«Նոյյան տապանի» փակումը․ «Երևանը ավելի շատ գրքի մայրամուտի մայրաքաղաք է»
Փակում

«Նոյյան տապանի» փակումը․ «Երևանը ավելի շատ գրքի մայրամուտի մայրաքաղաք է»

Հունիսին իր դռները փակեց անկախության շրջանի ամենահին ու հայտնի երևանյան գրախանութներից մեկը՝ «Նոյյան տապանը»։ ԵՐԵՎԱՆը զրուցել է խանութի խորհրդատու-վաճառող, բանաստեղծ Արամ Ավետիսի հետ՝ գրախանութներում իր ունեցած փորձի, գրականության ու սննդի մրցակցության և մշակույթի հանդեպ լայն հանրության անտարբերության մասին։

Տեքստը՝ Մարիամ Ալոյանի 

 

Լուսանկարները՝ Նոյյան տապան գրախանութի ֆբ-էջից

#ՔաղաքըԿարդումԷ

Բյուրոկրատից՝ Նոյյան Տապան

Մինչև «Նոյյան Տապանը» աշխատել եմ «Բյուրոկրատում», ինձ մոտ մի տեսակ վատ է ստացվում գրախանութում աշխատելը, որտեղ մտնում եմ՝ սկսում է փակվել, գուցե մի քիչ էլ ինձնից է: Երբ «Բյուրոկրատը» փակվեց, ինձ հրավիրեցին «Նոյյան Տապան». դա վեց տարի առաջ էր: Այն ժամանակ Կոմիտասում էր, հետո տեղափոխվեց Աբովյան 6: «Նոյյան Տապանը» միֆ էր դարձել, մանավանդ ավագ սերունդը գրախանութ բառը ասոցացնում էր Նոյյանի հետ ու  էդ գովազդը, անունը մինչ հիմա էլ կա, որ այդտեղ կան աշխարհի բոլոր գրքերը, ամենալավ գրքերը, երևի որովհետև առաջիններից մեկն է եղել, կողքն էլ մի ժամանակ «Անի» անունով գրախանութ կար: 

 

Ես միշտ մտածում էի, որ «Բյուրոկրատն» էր ամենակոլորիտային գրախանութը, իսկ Նոյյանը մի քիչ ավելի ավագ սերնդի համար էր իմ կարծիքով: Եվ ես իմ բյուրոկրատական ոճով մտա «Նոյյան Տապան»: Նոր գրքեր սկսեցինք պատվիրել, դա էլ արդեն իմ անձնական ճաշակից էր, հետո մի քիչ ավելի հիպպիականություն մտավ, երևի էլի մի քիչ իմ շնորհիվ: «Բյուրոկրատի» հաճախորդները սկսեցին գալ «Նոյյան Տապան», բայց հիմա քանի որ բացվել են էդ ինտերնետային խանութները, դժվարացել է: 

 

Երբ ես մի 7-8 տարի առաջ բողոքում էի, որ գիրք կարդալու մշակույթը չկար, հիմա զգում եմ, որ դա ավելի չկա: Հիմա ավելի են խոսում դրա մասին, որովհետև գիրքը մի տեսակ դարձավ նվեր: Իտալացի Ջակոմո Լեոպարդի անունով մի փիլիսոփա կար, որ ասում էր, որ մոդան ծառայում է մահվանը, իսկ Նիցշեն ասում է, որ այն ազգերը, որոնք շատ աղքատ են և՛ ֆինանսական, և՛ հոգևոր իմաստով, մոդան շատ ավելի է զարգացած: Նույնը գրականության մեջ ավելի շատ խոսում են այն մարդիկ, ովքեր կյանքում կապ չեն ունեցել գրքերի հետ, որը գալիս է հոգևոր սովը ծածկելու նպատակից: 

 

 

Խորհրդատվության կարևորության մասին

«Բյուրոկրատը» հիմնված էր խորհրդատուների ու էդ տրամադրության վրա, կարող էիր գալ ու քեզ զգալ փոքր համալսարանում։ Իսկ մեծ գրախանութների համար խորհրդատուն մեծ կարևորություն չունի, որովհետև մարդիկ ունեն ամեն ինչ, իրենց մնում է ասել՝ այդ պահին կա՞ այդ գիրքը, թե ոչ: Կամ էլ պիտի հսկեն, որ չգողանան գրքերը: Նոյյանի փիլիսոփայության մեջ, երբ ես եկա, չկար միտքը, որ ինչ-որ մեկը պիտի խորհուրդ տա գիրքը: Բայց խորհրդատուն կաշխատի միայն այն գրախանութում, որտեղ հենց գրախանութ է, այլ ոչ թե նաև գրախանութ: 

 

