Ապագյումրի
Մի քանի քաղաքային ծրագրեր, որոնք ապագայում կարող են սկզբունքորեն փոխել Գյումրիի դեմքը։ Դրանց մի մասն արդեն իրագործվում է, մյուսները դեռ կոնցեպտի մակարդակում են, բայց միևնույն է՝ արժանի են ուշադրության։
ԵՐԵՎԱՆ #57 | 2019
ՏԻԳՐԱՆ ՄԵԾ ՓՈՂՈՑԸ՝ ԳՅՈՒՄՐՈՒ ՍՏԵՂԾԱՐԱՐ ԵՎ ԱՅԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԳՈՏԻ
Իրականացնող՝ Deem Communications, Open Gyumri նախաձեռնություն
Վայրը՝ Տիգրան Մեծ փողոց
Կարգավիճակ՝ Նախագծում
Ավարտ՝ 2020-21
Deem Communications գործակալությունը 2017-ին նախաձեռնեց և իրականացրեց Գյումրու բրենդավորման ծրագիրը և մշակեց քաղաքի տնտեսական և մշակութային զարգացմանն ուղղված երկու տարվա մարտավարություն: Դրա կարևոր բաղադրիչներից էր նախկին Ինտերնացիոնալ, ներկայիս Տիգրան Մեծ փողոցի վերաիմաստավորումը: Այն կապում է Երկաթգծի կայարանը Անկախության հրապարակին, որի շրջակայքում գտնվում են Գեղարվեստի ակադեմիան, հայտնի Չուլոչնի գործարանի շենքը, Պրոգրես համալսարանը, մարզպետարանը, դրամատիկական թատրոնը: Փողոցը մասամբ գտնվում է Կումայրի պատմական արգելոցի տարածքում, բայց առանձնանում է իր ընդարձակությամբ, մայթերով և յուրահատուկ ճարտարապետությամբ, որը նման չէ Գյումրու պատմական կենտրոնի ոճին:
Նախագծի թիմը համոզված է, որ փողոցն ունի մեծ պոտենցիալ և իր հայտնի ու անհայտ գրավչությունների շնորհիվ կարող է դառնալ յուրօրինակ և աշխույժ ժամանցային կենտրոն տեղացիների և զբոսաշրջիկների համար: Ըստ նրանց տեսլականի՝ ավանդական կենտրոնի հարևանությամբ պետք է տեղ գտնի այլընտրանքային, խելացի (smart) լուծումների կիրառմամբ զարգացող և դեպի ապագան ուղղված մի գոտի։
«Այստեղ պետք է օգտագործվեն խելացի, էկոլոգիական, կայուն տեխնոլոգիաներ և զարգացման մոտեցումներ, համայնքի ակտիվացմանն ուղղված ստեղծագործ մոտեցումներ։ Սա նույնպես մի դաշտ է, ուր տեղ կգտնեն փորձառարական նախագծեր, նոր տեսակի ստեղծարար բիզնեսներ, երիտասարդական նախաձեռնություններ։
Հոկտեմբերին մեկնարկում է 7-ամսյա թրեյնինգային ծրագիրը փոքր և միջին բիզնեսների զարգացման ուղղությամբ, որը հատուկ կշեշտադրի ստեղծարար ձեռներեցությունը: Ծրագրի ավարտին այստեղ կբացվի 5-6 նոր փոքր բիզնես: Օրինակ, մենք շատ ենք ասում, որ Գյումրին վարպետների քաղաք է, սակայն դեռևս քիչ են տեղերը, որտեղից կարելի է գտնել օրիգինալ հուշանվերներ, ձեռագործ աշխատանքներ։ Շատ չեն նաև աութենտիկ հյուրատները»,- պատմում է DEEM-ի ստեղծագործական տնօրեն Րաֆֆի Նիզիբլյանը:
Ծրագրի կենտրոնական գաղափարներից է գարեջրի արտադրության զարգացումը հենց այս փողոցում: Գարեջրագործությունը, մասնավորապես՝ փոքր գարեջրատները, կարող է դառնալ ընտանեկան բիզնեսի մոդել, որն իր հետ կարող է շատ մեծ փոփոխություններ բերել, լրացնել ժամանցի վայրերի բացը, զուգահեռաբար նոր հնարավորություններ ստեղծելով տեղի երաժիշտների և խմբերի համար:
