ARARAT Heritage Celebration Night
Հոբելյան

ARARAT Heritage Celebration Night

Ինչպես Մարզահամերգային համալիրի կլոր դահլիճում նշվեց հայկական կոնյակագործության 135-ամյակը, ինչու էր այդքան կարևոր ունենալ հենց քառակուսի դիսկո-բոլ և ինչու են Երևանի կոնյակի գործարանում, հենվելով անցյալին ու ժառանգությանը, նայում միայն դեպի ապագան։ Խոսել ենք ARARAT Heritage Celebration Night միջոցառման կազմակերպչական թիմի անդամների հետ։

 

Տեքստը՝ Արտավազդ Եղիազարյանի


Լուսանկարները՝ Երևանի կոնյակի գործարանի

 

ԵՐԵՎԱՆ #74 | 2022

#Գործընկեր #ARARAT

Թիմ 

135 տարին լուրջ թիվ է։ Բավական է միայն հիշել, թե այդ ընթացքում ինչերի միջով են անցել Հայաստանն ու հայ ժողովուրդը: Մինչդեռ հայկական կոնյակն այդ ողջ ընթացքում եղել է, զարգացել է, փոփոխվել է ժամանակների հետ ու կարծես իր բուրմունքով համեմել է մեր բոլորիս պատմությունը։ Բայց ինչպե՞ս մեկ օրում պատմել, թե ինչ է նշանակում հայկական կոնյակ, թե ինչպես է այսօր ARARAT-ն անցնում սահմաններն ու վերածվում գլոբալ բրենդի՝ ներկայացվելով չորս տասնյակից ավելի երկրներում, ահռելի պատմությունը համադրելով ժամանակակից թեթևությանն ու մինիմալիզմին, ու դեռ մի բան էլ՝ ցույց տալ կոնյակի ստեղծման նրբություններից մի քանիսը։ Այդ ամենը՝ մի երեկոյի ընթացքում։ 

 

Սկզբի համար անհրաժեշտ էր հավաքել ճիշտ թիմ։ 


 

 

Երևանի կոնյակի գործարանի արտահանման զարգացման ղեկավար Վարդգես Հովեյանը բացատրում է կազմի ընտրությունը. «Քանի որ ժամանակը սուղ էր, իսկ միջոցառումը մեզ համար շատ կարևոր, որոշեցինք համագործակցել էն մարդկանց հետ, ում վաղուց գիտեինք ու որոնք մեզ պես են մտածում»։ Այդպես, մարքեթինգի թիմի սկզբնական գաղափարն իրականացնելու համար գործի անցավ Nitro ընկերությունը, իսկ ստեղծագործական տարրի համար պատասխանատուն դարձավ լուսանկարիչ, արտ-տնօրեն Վահան Ստեփանյանը։ Երևանի կոնյակի գործարանի ստեղծագործական թիմն ու նրանք շուրջ երկու ամիս աշխատեցին ևս մի քանի տասնյակ այլ մասնագետների հետ, որպեսզի ստանան ժառանգությունը մեծարող իդեալական երեկո։ 


Վահանը չի թաքցնում, որ ARARAT-ն իր համար միշտ եղել է շատ ավելին, քան պարզապես բրենդ. «Սա էն երևույթներից է, որ անկախ նրանից՝ հետը կապ ունես, թե չէ, հպարտություն ես ապրում, ուրախ ես պարզապես, որ ինքը կա»։ 


Երևանի կոնյակի գործարանի հասարակայնության հետ կապերի ղեկավար Զարուհի Սարիբեկյանը բացատրում է, որ ARARAT-ի 135 տարվա այս պատմությունն իրականում բոլորիս պատմությունն է։ «Իր հերթին, բրենդի պատմությունը հյուսվում է ամեն մեկի անձնական պատմություններից»,– հավելում է Զարուհին։ 

 

