APICIUS ARMENIA. «Ամեն օրն այստեղ փոխում է իմ մտածելակերպը ոլորտի մասին»
Կրթություն

APICIUS ARMENIA. «Ամեն օրն այստեղ փոխում է իմ մտածելակերպը ոլորտի մասին»

2025-ին Դիլիջանում բացվեց Ապիցիուս Արմենիա հյուրընկալության և խոհարարական կրթության նորարարական կենտրոնը։ Նախագիծը կյանքի է կոչվում Green Rock հիմնադրամի և Apicius International School of Hospitality-ի համագործակցությամբ՝ նպատակ ունենալով Հայաստան բերել եվրոպական չափանիշներով կրթություն հյուրընկալության ոլորտում։ Կենտրոնի հինգ ուսանողներ պատմել են ԵՐԵՎԱՆին, թե ինչպես է նոր ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները փոխել իրենց պատկերացումները ոլորտի մասին և օգնել կերտել նրանց ապագան։

Տեքստը՝ Արեգ Դավթյանի

 

Լուսանարները՝ Ապիցիուս Արմենիայի

 

ԵՐԵՎԱՆ #92 | 2026

#Գործընկեր #Դիլիջան

Աննա Թադևոսյան

Հյուրընկալության կառավարում

 

 

Ես հանրային սննդի ոլորտ եմ մտել պատահաբար՝ այն ժամանակ, երբ թողեցի համալսարանն ու հասկացա, որ պետք է ինքնուրույն վաստակեմ և զարգանամ։ Սկզբում ոլորտը դիտում էի որպես ժամանակավոր փուլ՝ մի բան, որը պարզապես կօգնի ինձ ժամանակ շահել և գումար վաստակել, մինչև կհասկանամ, թե իրականում ինչով եմ ուզում զբաղվել։

 

Սկսեցի աշխատել որպես բարիստա, ու շուտով հասկացա, թե ինչ է նշանակում ոչ թե պարզապես սպասարկել, այլ ստեղծել փորձառություն, փոխանցել զգացողություն։ Ավելի ուշ մասնակցեցի ռեստորանի բացման նախագծի։ Այդ փորձն օգնեց հասկանալ, որ ինձ ամենաշատը գրավում է հենց կազմակերպչական հատվածը։ Ինձ ոգեշնչում է այն գործընթացը, երբ դու անցնում ես մեծ գաղափարից և կոնցեպտից մինչև ամենափոքր դետալները՝ նույնիսկ այնպիսի մանրուքներ, ինչպիսիք են սեղանին դրված անձեռոցիկի չափը և արդյոք այն համապատասխանում է ընդհանուր ոճին։

 

Չնայած նրան, որ նախագիծը վերջում չհաջողվեց, դա ինձ համար դարձավ ամենաարժեքավոր փորձառություններից մեկն ու, կարելի է ասել, իմ ճանապարհի սկիզբը։ Հենց այդ պահին ես հասկացա, որ ուզում եմ իմ կյանքը կապել այս ոլորտի հետ։

 

Apicius Armenia-ն իմ կյանքում դարձավ շրջադարձային։ Ես տեսա մի ծրագիր, որը համադրում է պրակտիկան, միջազգային մոտեցումը և հստակ կառուցվածքը. սա հենց այն էր, ինչ ինձ պակասում էր ու միևնույն ժամանակ շուկայում նման որակի ու հագեցվածության դասընթաց չկար։ Այդ պատճառով էլ ես որոշեցի դիմել և սովորել այստեղ։

 

Յուրաքանչյուր նոր դասի և յուրաքանչյուր նոր փորձառության հետ ես ավելի լավ եմ հասկանում այն բաները, որոնք նախկինում տեսնում էի, բայց չէի գիտակցում։ Դրանք կարող էին թվալ սովորական, բայց ես չէի հասկանում՝ որտեղի՞ց են գալիս, ինչո՞ւ են այդպես աշխատում և ի՞նչ արդյունքի են տալիս։ Հիմա այդ ամենը ինձ համար շատ ավելի պարզ ու հասկանալի է դարձել։

 

Դիլիջանում միջազգային դասախոսների հետ սովորելով՝ ես հասկացա, որ մեր ոլորտում դեռ շատ մեծ աճի հնարավորություն կա, և այն բացերը, որոնք այսօր գոյություն ունեն, իրականում շատ ավելի մեծ են, քան կարող է թվալ առաջին հայացքից։

 