Մեկ այլ նախագիծ ուղղված է Գյումրու ամենահայտնի բրենդներից մեկին՝ սպորտի պատմությանը. «Գյումրեցի չեմպիոնների թիվը ֆենոմենալ է, և արդար կլինի, որ Հայաստանի սպորտի թանգարանը լինի այստեղ: Թանգարանի ստեղծման նախագիծը ներկայացվել է հունիսին կայացած Հայ-իտալական բիզնես ֆորումին, ինչպես նաև հուլիսին կայացած ներդրումային ֆորումի ընթացքում։ Արդեն կա հավանական շենք, որը կարող է դառնալ հարմար տարածք թանգարանի համար, և այս պահին քննարկում ենք Բոլոնիայի համալսարանի պատմական ժառանգության ֆակուլտետի հետ համագործակցությունը՝ շենքի վերականգնման աշխատանքներում համագործակցելու ուղղությամբ»:
Ծրագրի մենեջեր Կարինե Արոյանն ընդգծում է. «Թանգարանը ինտերակտիվ պիտի լինի, ոչ թե միայն պատմական նշանակության, նոր տեսակի հանրային տարածք, համայնքային կենտրոն, որը նաև կդառնա իրադարձությունների նոր հարթակ Գյումրիի համար»:
ԹՈՒՄՈ ԿԵՆՏՐՈՆԸ ՈՐՊԵՍ ՆՈՐ ՀԱՆՐԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ
Նախաձեռնող՝ Թումո/Բերնար Խուրի
Վայրը՝ Գորկու անվան զբոսայգի
Կարգավիճակ՝ Շինարարության վերջնական փուլ
Ավարտ՝ 2019
Գյումրու Թումո կենտրոնը բացվել է 2015-ին: Այն մինչև օրս ժամանակավորապես տեղակայված է Գյումրու տեխնոպարկում: Գյումրիում կենտրոն հիմնելու գաղափարը նախաձեռնել է «Շանթ» հեռուստաընկերությունը, որի անցկացրած հեռուստամարաթոնի արդյունքում հավաքվեց կենտրոնը մեկնարկելու համար անհրաժեշտ միջոցների մի մասը: Թումո Գյումրին երկու կենտրոններից առաջինն է, որն իրականություն դարձավ Հայկական բարեգործական ընդհանուր միության հետ համագործակցության շնորհիվ։ Այժմ Գյումրիի Թումոյում ուսանում է շուրջ 2200 պատանի: Շուտով կենտրոնը կտեղափոխվի Գյումրիի պատմական թատրոնի շենք, որտեղ արդեն կկարողանան ուսանել 4000 հոգի:
Գյումրու թատրոնի հին շենքը գտնվում է քաղաքի կենտրոնական այգու սկզբնամասում: 150 տարվա պատմություն ունեցող այս շենքը կառուցվել է բնակիչների ներդրումներով: Ժամանակի ընթացքում այն ծառայել է որպես ժողովրդական տուն և եղել է համերգների, գրական երեկոների, բաց քննարկումների, թատերական ներկայացումների և այլ միջոցառումների անցկացման հիմնական վայր: Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան առաջին անգամ ցուցադրվել է հենց այստեղ 1912 թվականին:
Երկար տարիներ լքված թատրոնի վերակառուցման նախագծի հեղինակը աշխարհահռչակ ճարտարապետ Բերնար Խուրին է, որը նաև Երևանի և Կողբում ու Մասիսում Թումոյի գալիք կենտրոնների համահեղինակն է: Շենքը մինչև տարվա վերջ կլինի ամբողջովին վերականգնված, պահպանված որմնաքանդակներով, գյումրեցիների աչքին սովոր սպիտակ արտաքին պատերով, որոնց հակառակ կողմում մոդեռնիստ Բեռնար Խուրին ստեղծել է արդիական, Թումոյի կրթական պահանջներին համապատասխան նորարարական միջավայր:
Թումոն ձգտում է նոր, երիտասարդ ու ստեղծագործական կյանք դնել ճարտարապետական նշանակություն ունեցող շենքերի մեջ, հատկապես նրանց մեջ, որոնք չեն գործածվում և զրկված են իրենց պոտենցիալից ու նշանակությունից, այն դեպքում, երբ դրանք իրենց մեջ կրում են քաղաքի հիշողությունը: Մյուս կողմից՝ դա նաև ճիշտ վերաբերմունք ու մոտեցում է կրթում այդ շենք մտնող պատանիների մեջ: Նրանք տեսնում են հին, գեղեցիկ շենք, որի վրա մեծ ջանքեր են ներդրվել, նրանք դառնում են ժառանգության պահպանման ու վերագործարկման գաղափարի կրողներն ու ջատագովները:
Շենքը լինելու է բազմաֆունկցիոնալ և նորից վերականգնելու է Գյումրու մշակութային կարևոր կենտրոններից մեկի իր երբեմնի համբավը: Բացի Թումոյի ուսանողների համար նախատեսված լինելուց, տարածքը ծառայելու է նաև կինոթատրոն-դահլիճ իր տրանսֆորմացվող բեմով: Բացի այդ, շենքը, գտնվելով հանրային այգում (որը նույնպես փոխանցվել է Թումոյին), իր շուրջը, ստեղծելու է յուրօրինակ մշակութային տարածք, որը մագնիսի պես դեպի իրեն է ձգելու քաղաքացիներին և բազմապիսի միջոցառումների կազմակերպմամբ զբաղվող ընկերություններին:
ՆԱԵՎ․ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ
Բացի այդ, Թումոն նախատեսում է վերակառուցել և վերագործարկել Գյումրիի կենտրոնական շուկան: Տարածքի ներուժը լիովին օգտագործելուն ուղղված այս նախաձեռնությունը կխթանի նաև շահույթ չհետապնդող ծրագրերի իրականացումը: Տարածաշրջանի մասշտաբով կարևորություն ունեցող այս նախաձեռնությունը կայուն աշխատանքային միջավայր կապահովի փողոցային առևտրով զբաղվող անձանց համար, ինչպես նաև խթան կհանդիսանա թե՛քաղաքի ներքին, թե՛ զբոսաշրջային զարգացման համար: Բացի հարմարավետ շուկայից, տարածքում կգործի նաև միջազգային մակարդակի խոհարարության և հյուրընկալման դպրոց: Տարածքը ունենալու է իր ռեստորանը, լինելու է շուկայի առանձնացված հատված, որտեղ ներկայացված են լինելու միմիայն օրգանիկ մթերք, լինելու է խանութ, որտեղ վաճառվելու է փաթեթավորված մթերք: Լինելու է նաև հատուկ թիմ, որը հետևելու է շուկայի և դպրոցի տարածքում սանիտարական կանոնների պահպանմանը:
Այս համակողմանի զարգացմանն ուղղված ծրագիրը ոչ միայն խթանելու է մի շարք ոլորտների ակտիվացմանը, այլ նաև, շահույթին ուղղված ծառայություններ մատուցելով` դառնալու է ամբողջովին ինքնաֆինանսավորվող:
ԲԱԼԵՏԻ ԴՊՐՈՑ ՍԵՎՅԱՆ ԱԿՈՒՄԲՈՒՄ
Նախաձեռնող՝ Բալետ 2021 հիմնադրամ
Վայրը՝ Գորկու անվան զբոսայգի
Կարգավիճակ՝ Վերջնական փուլ
Ավարտ՝ 2021
Գյումրու երկաթուղային կայարանի մոտ գտնվող Սևյան ակումբը, ինչպես այն անվանում են տեղացիները, շուրջ 30 տարի քարուքանդ վիճակում էր, կառավարությունը չէր կարողանում որոշել, թե ինչ անել շենքի հետ։ Մի կողմից այն տարիներով եղել է Գյումրու մշակութային զարգացման կարևոր կենտրոն, մյուս կողմից` երկրաշարժից հետո օգտագործման ենթակա չէր։ Շենքի վերածննդի նախագիծը սկսվեց 2017-ին և առ այսօր իրագործվում է «Բալետ 2021» հիմնադրամի կողմից։ Արդեն այս տարի կմեկնարկեն կառուցման աշխատանքները, և ակումբը կգործի ավելի նորարարական և բազմապրոֆիլ ֆորմատով, կկրի աշխարհահռչակ բալերոն և նախագծի հիմնադիր Ռուդոլֆ Խառատյանի անունը։
Շենքից այսօր մնացել են միայն դիմային հատվածն ու ներսի մի քանի կամար, որոնք կպահպանվեն ու կդառնան նորաստեղծ կենտրոնի ճարտարապետության առանցքային էլեմենտներ։ Կենտրոնը կկառուցվի է ՀԲԸՄ և «Եվրասիա համագործակցություն հիմնադրամի» «ՔՀ Կամուրջ» ծրագրի շրջանակում»՝ Եվրամիության ֆինանսավորմամբ:
Կենտրոնի հիմքում Ռուդոլֆ Խառատյանի պարային մեթոդաբանությունն ու փիլիսոփայությունն են։ Ինչպես նշեց ինքը` վարպետը, կենտրոնը լինելու է ոչ միայն պարարվեստի դպրոց, այլև հայ ինքնության ողջ ներուժի բացահայտման և զարգացման պլատֆորմ։