Տարածք 

Լավ թիմը լավ գործի կեսն է, բայց երբ պատրաստվում ես հյուրեր հրավիրել, նաև պետք է հյուրընկալ տարածք գտնես։ Nitro ընկերության ղեկավար Կամո Ադուլյանը պատմում է, որ Մարզահամերգային համալիրը բնավ առաջին միտքը չէր. «Երևի մի տասնյակ տարածք էինք արդեն նայել, երբ եկանք հասանք Համալիր։ Առանց մեծ սպասումների մոտեցանք դռանը, բայց երբ կիսամութի մեջ տեսանք դահլիճի մուտքի վերևում գրված «Հայաստան» բառը, դա արդեն լավ նշան էր։ Հետո մտանք ներս ու միանգամից զգացինք էն յուրահատուկ մթնոլորտն ու էներգիան, որը զգացել եմ ARARAT-ի բոլոր միջոցառումներին։ Արդեն բուն միջոցառումը հաստատեց, որ ճիշտ որոշում էր»։ 

 

Խորհրդային տարիներին «Հայաստան» դահլիճն օգտագործվել է հիմնականում ոչ հանրային, դռնփակ հանդիպումների համար, այդ պատճառով էլ Համալիրի քիչ հայտնի անկյուններից է։ Իսկ հետագայում մի քանի անգամ հյուրընկալել է տարատեսակ կոնֆերանսներ, որոնց ժամանակ մասնակիցները նստում էին հսկայական կլոր սեղանի շուրջ։ Այնպես որ՝ համալիրի ղեկավարությունը սկզբում չհասկացավ, թե ինչու է ARARAT-ի թիմն ուզում հեռացնել սեղանը, որն ամբողջ տարածքի գլխավոր բաղադրիչն էր։ Մյուսների համար զարմանալի էր, որ դահլիճում ամբողջական նոր պատեր են շարում, իսկ վերելակների ներքին դիզայնը փոփոխվում է ու համալրվում հատուկ բարձրախոսներով, որոնցից հնչում են Սերժոյի գրած երկու հատուկ սեթերը. ընդամենը մեկ օրվա համար։ 

 

 

 

Երաժշտություն

Սերժոյի վերելակային սեթերը միայն սկիզբն էին։ Արդեն դահլիճում հյուրերի համար հին վինիլներ էր պտտում Garage Vinyl Store-ի համահիմնադիր Վահագն Մ.-ն։ Հետո նրան փոխարինեց Stereotypes էլեկտրոնային խումբը։ 

 

Վարդգեսը պատմում է, թե ինչպես խմբի համահիմնադիր Համլետը միանգամից ուրախությամբ համաձայնվեց մասնակցել երեկոյին. նորից մեծ դեր խաղաց ARARAT-ը։ Նույնիսկ պայմանավորվեցին, որ հատուկ օրվա համար նոր սեթ կգրվի, բայց… Պարզվեց, որ հենց այդ օրերին վաղուց նախատեսված ճամփորդություն ունի հարսնացուի հետ։ Բայց ի՞նչ անել, կորցնե՞լ այդ պահը։ Ի վերջո, Strereotypes-ը ժամանեց Երևան ու գժական սաունդ ապահովեց՝ էլեկտրոնայինը միախառնելով կիթառի կենդանի ձայների հետ։ Այդպես, երաժշտական ձևավորումը կրկին շեշտադրեց հնի ու նորի, ժառանգության ու ապագայի սերտ կապն ARARAT-ի ներքո։ 

 

 


 

 

Արդյունքներ 

Երբ խոսքն արդեն հյուրերով լցված դահլիճի մասին է, Զարուհին հավելում է՝ չնայած որ միջոցառումը գրեթե չուներ «արարողակարգային ծրագիր», միևնույն է՝ հյուրերը գտնում էին իրենց հատուկ ձգող անկյունները (թեպետ, կլոր դահլիճում ուղիղ իմաստով դրանք չկային). «Արարատն ունի ձգողականության հատուկ մի ուժ, որի հիմքում, կարծում եմ, սերն է»։ 