Ես մեծ հույս ունեմ, որ մեր ուսումն ավարտելուց հետո մենք կվերադառնանք Հայաստան և կփորձենք լրացնել այս բացերը։ Օգտվելով այս հնարավորությունից և մեր ունեցած ռեսուրսներից՝ մենք կարող ենք իրականում փոխել ոլորտը և դարձնել այն շատ ավելի զարգացած և ուժեղ, քան երբևէ կարելի էր պատկերացնել։

 

Apicius Armenia-ն այս ամբողջ ճանապարհին ինձ համար ունի շատ կարևոր դեր։ Երկար տարիներ տարբեր ընկերություններում աշխատելու ու փորձի միջոցով զարգանալու փոխարեն՝ դու ստանում ես հնարավորություն շատ կարճ ժամանակում ձեռք բերել գիտելիքներ, փորձ, կապեր և մուտքի հնարավորություն այնպիսի վայրեր, որտեղ սովորաբար հասնելու համար պետք կլիներ տարիներ։

 


 

Վադիմ Մկրտումյան

Սնունդ, գինի և առողջ ապրելակերպի ուսումնասիրության բաժին

 

 

Մանկուց սիրել եմ մասնակցել մայրիկիս հետ ուտեստների պատրաստման գործընթացին, կամ տոն օրերին խորովածի պատրաստմանը: Դա ինձ համար մի պահ էր, որտեղ համախմբվում էին համերը, ջերմ մթնոլորտը, խինդն ու ծիծաղը: Ուղղակի հրաշք: Հենց այդ զգացողությունները ինձ ստիպեցին ընտրել խոհարարության ու հյուրընկալության ոլորտը:

 

Բանակից զորացրվելուց հետո ստացա առաջին խոհարարական կրթությունն ու աշխատեցի մոտ մեկ տարի: Բայց ուզում էի ավելին սովորել ու ավելի շատ փորձ ձեռք բերել և դուրս գալ միջազգային շուկա:

 

Որոշեցի միանալ Apicius Armenia-ին, քանի որ տարածաշրջանում առաջինն է ու միակը, որը տալիս է միջազգային կրթություն և հնարավորություն սովորել նույնիսկ Իտալիայում: Սա հրաշալի վայր է, որտեղ հասկանում ես, որ իսկապես ճիշտ ուղու վրա ես և վախենալու ոչինչ չկա:

 

Apicius Armenia-ն ամեն օրը փոխում է իմ մտածելակերպն այս ոլորտի մասին՝ ամեն անգամ նոր դասախոսներ, նոր միջոցառումներ, նոր փորձ: Ամեն օրն այստեղ նոր է:

 

Այս ոլորտում աճելու համար շատ կարևոր է շփվել քեզանից խելացի ու փորձառու մարդկանց հետ: Apicius Armenia-ն տալիս է այդ հնարավորությունը՝ սովորել միջազգային դասախոսներից ամեն ինչ՝ կապված հյուրընկալության ու խոհարարության հետ:

 

Միջազգային դասախոսներից ամեն օր սովորելով, նրանց հետ շփվելով՝ հասկանում ես, թե հայկական շուկան ինչքան տեղ ունի աճելու և զարգանալու համար: Այնքան հաճելի է պատկերացնել, որ կարող ես հենց դու զարգացնել ու դեպի լավը փոխել ոլորտը, քանի որ միևնույն ժամանակ Հայաստանը նման է հյուրընկալության ոլորտում առաջատարներին և ինչ-որ առումներով անգամ առավել է։

 

Apicius Armenia-ում սովորելով՝ ցանկություն է առաջանում զարգացնել քո երկրի խոհանոցն ու հյուրընկալության ոլորտը և անել ամեն ինչ, որպեսզի լրացնես բոլոր բացերը:

 

Ինչպես ցանկացած ուսանող, ես էլ ապագայում ցանկանում եմ ինձ տեսնել որպես ոլորտում լավագույններից մեկը, որ այն դարձնում է ավելի հետաքրքիր, պրոֆեսիոնալ ու լավը: Ապիցիուս Արմենիան շատ մեծ դեր կունենա այդ տեսլականի ձևավորման հարցում, քանի որ այն մեծ կապեր ստեղծող, մոտիվացնող ու դեպի պրոֆեսիոնալ աշխարհ ուղարկող վայր է:

 


 

Արմեն Վերդյան

Հյուրընկալության կառավարում

 

 

