումի ներկայացուցիչների, մանավանդ փոքրամասնության կյանքը ԱՄՆ-ում։ Այսպիսով, որպեսզի չհիասթափվեք, մի քիչ կարդացեք, հասկացեք ինչ ա սպասվում ու կամ մի նայեք, կամ թեթև տարեք, որ ձեր սպասած կինոն չէր։

 

Ահավոր դուրս եկել ա ռիթմը, ֆիլմը ոնց որ ինքը իրանից առաջ ընկած կատաղած արագությամբ գնում ա, համեմատության մեջ, հայկական կինոյում մինչև մի բան տեղի ա ունենում ծերանում ես։ Մենք ռիթմի հետ լուրջ խնդիր ունենք։ Ոնց որ մի քիչ երկար երաժշտական կլիպ նայես, ոչ թե երկու ժամանոց կինո։ Ամեն մարդու ճաշակին չի լինի հաստատ։ 

 

Թեման, առաջին հայացքից, դասական մոխրոտիկ պատմություն ա, բայց իրականում՝ դրա ֆեյլը, ամերիկյան երազանքի ֆեյլը, բայց Շոնի ձեռագրով մի քիչ ավելի կեղտոտ ու տեղ-տեղ զզվելի հարաբերությունները մարդկային։ Ու էլի լիքը շերտեր։

 

Եթե ֆիլմը Կաննի հաղթող ա, հեչ անպայման չի որ ձեր աչքին ու քիմքին հաճո կլինի։ Արվեստը շատ սուբյեկտիվ ա, ընկերներ ունեմ, որ էս ֆիլմը չեն հավանել, բայց ես հասկանում եմ իրանց, իրանք էլ ինձ, որ ես մի քանի ուրիշ ֆիլմ որ Կանն ա հաղթել զոռով եմ նայել, չեմ սիրել ե այլն։ Հենց դրանում ա արվեստի կայֆը, որ կա մեծ տեսականի, շատ տարբերություններ ու ամեն մարդ կարող է վայելել էն ինչ իրեն ա հավես։ 

 

․․․Նշեմ, որ ես կինոգետ չեմ, ուղղակի արտադրող, գուցե մի քիչ ավելի փորձով ոլորտից, բայց էս պահին մեկ ա՝ զուտ հանդիսատես ու իմ ասածները հալած յուղի տեղ պետք չի ընդունել։ Ու ընդհանրապես թեթև տարեք, որ բաներ կան՝ չեք ընկալում, ի՞նչ անպայման ա ամեն ինչ իմանանք ու հասկանանք։ Ամեն դեպքում ինչ-որ Օսկար, նույնիսկ Օսկարներ գուցե տան ֆիլմին, թեթև տարեք։

 



Լիլիթ Մարգարյան, Գիտուժ նախաձեռնության համակարգող

Անիմաստ ֆիլմ՝ գլխավոր դերասանուհու բավականին լավ դերասանական խաղով: Բայց անիմաստ: Շատ անիմաստ: Ոչ մի բանով չտարբերվող՝ բացի ցածրաճաշակ վուլգարա-վուլգարական վայբերից: Ոչ մի գեղարվեստական արժեք չունեցող ֆիլմ: Փոքր գեղարվեստական գործերը մեծ գեղարվեստական գործ ներկայացնելը ես կմտցնեի որպես 8-րդ մահացու մեղք։

 



Լուսինե Խառատյան, արձակագիր

Չեմ հասկանում «Անորան» ինչու՞ է մրցանակ շահել և ի՞նչն են գովում։ Բոլոր հնարավոր կարծրատիպերը վերարտադրող ֆիլմ՝ կա-վե-էն-ային ու Քոմեդի Քլաբի ոճի կատակներով։ Տափակ, առանց ինչ-որ շերտերի ու բացահայտումների, տապոռ կադրեր, տեքստեր, կերպարներ։ Ինչ-որ մեկը կարո՞ղ է բացատրել:

 

 


 

Կարեն Մնացականյան«Խելացի՛ր» ինտելեկտուալ շարժում ՀԿ

Եթե որևէ մեկին դեռ պետք էր Օսկարի անլրջության պատճառ, ուղղակի նայեք, որ «Անորան» նոմինացվել է «Լավագույն մոնտաժ» անվանակարգում։


