Արամ Պաչյան․ «Եթե սա գրող է» | հատված
Ընթերցանության ժամ

Արամ Պաչյան․ «Եթե սա գրող է» | հատված

«Էջ» հրատարակչությունում լույս է տեսել Արամ Պաչյանի նոր գիրքը՝ «Եթե սա գրող է» ժողովածուն։ Ներկայացնում ենք գրքում ընդգրկված տեքստերից մեկը։

Պատուհանի բարձրությունը՝ 1 մետր 30 սմ, լայնությունը՝ 1 մետր 25 սմ: Փայտյա է, սպիտակ շրջանակով: Պատուհանից տեսնում եմ տան բակը, այգու մի հատվածը, խաղողի ողկույզները, որոնք ապակու մակերեսին կատվահետքեր են թվում: Ու տան դարպասը, էլեկտրասյան լարերը՝ սարդոստայն-մանվածքով: Երկնքի բարակ, զգայուն շերտն եմ տեսնում:


Տունը ջրամբարի ափին է: Ջրամբարի անունը ծով եմ դրել: Եթե անունը ծով է, ուրեմն ծով է. ունի նավահանգիստ, ձկներ, ջրիմուռներ, ցամաքալեզվին թափառող շներ, մենակ մարդիկ, առավոտից իրիկուն իրենց բախտը փորձող ձկնորսներ: Պատուհանից ծովը չի երևում: Ստվերներ եմ զգում՝ ճայերն են պտտվում ջրերի վրա: Նրանք ծիծաղում են:


Միդուեսթում բացեցի 229 համարի սենյակի դուռը: Երեք ամիս ապրելու էի: Ներս մտա, քայլեցի դեպի պատուհանը. այն կողմում պատն էր: Արդեն տեսել էի գետը, բուսաշխարհը, թռչունները. անմիջապես պատի հետևում էին: Ու ես ապրում էի: Պատուհանագոգին գրքեր էի շարում, ցորենհատիկներ, լուսանկարներ, բացիկներ, մկրատած սպիտակ թղթեր: Պատրանքի աշխարհը իրականություն էր հուսալու: 


Հիմա Քանաքեռ ՀԷԿ-ի իմ տանն եմ, պատուհանագոգին մասունքներ եմ շարել՝ տատիս մոմակալը՝ Հիսուս Քրիստոսի պատկերով, լեռնալանջից գտած հրաբխային ապարը, «Բարեկամության» անցումից 1200 դրամով գնած Բուդդայի արձանիկը, հայրիկի լուսանկարը՝ վիրահատելիս, նշի կճեպը՝ առաջին բերքից, գունաթափված ծաղիկներով սափորը, նկարազարդված մեր տոհմածառը, որի տերևներից մեկին իմ անունն է. ի հուշ մոռացման:

 

- Ռոլան Բարտ դը Սև ֆոն Սելինջեր

հավելյալ նյութեր