Արարատ նկարող ազգ
Արարատ

Արարատ նկարող ազգ

Ինչպե՞ս Մասիսը դարձավ հայ կերպարվեստի կարևորագույն բաղադրիչներից մեկը, իսկ «Արարատով նկարը»՝ մի ամբողջ ինքնուրույն ժանր՝ անցնելով Արտաշիսյան ժամանակաշրջանի մետաղադրամի ձևավորման տարրից մինչև վերնիսաժյան զանգվածային արտադրանք. բացատրում է արվեստաբան Հասմիկ Բարխուդարյանը։

Տեքստը՝ Հասմիկ Բարխուդարյանի

 

Պատկերները՝ Հայաստանի ազգային պատկերասրահ, Սահակ Պողոսյանի հավաքածու, Սեդրակ Վելիկոդնիի արխիվ, Wikipedia.org

 

#Արվեստ

«Նկարում եմ տարբեր չափսերի Արարատ լեռ տարբեր տեսարժան վայրերից։ Նկարում եմ կտավի վրա ու յուղաներկով (որակյալ ներկերով), նման մանրակրկիտ նկարված Մասիս չեք գտնի ոչ մի տեղ, որակը երաշխավորում եմ, գինը կախված է չափսերից»։

 

Արարատի պատկերների հետքերով գնալիս համացանցում հանդիպեցի այս հայտարարությանն ու մի շարք հարցերի հանգեցի։ Ինչ խոսք, հիանալի Արարատ նկարող ազգ ենք, բայց, ի վերջո, ի՞նչ են նշանակում այդ պատկերները մեզ համար ու ինչու՞ ենք մենք այդքան շատ սիրում նկարել Արարատ լեռը։ Այս և այլ հարցերի պատասխանները գտնելու համար նախ մի քիչ հետ գնանք։


Մարտիրոս Սարյան, 1923

 

Մեր սեփական Արարատը

Աշխարհագրորեն տեղակայված լինելով պատմական Հայաստանի թագավորությունների կենտրոնում՝ Արարատն ընկալվում և կիրառվում է որպես Հայաստանի և հայ ժողովրդի հոգևոր, պատմական և մշակութային ինքնության առանցքային խորհրդանիշ։ Հայերի համար այն «սուրբ լեռ» է հիմնականում Նոյյան տապանի դրվագով պայմանավորված։ Սակայն կան և այլ պատճառներ. հայոց հին հավատքում Մասիսը քաջաց ոգիների դիցարանն էր, իսկ ըստ հնագույն ավանդազրույցի՝ հայոց թագավոր Արտավազդը շղթայակապված է Մասիսի վիհում։ Հայկական միջնադարյան գրականության և հոգևոր երգերի մեջ Արարատը նկարագրվում է որպես «սուրբ գագաթ», որի շուրջ թևածում է աստվածային ներկայությունը։ Անգամ Սբ. Գրիգոր Լուսավորչի առաքելական առասպելների որոշ տարբերակներում Արարատը հիշատակվում է որպես հոգևոր տեսիլքների վայր։ Գրիգոր Նարեկացին Արարատն անվանել է «մեծության կշռորդ», իսկ Թովմա Արծրունին՝ «մեծավայելուչ թագավոր»։

 

Արարատի՝ որպես «սուրբ լեռան» այս ընկալումը չի նահանջել հետագա դարերում, ոչ անգամ խորհրդային տարիներին ու ոչ էլ մեր օրերում։ Այն, սակայն, ժամանակի հետ ընդլայնել է իր խորհրդաբանական շրջանակն ու ձեռք բերել մշակութային ու քաղաքական նոր շերտեր։ Երբեմնի ծովից ծով երկրի լինելիության, պաշտամունքի, ինչպես և կորստի, հալածված լինելու, վրեժխնդրության, կարոտի ու պատմական հիշողության այս հզոր խորհրդանիշը չի դադարում հետաքրքրել արվեստագետներին տարբեր ժամանակահատվածներում։ 

 

Հովհաննես Այվազովսկի, «Նոյն իջնում է Արարատից», 1889 թ.