Կենտրոնը լինելու է բազմաֆունկցիոնալ, այն ունենալու է երկու բեմից կազմված թատրոն, որը կարող է տեղավորել շուրջ 500 մարդ, երեք ստուդիա, հանդերձարաններ, կոնֆերանսի սենյակ, գրադարան, ցուցասրահ, սրճարան-հուշանվերների խանութ, ինչպես նաև այգի։
Շենքի ճարտարապետական համարձակ լուծման հեղինակն է կանադաբնակ հայ ճարտարապետ Ազատ Շիշմյանը կանադական Neuf ճարտարապետական ստուդիոյից: Նախագծման աշխատանքներում մասնակցել է նաև հայաստանյան «Ստորակետ» ճարտարապետական արվեստանոցը:
Շենքի դիմային և հետևում ընկած հատվածները կապվելու են ձվի տեսք ունեցող օվալաձև կառույցով, որը, կարելի է ասել, տեղադրվելու է հին կառույցի ներսում` հանդիսանալով միացնող օղակ:
ԻՍԱՀԱԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊՈՒՐԱԿԻ ՎԵՐԱԻՄԱՍՏԱՎՈՐՈՒՄ
Նախաձեռնողներ՝ Արինե Քեշիշի, Զարուհի Մարգարյան
Վայրը՝ Գյումրու Իսահակյանի անվան պուրակ
Կարգավիճակ՝ Կոնցեպտ
Ավարտ՝ Անհայտ
Երկու տարի առաջ «Հարթակ» փառատոնի շրջանակում հայտարարվեց մրցույթ` «Վերաիմաստավորելով Գյումրու Իսահակյանի անվան պուրակը» խորագրով: Մրցույթի նպատակն էր նորարարական շունչ հաղորդել այդ երկար տարիների պատմություն ունեցող այգուն: Արինեն և Զարուհին այդ ժամանակ Իտալիայում էին, բայց, միևնույն է, որոշեցին մասնակցել, քանի որ Գյումրին իրենց համար շատ հոգեհարազատ է, և ուզում էին իրենց ներդրումն ունենալ քաղաքի զարգացման մեջ: Իրենց առաջարկված հայեցակարգը գրավեց մրցույթի առաջին մրցանակը, սակայն իրականացման մասին դեռ հստակ տեղեկություններ չկան:
Գաղափարը ձևակերպելիս, հեղինակների համար շատ կարևոր էր գտնել հենց այդ վայրին համապատասխան լուծում, այլ ոչ թե պարզապես ինովացիոն մոտեցում: Քանի որ պուրակն ինքն իրենով ունի ձգված անանջատ ժապավենաձև հորինվածք, առաջարկեցին մասնատումներով ստեղծել մի քանի գոտիներ, որոնք կլինեն ընդհանուր ժապավենի անբաժան բաղադրիչներ: «Առհասարակ, երկար ձգվող այգիների վերաբերյալ կա մի ընդհանրական մոտեցում, որ այն պետք է լինի շարունակական՝ մի տեղից սկսի և հոսի մեկ այլ տեղ,- ասում է Արինեն,- բայց մեր գաղափարը լրիվ հակառակն էր: Որոշեցինք ուղղահայաց մասնատումներ անել, բաժանելով այգին առանձին ֆունկցիաներ ունեցող հատվածների»:
Ըստ նշանակության առանձնացրին մշակութային, մարզական, հասարակական, կրթական, հանգստի և մանկական գոտիներ: Կլինեն սրճարանային հատվածներ, ամֆիթատրոն, բեմ, ցուցահանդեսների համար նախատեսված տարածք՝ մի խոսքով ամեն ինչ քաղաքային ակտիվ կյանքը խթանելու համար: Քանի որ մտահաղացումն իրենով հիշեցնում է մի մեծ գորգ, հեղինակները նաև գորգագործության դասընթացների համար հարմարություններ են նախատեսել: «Ամեն մասի ֆունկցիան ընտրված է ըստ այդ հատվածի հարակից տարածքների նշանակության,- պարզաբանում է Զարուհին,- մասնիկները իրարից անջատված են որևէ բնական էլեմենտներով՝ բուսական, ջրային և այլն»: Օրինակ՝ բնակելի շենքերի հատվածում ավելորդ աղմուկից խուսափելու համար, այդ հատվածում հանգստյան գոտիներ են նախատեսել, որտեղ զրուցարաններ են տեղադրված:
