Անտեսանելի թիկունք
Թիկունք 2020

Անտեսանելի թիկունք

Բելգիայում սովորող Վիկտորյա Մուրադյանն իր փորձի հիման վրա պատմում է, թե ինչպես Սփյուռքը մի կողմ թողեց ամեն հարց ու համախմբվելով դարձավ Հայաստանի շահերի ներկայացուցիչն ամբողջ աշխարհում։

Տեքստը՝ Վիկտորյա Մուրադյանի

 

ԵՐԵՎԱՆ #66 | 2021

 

 

 

 

#Թիկունք2020

Սեպտեմբերի 27-ին զարթնեցի մորս չարաբաստիկ զանգից. ասաց, որ պատերազմ է սկսվել։ Տագնապն ու հարցերը սրտումս գնացի համալսարան, բայց այդ օրը ոչինչ չկարողացա ո՛չ լսել, ո՛չ սովորել։ Օրս անցավ սոցիալական մեդիան քրքրելով։ Գնացի ընթրիքի՝ որոնելով կարեկցող աչքեր։ Սակայն ես՝ քաղաքի երևի միակ հայս, 350 ուսանողից ոչինչ չստացա՝ ոչ մի հայացք, ոչ մի խոսք, ոչ մի կարեկցական վերաբերմունք, որին այդքան հուսառատ սպասում էի. կյանքը Բրյուգեում շարունակվում էր իր բնականոն ռիթմով։ Եվրոպայի արևելյան հարևանությունում ծավալվող պատերազմից տեղյակ էին քչերը, դրանով հետաքրքրված՝ գրեթե ոչ ոք։ Այդպես սկսվեց անտեսանելի թիկունքի բացահայտման իմ խորդուբորդ ուղին։


***
Պատերազմի առաջին շաբաթվա ընթացքում զբաղված էի բոլոր համալսարանականներին պատերազմի մասին պատմելով՝ տալով տիեզերական մասշտաբի ինֆորմացիա Հայաստանի, Արցախի, մեր հարևանների մասին։ Որքան շատ էի ակնկալում շրջապատիս աջակցությունը, այնքան ներսումս ավելի էր խորանում մարդկանցից մեկուսանալու ցանկությունս։ Լինելով 350 կրթված, խելացի երիտասարդների՝ ապագա դիվանագետների և քաղաքական գործիչների ամենօրյա միջավայրում՝ երևի երբևէ ինձ այդչափ միայնակ չէի զգացել։


Առժամանակյա մեկուսացումս ու շուրջս տիրող անտարբերությունն ինձ դրդեց այլ լուծումներ գտնել պատերազմը, ռազմաճակատում ու Արցախում տեղի ունեցող իրադարձություններն իրական լույսի ներքո, սթափ ու անաչառ լուսաբանելու համար։ Որոշեցի համալսարանում կազմակերպել քննարկում լրագրողների հետ՝ Արցախյան պատերազմի լուսաբանման թեմայով։ Երկու օրվա ընթացքում հավաքեցի թիմ, հայ, ադրբեջանցի և միջազգային լրագրողներ։ Ոգևորված իմ իսկ գաղափարով՝ գնացի Բրյուսել՝ համահայկական ցույցի։ Ետ վերադարձիս ճանապարհին գնացքի մեջ ստացա զանգ համալսարանի ադրբեջանցի շրջանավարտներից, ովքեր խոստացան տապալել միջոցառումը, եթե այն տեղի ունենա։


Մի բան հստակ էր. ես ճնշման դիմաց չէի ընկրկելու, բայց ցավոք, նույն վճռականութունը չդրսևորեցին միջոցառմանս հյուրերը. նրանք սկզբունքայնորեն հրաժարվեցին մասնակցությունից՝ արծարծելով ինձ համար այնքան զազրելի «քաղաքական չեզոքություն» եզրույթը։ Այդպիսով, միջոցառումը տեղի չունեցավ։ Օրեր շարունակ անտեսվածության զգացմանը լրացնելու եկավ հայրենիքից դուրս սեփական ֆիզիկական անվտանգության մասին մտահոգությունը։ 


