Անսիի մրցանակակիրները՝ ՌեԱ 2025-ում
Փառատոն

Անսիի մրցանակակիրները՝ ՌեԱ 2025-ում

Ամեն տարի ՌեԱնիմանիա փառատոնը ներկայացնում է Երևանում տարվա ամենակարևոր անիմացիոն ֆիլմերը։ 2025 թվականի գլխավոր մրցույթում, օրինակ, ներկայացված է միանգամից երեք լիամետրաժ անիմացիոն ֆիլմ, որոնք ցուցադրվել ու մրցանակներ են շահել աշխարհի ամենահեղինակավոր՝ Անսիի փառատոնում։ Պատմում ենք, թե ինչով են դրանք հետաքրքիր ու արժանի ուշադրության։

Տեքստը՝ Արտավազդ Եղիազարյանի 

#Կինո

Արկո
Գլխավոր մրցանակ

 

 

Տասնամյա Այրիսն ապրում է 2075 թվականի սովորական մի քաղաքում՝ փոքր եղբոր ու խնամակալ ռոբոտի հետ, մինչդեռ մշտազբաղ ծնողներն անդադար աշխատում են և ներկա են նրանց կյանքում հիմնականում հեռավար հոլոգրաֆիաների տեսքով։ Այրիսի կյանքը փոխվում է, երբ մի օր ծիածնի հետ երկնքից ընկնում է մի խորհրդավոր տղա․ Արկոն է՛լ ավելի հեռավոր ապագայից է և մոլորվել է ժամանակի մեջ։ Այրիսը պետք է օգնի նրան վերադառնալ դեպի ապագա։ 

 

Գիտական ֆանտաստիկան միշտ կարևոր տեղ է զբաղեցրել ֆրանսիական անիմացիայում։ Նկարիչ Ուգո Բենվենյուն իր հերթին այս ժանրին անդրադարձել է իր գրաֆիկական աշխատանքներում, այդ թվում System Preference դիստոպիական սայ-ֆայ կոմիքսում, որտեղ նա շոշափում է մեր այսօրվա անփույթ տեխնոլոգիական կյանքի հնարավոր վտանգավոր հետևանքներն ապագայում։ Մոտավորապես նույն թեման ընկած է նաև Բենվենյուի դեբյուտային անիմացիոն ֆիլմում։ 

 

Ի տարբերություն ավելի "մեծական" գրաֆիկական նովելներին, այստեղ հեղինակն ընտրում է ավելի փափուկ ու մեղմ տոն, քանի որ ոչ միայն գլխավոր հերոսներն են երեխաներ, այլև, ամենայն հավանականությամբ, գլխավոր դիտողական թիրախը։ Խնդիրները սկսում են առաջանալ նաև այն ժամանակ, երբ Բենվենյուն փորձում է միանգամից շատ բաների մասին խոսել ու շտապում է մի թեմայից մյուսը։ Ընդամենը 80 րոպեում նա շոշափում է ընկերության, ընտանիքի, տեխնոլոգիաների, բնության և ապագայի հանդեպ մեր բոլորիս ունեցած պատասխանատվության հարցերը, երբեմն չհասցնելով հստակեցնել ասելիքները կամ մինչև վերջ բացել սյուժետային գիծը։ 

 

Այդուհանդերձ, «Արկոն» մեծ հավանականությամբ դեռ կթնդա համաշխարհային էկրաններին․ ֆիլմի պրոդյուսերների թվում է Նատալի Պորտմանը, իսկ անգլերեն հնչյունավորման կազմում բացի դերասանուհուց ընդգրկված են Ուիլ Ֆերելն ու Մարկ Ռուֆալոն։ 

 



Փոքիկ Ամելին, կամ Անձրևի կերպը
Հանդիսատեսի մրցանակ

 

 

Ճապոնիայում հավատում են, որ մինչև երեք տարեկան երեխաները «օկասամա» են՝ աստվածներ։ Միայն երեքը բոլորելուց հետո մենք համալրում ենք սովորական մահկանացուների շարքերը։ Բելգիացի գրող Ամելի Մոկոմբը, որ ֆրանկոֆոն ամենահայտնի արձակագիրներից մեկն է հենց հիմա, իր 2000 թվականի վիպակը՝ «Անձրևի կերպը», կառուցել է այդ գաղափարի, ինչպես նաև սեփական աղոտ հուշերի վրա․ ինչպես և գլխավոր հերոսուհի Ամելին, նա էլ ծնվել է Ճապոնիայում ու կյանքի հրաշքների հետ առաջին ծանոթությունն ունեցել այնտեղ։ 

 

