«Անորա»․ Վաչեն, Բրայթոն Բիչը և Ոսկե արմավենին
Կինո

«Անորա»․ Վաչեն, Բրայթոն Բիչը և Ոսկե արմավենին

Ամերիկացի անկախ ռեժիսոր ու սցենարիստ Շոն Բեյքերի «Անորա» փորքբյուջե դրամեդիան, որում հանդես են եկել հայ դերասաններ Կարեն Կարագուլյանն ու Վաչե Թովմասյանը, մայիսին արժանացավ Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավանուն»։ Ինչպե՞ս դա տեղի ունեցավ և ո՞րն է ֆիլմի հաջողության գաղտնիքը․ պատմում է կինոքննադատ ու լրագրող Դիանա Մարտիրոսյանը։

Տեքստը՝ Դիանա Մարտիրոսյանի

#Կինո

Շնորհակալություն FLYONE ARMENIA ազգային ավիաընկերությանը, որը մայիսից շաբաթական երկու ուղիղ չվերթ է իրականացնում Երևան - Նիցցա - Երևան ուղղություններով:

Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնն ու Եվրոպայի կարևորագույն կինոհարթակը դեռ ապրիլին, երբ հայտարարվեցին նոմինանտները, տպավորեց հարգարժան, անվանի ու խոստումնալից անուններով։ Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլա, Պաոլո Սորենտինո, Յորգոս Լանտիմոս, Ժակ Օդիյար, Դևիդ Քրոնենբերգ, Փոլ Շրեյդեր, Կիրիլ Սերեբրեննիկով, Մոհամեդ Ռասուլոֆ և մի քանի այլ կինոանուն, որոնք ուրվագծում են այսօրվա միջազգային, փառատոնային կինոյի ձևաչափը։ Կինոփառատոնի կազմակերպիչները փորձել են լինել հնարավորինա ներառական ու թեև Հիմնական մրցույթում կին ռեժիսորներն ավելի քիչ էին, քան տղամարդիկ, սակայն նրանց ֆիլմերը դատող ժյուրիի կազմում ներկայացված էր 5 կին և 4 տղամարդ։ Ժյուրին նախագահում էր Գրեթա Գերվիգը, ով անցած տարվա «Բարբիի» մեդիահայփից հետո դարձավ հայտնի ավելի լայն շրջանակներին ու, ըստ Կաննի կինոփառատոնի, բավականաչափ մեծ, փորձառու կինոգործիչ, որին կարելի է վստահել նախագահական աթոռը։

 

Բազմաթիվ մելանխոլիկ, ավելի դասական ու ծանրաբարո ֆիլմերի ֆոնին Բեյքերի թեթև տեմպով «Անորան» դիտվում է չափազանց դյուրին։ Թեև սկսվում է գրեթե ստանդարտ երիտասարդական ռոմկոմի տրամաբանությամբ, բայց դա միայն վերին շերտն է։ Ֆիլմն առաջին հերթին տրագիկոմեդիա է, անգամ դրամա՝ սոցիալական, մարդկային, համեմված իմիգրանտական կոլորիտով, ամերիկյան կապիտալիստական շնչառությամբ, ռուս-հայկական զավեշտով ու բարոյականության հարցերում հայրիշխանական մոտեցմամբ, տեղ-տեղ նշմարվող հետխորհրդային տարածշրջանի կոնսերվատիզմով ու այդ ամենն առատորեն համեմված նյույորքյան անտուրաժ-փաթեթավորմամբ։ 

 

Ֆիլմի ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, մոնտաժող ու տարիներով Բրայթոն Բիչի մասին պատման գաղափարն եփող Բեյքերը սիրում և կարողանում է խոսել բարդ թեմաների ու համամարդկային ճգնաժամերի մասին պարզ, թեթև ու առաջին հայացքից անլուրջ թվացող լեզվով՝ զուգահեռ զբաղեցնելով ու զվարճացնելով հանդիսատեսին։ 

 