Հուսահատությունը և անարդարությունը խեղդում էին, իսկ միայնությունը և հայրենիքից հեռավորությունն ավելի սրացնում պատերազմական օրերի բոլոր ապրումներս։ Ի վերջո հասկացա, որ Հայաստանին օգտակար լինելու այլ ձև պետք է գտնեմ։ Այդ ժամանակ օնլայն ակտիվության մեծ արտահոսք էր գնում Ֆեյբուքից դեպի այլ սոցիալական հարթակներ, որտեղ ավելի ակտիվ էր մեր թիրախային լսարանը։ Ակտիվացրի թվիթերյան հաշիվս ու սկսեցի զբաղվել օնլայն ակտիվիզմով։ Անում էի մի քանի տասնյակ գրառումներ օրվա ընթացքում՝ գրեթե առանց դադարի։ Թվիթերյան բանակը, սակայն, արդեն իսկ բավական մեծ էր և ներառում էր հազարավոր սփյուռքահայ օգտատերերի։ Ես դարձա այդ բանակի մի մասը, ինչն ինձ օգնեց բացահայտել Հայաստանի Սփյուռքը, և տարբեր երկրներում ապրող իմ հարյուր հազարավոր հայրենակիցներին։

 

Բելգիա-Ֆրանսիա միջպետական ճանապարհ


***
Ամեն անգամ, երբ ինձ հարցրել են, թե քանի միլիոն հայ է ապրում Հայաստանում, գրեթե միշտ պատասխանել եմ՝ տասը, երեքը ՀՀ-ում և յոթն աշխարհում, ասես այդ տասը միլիոնը մի կուռ զանգված են։ Հիմա հետ հայացք գցելով՝ հասկանում եմ, որ մեր պատկերացումներն ու գաղափարները հայկական Սփյուռքի ահռելի ներուժի մասին իրականում շատ սահմանափակ են և հիմնականում ամփոփված են ամառային տուրիզմի և հեռուստամարաթոնների շրջանակներում։ Այդ յոթ միլիոնն իրականում մեր անտեսանելի թիկունքն է։


Մենք՝ հայաստանցիներս, հաճախ չենք գիտակցում, որ Սերժ Թանկյանից ու Քիմ Քարդաշյանից բացի Սփյուռքում մեր թիկունքն են պահում նյույորքցի արվեստի քննադատ Հրագը, հայկական խոհանոցի լավագույն ավանդույթների մասին գիրք հեղինակող իրանահայ ամերիկաբնակ Լիանան, կես սևամորթ կես հայ ասպիրանտ Գոհարը և Հայաստանի ու Լոս Անջելեսի խաչմերուկում ապրող լրագրող Կարինան, Վարշավայում ապրող կանադահայ Պատրիկը և այլոք։ Նրանց աշխատանքը և հայրենիքին աջակցությունը մենք տեսնում ենք հազվադեպ և հիմնականում միայն գումարի տեսքով։ 


Այն պահին, երբ Հայաստանում մարդիկ դանդաղորեն անցում էին կատարում հանրային հաղթական էյֆորիայից դեպի համազգային հուսահատություն և ատելություն, ես հասկացա՝ լավագույն լուծումն այդ երեք միլիոնից կտրվելն ու յոթ միլիոնին, որոնցից ոչ մեկին իրական կյանքում ցավոք երբեք չեմ հանդիպել, միանալն է։


***
Պատերազմի օրերին և դրանից հետո այդ անտեսանելի թիկունքն օր ու գիշեր զբաղված էր կազմակերպված և անկազմակերպ հայանպաստ աշխատանքով՝ ցույցեր, նամակներ իրենց հյուրընկալ երկրների դիվանագիտական ատյաններին, նախարարություններին, ղեկավարներին, մասնավոր ընկերություններին։ Նրանք կազմակերպում էին դրամահավաքներ, բողոքի ակցիաներ, հումանիտար օգնություն, ի վերջո, չէին զլանում ամեն անհատի պատմել պատերազմի ու նրա հետևանքների մասին։

 

