Ապագայի Դալման
Դալմա 10

Ապագայի Դալման

ԵՐԵՎԱՆը հարցուփորձ է արել «Դալմա Գարդեն Մոլի» ներքին և արտաքին կապերի գծով փոխտնօրեն Մարիամ Չաքարյանին և մարքեթինգի բաժնի ղեկավար Էլեն Մկրտչյանին առևտրի կենտրոնների ապագայի և «Դալմայի» նորությունների վերաբերյալ։

Տեքստը՝ Գայանե Հարությունյանի


Լուսանկարները՝ Հայգազ Կրադենյանի

 

ԵՐԵՎԱՆ #78 | 2023
 

#Գործընկեր

«Դալմա Գարդեն Մոլը» Հայաստանի առաջին մոլն է։ Ո՞րն էր այս տարիներին ամենամեծ մարտահրավերը մոլերի համար։ 

 

Մարիամ. Առհասարակ, առևտրազվարճային կենտրոնների ձևաչափն արևմտյան երևույթ է, որը տարիների ընթացքում մեծ տարածում գտավ աշխարհի այլ հատվածներում՝ 2012-ին գալով նաև Հայաստան։ Մարդիկ, որոնք նախկինում սովոր էին փողոցային առևտրին, անհարմար տոնավաճառներին և ոչ շատ բարձր որակի ապրանքներին, բացահայտեցին բոլորովին այլ փորձառություն, որտեղ մեկ վայրում մեկտեղված է այն ամենը, ինչ քեզ պետք է՝ խանութներ, միջազգային բրենդներ, սննդի կետեր, ժամանցային տարբերակներ ու մի շարք այլ ծառայություններ։ Բնականաբար, իրավիճակը փոխվեց, երբ կորոնավիրուսի համավարակի պատճառով կանգ առավ ամբողջ աշխարհը։ Մոլերը մի քանի ամիս փակ էին, իսկ երբ բացվեցին, մեծ սահմանափակումներ կային։ Ամբողջ աշխարհում ոլորտը մեծ հետընթաց ապրեց, բազմաթիվ առևտրի կենտրոններ և բրենդներ, չդիմանալով ճնշմանը, ստիպված եղան դադարեցնել իրենց գործունեությունը կամ կրճատել մասնաճյուղերի և աշխատակիցների քանակը։ 

 

 

Արդեն մոտ երկու տարի է անցել լոքդաունից, արդյո՞ք աշխարհը և մասնավորապես Հայաստանը կարողացել է վերականգնվել։ 

 

Մարիամ. Վերջերս մի ուսումնասիրություն կարդացի, որի պնդմամբ եկող տարի մանրածախ վաճառքի ոլորտը նոր կկարողանա վերադառնալ իր նախաքովիդային ցուցիչներին։ Այսինքն ոլորտին պահանջվեց շուրջ երեք տարի ուշքի գալու համար։ Հայաստանի դեպքում իրավիճակը մի քիչ այլ էր. մենք կարողացանք ավելի արագ վերականգնվել։Գուցե նրանից էր, որ մենք փոքր երկիր ենք։ Բացի այդ, Հայաստանում քովիդային մեկուսացման շրջանը համեմատ ավելի քիչ է տևել, սահմանափակումները շարունակվել են, սակայն, համեմատած այլ երկրների, ավելի մեղմ տարբերակով։ 

 

Հաճախ կարելի է հանդիպել այն մտքին, որ շուտով մոլերն այլևս ակտուալ չեն լինի, քանի որ դրան եկել է փոխարինելու առցանց գնումների տարբերակը։ Որքանո՞վ է դա մոտ իրականությանը։ 

 

Մարիամ. Ես վստահ եմ, որ առցանց շոփինգը երբևէ չի կարող փոխարինել իրական խանութներ գնալու փորձառությանը։ Այն կարող է լավ այլընտրանք լինել, բայց փոխարինել՝ ոչ։ Այդ նույն շրջանում վերհանվեցին առցանց շոփինգի ոչ միայն առավելությունները, այլ նաև խնդիրները։ Աշխարհով մեկ լոգիստիկային վերաբերող հարցեր առաջացան, մեծ հերթեր մաքսային կետերում, ուշացումներ, խնդիրներ ապրանքի որակի, չափերի հետ և այլն։ Բացի այդ, հենց մեկուսացումից հետո մարդիկ հասկացան, որ շփման խիստ կարիք ունեն, ընտրության, զգալու, շոշափելու ցանկություն կա։ Ճիշտ է՝ համավարակը նոր մարտահրավերներ բերեց։ Պարզ դարձավ, որ արդիական մնալու համար պետք է հետևել համաշխարհային թրենդներին, փոխվել, թարմանալ, նոր առաջարկներ ներդնել։ 