 

Ամեն անգամ հայտնվելով կտավներում իբրև Բիբլիական սրբազան լեռ, սահմանից այն կողմ գտնվող հայրենիք կամ պարզապես բնանկարի մի մաս՝ Արարատը տանում է հայեցման և ստիպում մտորել անցյալի, ներկայի ու ապագայի մասին։ Ու չնայած նրան, որ Արարատն այժմ մեր պետական սահմաններից դուրս է, այն մենք համարում ենք մերը, ու ոչ այնքան տարածքային, որքան հենց մշակութային առումով։ Եվ որքան էլ գուցե զավեշտալի ու մի քիչ էլ հուզիչ թվա, յուրաքանչյուրս ցանկանում ենք մեր տանն ունենալ մեր սեփական Արարատը։ Պատկերացրի՞ք. Փոքր ու Մեծ Մասիսներ, դաշտեր ու արտեր, երկու բարդի, եկեղեցին՝ ըստ ճաշակի։ Արդեն գրեթե պատկերագրության վերածված այս տեսարանը մեկընդմիշտ դրոշմված է յուրաքանչյուր հայի հիշողության մեջ անկախ բնակության վայրից։ Նման պատկեր կարելի է գտնել ամենուրեք. Հայաստանի ազգային պատկերասրահից մինչև Վերնիսաժ, հարևանի տնից մինչև հուշանվերների վաճառակետեր։

 

Մարտիրոս Սարյան, «Բամբակահավաքը Արարատյան դաշտում», 1949 թ.

 

Լեռան ստորոտում փռված մի երկիր

Լավ, իսկ ինչպե՞ս ենք պատկերում Արարատ լեռը։ Արարատի մեզ հայտնի ամենավաղ պատկերը Տիգրան Դ թագավորի և Էրատո թագուհու Արտաշեսյան դրամի (մ.թ.ա. 2 թ. – մ.թ. 1 թ.) վրա է:

 

Շատ ավելի ուշ, արդեն 18-19–րդ դարերում գործ ունենք Արարատի գրաֆիկական ու գեղանկարչական պատկերների հետ։ Վաղագույններից է Մկրտում Հովնաթանյանի (1779–1846) «Հայկ Նահապետը, հայ ժողովրդի առասպելական հիմնադիրը» կտավը, որտեղ հանդիպում ենք Արարատի պատկերին իբրև մի ամբողջ ժողովրդի ու երկրի խորհրդանիշ, որ վեր է խոյանում Հայկ Նահապետի թիկունքում, իսկ գագաթին Նոյյան տապանն է։

 

 

Տիգրան Դ թագավորի և Էրատո թագուհու Արտաշեսյան դրամ (մ. թ. ա. 2 – մ. թ. 1)

 

Մկրտում Հովնաթանյան (1779–1846) «Հայկ Նահապետը, հայ ժողովրդի առասպելական հիմնադիրը»

 

Նույն շրջանի Արարատի պատկերներ ենք հանդիպում եվրոպացի ճանապարհորդների գրաֆիկական թերթերում։ Հետաքրքրական է, որ հենց իրենք՝ օտարերկրացիներն էլ Հայաստանը տեսնում են որպես Արարատ լեռան ստորոտին փռված մի երկիր։ Ջեյմս Բրայսի (1877), Ժոզեֆ Պիտոն դը Տուրնեֆորի (1718), Ռոբերտ Կեր Պորտերի (1821) գործերում Արարատը հանդես է գալիս որպես տեղանքն ու երկիրը բնորոշող ամենահատկանշական օբյեկտ։ Տպավորություն է, որ այս հողի վրա որ կողմ էլ նայես՝ տեսարանն անփոփոխ կլինի։

 

19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին արդեն տեղացի վարպետները որպես հայրենիքի խորհրդանիշ սկսում են կիրառել Արարատը։ Այս առումով բացառիկ է «Մայր Հայաստանի» հանրահայտ մոտիվը, որտեղ Հայաստանը ներկայացվում է որպես պատմական Հայաստանի մայրաքաղաքների ավերակները սգացող մայր, իսկ թիկունքում խորհրդանշական Արարատն է։ Այս մոտիվը բնորոշ է  հատկապես Բարձր Հայքի, Վանանդի, Շիրակի, Ջավախքի, Գուգարքի գորգագործական կենտրոններին։ Մոտիվը հանդիպում է նույնիսկ արծաթագործության մեջ, ինչպես, օրինակ, 19-րդ դարավերջի ծխախոտատուփերն Արևմտյան Հայաստանից։