Ֆիզիկապես արտերկրում, բայց հոգեպես հայրենիքում ապրող Սփյուռքի առօրյան Հայաստանն էր՝ իր հոգսերով, հրատապ կարիքներով, վիրավորներով ու հերոսներով։ Կոտրված սրտերով բոլորս զարթնում էինք և սկսում մեր գործը՝ ինչպես մեկ մարմին իրար հետ սերտ համագործակցելով ու համաձայնեցնելով մեր քայլերը։ Բոլորիս առաքելությունն էր պատասխանատվության ենթարկել միջազգային հարթակներում ադրբեջանական լոբբիի աջակիցներին, բացահայտել կեղծիքը և սուտը, ստիպել միջազգային լրատվականներին լուսաբանել պատերազմը, միջազգային հանրության ուշադրությունը սևեռել Հյուսիսային Կովկասում ծվարած այս փոքր, բայց ամրակուռ ժողովրդի ազգային պայքարին։ 


Այս օրերին խոսել եմ Սփյուռքի տաբեր ներկայացուցիչների հետ, ինքս եմ մասնակցել մի քանի ցույցերի։ Պետք է խոստովանել, որ ճգնաժամային իրավիճակներում արտասահմանում բնակվող բոլորը հայերը դառնում են մի բռունցք։ Հասարակական գիտակցությունը և ինքնակազմակերպման հմտություններն անմերժելի են պետական ապարատի անարդյունավետ ղեկավարման պայմաններում։


Խորվաթիայում բնակվող խեցեգործության վարպետ Ալինա Գիշյանը պատմեց ինձ, թե ինչպես է տեղի փոքր 40-50 հոգանոց համայնքը կարողացել մի քանի խորվաթական հեռուստաալիքների եթերում Արցախի մասին պատմել և Զագրեբի կենտրոնական հրապարակներից մեկում բողոքի ցույց կազմակերպել օտարազգիների մասնակցությամբ։ Մեծ Բրիտանիայի հայկական ինստիտուտի խորհրդական և հոգաբարձու Տատյանա Տեր-Ավետիսյանը պատմեց տեղի հայկական համայնքի ցույցի և մամուլում տպագրած մի քանի հոդվածների մասին։ Լեհաստանում Հայ երիտասարդների միության փոխնախագահը՝ Հովհաննես Գևորգյանը, Վարշավայի հայկական համայնքի հետ հսկայական աշխատանք է իրականացրել՝ հավաքելով Լեհաստանի տարբեր քաղաքներից ուղարկված հումանիտար օգնությունը և ուղարկելով Հայաստան։ Հումանիտար օգնությունից բացի երիտասարդները կազմակերպել են տեղեկատվական ֆլեշմոբ, որի ընթացքում ուղարկել են հարյուրավոր էլեկտրոնային հաղորդագրություններ միջազգային դեսպանություններին՝ նրանց տեղեկացնելով Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների և ագրեսիայի մասին։ Նրանցից ոչ մեկը չի աշխատել ՀՀ կառավարության կամ դիվանագիտական ծառայությունների հետ։ Նմանօրինակ նախաձեռնությունները բազմաթիվ են՝ ձգվելով Ավստրալիայից մինչև Լոս Անջելես։ Ինչպես ԱՄՆ նախկին նախագահ Օբաման էր ասում՝ «Փոփոխությունները տեղի են ունենում, քանի որ հասարակ մարդիկ անում են արտասովոր բաներ»:

 

Հայ համայնքի ցույցը Լոնդոնում


***
Ցավոք, Հայաստանում քչերն են տեղյակ մեր անտեսանելի թիկունքի կազմակերպած այս մեծ ու փոքր միջոցառումներից։ Երբ պատերազմի օրերին բացում էի Ֆեյսբուքը և Թվիթերը, հասկանում էի, որ գոյություն ունեն Արցախյան պատերազմի ընկալման երկու բացարձակ տարբեր աշխարհներ, որոնցից մեկում տիրում էր ատելությունը, մյուսում՝ սերն ու համախմբվածությունը։ Վերջինս հատկապես բնորոշում էր սփյուռքահայ օնլայն համայնքը։


Այս թիկունքը մեր փոքրիկ ընտանիքն էր՝ հայրենիքից հեռու

 

Մենք սովորում էինք իրարից ու աջակցում իրար, երբ մեզնից որևէ մեկը ընկնում էր հուսահատության գիրկը։ Պատերազմական ծանր գիշերներից մեկից հետո, երբ սպասելիորեն հուսահատության ճահճում հայտնվեցի նաև ես, հենց այս թիկունքի աջակցությունը, ջերմ ու հոգատար խոսքերն ինձ հետ բերեցին իրականություն։ 