Ողջ հայեցակարգը հիմնական շեշտը հանրային տարածքի գաղափարի շուրջ է կառուցված: Տարածքն ինքն իրենով շատ լցված չէ տարբեր ծավալային էլեմենտներով, որ մարդիկ գան պարզապես դրանցով հիանալու: Այստեղ կարևոր են մարդիկ՝ մարդկանց շարժ լինի, իրենք որոշեն ինչպես օգտագործել այդ տարածքը: Այսինքն` առաջարկվում են հարթակներ,ֆունկցիաներ, կանաչ տարածքներ, որոնց ամենակարևոր էլեմենտը՝ «բանալին», մարդն է:
Վերջնական արդյունքին նայելիս, հեղինակները նկատեցին մի առանձնահատկություն, այն, որ ընդհանուր պրոեկտը վերևից դիտելիս նման է բարկոդի: Այդտեղից մտածեցին, որ այն կարող է լինել հենց Գյումրու բարկոդը, միայն իրեն բնորոշ, ինքնությունը պահպանող մի տարր:
Աղջիկների խոսքով, հանրայինի ներդնումը այդ տարածքում կբարելավի մարդկանց կյանքի որակը, քանի որ հնարավորություն կտա իրենց շփվել: «Հանրային տարածքները քաղաքային կյանքում շատ կարևոր են,- միաձայն ասում են նրանք, - քանի որ ստեղծվում է մի վայր՝ հարթակ, որտեղ դու զգում ես, որ քաղաքը քոնն է, իսկ դու քաղաքինը»:
«ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆ» ԶԲՈՍԱՅԳՈՒ ՎԵՐԱԾՆՆԴԻ ՆԱԽԱԳԻԾ
Նախաձեռնող՝ IDeA Foundation
Վայրը՝ «Բարեկամություն» զբոսայգի
Կարգավիճակ՝ Նախագծման փուլում
Ավարտ՝ 2021 (նախնական)
2015 թվականին Քոլոլյան ընտանիքի, IDeA հիմնադրամի, ՀԲԸՄ և Հայ օգնության միության աջակցությամբ ստեղծված «Հույս» Գյումրիի շենացման (Gyumri Project Hope) հիմնադրամը նպատակ ուներ իրականացնել քաղաքի տնտեսական և ենթակառուցվածքային հնարավորությունների ուսումնասիրություն և միջազգային փորձի հիման վրա մշակել քաղաքի վերափոխման գործնական ծրագիր: 2016 թ.-ին հիմնադրամը հրապարակեց «Գումրիի ռազմավարական զարգացում» հետազոտությունը, որի շոշափելի արդյունքներից մեկը դարձավ «Կումայրի վերածնունդ» ծրագիրը:
2018-ին IDeA-ն հանդես եկավ նոր նախաձեռնությամբ՝ վերակառուցելու Գյումրիի «Բարեկամություն» զբոսայգին: Սա յուրահատուկ նախագիծ է, որը ներառում է կոմերցիոն, սոցիալական և մարդասիրական բաղադրիչներ՝ հիմնված մասնավոր-հանրային գործընկերության մոդելի վրա:
Գյումրիում հենց այս այգու ընտրությունը մի քանի պատճառ ունի։ Նախ՝ հանրային քննարկումների ընթացքում գյումրեցիները ցանկություն են հայտնել վերակառուցված տեսնել հենց հանրային տարածքները։ Երկրորդ՝ այս այգին պատմական կենտրոնը միացնում է արդյունաբերական տարածքներին և երկրաշարժից հետո ստեղծված թաղամասերը ենթակառուցվածքային առումով կապում քաղաքի կենտրոնին։
Գաղափարային տեսանկյունից նախագիծը կոչված է արտացոլելու տարբեր ժողովուրդների և երկրների բարեկամությունը։ Նպատակ կա վերակառուցված այգում ներկայացնել այն բոլոր կարևոր իրադարձությունները, որոնք կյանքի են կոչվել բարեկամության շնորհիվ քաղաքի ողջ պատմության ընթացքում՝ հատկապես երկրաշարժից հետո:
Խորհրդանշական է, որ Ազնավուրի ընտանիքը եղել է IDеA-ի առաջին և գլխավոր գործընկերներից այս նախագծում՝ շարունակելով աջակցությունը քաղաքին շանսոնյեի մահից հետո։ Մասնավորապես՝ այգու տարածքի տնակներում բնակվող 22 ընտանիքի համատեղ ջանքերով տրամադրվել են հարմարավետ բնակարաններ։
«Բարեկամություն» զբոսայգու վերակառուցմամբ նոր շունչ կհաղորդվի վերակառուցվող Գյումրիին։