«Անվերջության ժապավենը» նորից կանգուն է
Վերականգնում

«Անվերջության ժապավենը» նորից կանգուն է

Ինչպես Դավիթ Բեջանյանի հանրահայտ արձանն իր նախնական տեսքը ստացավ։

Տեքստը՝ Հասմիկ Բարխուդարյանի

 

Լուսանկարները՝ ՀՀ Կառավարություն / Արեգ Բալայան, Ռաֆայել Մանուկյանի արխիվ

#Արվեստ

Երևան-Սևան մայրուղով անցնելիս վստահաբար նկատած կլինեք քանդակ հիշեցնող անհասկանալի բզկտված մետաղյա ժապավենը։ Իրականում քանդակագործ Դավիթ Բեջանյանի հեղինակած՝ ճանապարհաշինարարներին նվիրված «Անվերջության ժապավեն» հուշարձանն է, որը ստեղծվել էր 1979-ին, իսկ վերջին տարիներին բզկտվել վանդալների կողմից․ քանդակից գրեթե բան չէր մնացել։ Բարեբախտաբար, 2021-ի ամենավերջում քանդակագործ Ռաֆայել Մանուկյանը հայտնեց հուշարձանի վերականգնման աշխատանքների ավարտի մասին։ 

 

Ռաֆայել Մանուկյանը՝ վերականգնված արձանի ֆոնին


Դեռևս մի քանի տարի առաջ Ռաֆայելն ու ճարտարապետ Արա Ազիզյանը որոշել էին մասնակցել հուշարձանի վերականգնման աշխատանքների համար հայտարարված մրցույթին․ ներկայացրեցին նախագիծը, ստացան ՀՀ Մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդի հավանությունն ու Դավիթ Բեջանյանի ժառանգների համաձայնությամբ անցան գործի։ Հետո վրա հասան համավարակն ու պատերազմը։

 

Այդուհանդերձ, չնայած հետաձգմանը, Ռաֆայելի համար այս աշխատանքն արդեն ոչ միայն պարզապես հուշարձանի վերականգնում էր, այլև հույսի, ոտքի կանգնելու, վերականգնվելու խորհրդանշական ակտ։ Ըստ Ռաֆայելի՝ կարևոր էր հատկապես հիմա ինքներս մեզ և միջազգային հանրությանը ցույց տալ, որ մենք վերածնվելու և շարունակելու ենք ապրել։ «Չնայած, որ այս քանդակի դեպքում՝ ի տարբերություն պատերազմի, հենց մենք էինք մեր հանդեպ հանցանք գործել, բայցևայնպես, ինքներս մեզ պետք է ոտքի կանգնելու հնարավորություն տանք», - ասում է քանդակագործը։ Գաղափարը հենց դա էր, մի քիչ ավելի ռիսկային նախագծից չվախենալով, մի քիչ էլ գուցե կասկածելով սկսել ու ստանալ լավ արդյունք։     

 

 

 

Վերականգնողական աշխատանքները՝ 2021 թվականի հոտկեմբերին


Մոտ 7 ամիս տևած աշխատանքներն ի վերջո հաջողությամբ պսակվեցին, չնայած, ինչպես խոստովանում է Ռաֆայելը՝ այս նախագծի համար դա չափազանց կարճ ժամկետ էր։ Շատ էին նաև տեխնիկական խնդիրները։ Քանդակի վերականգնումը պահանջում է համապատասխան նյութերի ու տեխնիկական հագեցվածության առկայություն, իսկ Հայաստանում, ցավոք այդ ամենի պակասի հետ մեկտեղ չկա նաև համապատասխան կրթություն ստանալու հնարավորություն։ Առաջ եկած խնդիրները լուծվում էին ընթացքում՝ ըստ անհրաժեշտության։ Աշխատանքներին խոչընդոտեցին նաև քաղաքական իրողությունները։ Իրավիճակը Սյունիքում բարդացնում էր պղնձի ներմուծումը Իրանից։ 


Այժմ Ռաֆայելը մեկ այլ խոշտանգված քանդակի (դեռ չի ասում՝ կոնկրետ որ) վերականգնման աշխատանքներ է սկսել՝ օգտագործելով արդեն իսկ կուտակված փորձն ու հմտությունները։