 

 

Այդ առումով, «Դալման» ինչպիսի՞ նորություններ ունի գալիք տարում։ 

 

Էլեն. Դեռ անցյալ տարի մենք նոր ռազմավարություն մշակեցինք, որտեղ մանրակրկիտ նախանշել ենք մեր մոտեցումներն ու ապագա անելիքները։ Մեզ համար նպատակային է, որ երբ մարդը մտածի՝ ի՞նչ անել այսօր, առաջինը նրա մտքին գա «Դալմա» գնալու գաղափարը։ Գալ մեզ մոտ ոչ միայն հստակ գնումների կամ ֆիլմ դիտելու համար, այլ գալ թեկուզ ուղղակի  պտտվելու, հանդիպումները մեր սրճարաններում անցկացնելու, ճաշի ժամին ֆուդկորտից մի համով բան ուտելու և այլ առօրյա հարցերի համար։ Մենք գիտակցում ենք, որ նոր սերնդին մոլ բերելու համար նոր լուծումներ են հարկավոր և հիմա այդ ուղղությամբ ակտիվ աշխատանքներ ենք տանում։ 


Այժմ «Դալման» թարմացումների մեծ փուլ է մտել։ Դա շատ պատասխանատու գործընթաց է, քանի որ մենք արդեն տասը տարի է, ինչ ոլորտում ենք և մարդիկ մեզ սիրում և պատկերացնում են որոշակի կերպարով։ Փորձելու ենք փոփոխություններն առավել նրբանկատորեն իրականացնել։ 

 

Ի՞նչ տեսակ փոփոխություններ սպասել «Դալմայից»։ 

 

Էլեն. «Դալմայում» արդեն իսկ սկսվել է փոփոխությունների շրջանը։ Ինտերիերային փոփոխություններից սկսած մինչև նոր տեխնոլոգիական լուծումներ, նոր ծառայություններ, նոր բրենդավորում ու նոր ռազմավարություն։ Եկող տարի այդ փոփոխությունները շատ ավելի ակնառու կդառնան։ Շուտով հասանելի կդառնա մեր նոր հավելվածը, որը կլինի էլ ավելի ճկուն և մի շարք նոր հնարավորություններ կտա հաճախորդներին։ Հեռախոսի միջոցով մարդիկ կստանան այն ամբողջ տեղեկատվությունը, որն իրենց պետք է մինչև մոլ գալը և արդեն այստեղ գտնվելիս։ Այս հավելվածի միջոցով նաև հնարավոր կլինի առանձնացնել մեր հավատարիմ հաճախորդներին, որոնց համար հատուկ հավատարմության ծրագիր ենք ներդնում՝ տարբեր տեսակի առավելություններ ու բոնուսներ ստանալու համար։ Փորձում ենք «Դալմայի» շուրջ համայնք ձևավորել և ավելի անձնավորված կապ ստեղծել մոլի, բրենդների և հաճախորդների միջև։ 

 

Տոներն են մոտենում։ «Դալման» որևէ կերպ կառանձնանա՞ իր առաջարկով։ 

 

Էլեն. Ամանորին ընդառաջ և գալիք տարվա սկզբում համապատասխանաբար երկու նոր ծառայություն ենք ներկայացնելու։ Մեկը «Դալմայի» բրենդավորված փաթեթավորման կետն է, որտեղ կլոր տարի մարդիկ կկարողանան փաթեթավորել իրենց կողմից գնված նվերները։ Այս ամանորին այդ կետում վաճառվելու են նաև  «Դալմա նվերների տուփերը» սահմանափակ հավաքածուն։ Դրանով հեշտացնելու ենք մեր հաճախորդների կյանքը և խնայելու ենք նրանց ժամանակը։ Մեր թիմի անդամներն արդեն շրջել են մոլի խանութներով և այդ տուփերի համար առանձնացրել են տարբեր հետաքրքիր նվերներ մեզ մոտ ներկայացված բրենդերից։ Շարունակելով մեր ռազմավարության կորպորատիվ պատասխանատվության գործընթացը՝ այդ տուփերում կլինեն նվեր քարտեր, որոնց միջոցով մարդիկ կկարողանան մտնել reArmenia նվիրատվությունների հարթակ և քարտի գումարը փոխանցել իրենց նախընտրած սոցիալական ծրագրին։ Տուփերում կլինեն նաև զեղչի քարտեր, ֆիլմի տոմսեր, ԵՐԵՎԱՆ ամսագրի և «Դալմայի» համատեղ ստեղծած սթիքերները և այլն։

հավելյալ նյութեր