Արամ MP3. «Մեր ժամանակները»
Իմ Երևան

Արամ MP3. «Մեր ժամանակները»

Արամ ՄՊ3-ի Երևանը։

Տեքստը՝ Լենա Գևորգյանի


Լուսանկարը՝ Արա Ասլանյանի


ԵՐԵՎԱՆ #18, 2013

#ԻմԵրևան

«Երևանը գյուղաքաղաքի է վերածվել: 

Հասարակությունը փոխվել է, միգրացիան շատացել է, ու կան շատ բաներ, որ Երևանի քաղաքացուն սազական չեն»

Առաջին հիվանդանոցում եմ ծնվել, գիշերվա ժամը մեկի կողմերը: Ընտանիքիս առաջնեկն եմ` սպասված տղան, բայց ինքս էդ օրվանից ոչ մի հետաքրքիր բան չեմ հիշում:

 

Մինչև վեց տարեկան Կայարանում ենք ապրել, էնտեղ եմ մանկապարտեզ գնացել: Երկրաշարժի օրը մանկապարտեզում էի, դայակը գոռաց` «երկրաշա՜րժ, երկրաշա՜րժ»: Մենք ոչ մի բան չզգացինք, չհասկացանք ինչ է կատարվում ու բացականչեցինք` «Ուռաաա՜»:

 

Մանկությունս Չերյոմուշկայում է անցել. Հրազդանի կիրճ, փոքր մոստ, չաշկեք-չռիկներ, բիձու գյոլ` այստեղ եմ մեծացել: Թումանյանի այգում մեծ ինքնաթիռ էին տեղադրել, որը ռեստորանի էր վերածվել: Հետո ինքնաթիռը վառվեց, մենք էլ պատուհանից արցունքներով հետևում էինք կրակին:

 

Մեր բակի մոտ մետրոյի կայարանի շինարարություն էր գնում: Էդ կողմերում «պլեն-պլեն», պահմտոցի էինք խաղում, քեֆ էինք անում, կերոսին, նավթ, բենզին էինք գողանում ու մեր բակի մանղալում կրակ անում: 90-ականներին շինարարությունը դադարեցրին: Մինչև անցյալ տարի էդ կիսաքանդ կայանը կար: Մի օր տեսա, որ շինարարությունը ասֆալտեցին: Իհարկե, լավ արեցին, որովհետև անիմաստ տարածք էր, բայց էդ պահին կարծես մանկությունս ասֆալտեին:

 

Հինգերորդ դասարանից երգչախմբում էի երգում ու օպերայի ակադեմիական դահլիճի բեմը ինձ համար արդեն սովորական էր դարձել: Իմունիտետ էի ձեռք բերել ու հանդիսատեսի առջև ելույթ ունենալու վախ չունեի: Դրանից հետո Սունդուկյանի անվան թատրոնի բեմը ինձ համար արդեն փոքր էր:

 

Հաճախել եմ նկարչության, փորագրության, կավագործության, կարատեի: Հինգ տարեկան էի, մերոնք որոշեցին, որ թեթև ատլետիկայով պիտի զբաղվեմ: Թմբլիկ երեխա էի, մարզիչը ասաց` «Տուռնիկից փորձի կախվել»: Ես միայն հիշում եմ, որ բարձրացա տուռնիկի վրա, իջա, ու մարզիչը ասաց` «Էլ չբերեք ձեր երեխային մեզ մոտ»:

 

 

Մինչև հինգերորդ դասարան Ալեքսանդր Բլոկի անվան թիվ 122 դպրոցն եմ գնացել, հետո տեղափոխվեցի քոլեջ, բայց հետ վերադարձա ու ավարտեցի Բլոկի դպրոցը: Մենք նավթով ու կերոսինով փեջերի ժամանակի սերունդն էինք` ամպուլաներ էինք գցում փեջի մեջ ու տրաքացնում: Հայրս ատամնաբույժ է, ես էլ տնից մեծ` 120 մլ ամպուլա էի բերել դպրոց: Գցեցինք՝ փեջը ուղղակի օդ թռավ:

 

Բժշկական համալսարանն եմ ավարտել: Ուսխորհուրդ, ուս-գարուններ, ՈՒՀԱ, բժշկականի ռադիո, գիշերները մնալ, չքնել, երգել` սովետական ուսանողական տարիներ եմ ունեցել:

 

Սերյոգի հետ համալսարանի ընդունելության համար քիմիա էինք պարապում: Մի օր ասեց` «Ի՞նչ ես անում, արի ուս-գարուն»: Իմ կյանքում ամեն ինչ էդ արտահայտությունից սկսվեց:

 

ՈՒՀԱ-ում խաղալու ընթացքում տներ էինք վարձում ու էնտեղ սցենարներ գրում` Քանաքեռում, Աղբյուր Սերոբ, Տպագրիչների փողոցի վրա, Պրոսպեկտի շուկայի կողքի շենքում: «32 ատամ ակումբի» հետ տուն էինք վարձում Սարյան, Նալբանդյան փողոցների վրա, հետո տեղափոխվեցինք ռադիոտան շենք, հետո` հանրային հեռուստաընկերություն: Հիմա «Վիտամին» ակումբում ենք` Թումանյանի վրա, չգիտեմ հետո ուր կգնանք:

 

Կնոջս` Աննային, առաջին անգամ հենց իրենց տանն եմ տեսել՝ Այգեստանում: Մեր ընդհանուր ընկերուհու միջոցով ենք ծանոթացել, որը Գերմանիայում էր ապրում ու Երևան էր եկել: Ի դեպ, երեքիս ծնողներն էլ համադասարանցիներ են եղել, բայց կնոջս չեմ ճանաչել: Մեր ընդհանուր ընկերուհին վերադարձավ Գերմանիա, իսկ մենք շարունակեցինք շփումը: Մինչև էսօր:

 

Էնքան զբաղված եմ, որ չեմ հասցնում զբոսնել քաղաքում, այնքան եմ կարոտում, որ մեկ-մեկ, գիշերը, ավտոմեքենայով շրջում եմ սիրելի վայրերում: Փողոցով քայլող մարդկանց եմ տեսնում` «ջան, ես էլ եմ ուզում զբոսնել»: Վերջերս գիշերվա միլիոնին հեծանիվով շրջեցինք Երևանով:

 

Չերյոմուշկայում ամեն բորդյուր ճանաչում եմ: Ընտրությունների ընթացքում կատարվող աշխատանքներից հետո միանգամից նկատում եմ, թե որ քարն են բարեփոխել, ուզում եմ նախկին տեսքի բերել, որովհետև էդպես եմ սովոր տեսնել:

 

Դուրս եմ գալիս ու տեսնում եմ անկաշկանդ սերունդ և ուրախ եմ դրա համար: Առաջադեմ են, զարգացած են, դրսում կրթություն ստանալու հնարավորություն ունեն: Մեր ժամանակ միայն «նիթենդո» կար, վատ ծամոններ ու «Դերբի» շոկոլադներ:

 

Երևանը գյուղաքաղաքի է վերածվել: Հասարակությունը փոխվել է, միգրացիան շատացել է, ու կան շատ բաներ, որ Երևանի քաղաքացուն սազական չեն:

 

Գուցե սխալվում եմ, ոչինչ չի փոխվել, կամ գնահատական տալու տարիքս չէ: 60 տարեկանում կարող եմ ասել` «Է՜հ մեր վախտերով…», իսկ հիմա դեռ մեր ժամանակներն են:

 

Չեմ ընդունում «երևանցի» ասվածը: Երևանցի լինելը կախված է մարդու ներքին կուլտուրայից ու դեպի սեփական քաղաքը ունեցած հարգանքից: Պետք է դողաս քաղաքիդ վրա, սիրես համաքաղաքացիներիդ ու բոլոր գրված ու չգրված օրենքները, որ Երևանի լավի համար են: Սա եմ որդուս սովորեցնում, չնայած դեռ փոքր է, ոչինչ չի հասկանում:

 

Թումանյանի այգին որդուս` Առնոյի, սիրելի վայրն է: Վազվզում, խաղում ենք էնտեղ: Ինքը հայտարարում է, որ սա` «Առնոյի այգին ա»: Հուսով եմ՝ նա էլ իր մանկությունից լավ ու բարի հիշողություններ է ունենալու:

 

Հիմա ես երևանցի՞ եմ` հայրս ու պապիկս Երևանում են ծնվել, պապիկիս հայրն է դրսում ծնվել: Սիրում եմ քաղաքս, էստեղ պատմություն ու լիքը հուշեր ունեմ ու փորձում եմ պահպանել դրանք: Քաղաքից շատ հեռու ծնված մարդիկ կան, որ Երևանում ծնված մեկից շատ ավելի լավ երևանցի են: Միայն քաղաքի պատմությունն իմանալն ու քաղաքի հանդեպ սերը մարդուն երևանցի չի դարձնում:

 

Ես սիրում եմ Երևանը: Փողոցում երբեք աղբ չեմ թափի, շատ եմ ուրախանում, երբ քաղաքում նոր աթոռներ, արձաններ եմ տեսնում: Դողում եմ ամեն մանրուքի վրա, որ տեսնում եմ քաղաքում: Ուրախացա, երբ շենքերը ներկեցին: Նեղվում եմ, որ, օրինակ, շատրվաններից մեկը չի աշխատում:

 

Առաջին հայացքից Երևանը գունավոր չէ, բայց ներքուստ բազմերանգ է: Իմ քաղաքը կարմրադեղնանարնջագույն ու կրակոտ է:

 

Երևանը առանձնահատուկ սիրում եմ ապրիլի վերջից մինչև հոկտեմբերի վերջ:

 

Երեկոյան զբոսնում ես, հանդիպում ու բարևում ես բոլորին, նույնիսկ անծանոթներին: Առավել սուր եմ կարոտում այս ամենը, եթե, օրինակ, երկու ամսով բացակայում եմ քաղաքից: Տուն վերադառնալու զգացումը ոչնչի հետ չեմ փոխի:

 

Համերգներս միշտ եզրափակում եմ «Իմ Երևան» երգով: Հանդիսատեսի հետ միասին երգում ենք` «այստեղ եմ ծնվել, ես այստեղ մեծացել, այս ջուրը խմել սառնորակ»: Կարծես դաստիարակչական աշխատանք լինի, որ սիրեն Երևանը, անկախ նրանից, թե որ քաղաքում են բնակվում: Համերգից հետո հաճախ եմ լսում՝ «մալադեց, ի՜նչ կայֆն էր էս վերջին երգը»:

 

Համակարգչումս ֆոլդերներ ունեմ, որոնք անվանել եմ «Ամառ», «Ամառվա կես», «Գարուն», «Ձմռան սկիզբ» և այլն. մեր բակի ծառերի լուսանկարներն են: Ժամանակ առ ժամանակ բացում եմ, ու ասում եմ՝ «ջա՜ն, էս ինչ սիրուն ա, միշտ սենց էղի էլի, չեմ ուզում ստեղից գնամ»: Էդ պահին ներդաշնակ եմ հոգուս ու քաղաքիս հետ: