«Արա Հարությունյան. Կոմիտասից Կոմիտաս»
Նոր ցուցահանդես՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում։
01.02.2021Կոմիտասի թանգարան-ինստիտուտում հունվարի 29-ից մեկնարկել է «Արա Հարությունյան. Կոմիտասից Կոմիտաս» ցուցադրությունը: Քանդակագործ-մոնումենտալիստ Հարությունյանը մոնումենտալ արվեստում իր ճանապարհն սկսել և ավարտել է Կոմիտասով, թեպետ լայն հանրությանը հայտնի է այդ աշխատանքների միայն փոքր մասը (առաջին հերթին՝ 1954-ին Կոմիտասի շիրիմին տեղադրված քանդակը և 1988-ին Պետական կոնսերվատորիայի պուրակում տեղադրված արձանը)։ Ներկայացված աշխատանքները ստեղծվել են տասնամյակների ընթացքում և տարիներ շարունակ կողք-կողքի «ապրել» քանդակագործի արվեստանոցում:
Ինչպես նշվում է ցուցադրության ֆբ-էջում, այստեղ կարելի է տեսնել հեղինակի ոչ միայն ավարտուն աշխատանքները, այլև էսքիզները, կոմիտասյան թեմաներով գծանկարները, քանդակների տարբերակները, որոնք տեսանելի են դարձնում կերպարի ստեղծման դժվարին, երբեմն անգամ տառապալից ընթացքը՝ ուրվանկարից և գիպսե էսքիզից մինչև բրոնզե ձուլվածք՝ հնարավորություն տալով այցելուին թափանցել արվեստագետի «սրբության սրբոցը»՝ աշխատանքային լաբորատորիան: Ցուցադրության նպատակն է առաջին անգամ մեկ հարթակում ներկայացնել Արա Հարությունյանի ողջ «կոմիտասապատումը»:
Ցուցադրության համադրողն է Մարինե Հարոյանը:
Ցուցահանդեսը կշարունակվի մինչև այս տարվա հունիսի 1-ը։