Արամ Ղարիբյանի արխիվ. ռադիոֆիզիկոս, որ լուսանկարում էր
Ֆոտոպաատմություն

Արամ Ղարիբյանի արխիվ. ռադիոֆիզիկոս, որ լուսանկարում էր

Արդեն գրեթե մեկ տարի է՝ Մելինե Ղարիբյանը թվայնացնում է իր հորեղբոր՝ լուսանկարիչ Արամ Ղարիբյանի՝ մոտ 7000 կադրերից բաղկացած լուսանկարչական արխիվը ու ցուցադրում այն համացանցում։ 1970–90-ականների լուսանկարներում Խորհրդային Հայաստանի առօրյան է՝ Երևանն ու մարզերը, նորակառույց շենքերը, գործարանները, լեռներն ու ամենասովորական մարդիկ։ Սա ժամանակի կենդանի վավերագրություն է, որից հնարավոր չէ պոկ գալ։

Տեքստը՝ Արաքս Սաֆարյանի

 

Լուսանկարները՝ Արամ Ղարիբյանի արխիվ

 

#ՀինԵրևան

Ռադիոֆիզիկոս, որը լուսանկարում էր ուղղաթիռից

Արամ Ղարիբյանը մասնագիտությամբ ռադիոֆիզիկոս էր, որ կյանքի ընթացքում ունեցել է բազում հետաքրքրություններ ու զբաղմունքեր։ Բայց նրա տարերքը միշտ եղել է լուսանկարչությունը։ 70-ականներից մինչև 90-ականները նա աշխատել է տարբեր նախագծային ու շինարարական հիմնարկների հետ՝ հաճախ լուսանկարելով ուղղաթիռից։ Նախադրոնային դարում դա չլսված հնարավորություն էր։ 

 

Նրա օբյեկտիվում հայտնվել են այնպիսի նորակառույց շենքեր, որոնք հիմա Երևանի խորհրդանիշներն են՝ Զվարթնոց օդանավակայանը, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը և էլի բազմաթիվ շինություններ ու փողոցներ, որ այսօր գուցե էլ չկան:

 

 

 

Գործարաններ, մոդելներ, սարեր ու մի քիչ ավելին

Արամ Ղարիբյանի աշխատանքային կյանքը նրան տարել է ամենատարբեր վայրեր, ու դրա շնորհիվ էլ արխիվն այսօր շատ բազմազան է։ Աշխատելով տեքստիլի ու բամբակի արտադրամասերում՝ նա լուսանկարել է արտադրական գործընթացները, հաստոցները և իհարկե մարդկանց՝ իրենց ամենասովորական աշխատանքային առօրյայում։

 

Ու պատահական չէ նաև, որ շատ են կատալոգների համար արված լուսանկարները, այսօրվա լեզվով ասած՝ «մոդելներով ֆոտոշութները»։ Ի վերջո հագուստը, որը կարվում էր արտադրամասում, պետք էր վաճառել, իսկ մոդելները, որ հագնում էին դրանք, Մելինեի քույրերն ու եղբայրներն էին։

 

Գործը՝ գործ, բայց սարերը չեն սպասում. Արամ Ղարիբյանի ամենասիրելի զբաղմունքներից էին լեռնագնացությունն ու դահուկը։ Ահա, թե ինչու արխիվի մոտ 40 տոկոսը լեռներում արված լուսանկարներ են՝ Էլբրուս, Արագած, Մասիս, Կովկասյան լեռներ։ Նույն մարդը, որ օդից քաղաքն էր նկարում, վավերագրում էր նաև ընկերներին, արշավներն ու լեռների լռությունը։

 

Շատ են նաև անձնական լուսանկարներն ու ինքնանկարները, Արամի սենյակը, որը գրեթե չի փոխվել, տոհմական նկարները՝ օրինակ՝ Երկրորդ համաշխարհայինին մասնակցած պապն ու տատը՝ մեդալները կրծքերին, պապենական գյուղը՝ Շիրակավանը, որը սահմանազատման տարիներին տեղափոխվել է կողքի գետի մյուս ափ, իսկ հին բնակավայրը մնացել է ջրի տակ։ Անծանոթ մարդուն այդ լուսանկարը կթվա դատարկ բնապատկեր, բայց մենք արդեն գիտենք դրա իրական կարևորությունը։ 

 

 

 

Արամի հումորը՝ կադրի մեջ

Մելինեի խոսքով՝ Արամը բավական սուր ու մի քիչ սարկաստիկ հումոր ուներ, որը երևում է նույնիսկ լուսանկարներից։ «Օրինակ՝ մի նկար ունի, որտեղ տղամարդիկ նստած ծխում են, իսկ նրանց գլխավերևում շատ փոքրիկ ցուցանակ կա՝ «Չծխել»։ Արամը հատուկ այնպես է նկարել, որ ցուցանակն էլ երևա, ու արդյունքում նկարը միանգամից ուրիշ իմաստ է ստացել։ Մյուս լուսանկարում մարդիկ կանգնած են «Չնկարել» գրությամբ ցուցանակի կողքին։ Ու, բնականաբար, Արամը հենց դա էլ նկարել է»։

 

 

 

Երբ լուսանկարներն են գտնում մարդկանց

Թվայնացված լուսանկարները Մելինեն հրապարակում է Instagram-ում, ու հենց այստեղ է սկսվում արխիվի երկրորդ կյանքը։ Արամի ընկերներն ու նրանց երեխաները բազմիցս գտել ու գրել են էջին։ Հետո սկսել են գրել անծանոթ մարդիկ, որոնք գտել են իրենց հարազատներին։

 

«Փազլի պես կամաց-կամաց հավաքվում է Արամի կյանքը։ Հասկանում ենք՝ ում հետ էր ընկերություն անում, որտեղ էր աշխատում, ինչ մարդկանցով էր շրջապատված։ Միակ ցավն այն է, որ Instagram-ում քիչ են այն տարիքի մարդիկ, որոնք կարող էին պատմել այդ լուսանկարների իրական պատմությունները»։

 

 

 

Սովետը՝ առանց նոստալգիայի ու առանց քարոզչության

Մելինեն ասում է՝ հաճախ մարդիկ փորձում են Արամի լուսանկարներին քաղաքական իմաստ տալ, բայց դա սկզբունքորեն սխալ մոտեցում է։ «Սրանք աջի կամ ձախի, ճիշտի կամ սխալի մասին նկարներ չեն։ Սրանք ուղղակի կյանքից կադրեր են, այն կյանքից, որ ապրել են մեր ծնողները ու տատիկ-պապիկները։ Հենց դրա համար էլ արխիվն արժեքավոր է։ Այն ցույց է տալիս, թե մարդիկ ինչպես էին հագնվում, ինչ փողոցներով էին քայլում, ինչպիսի քաղաքներում էին ապրում»։

 

Արամ Ղարիբյանի արխիվը դեռ ամբողջությամբ թվայնացված չէ։ Մելինեն շարունակում է հերթով բացել ժապավենները, գտնել մարդկանց, հիշողություններն ու պատմությունները, որոնք օգնում են հասկանալ՝ ինչ կա յուրաքանչյուր լուսանկարի «ետնաբեմում»։ 2027-ին Արամ Ղարիբյանի արխիվը կդառնա նաև գիրք, կարճամետրաժ ֆիլմ և հավանաբար ցուցադրություն:

 

հավելյալ նյութեր