Ասենք, 20 կադր ֆիլմի ցանկացած հատվածից վերցրեք ու համոզվեք, որ մոնտաժի որակը «CapCut»-ի տիկտոկյան էդիթներից ցածր է․․․ Դողացող կադրեր, շուռ եկած հորիզոններ, ֆոկուսից դուրս ընկնող դեպքեր ու դեմքեր, ԶՐՈ սպեցեֆեկտ... Հիմա ինքս եմ մոնտաժում 1 ժամանոց տեսանյութ, ավելի շատ աշխատանք է երևում, քան այս «հոլիվուդյան ֆիլմում»։

 



Աստղիկ Կարապետյան, լրագրող

«Անորան» նայեցի։ Հենց սկզբի հինգ րոպեից հետո էլ չէի շարունակի, եթե չիմանայի, որ հայեր են խաղում. թե բա վաու` հայերը Հոլիվուդում են նկարվում։ Բայց ի՞նչ տարբերություն դու Հոլիվուդում ես նկարվում, թե ամենաաաղքատ կինոստուդիայում, եթե նույն էժան նարատիվներն ես առաջ բրդում հայերի մասին։ Ասենք, քահանա մարդը [իրականում՝ Կարեն Կարագուլյանի կերպարը ոչ թե քահանա էր, այլ եկեղեցում կնքվող երախայի կնքահայր - խմբ․] հայկական եկեղեցում պատարագը կիսատ թողնում-վազում ա հարուստ ռուսի այլասերված լակոտին դայակություն անելու, դրանց քծնելու համար, խոսում ա հայհոյանքներով ու փողոցային լեզվով։ Ու հենց ֆիլմում շատ ակնհայտ ընդգծված են ազգությունները։ 

 

Հա, ես օկ կլինեի, եթե էդ կերպարները ստեղծվեին առանց ազգային ընդգծված շեշտադրումների։ Ուղեղս կախել էր, երբ շեշտադրված ասում էին «Armenian f*ck», «армянская жопа»։ 

 

Կամ, օրինակ, ինչի՞ պիտի ստորաքարշ քծնող ծառա կերպարը հենց եկեղեցական լիներ։ Էդ սցենարը Աստվածաշո՞ւնչ էր ու անփոփոխելի՞: Իբր կոմեդիա է, բայց ոչ մի դրվագ չի ժպտացրել։

 



Կարապետ ՏոմիկյանCinéClub ՖԲ-խմբի համակարգող

Մարմնավաճառուհի, ռուս օլիգարխի կորած որդի, ամերիկյան կաշառակերություն, կեղտոտ հարցեր լուծող հայ քահանա [իրականում՝ Կարեն Կարագուլյանի կերպարը ոչ թե քահանա էր, այլ եկեղեցում կնքվող երախայի կնքահայր - խմբ․]… «Անորան» անցած տարվա ամենաաղմկահարույց ֆիլմերից մեկն է՝ աշխարհի ամենահեղինակավոր փառատոնի՝ Կաննի գլխավոր մրցանակակիրը և Օսկարի հիմնական ֆավորիտը։

 

Շատերը փնտրում են ֆիլմի հաջողության գաղտնիքը, այն համեմատում են Մոխրոտիկի պատմության հետ․․․ Բայց իրականում «Անորան» Մոխրոտիկը չէ, սա հեքիաթ չէ, այստեղ կերպարները հակառակն են։ Ֆիլմի հաջողության բանալին պարզությունն է, իրականությունը, սիրո, փողի ու արժանապատվության հետաքրքիր արտահայտությունը, դերասանների ճիշտ ընտրությունը։

 

Ի դեպ, թեև հստակ տվյալներ չունեմ, բայց Օսկարի արժանանալու դեպքում «Անորան» կդառնա առաջին օսկարակիր ֆիլմը, որում այդքան հայերեն են խոսում, հատկապես Վաչե Թովմասյանը։ 

 