 

Ժոզեֆ Պիտոն դը Տուրնեֆոր, 1718

 

Նման հերալդիկ մոտեցմամբ արդեն 1918-ին Արարատը տեղ է գտնում Հայաստանի Առաջին Հանրապետության՝ Ալեքսանդր Թամանյանի և Հակոբ Կոջոյանի կողմից նախագծված զինանշանի վրա, ապա պահպանվում Խորհրդային Հայաստանի՝ 1921-ին Մարտիրոս Սարյանի և Հակոբ Կոջոյանի մշակած զինանշանի վրա, ինչպես և հետագայում՝ նորանկախ Հայաստանի 1992–ին ընդունված զինանշանին։

 

Իբրև գլխավոր հերոս

19-րդ դարի վերջից արդեն հայ կերպարվեստում գերակշռող ժանրը բնանկարն էր և, իհարկե, Արարատը դարձավ ամենասիրելի մոտիվը։ Արարատ լեռան առաջին մեծակտավ համայնապատկերները պատկանում են Հովհաննես Այվազովսկու վրձնին և նրա մոտ առաջին անգամ Արարատը հանդես է գալիս իբրև կտավի «գլխավոր հերոս»՝ Այվազովսկուն հատուկ միստիկականությամբ, իբրև սրբազան լեռ ու բնության առանձին տարերք։ Այս առումով հատկապես տպավորիչ են «Արարատ լեռան դաշտավայրը» (1882) և «Նոյն իջնում է Արարատից» (1889) կտավները։

 

Արարատի բոլորովին նոր կերպար է կերտում Եղիշե Թադևոսյանը։ Նկարչի «Արարատը Էջմիածնից» (1895) ստեղծագործության մեջ Արարատ լեռը, լայնորեն ձգվելով կտավի մի ծայրից մյուսը, կարծես հզոր ամրոցի պարսպի նման կանգնած պահպանում է երկրի անդորրը։ Իսկ 1903-ի «Արարատը Բյուրականից» կտավում Թադևոսյանը տիպիկ իմպրեսիոնիստական ոճով պատկերում է Բյուրականի իր դիտակետից մինչև Արարատն ընկած տարածությունը՝ շեշտում օդը, լույսն ու բնությունն ինքնին։

 

Եղիշե Թադևոսյան «Արարատը Էջմիածնից», 1895 թ.

 

Եղիշե Թադևոսյան «Արարատը Բյուրականից», 1903 թ.

 

Գևորգ Բաշինջաղյանի «Արարատ» (1912) և «Արարատը լուսաբացին» (1914) մեծակտավ լանդշաֆտային բնանկարներում իրեն հատուկ լուսաստվերային բացառիկ խաղով նկարչին հաջողվել է փոխանցել Արարատի վեհությունն ու առավոտյան լռության մթնոլորտը։ Անկարելի է շրջանցել նաև Փանոս Թերլեմեզյանի՝ 1929-ի՝ արևով ողողված «Աշնանային Արարատները», որպես հայրենիքի և բնության վեհաշուք պատկերներ։

 

Հոգնակի Արարատներ

Եվ այո, կան արվեստագետներ, որոնց արվեստում Արարատը հոգնակի է։ Նման վարպետներից է Մարտիրոս Սարյանը, որի ստեղծագործության մի մեծ կտոր պատկերում է Արարատը տարվա տարբեր եղանակներին, օրվա տարբեր ժամերին և տարբեր դիտակետերից։ Սարյանն Արարատի փառահեղ ներկայության ներքո ցույց է տալիս հասարակ գյուղացու խաղաղ կյանքը, աշխատանքը և հայրենի բնության գեղեցկությունը։ Առանձնահատուկ են «Արարատ» (1929), «Արարատը գարնանը» (1945), «Բամբակահավաքը Արարատյան դաշտում» (1949) և շատ այլ կտավներ։ Յուրահատուկ սիմվոլիզմով ու ոճավորմամբ է աչքի ընկնում Գեորգի Յակուլովի (1884-1928) ջրաներկով կերտված Արարատը:

 

Արարատն էպիկական ու խորհրդանշական դեր ունի հատկապես Մհեր Աբեղյանի գործերում և, մասնավորապես, 1975–ի «Հայաստան» եռապատկերում, որտեղ մայրենի բնության՝ ժայռերի, արահետների, մշակված արտերի համայնապատկերի հենց կենտրոնում Արարատը կրկին ամուր կանգնած է Մայր Հայաստանը խորհրդանշող կնոջ կերպարի թիկունքում։ Նույն շրջանում Արարատին անդրադարձել են բազմաթիվ այլ արվեստագետներ, ինչպես, օրինակ, Հովհաննես Զարդարյանը, Հակոբ Կոջոյանը, Սեդրակ Առաքելյանը, Կորյուն Սիմոնյանը, Արմեն Չիլինգարյանը, Սարգիս Խաչատուրյանը, Սիրանույշ Գևորգյանը և շատ ուրիշներ։

 

Մարտիրոս Սարյան, «Արարատը գարնանը», 1945 թ.

 

Գեորգի Յակուլով, «Արարատ»

 

Տոտալիտար, ազգային դիմագիծը մերժող քարացած համակարգի՝ պարտադրվող սոցռեալիզմի պայմաններում թերևս Արարատն ազգայինին անդրադառնալու ամենա «ոչ ակնհայտ» տարբերակն էր։

 

Արարատին անդրադառնալու միտումը մասամբ շարունակվում է նաև հետագա տարիներին՝ 1960-80-ականներին, երբ արվեստագետների երիտասարդ սերունդը՝ Խրուշչովյան ձնհալով պայմանավորված, վեր հանեց ազգային մոտիվները՝ փորձելով վերագտնել ազգային կերպարվեստի լավագույն ավանդույթները, ժանրային նախընտրություններն ու ձևաոճական լեզուն։

 

Սեյրան Խաթլամաջյան, «Արարատ», 1985 թ.

 

Սեյրան Խաթլամաջյանի մոտ («Արարատ», 1985) Մեծ Արարատը հսկայի պես վեր է խոյանում դիտողի առջև ու հայացքն ուղղորդում դեպի լուսապսակ–ամպով պարուրված «սրբադասված» լեռան գագաթը։ Մարտին Պետրոսյանի «Արարատի ստորոտը» (1985) ներկայանում է որպես սրբազան, առասպելական հող, քաջերի ու արքաների երկիր։ Բացառիկ են Հենրիկ Սիրավյանի Արարատները։ 1977-ին ստեղծված «Հրազդանի կիրճն անձրևից հետո» կտավը բոլորովին նոր հայացք է Արարատյան դաշտում սփռված քաղաքին։ Երևանն արդի ու կյանքով լի քաղաք է՝ Արարատի հսկող հայացքի ներքո։ 1989-ի «Արարատ լեռը» հեռավոր, հարազատ ու ջերմ տեսարան է, իսկ 1991–ի Մեծ և Փոքր Արարատների գագաթները հանդես են գալիս որպես նմանը չունեցող առանձին ու լիարժեք կտավներ։  

 

Հենրիկ Սիրավյան, «Փոքր Արարատ», 1991 թ.

 

Հենրիկ Սիրավյան, «Արարատ լեռը», 1989 թ.

 

Հենրիկ Սիրավյան, «Հրազդանի կիրճն անձրևից հետո», 1977 թ.

 

1978-ին Հակոբ Հակոբյանը ստեղծում է «Արարատը Սաղմոսավանքից» կտավը, որը հակոբյանական Հայաստանի ամենավառ օրինակներից է։ Դիտողի առջև «սավառնող» ձյունապատ Արարատն է, իսկ դիմացը՝ երկիրը ճեղքած կիրճը։ Հակոբյանը նկարում է Հայաստանը վաղ գարնանը կամ ուշ աշնանը՝ այդ եղանակին հատուկ զուսպ գունապնակով։ Ռուբեն Գրիգորյանի 1987-ի «Խնդիր, պրոբլեմ» կտավում Արարատյան դաշտում կյանքը շարունակվում է՝ չնայած անլուծելի թվացող խնդրի առկայությանը։

 

Մհեր Աբեղյան, «Հայաստան», 1975 թ.