Գուցե այդ մարդիկ տարբերվում են մեզնից՝ հայաստանցիներից, իրենց ճակատագրով, քաղաքական նախընտրություններով կամ ապագայի տեսլականով, սակայն նրանց բոլորին միավորում է մի մեծ ցանկություն՝ տեսնել հայրենիքը հզոր, անկախ և ինքնաբավ։ Եվ նրանցից յուրաքանչյուրը սկսում և ավարտում է իր օրը Հայաստանի համար մի փոքրիկ բան անելով։ Նրանցից յուրաքանչյուրը Հայաստանի դեսպանն է աշխարհում։ Ու այս թիկունքում շատերն են այսօր մտորում Հայաստան վերադառնալու, իրենց ընտանիքի կամ սիրելիների հետ տեղափոխվելու ու կյանքը հետպատերազմյան հայրենիքում կառուցելու մասին։ Ավստրալահայերից մեկը՝ Վաչեն, մի քանի օր առաջ աշխատանքից ազատվելու դիմում գրեց։ Որոշել է թողնել իր կարիերան, բարձր վարձատրվող աշխատանքը, ավստրալական տնտեսաքաղաքական կայունությունը, կորոնավիրուսից ազատ ապրելու հանգստությունը և տեղափոխվել Երևան՝ այն հետպատերազմական քաոտիկ միջավայրը, որն այս պահին ունենք։ Վահեն մեկն է այն խիզախներից, ովքեր ուժ ու տոկունություն ունեցան նայել վտանգի աչքերին, ու հայրենադարձության որոշում կայացնել։


Սակայն հայրենադարձությունը ոչ մեկին հեշտ չի տրվում։ Սակրամենտոյում բնակվող հայուհիներից մեկն ասաց, որ ցանկանում են կնոջ հետ տեղափոխվել Հայաստան և իրենց մասնագիտական ներդրումն ունենալ հայրենիքի վերակառուցման գործում։ Սակայն միաժամանակ խոստովանեց, որ վախեր ունի, քանի որ չգիտի, թե հայրենակիցներն իրեն և օտարերկրացու հետ իր ամուսնությանն ինչպես կվերաբերեն։

 

Բազմաթիվ երիտասարդներ դիմում են մեզ՝ հայաստանցիներիս՝ հարցնելով, թե ինչպես կարող են որևէ օգուտ տալ երկրին, ինչի՞ կարիք մենք ունենք, ինչպե՞ս կարող են որևէ ներդրում ունենալ Հայաստանի զարգացման գործում։ Նրանցից շատերին այլևս չի բավարարում բանկային փոխանցումներ կատարելը, որոնք նույնպես ծայրահեղ անհրաժեշտ և կարևոր են։


Ցավոք, Հայաստանի և Սփյուռքի կապի կազմակերպումը և ղեկավարումը պետական մակարդակում այդքան էլ արդյունավետ չէ։ Վերջին տարիներին առավել ևս հասարակ քաղաքացիներն իրենց ուսերին են վերցրել միջնորդական այդ առաքելությունը։

 


Մենք Հայաստանում հաճախ ենք խոսում մեծամասշտաբ հայրենադարձության մասին, ակնկալում, որ սփյուռքահայերը հեշտությամբ կթողնեն իրենց հիմնականում խաղաղ, անվտանգ, ազատ միջավայրը և կտեղափոխվեն մի երկիր, որտեղ անհատը շարունակաբար ենթարկվում է տարբեր ցնցումների՝ անձնական և հասարակական մակարդակներում։ Անձը, որը չի ծնվել այն երկրում, որը կոչում է հայրենիք, շատ ավելի դժվարին փուլերի միջով է անցնում հայրենադարձության ճանապարհին։ Մենք, որպես հասարակություն, կարող ենք թեթևացնել նրանց բեռը՝ լինելով ավելի բաց և հյուրընկալ, հանդուրժող և համբերատար։ Գուցե այդ ժամանակ թիկունքը և ճակատը վերջապես կմիավորվեն անկախ և ինքնիշխան պետություն կառուցելու կարևոր առաքելության շուրջ։