Ինչու են փակվում գրախանութները

«Բյուրոկրատը» փակվեց, երբ ավելացավ ռեստորանը, դա համատեղելի չէ, որովհետև ռեստորան մարդ է գալիս, որ ուզում է ուտել, իսկ գրքի մարդուն հաճելի չի, որ  գալիս ու տեսնում է՝ մարդիկ ուտում են: Իսկ «Նոյյան Տապանը» ավելի շատ իր հին անվան հաշվին էր լողում: 

 

Հայաստանի համար էդ համատեղելիությունը, կարծում եմ, աշխատող չի, նույն «Արթբրիջը» էլի փակվեց, ճիշտ է, շատ մեծ գրախանութ չէր,  բայց տրամադրություն կար: Ինձ թվում է՝ մեզ մոտ ուտողներն ու գիրք կարդացողները տարբեր մարդիկ են, մեզ մոտ Սովետից եկած բան է՝ արվեստագետը պիտի սոված լինի, ուտելու հետ չի ասոցացվում․․․ Ու դե էլի պիտի ասեմ, որ օնլայն խանութներն են խանգարում նաև, որովհետև դրանք մատչելի են: 

 

Միջոցառումները

«Նոյյան Տապանն» ուներ միջոցառումների սրահ։ Իմ գրքի շնորհանդեսը հենց այնտեղ էլ արել եմ: Բայց մեծ հաշվով միջոցառումները չեն օգնում, էդ հանդիպումների մեջ մի տեսակ սովետական բան կա, դա էլ գալիս է դպրոցներից, որովհետև էնպիսի գրքեր են տալիս, որ սպանում է գրականությունը առհասարակ, օրինակ՝ ես իմ շնորհանդեսներին աշխատում եմ քիչ խոսել կամ չխոսել: Շնորհանդեսների ժամանակ Հայաստանում քիչ են գնում գրքի համար. գնում են ուտելու, խոսելու շփվելու, բայց ոչ գրքի համար:

 

Տեղը

Նոյյանը մի քանի անգամ տեղ փոխեց։ Մարդիկ սովորում են մի տեղին, հետո գալիս տեսնում են բացվել է կրուասան ուտելու տեղ, հետո ուրիշ տեղի են սովորում, գալիս տեսնում են՝ դա էլ է փոխվել: Բայց Երևանում տեղեր կան, որ ոչինչ չի աշխատում, ինչ անես: Մտածում ես Վարդանանց փողոցն է, կենտրոն, պիտի որ ակտիվ լինի, բայց արի ու տես, որ չէ: Մարդիկ չեն կարողանում գտնել գրախանութի տեղը: Բայց օրինակ՝ ռուսները միշտ գալիս են, գտնում են, իրենք ուղղակի հասկանում են, որ կարող են միացնել հեռախոսը ու քարտեզով գնալ, իսկ մերոնք զանգում են, հազար անգամ հարցնում են՝ որտեղ է:

 

Արձագանք

Ինձ թվում է՝ Հայաստանում ինչ վերաբերում է մշակութային կենտրոններին, մարդկանց մեկ է, գուցե շատ քիչ քանակով մարդկանց հուզի, բայց մեծ հաշվով մեկ է, դա կփակվի՝ այլ տեղ կգնան:

 

Նյարդայնացնող է, որ մարդիկ կարող են Պոզներ լսել ժամերով, բայց իրենց ազգից իրենց կողքից խոսող մարդուն չեն ուզում լսել: Վերևից տրված ցանկերին են սիրում հետևել, չեն ուզում փոխել ու փոխվել: 

 

Հետո մարդիկ կան, որ էլի սպառողի մտածելակերպ ունեն, ասում են՝ որ լավ գովազդ չենք անում։ Բայց դա կարդացողի մտածելակերպ չի էլի, ինչի՞ պիտի բլոգերը գիրք խորհուրդ տա, որ նոր գնան գիրքը առնեն կարդան: Բլոգերը իր աշխատանքի մասին կարող է խոսել, բայց գիրք կարդալու մասին ինչի՞ խոսի: Ես նոր գրքիս մեջ էլ գրել եմ, թե ինչքան նման են իրար սպառողն ու սպանողը․ դու ծախսում ես, բայց երբեք չես ստեղծում: Կարդացողները գուցե շատացել են, բայց ի՞նչ կարդացողները, Սովետի ժամանակ էլ Լենինի պրոպագանդայի գրքերը ստիպում էին կարդալ, բայց հո կարդացող չէի՞ն: 

 

Երևանը ավելի շատ գրքի մայրամուտի մայրքաղաք է: Կարծեմ Բուքովսկին էր ասում, որ լուրջ հասարակությունը ստեղծում է լուրջ գրողներ և հակառակը՝ մեծ գրողներն են ստեղծում մեծ հասարակություն: Վատ հասարակության մեջ գրախանութները փակվում են, ուրիշ զարգացման տեղ չկա:

 

հավելյալ նյութեր