 

Հակոբ Հակոբյան, «Արարատը Սաղմոսավանքից», 1978 թ.

 

Անկախության վերնիսաժյան Արարատը

Արդեն 90-ականներին նորանկախ Հայաստանում անդրադարձներն Արարատին քիչ են հանդիպում։ Արարատը զարմանալիորեն դուրս է մղվում արվեստագետների սիրելի սեմանտիկ համակարգից, կամ, ավելի ճիշտ, տրանսֆորմացվում է հուշանվերի՝ ի դեմս «վերնիսաժյան» բազմաթիվ միանման օրինակների, որ բառացիորեն «արտադրվում են»։ Այնուամենայնիվ, այդ շրջանի անկյունաքարային գործերից մեկը՝ Արաքս Ներկարարյանի 1993–ին արված «Արարատ լեռը» չի կարելի շրջանցել։ Այս գործը հայտնվում է որպես թե՛ երկրի անցումային ժամանակաշրջանի, և թե՛ ազգային ինքնության ցնցող, բազմաշերտ և խորապես քաղաքական մեկնաբանություն։ Գործը միաժամանակ սթափեցնող և մերժող է՝ միահյուսելով ռեալիզմն ու գրոտեսկը, սրբապատկերն ու պոռնոգրաֆիկ շոկը։ Այն մերժում է մանիպուլյատիվ փորձերն ազգային զգացմունքներով, որոշակի կռապաշտությունը և մատնանշում անբարոյականությունն ու կեղծիքը։

 

Արաքս Ներկարարյան, «Արարատ լեռ», 1993 թ.

 

Սեդրակ Վելիկոդնի, «Արարատ ջան, Արարատ», 2020 թ.

 

Հնի ու նորի, ավանդապաշտության ու նոր աշխարհի, նոր իրականության բախումների գրոտեսկային պատկեր է ներկայացնում Սեդրակ Վելիկոդնիի 2020–ի «Արարատ ջան Արարատը»։ 

 

2022-24–ի ընթացքում արված հետաքրքրական աշխատանքներից է ֆրանսիացի արվեստագետ Մայդա Շավակի և վիզուալ արտիստ Արմինե Շահբազյանի համատեղ ստեղծած «Կրկնօրինակի կրկնօրինակ» (Copy of copy) պաստառը։ Հավանաբար նկատել եք, որ «Արարատ» ծխախոտի տուփերը հիշեցնում են «Մարլբորոյի» տուփերի գրաֆիկական ոճը և ահա այս հանգամանքի վրա էլ արվեստագետները մի քիչ «զվարճացել են»՝ ստեղծելով այսպես ասած՝ նոր կեղծիքներ։ Արմինեն նկարում է առաջին տուփը, ապա Մայդան պատճենում և փոխում է, այնուհետև փոխանցում Արմինեին և այդպես շարունակ։ Այսպես, քայլ առ քայլ պատկերը և բառերը խեղաթյուրվում են, հայտնվում են սխալներ, կրկնակի իմաստներ, այլ հղումներ։ Ո՞վ է պատճենում և ո՞ւմ։ Ո՞վ է ոգեշնչվում , ո՞ւմից։ Ո՞վ է գողանում, ո՞ւմից և ի՞նչ։ Այս բազմաթիվ կրկնօրինակումների մեջ սկզբնական տարբերակը երբեմն կորցնում է իր ինքնատիպությունը։ Եվ այս միտքը պարզ ու զավեշտալի կերպով մեզ հետ է շպրտում դեպի Վերնիսաժ ու Սարյանի պուրակ՝ բազմաթիվ Արարատների մոտ։ 

 

Եվ ի վերջո, արդյոք մենք մինչ այսօր այն նույն Արարատն ենք պատկերել, որն իր դրամների վրա դրոշմեց Տիգրան Դ թագավորը, կամ գուցե մենք անվերջ կրկնօրինակո՞ւմ ենք կրկնօրինակները։

հավելյալ նյութեր