Վահանի կարծիքով այդ արդյունքին հնարավոր եղավ հասնել Երևանի կոնյակի գործարանի ցուցաբերած վստահության շնորհիվ. «Իմ փորձը ցույց է տալիս, որ նմանատիպ նախագծեր առաջարկելիս քո առաջին գաղափարին կամ միանգամից ասում են «չէ», կամ էլ «հա», բայց էնքան են ծամում, փոփոխում, հազար սենյակներով հաստատում, որ տակը համարյա բան չի մնում։ Իսկ ARARAT-ում չի եղել դեպք, որ Կամոյի կամ իմ որևէ առաջարկին ասեն «չէ»։ Էդ ազատությունը մի հրաշալի նվեր էր։ Օրինակ՝ առաջին անգամ, որ մտանք դահլիճ, նայեցի, ասեցի՝ դե բարը կլինի մեջտեղում, իսկ վերևում կախած կլինի քառակուսի դիսկո-բոլ։ Ու մեզ ընդառաջեցի՜ն»։ 


Վարդգեսը նշում է, որ միմյանց նկատմամբ վստահությունը կա ինչպես ընկերության ներսում, այնպես էլ դրսի գործընկերների հետ աշխատանքում։ «Վստահությունը երբեք դեկլարատիվ չի կարող լինել։ Չես կարող պահանջել մեկից վստահել քեզ, այն ձևավորվում է համատեղ գաղափարների և աշխատանքի արդյունքում»։ 

 

 

 

Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանը

 

Երևանի կոնյակի գործարանի արտահանման զարգացման ղեկավար Վարդգես Հովեյանը

 

      

ARARAT Celebration Night-ի արտ-տնօրեն Վահան Ստեփանյանը և Nitro ընկերության ղեկավար Կամո Ադուլյանը

 

 

Անմոռանալի ARARAT-պահեր

Այս բազմամարդ ու բարդ գործողության մյուս կարևորագույն բաղադրիչը, ըստ Վահանի, անխտիր բոլոր մասնակիցների անհավանական «մաքրասիրությունն» էր կատարված գործի հանդեպ՝ ամեն միլիմետրի, ամեն նոտայի, ամեն կաթիլի։ 


Հիմա, երբ երեկոն արդեն 135-ամյա պատմության մի փոքր մասնիկն է, դա ավելի ցայտուն է երևում։ Կոնյակի գործարանի ժողովների դահլիճում գլխավոր գործող անձինք անվերջ հիշում են այն մանրուքները, որոնցից բաղկացած էին ARARAT Heritage Celebration Night-ի փայլն ու հմայքը. դիսկո-բոլի (ավելի ճիշտ՝ դիսկո-բոքսի) հետ կապված գլխացավանքը՝ ինչպես անել, որ ճիշտ արագությամբ պտտվի ու համաչափ լուսավորի, ինչպես էր Վահանը բանվորների հետ փակցնում բարի սեղանի ոսկեգույն մակերևույթը, ինչպես էին Համալիրի պատասխանատուներին համոզում հանել առաստաղից կախված ու ամբողջ պատկերը փչացնող ալեհավաքները, ինչպես էին հաջողել հյուրերին ներկայացնել ARARAT համային տեսականու յուրահատուկ բուրային փունջը՝ հատուկ ստեղծված արտ-քանդակների միջոցով, քանի անգամ փոխվեց այն էկրանի դիրքը, որով պտտվում էր գործարանի գործունեությունը ներկայացնող հոլովակը, ինչպես հատուկ այդ երեկոյի համար ստեղծվեցին նոր կոկտեյլներ՝ ARARAT կոնյակների հիման վրա, և ինչպես ամեն ինչ հաջողվեց ավարտին հասցնել միջոցառման մեկնարկից ժամեր առաջ…

 


«#araratmoments-ը պարզապես հեշթեգ չէ, այլ փաստի արձանագրում. շատերիս կյանքի լավագույն պահերն ուղեկցվում են ARARAT-ով,– ասում է Վարդգես Հովեյանը։– Էս մի երեկոն էլ իր հերթին դարձավ մի գեղեցիկ, հիշարժան պահ հյուրերի համար, կազմակերպիչների համար, Համալիրի համար, ARARAT-ի համար։ 


Ի վերջո, այդպիսի անթիվ պահերի գումարից էլ հյուսվում է 135 տարվա ժառանգությունը։