Լիլիթ Ալթունյան, նկարիչ

Շատ իրարամերժ էմոցիաներ ապրեցի Գերմանիայի կինոթատրոնում նայելով Ամերիկյան ֆիլմ որտեղ հայ դերասաններ են խաղում ու խոսում են հայերեն (անկեղծ ասած չէի սպասում որ հայերեն էլ են խոսալու, ինձ թվում էր որպես ռուսաստանաբնակ են խաղալու ու խոսելու են միայն ռուսերեն) ինչևէ, կարոտս առա, կինոթատրոնից դուրս եկա ու քայլեցի տուն։ 

 

Իսկ ճանապարհին հանգիստ չէին տալիս էն մտքերը, որ էտ ֆիլմում բոլորին (այդ թվում և դահլիճում նստած ռուսներին) ծիծաղեցնում են հայի էտ որակի վրա, ռուսի համար «ծառա» աշխատող հայերի վրա։ Չստացված մաֆիա որակի վրա... 

 

Լավ, ասենք թե թեթև եմ տանում որ կային նաև ազգային այսպես ասած identity ցուցադրող էլեմենտներ ինչպիսիք են եկեղեցի, արարողություն, Երևան քաղաքի անունն ա նշվում... Դա մի կողմ դնենք, ոչինչ որ մարդիկ հիմա կարողա ավելի լավ տեղը բերեն հայերին բայց դե ոչ լավ կողմի համար։ 

 

Ու խնդիրը նրանում չի որ ես ուզում են ուրիշ բան ցույց տան, խնդիրը նրանում ա որ ցույց են տալիս էն, ինչը հավանաբար էդպես էլ կա։

 

Անկեղծ ասած ուզում էի հպարտություն ապրեի, որ հայ դերասանները խաղում են էդպիսի ֆիլմում, որ հայի տեսակ ա ներկայացվում էդպիսի ֆիլմում, բայց մի տեսակ չկարողացա... կներեք...

 

Իսկ ֆիլմը լավն էր, Pretty Woman-ի այլ տարբերակ էր ցույց տալիս ռեժիսորը՝ տխուր վերջաբանով տարբերակը։

 



Անի Պողոսյան, լրագրող

Ֆիլմի մասին իմացել եմ Կաննի կինոփառատոնից հետո, երբ մարդիկ մի 7 րոպե երկու ոտքերի վրա ծափահարում էին մի ֆիլմի համար, որն իմ կարծիքով շեդևր պիտի լիներ: Մեծ սպասելիքներով գրեցի Anora watch online: 

 

Բայց մեծ սպասումներս քիչ-քիչ համեստացան, ու  առաջին մեկ ժամը մի կերպ դիմացա: Անջատեցի: Հայերի պահին չհասա էլ: 

 

Հորիզոնում Ոսկե գլոբուսն էր ու էլի նոմինացիա: Հասկացա, որ ինձ մասնագետների օգնությունն է պետք, որ գոնե գրագետ մոտենամ շարունկությանը: Լսեցի ու կարդացի Կինոպոիսկի էսթետներին, մեծարգո Դոլինին ու զինված մտա պայքարի մեջ․․․ 

 

Դու մի ասա, կինոն հենց մի ժամից հետո էր սկսվում: Իրականության երեսպատռում ընդամենը մեկ գործողությամբ՝ գլխավոր հերոսի ծնողները գալիս էին: Մնացածը դուք նայեք, բայց մտերիմ ընկերոջ խորհրդի կարգով՝ սպասումները ծալեք, դրեք բարձի տակ, խոհափիլիսոփայակն զրույցները թողեք «Կոնկլավ» ֆիլմին, բարոյականության մասին պատկերացումերն էլ ֆիլմն ինքը տեղը կգցի՝ գլխավոր հերոսի մոր զանգով: 

 

 



Արման Գասպարյան, լրագրող

«Անորան» ա*ույիծելնի ա։ Ոչ մեկի չլսեք, ինքներդ նայեք, կարծիք կազմեք։ Շատ նուրբ պատմություն ա լիքը թեմաների մասին` սկսած մշակութային բարիերներից, սոցիալական բևեռացումից մինչև կլասիկ Մոխրոտի պատմություն։ Հայերի հետ կապված մասերը լավագույնն էին 

հավելյալ նյութեր