Անորան՝ նույն ինքը Էնին (սկսնակ Մայքի Մեդիսոն առաջին մեծ դերը), մերկապարուհի է, դեմ չէ ակումբից դուրս գումար վաստակել նաև էսկորտ ծառայությամբ, դրա համար բազմաթիվ միջին տարիքի միանման հաճախորդների ֆոնին ռուս օլիգարխի քսանամյա որդի Վանյան (Մարկ Էյդելշտեյն)՝ խակ, գերակտիվ, անհամեստ, դառնում է Էնիի համար ոչ միայն գումար վաստակելու, այլ նաև առօրյայից լիցքաթափվելու ու իրականություն կտրվելու հիանալի առիթ։ Երիտասարդները հաղորդակցվում են հիմնականում սեքսի, դոլարի, խնջույքների ու ալկոհոլի լեզվով, Վանյան ծանոթացնում է Էնիին իր ռուս ընկերների հետ, Էնին փորձում է հիշել ժամանակին ԽՍՀՄ-ից Միացյալ Նահանգներ տեղափոխված տատիկի հետ անցկացրած տարիներն ու խոսել կոտրտած ռուսերենով։ Ամեն ինչ թվում է հիասքանչ, մինչև որ մի հիանալի օր, երբ զույգը վայելում է իր հանգիստը Վեգասում, Վանյան՝ շատ սպոնտան ու իռացիոնալ, չի առաջարկում Էնիին ամուսնանալ. ի հեճուկս ռուս ծնողների՝ երիտասարդն ուզում է դառնալ ԱՄՆ-ի անկախ քաղաքացի ու դուրս գալ ծանրակշիռ ընտանիքի խնամակալության տակից։

 

«Անորայի» թրեյլերը

 

Բայց Բրայթոն Բիչում բոլորն իրար լավ գիտեն՝ մեծահարուստ ռուսներին էլ նորությունները շուտ են հասնում։ Եվ ընդամենը մի քանի օր անց Թորոսը (Կարեն Կարագուլյան), որի պարտականությունն էր Վանյային օտար հողի վրա տիրություն անելն ու նմանատիպ անմիտ արարքներից հեռու պահելը, կարգադրվում է չեղարկել ամուսնությունն ու կարգի հրավիրել երիտասարդին, մինչ բարկացած ծնողները (մասնավորապես՝ Վանյայի մայրը) կժամանեն անձնական ջեթով ռուսաստաններից Նյու Յորք։

 

Պրեմիերայից օրեր անց, անգամ մինչև հաղթանակը, Բեյքերի «Անորան» համեմատվեց թե՛ Գերի Մարշալի «Գեղեցկուհու» հետ, թե՛ «Մոխրոտիկի», իսկ որոշ կինոքննադատներ (հիմնականում հետխորհրդային տարածաշրջանի) նյարդայնացած հոգոցներ էին հանում՝ պնդելով, թե ֆիլմում պատկերված կարծրացած կլիշեները հին են, ինչպես աշխարհը։

 

Սակայն «Անորան», ի տարբերություն Ջուլիա Ռոբերթսի ու Ռիչարդ Գիրի անիրական հեփի էնդով ավարտվող մելոդրամայի, ռեալիստիկ է, տեղ-տեղ անգամ մի փոքր անպաճույճ-նատուրալիստական, իսկ ավարտվում է առհասարակ կիսամռայլ տոնայնությամբ՝ թողնելով եթե ոչ դառը, ապա տրտմեցնող ետնահամ։ «Անորան» թեև էմիգրանտական կինո է, բայց միայն ռուսների, հայերի ու ամերիկացիների մասին չէ, ոչ էլ միայն նրա, որ «հարուստները վատն են, իսկ աղքատները՝ հրաշալի, բարի, աշխատավոր մարդիկ» (ինչպես որ բողոքում են ժյուրիի որոշումից դժգոհողները): Բեյքերի ֆիլմը պարզապես սեքս-աշխատանքի ու գումարով սեր գնելու մասին չէ, ոչ էլ հարուստ ռուսների կամ միայն Նյու Յորքի, խնդիրը շատ այլ ավելի համընդհանուր է։ 

 

Գլոբալիզմի, ճանապարհորդությունների, բազմաթիվ ծառայությունների, ինչու չէ նաև օնլայն հավելվածների ու արագ սեքսի առօրյայում ինտիմն ընկալվում է որպես առք ու վաճառքի առարկա, արժույթ, տարադրամ։ Պայմանական Վանյան կարող է լինել միջին վիճակագրական կարողությունների տեր զումեռ կամ միլենիալ, ռուս, հայ, իտալացի, չեխ՝ էական չէ։ Էնին չգիտի ինչպես անշահախնդիր սիրել ու կարծում է, որ իր մարմինն ու սեքսը միայն փոխարժեքի համար են։ 

 