Ես միշտ մտածել եմ, որ կդառնամ բժիշկ, բայց մինչև վերջ ես կասկածում էի՝ արդյոք կկարողանամ ամբողջությամբ նվիրվել ուսմանը և հասնել լավագույն արդյունքների։ Ինստիտուտում սովորելու ընթացքում որոշեցի աշխատանք գտնել և ընդունվեցի «Corpous Gastrobar» ռեստորան որպես մատուցող։ Հենց այդտեղից էլ սկսվեց իմ սերը այս ոլորտի նկատմամբ։ Եվ մի օր իմ մոտ բարեկամը ինձ ուղարկեց Apicius Armenia-ի կայքի հղումը՝ ասելով. «Սա հենց քեզ համար է»։ Առանց երկար մտածելու ես համարձակվեցի, վերցրեցի փաստաթղթերս ինստիտուտից և դիմեցի այս դպրոց։ Իրականում յուրաքանչյուր դաս ու երկխոսություն այս ոլորտի մասնագետների հետ փոխում և ընդլայնում է իմ աշխարհայացքն ու գիտելիքները։

 

Ամենից շատ հիշվում են տարբեր հյուրանոցներ և ռեստորաններ կատարած այցերը, ինչպես նաև հյուր խոսնակների հետ հանդիպումները, որոնք կիսվում են իրական կյանքի իրենց փորձով։ Ես նրանցից շատ բան եմ սովորում և ինձ դուր է գալիս լսել մարդկանց, ովքեր ինչ-որ բանի են հասել այս ոլորտում։

 

Այս միջավայրն ինձ հնարավորություն տվեց նոր տեսանկյունից նայել հայկական խոհանոցին և հյուրընկալությանը, համադրելով ավանդույթը ժամանակակից մոտեցումների հետ։ Ես սկսեցի ավելի շատ արժևորել ոչ միայն ջերմ վերաբերմունքը, այլ նաև որակը, պրոֆեսիոնալիզմը այս գործի մեջ և ավելի լավ հասկանալ, թե ինչ է ուզում հյուրը:

 

Հինգ տարի անց ես ինձ տեսնում եմ բարձրակարգ խոհանոցի և սպասարկման ռեստորանի մենեջերի դերում, ցանկալի է հենց Green Rock-ի ծրագրերից մեկում, հետո գուցե նաև տնօրենի դերում, եթե հինգ տարվա ընթացքում կարողանամ ձեռք բերել բավարար գիտելիք և որակյալ փորձ։ Ես վստահ եմ, որ դա ինձ մոտ կստացվի։ Իմ դպրոցն ինձ տալիս է բոլոր հնարավորություններն ու պայմանները, որպեսզի ես դառնամ լավագույնն այս ոլորտում, միշտ լինեմ առաջատար և արժանավայել ներկայացնեմ Apicius Armenia-ն՝ գնահատելով այն հնարավորությունները, որոնք ինձ օգնում են հասնել իմ նպատակներին։

 


 

Սյուզի Պողոսյան

Հյուրընկալության կառավարում

 

 

Սկզբում հյուրընկալության ոլորտի մասին շատ մեծ պատկերացում չունեի. ինձ համար դա պարզապես սպասարկում էր։ Սակայն միշտ սիրել եմ մարդկանց հետ շփվել, հասկանալ նրանց, օգնել և ժպիտ պարգևել։ Ժամանակի ընթացքում հասկացա, որ ուզում եմ զարգանալ հենց այս ոլորտում՝ ոչ թե պարզապես սպասարկում մատուցել, այլ իրական հյուրընկալություն ստեղծել։ Ապիցիուս Արմենիան ընտրեցի, որովհետև դա լավագույն կրթական հարթակն է, որը տալիս է այդ հնարավորությունը՝ խորությամբ հասկանալու ոլորտը և զարգանալու պրոֆեսիոնալ մակարդակով։

 

Apicius Armenia-ում ամեն ինչ շատ գործնական է։ Հիշում եմ, երբ առաջին անգամ միջոցառում էինք կազմակերպում, ունեինք շատ քիչ ժամանակ, բայց պետք էր ամեն ինչ անել ճիշտ և բարձր մակարդակով։ Այդ պահին հասկացա, թե որքան արագ և երբեմն սթրեսային է այս ոլորտը։ Միևնույն ժամանակ հասկացա, թե որքան կարևոր են փափուկ հմտությունները՝ հաղորդակցությունը, թիմային աշխատանքը, արագ կողմնորոշվելը։ Մենք այստեղ պարզապես դասեր չենք անում, այլ անցնում ենք իրական իրավիճակների միջով և սովորում հենց այդ փորձից։

 