Այդ հրաշքները առաջին հայացքից հրաշք են միայն մանուկ աստվածների համար․ բելգիական սպիտակ շոկոլադը, որ հանկարծ համ ու հոտ է տալիս շրջակա աշխարհին, փոշեկուլը, որ ինչ-որ հրաշքով անհետացնում է հենց նոր հատակին լցված փշրանքները, ոտքերը, որոնցով այդքան հաճելի անդադար վազվզելը, դատարկ ապակե բանկան, որի մեջ կարելի է որսալ երկնքում սավառնող ճայերին կամ հորիզոնում սահող նավակը, անձրևը, որի հետ Ամելին առանձնահատուկ կապ է զգում։ Այդ կապի գաղտնիքն էլ կբացահայտի երիտասարդ ճապոնացի դայակը․ բանն այն է, որ ճաոներենում «ամե» նշանակում է «անձրև»։ Դրան զուգահեռ երեխան սկսում է առնչվել նաև երևույթների հետ, որոնք նրան առայժմ անհասկանալի են․ մահ, պատերազմ, կորստի ցավ, ատելություն։ Նա չի հասկանում դրանք, բայց տեսնում ու ընկալում է իրեն շրջապատող մոտիկ մարդկանց արձագանքները դրանց։ 

 

Ռեժիսորներ Մայլիս Վալադիի և Լիան-Չո Հանի՝ փառահեղ, գրեթե շոշափելի վիզուալ շարքով պատրաստված անիմացիոն ֆիլմը թույլ է տալիս դիտողին 80 րոպեով անել անհնարինը․ աշխարհին նայել փոքրիկ օկասամայի աչքերով, ընթացքում գուցե նույնիսկ հիշողության խորքերից վեր հանել սեփական «աստվածային» ապրումները։ Ի դեպ, այդ հուշերի ճակատագիրը Ամելիին հուզող կարևոր հարցերից է․ երբ արդեն մոտ է նրա «ապաաստվածացումը», աղջնակը սկսում է մտորել՝ մի՞թե այս ամենը կորչելու ու մոռացվելու է։ Լավ է, որ փոքրիկ Ամելիի կյանքը հիմա բոլորինս է։ 

 

Անիսի ու Սան-Սեբաստիանի փառատենորում «Փոքրիկ Ամելին» արժանացել է հանդիսատեսի մրցանակին, և դա միանգամայն հասկանալի է։ 

 



Օլիվիան և անտեսանելի երկրաշարժը
Գան հիմնադրամի մրցանակ

 


Տիկնիկային անիմացիա Իսպանիայից` հայտնի կատալոնացի մանկական գրող Մայտե Կառանսայի «Կյանքն ինչպես կինոյում» վիպակի հիման վրա։ Նախկին դերասանուհի, բայց այժմ գործազուրկ մոր ու փոքր եղբոր հետո ապրող 12 տարեկան Օլիվիայի սովորական կյանքը մի գիշերում գլխիվայր շուռ է գալիս․ պարտքերի պատճառով նրանց վռնդում են բնակարանից և եռյակը ստիպված է ավելի համեստ կյանքով ապրել Բարսելոնայի աղքատ թաղամասերից մեկում։ Դա էլ հերիք չէ, հուսալքված մոր հիվանդության պատճառով տան ամբողջ բեռն ընկնում է Օլիվիայի վրա։ Եղբորը խոր տրավմաներից պաշտպանելու համար նա ձևացնում է, թե նրանք պարզապես ֆիլմի նկարահանումներին են մասնակցում։ 

 

«Օլիվիան» լավ օրինակ է նրա, թե ինչպես կարելի է դեռահասների հետ խոսել ամենաբարդ սոցիալական խնդիրներից նույնիսկ, եթե գտնում ես ճիշտ երանգներն ու ոճը։ Այստեղ հավասարակշռված ցուցադրված են և՛ աշխորհի բոլոր դեռահասներին տանջող խնդիրները՝ ընկերություն, պատասխանատվություն, սիրահարվածություն, մեծերի աշխարհի հետ բախումներ, և՛ միանգամայն «մեծական» թեմաները՝ սոցիալական անարդարություն, էմիգրացիա, կորսված հայրենիքի մասին հուշեր, պայքար իրավունքների համար։ 

 

Գուցե նույնիսկ ռիսկային թվար այսպիսի բարդ պատումը տիկնիկային stop-motion տեխնիկայով փոխանցելը, բայց դեբյուդանտ Իրեն Իբոռան մեծամասամբ կարողանում է պահել հավասարակշռությունը։ Գլխավոր հերոսները ճանաչելի ու համակրելի են, իսկ անիմացիոն միջավայրը՝ հավատալի։ Ի դեպ, ֆիլմի գրավականներից մեկը գործողությունների վայրն է․ Օլիվիայի արկածներն ընթանում են Բարսելոնայում, բայց ոչ թե բացիկային-զբոսաշրջային, այլ Կատալոնիայի մայրաքաղաքի կենդանի, շնչող արվարձաններում։ 

հավելյալ նյութեր