Կարգ ու կանոնն ու այն աշխարհը, որում Էննին ձևավորվել է որպես անհատ ու անձ, ստիպում է նյութականը փոխարինել մարմնականով։ Բայց երբ Էնին ամուսնանում է Վանյայի հետ, պարզապես մարմնականին, որն աղջկա հիմնական փոխարժեքն էր, գումարվում է էմոցիոնալ բաղադրիչը. նա այլևս մերկապարուհի, մարմնավաճառուհի կամ սեքս-աշխատող չէ, այլ կին, մարդ, որից փորձում են ազատվել փողի դիմաց, հարցն այլևս միայն փող-սեքս առք-վաճառքի մասին չէ,  և այստեղ ի հայտ է գալիս բարոյականության ու առաքինության խնդիրը։

 

Ֆեմինիզմն ու գենդերների միջև հավասարաչափության թեման Արևմտյան Եվրոպայի մեդիա օրակարգում, ինչպես նաև մեծանուն միջազգային կինոփառատոներում առաջնային թեմաներից է։ Կանայք մինչ օրս ստիպված են ապացուցել, որ ընթրիքի հյուրասիրության կամ ծաղկեփնջի դիմաց ոչինչ պարտական չեն տղամարդկանց, և Էնիի ողբերգությունը, որը կայանում է տաղտկալի միայնության ու Վանյայի համար ժամանակավոր զբաղմունք լինելու մեջ, ընդգծում է այդ խնդիրը։ Անգամ խիստ հաշվարկով ապրող մերկապարուհի ու սեքս-աշխատողը, որի համար սեռական հարաբերությունն ու գումարի դիմաց մերկանալը պարզապես բիզնես էր, ընկնում է թակարդի մեջ։ Դրաման այն չէ, որ Էնին ամուսնալուծությունից հետո կզրկվի հնարավոր հովանավորից ու մշտական (կամ ժամանակավոր) ֆինանսի աղբյուրից, այլ այն, որ թույլ տվեց փոխել խաղի կանոնները, հաշվարկված բիզնես պլանի ուղղությունը, դարձավ կախյալ ու հավատաց հեքիաթի։

 

Ֆիլմի անձնակազմը՝ Կաննի կինոփառատոնի կարմիր գորգի վրա

 

«Անորան» թունոտ հեքիաթ է, բաղկացած բազմաթիվ զվարճալի կատակերգական տեսարաններից, որտեղ Մայքի Մեդիսոնի անկախ ու ինքնուրույն Էնի-Անորան, Մայք Էյդելշտեյնի ինֆանտիլ Վանյան, Յուրա Բորիսովն իր լռակյացությամբ բոլորի փոխարեն խոսող Իգորը, Կարեն Կարագուլյանի հարցեր լուծող Թորոսն ու Վաչե Թովմասյամի նվնվացող Գառնիկը կապակցվում են մեկ օրանոց կրքերի ու ալկոհոլային շմոլքի մեջ։ Կռվում, բարիշում, նեղանում ու նեղացնում, փորձում մի քանի հազար դոլարով գնել երիտասարդ, խիզախ ու ինքնուրույն կնոջ արժանապատվությունն ու անգամ ստիպել «աշխարհի ուժեղներին» ներողություն խնդրել «թույլերից»։ 

 

Այս ամենի ֆոնին խիստ առանցքային է Կարագուլյանի հերոսի էմոցիոնալ մենախոսությունը բիստրոյում՝ այսօրվա երիտասարդության մասին, որը թքած ունի դիմացինի խնդիրների վրա, մեծ հաշվով անտարբեր է, թեթև է նայում ամեն ինչին ու ապրում է ամբողջ օրը վերև-ներքև կամ աջ ու ձախ թարթելով հավելվածները՝ կեղծելով իրական զգացմունքները թվային էմոջիներով ու սմայլիկներով։ 

 

Այդպես էլ Անորան կեղծում է իրական սերը՝ մատուցելով այն սեքս-ծառայության փաթեթավորմամբ, բախվում դառն իրականությանն ու վերջնարդյունքում դարձնում Մոխրոտիկի կոնցեպտով սկսվող դրամեդին արդիական հակա-հեքիաթ, որի առակը ցուցանում է կանանց հեքիաթներին հավատալուց առաջ ու սիրահարվել-հրապուրվել-ամուսնանալուց հետո էլ մնալ հնարավորինս զգոն ու անկախ։ Բայց դե, իհարկե, պարզ է, որ այդ ժամանակ էլ ոչ մի կին էլ ապահովագրված չէ արդյունքում մնալ կոտրված սրտով ու ոտնահարված ինքնագնահատականով, ինչպես Շոն Բեյքերի ժամանցային ու զվարճալի, բայց իրական ու ճշմարիտ «Անորան»։ 

հավելյալ նյութեր