Հայաստանում կա կարծրատիպ, որ մարզերում կյանքը կանգնած է և զարգացման հնարավորությունները սահմանափակ են։ Սակայն Apicius Armenia-ն ամբողջությամբ կոտրում է այդ պատկերացումը։ Այստեղ մենք ոչ միայն սովորում ենք, այլ նաև ստեղծում ենք կարևոր կապեր՝ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մակարդակում։ Սա, իմ կարծիքով, ամենակարևոր փորձառություններից է ուսանողի համար։

 

Մենք չենք սահմանափակվում միայն դասախոսությամբ, այլ փորձում ենք ձևավորել երկարաժամկետ կապեր, որոնք մեծ դեր ունեն ապագա կարիերայի զարգացման մեջ։

 

Դժվար է կանխատեսումներ անել այս դարում ու այն էլ այս ոլորտի համար սակայն հինգ տարի անց ինձ տեսնում եմ որպես ոլորտում կայացած մասնագետ, ով ունի բավարար գիտելիք և փորձ՝ աշխատելու կամ ղեկավարելու հյուրընկալության ոլորտում տարբեր նախագծեր։ Իմ մեծ նպատակներից մեկն է նաև միջազգային հարթակներում ներկայացնել Հայաստանը որպես հյուրընկալ երկիր, քանի որ հյուրընկալությունը մեր մշակույթի կարևոր մասն է։

 


 

Ռուբեն Ղամբարյան

Սնունդ, գինի և առողջ ապրելակերպի ուսումնասիրության բաժին

 

 

Դպրոցն ավարտելուց հետո կանգնած էի ընտրության առաջ՝ շարունակել ոսկերչության, թե՞ խոհարարության ուղղությամբ։ Հանգամանքների բերումով ընտրեցի խոհարարությունը և ժամանակի ընթացքում հասկացա, որ դա ճիշտ որոշում էր։ Ավարտել եմ Երևանի տարածաշրջանային պետական քոլեջի խոհարարական արվեստի բաժինը, որից հետո շուրջ 5 տարի աշխատել եմ ոլորտում՝ ձեռք բերելով գործնական փորձ։

 

Աշխատելու տարիներին հասկացա, որ ցանկանում եմ խորացնել և ամրապնդել մասնագիտական գիտելիքներս։ Համացանցից տեղեկացա Apicius Armenia-ի մասին և որոշեցի շարունակել կրթությունս այստեղ՝ ստանալու միջազգային կրթություն և որակավորում։

 

Apicius Armenia-ում ուսուցումը կառուցված է այնպես, որ մենք մշտապես ներգրավված ենք իրական գործընթացների մեջ։ Հատկապես կարևոր են այն դեպքերը, երբ մասնակցում ենք մեծ միջոցառումների կազմակերպմանը։ Այդ պահին դու ոչ միայն պատրաստում ես ուտեստ, այլ կրում ես մեծ պատասխանատվություն ամբողջ թիմի հետ միասին։ Սա սովորեցնում է աշխատել ճնշման տակ, արագ կողմնորոշվել, լինել կազմակերպված և ուշադրություն դարձնել յուրաքանչյուր մանրուքին։ Այդ փորձառությունները ձևավորում են ոչ միայն հմտություններ, այլ նաև մտածելակերպ՝ ինչպես աշխատել պրոֆեսիոնալ խոհանոցում։

 

Միջազգային շեֆերի և դասախոսների հետ աշխատելով՝ ծանոթանում ես տարբեր մոտեցումների, տեխնիկան և ստանդարտներն ընդլայնում են քո մասնագիտական մտածելակերպը։ Նաև սկսում ես ավելի խորությամբ գնահատել հայկական խոհանոցը՝ հասկանալով, թե ինչպես կարելի է այն ներկայացնել ժամանակակից և միջազգային մակարդակով։ Ինչ էլ սովորես կամ որտեղ էլ աշխատես, հայկական խոհանոցի համն ու հոտը մնում են անփոխարինելի և յուրահատուկ։

 

Հինգ տարի անց ինձ տեսնում եմ որպես կայացած մասնագետ, ով կառուցում է իր կարիերան միջազգային հարթակներում։ Իմ նպատակն է զարգանալ, ձեռք բերել նոր փորձ և աշխատել բարձր մակարդակի միջավայրում։ Ապիցիուս Արմենիայում ստացած գիտելիքներն ու փորձառությունը կարևոր հիմք են այդ ճանապարհին, քանի որ այստեղ ես ոչ միայն սովորում եմ, այլ նաև ձևավորում եմ պրոֆեսիոնալ մտածելակերպ և ձեռք բերում այն հմտությունները, որոնք անհրաժեշտ են միջազգային ոլորտում հաջողելու համար։

հավելյալ նյութեր