Առաջին հայկական մուլտիպլիկացիոն ֆիլմը, 1938թ.
Անիմացիա

Առաջին հայկական մուլտիպլիկացիոն ֆիլմը, 1938թ.

Ինչպես Լև Ատամանովը հիմնեց հայկական անիմացիոն կինոն։

Խորհրդային մուլտիպլիկացիայի առաջամարտիկներից մեկը՝ Լև Ատամանովը, հատկապես մեծ համբավ է ձեռք բերել 1950-ականների իր ֆիլմերով։ «Ոսկե անտիլոպան» ու «Սառցե թագուհին», օրինակ, ժամանակին ոգեշնչել են Հայաո Միյաձակիին։


Իր կարիերայի առաջին տարիներին Ատամանովը եղել է Հայաստանում ու հիմնադրել տեղական մուլտիպլիկացիոն կինոն։ 1934-ին նրա ղեկավարությամբ Հայկինոյի տարածքում կառուցվել է մուլտֆիլմերի առանձին արտադրամաս, իսկ 1938-ին լույս է տեսել նրա սև-սպիտակ «Շունն ու կատուն»։ Մեկ այլ լեգենդար անիմատոր Ալեքսանդր Պտուշկոյի հետ համատեղ գրված սցենարում թումանյանական սյուժեն մի փոքր ճյուղավորվել է. նախաբանում երևում է, թե ինչպես է Քեռի Քուչին կորցնում գլխարկը, իսկ Ուստա Փիսոյի հետ կոնֆլիկտն առաջանում է Այծ Դիվանբաշու պատճառով, որը տանում է կատվի գործած նոր գդակը։ Ֆիլմն էկրան բարձրացավ 1939-ին՝ դպրոցական արձակուրդների ժամանակ՝ առաջին անգամ ցուցադրվելով Երևանի «Պիոներ» կինոթատրոնում։ Ապա հերթը հասավ նաև միութենական կինոթատրոններին։ Հայկական կինոյի հիմնադիր Համո Բեկնազարյանն այսպես է խոսել ֆիլմի մասին. «Այստեղ արդեն Դիսնեյի պերսոնաժները չեն, որ այնքան ծանոթ են թե՛ ըստ իսկականի և թե՛, ավա՜ղ, ըստ բազմաթիվ ընդօրինակումների։ Այս շունն իր յուրաքանչյուր շարժումով և յուրաքանչյուր քայլով հաստատում է իրեն որպես Թումանյանին նյութ ծառայած հայկական ֆոլկլորի կերպար»։

 

 

«Շունն ու կատուն», Երևան, 1938թ.


Ատամանովը Երևանում նկարահանեց ևս երկու անիմացիոն կինոնկար՝ «Տերտերն ու այծը» (1939) և «Կախարդական գորգը» (1948)՝ առաջին հայկական գունավոր մուլտֆիլմը, որից հետո վերադարձել է Մոսկվա։ Արդեն այնտեղ՝ «Սոյուզմուլտֆիլմում», Ատամանովը նորից վերադարձել է թումանյանական հեքիաթին ու նույն սցենարով, բայց շատ ավելի մեծ ռեսուրսներով նկարահանել է ռուսալեզու, գունավոր «Շունն ու կատուն»։ Նույն տարիներին Ատամանովը ևս երկու հայկական մոտիվներով ֆիլմ էր պատրաստում՝ «Հայրենի հովտի երգերը» և «Ոսկե քյամանչան», որոնք, սակայն, այդպես էլ մնացին սցենարական փուլում։

 

 

«Շունն ու կատուն», Մոսկվա, 1955թ.
 

Եվս մեկ անգամ «Շունն ու կատուն» էկրանավորվել է 1975 թվականին. «Հայֆիլմի» վերաբացված մուլտիպլիկացիոն բաժնում Արմեն Միրաքյանը նկարահանել է հեքիաթի տիկնիկային տարբերակը։

 

 


«Շունն ու կատուն», Երևան, 1975թ.
 

հավելյալ նյութեր