Արամ Խաչատրյան 120
Թանգարան

Արամ Խաչատրյան 120

2023-ի հունիսի 6-ին նշվում է Արամ Խաչատրյանի 120-ամյակը: Հոբելյանը հետաքրքիր նախաձեռնություններով տոնելու են ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում։ Հագեցած ծրագրով այն նշելու է կոմպոզիտորի տուն-թանգարանը, որը ոչ միայն սրբորեն պահպանում և հանրությանն է փոխանցում Խաչատրյանի հարուստ ժառանգությունն ու նրան առնչվող դեպքերի, իրադարձությունների մասին պատմությունները, այլև համերգներով, ցուցահանդեսներով և այլ միջոցառումներով մեծացնում է մաեստրոյի նկատմամբ հետաքրքրությունը:

Տեքստը՝ Անժելա Համբարձումյանի


Լուսանկարները՝ Academy Films, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի

 

ԵՐԵՎԱՆ #80 | 2023

#Գործընկեր #Թանգարաններ

2011 թվականից ի վեր մեր փոքր (բայց հպարտ) թիմը ստեղծում է ԵՐԵՎԱՆ քաղաքի ամսագիրը։ Մենք պատմում ենք Երևանի ու երևանցիների անցյալի, ներկայի ու ապագայի մասին։ Եվ մենք ունենք ձեր աջակցության կարիքը, քանի որ պատրաստում ենք ամսագիրը բացառապես մեր ուժերով։

 

Մանրամասներն այստեղ՝ patreon.com/evnmag

Հոբելյանական տարին

Տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանի խոսքով՝ հոբելյանական տարին ևս մեկ անգամ հնարավորություն է տալիս բարձրաձայնելու թե՛ Արամ Խաչատրյանի, թե՛ նրա ժառանգության, թե՛ տուն-թանգարանի մասին:


«Համագործակցելու ենք տարբեր հաստատությունների հետ և՛ Հայաստանում, և՛ երկրից դուրս, որտեղ կներկայացվի Խաչատրյանը ցուցադրությունների միջոցով, ինչպես նաև նրա երաժշտությունը կհնչի համերգային ծրագրերում»,– ասում է Գրիգորյանը:


Տուն-թանգարանն արդեն պայմանավորվածություններ է ձեռք բերել ռուսաստանյան մի շարք ֆիլհարմոնիաների հետ, որտեղ անցկացվելու են ոչ միայն համերգներ, այլև փառատոններ: Կան հրավերներ նաև Չինաստանից, ԱՄՆ-ից, եվրոպական երկրներից: Բացի համերգներից, կլինեն նաև դասախոսություններ»,- տեղեկացնում է Գրիգորյանը:


Հետաքրքիր նորություններ են սպասվում նաև թանգարանի մշտական ցուցադրության մեջ. տուն-թանգարանն անընդհատ փորձում է նորություններով հավելել ցուցադրությունը, որ արվեստասերը ոչ թե մեկ, այլ մի քանի անգամ այցելի թագարան: Չեն կարող խուսափել նաև նորագույն տեխնոլոգիաներից:

 

 

Kaspersky-ն և թանգարանի մյուս գործընկերները

Երեք նոր նախագիծ ունեն: Բացելով փակագծերը՝ Գրիգորյանը նշում է. «Երկու նախագիծ կիրականացնենք Arloopa ընկերության հետ, իսկ մեկը՝ «Տոնիկա» ընկերության հետ: Վերջինը նվիրված կլինի միանգամից երկու հոբելյանների. այս տարի նաև Հայ կինոյի 100-ամյակն է, իսկ Արամ Խաչատրյանն առաջին ձայնային «Պեպո» ֆիլմի երաժշտության հեղինակն է: Ընդհանուր առմամբ, նա երաժշտություն է գրել քսանից ավելի կինոնկարների համար, իսկ թե քանի ֆիլմում են հնչել Խաչատրյանի գործերը, դժվար է հաշվել: Մենք որոշեցինք մեր ցուցասրահներից մեկում տեղադրել հպազգայուն տեսադարան, որի միջոցով մեր այցելուներին կծանոթացնենք թե՛ այդ ֆիլմերի ցանկին, թե՛ այն դրվագներին, որոնցում հնչում է Խաչատրյանի երաժշտությունը»,– պատմում է տուն-թանգարանի տնօրենը:


Օրերս հուշագիր են ստորագրել Հայաստանի ազգային արխիվի հետ, որտեղ կոմպոզիտորին վերաբերող շատ հետաքրքիր նյութեր կան և համատեղ յուրօրինակ ցուցադրություն են նախատեսում երկու կառույցների բացառիկ նյութերի հիման վրա, որոնք մինչ օրս չեն ներկայացվել: Տուն-թանգարանը համագործակցում է նաև Kaspersky ընկերության հետ, որի աջակցությամբ, օրինակ, թարմացվում է թանգարանի կայքը: Տարվա ընթացքում ընկերությունը թանգարանին կաջակցի մի քանի նախաձեռնություն իրականացնելու գործում ևս:


Իսկ Գինու պատմության թանգարանի հետ համագործակցության արդյունքում այնտեղ բացվելու է Խաչատրյանին նվիրված ցուցադրություն: «Խաչատրյանը գինի սիրում էր և գրել է «Կարմիր գինի» երգը: Նրա կատարմամբ երգի եզակի ձայնագրությունը պարբերաբար հնչում է թանգարանում»,– պատմում է տուն-թանգարանի տնօրենն ու հավելում՝ «Գուրմե դուրմե» շոկոլադի ընկերությանն էլ հոբելյանին նվիրված տուփեր է պատրաստել, որոնք ներկայացված են ընկերության թանգարանում և խանութներում:

 

Տուն-թանգարանի ամենաարժեքավոր ցուցանմուշները

Անկախ հոբելյանական անցուդարձից, յուրաքանչյուր արվեստասեր մշտապես կարող է այցելել Արամ Խաչատրյանի տուն-թանգարան, քանի որ այնտեղ հնարավոր է գտնել բազմաթիվ հետաքրքիր ցուցանմուշներ, որոնցով տուն-թանգարանը հպարտանում է:


Արմինե Գրիգորյանն ընդգծում է՝ յուրաքանչյուր ցուցանմուշ շատ կարևոր է, ամեն մեկը իր պատմությունն ունի, սակայն առանձնանում է Խաչատրյանի անձնական գործիքը՝ ռոյալը, որը ցուցադրվում է հուշային մասում: Հենց այդ գործիքի ընկերակցությամբ է մաեստրոն ստեղծել իր բազմաթիվ գլուխգործոցները: Հետաքրքիր է Pleyel մակնիշի ռոյալը, որը ցուցուցադրվում է համերգային դահլիճում: «Այն տուն-թանգարանը նվեր է ստացել 2003 թվականին Արգենտինայից: Արամ Խաչատրյանը 1957 թվականին Բուենոս Այրեսում Արզումանյաններին հյուրընկալվելիս նվագել է այդ գործիքով, այնուհետև Արզումանյանների հիմնադրամն այն նվիրել է մեզ»,– ասում է Գրիգորյանը: Գործիքը բացառիկ է. ստեղծված է 1911 թվականին և շատ յուրահատուկ է: 


Ուշադրության է արժանի նույն Pleyel մակնիշի դաշնամուրը, որը Բրազիլիայից է որպես ընծա հասել: Գործիքի վրա Խաչատրյանի ստորագրությունն է։ Արժեքավոր են նաև Արամ Խաչատրյանի ձեռագրերը: 2013 թվականին Խաչատրյանի ձեռագիր նոտաներն ու կինոերաժշտությունն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ռեգիստրում (Memory of the World International Register), ինչը խոսում է Խաչատրյանի համաշխարհային մեծության մասին:

 

 

 

Խաչատրյանն ու մեծերը

Թանգարանում առանձնահատուկ հետաքրքրությամբ պատմում են Խաչատրյանի ու իր ժամանակի մեծերի հետ հանդիպումների մասին։ «Նա Խորհրդային Միության առաջին քաղաքացին է, որը պաշտոնական հանդիպում է ունեցել Հռոմի պապի հետ, քանի որ այն տարիներին Վատիկանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատված չէին: Հովհաննես 23-րդի հետ հանդիպումը տևել է երեսուն րոպե: Հռոմի պապը Խաչատրյանին ասել է՝ հայ ազգը, լինելով այդքան փոքրաթիվ, այդքան մեծություններ է տվել աշխարհին»,– պատմում է Գրիգորյանը:


Ուշագրավ է Խաչատրյանի հանդիպումը նշանավոր դերասան Չարլի Չապլինի հետ: 1965 թվականին Խաչատրյանը, որպես միջազգային մրցույթի ժյուրիի անդամ, մեկնել է Ժնև: Կոմպոզիտորն ինքն է Չապլինի հետ հանդիպելու ցանկություն հայտնել: Մեծանուն արտիստն այդ ժամանակ պատկառելի տարիքում է եղել և մեկուսացված է ապրել՝ խուսափելով հյուրերից: Երբ իմացել է, որ Խաչատրյանն է ցանկանում իրեն տեսնել, սիրով հյուրընկալել է կոմպոզիտորին, նրա կնոջն ու որդուն՝ Կարենին: Խաչատրյանին իր աշխատասենյակ տանելով՝ ցույց է տվել աշխատասեղանի դարակը, որում դրված է եղել Խաչատրյանի Ջութակի կոնցերտի ձայնապնակը: Նա ասել է, որ այն իր ամենասիրած ստեղծագործություններից է և աշխատելիս հաճախ է ունկնդրում: «Ժնևում գտնվելու օրերին Խաչատրյանի ինքնազգացողությունը վատանում է: Իմանալով այդ մասին՝ Չապլինը վարդերի փունջ և երկտող է ուղարկում հիվանդանոց՝ շուտափույթ ապաքինում մաղթելով կոմպոզիտորին: Խաչատրյանն այդ փունջը որպես հուշ բերում է Մոսկվա: Փունջը դրված է եղել նրա ռոյալին»,– մանրամասնում է Արմինե Գրիգորյանը:

 

 

Գործն է անմահ

Գրիգորյանը հավաստիացնում է՝ հանճարեղ մարդու՝ Արամ Խաչատրյանի ստեղծած երաժշտությունն անմահ է: «Երբ արտերկրում փորձում ես բացատրել, թե որ ազգին ես պատկանում, և չեն կարողանում մտաբերել, թե Հայաստանը որտեղ է, ասում ես Խաչատրյան ու նրա որևէ ստեղծագործության անուն ես հնչեցնում, միանգամից ընկալում են քեզ որպես հայի: Դա շատ պատվաբեր է: Մենք պետք է գիտակցենք, որ մեր ազգի ներկայացուցիչը մեծություն էր և անհրաժեշտ է անընդհատ ներկայացնել նրան ամբողջ աշխարհում»,– եզրափակում է Արմինե Գրիգորյանը:

հավելյալ նյութեր