Երևանի կոնյակի գանձարան
Թանգարան

Երևանի կոնյակի գանձարան

ԱՐԱՐԱՏ թանգարանը վերաբացվում է։

Տեքստը՝ Կարինե Ղազարյանի

 

Լուսանկարները՝ ԵԿԳ, Բիայնա Մահարու

 

ԵՐԵՎԱՆ #50 | 2018

#Գործընկեր #ARARAT

Նախորդ դարասկզբի հայկական կոնյակի բացառիկ նմուշներ, Սիլվա Կապուտիկյանի նամակը Մարտիրաս Սարյանին, Խաղաղության տակառ, որ կբացվի Ղարաբաղյան հակամարտության խաղաղ հանգուցալուծման օրը և բազմաթիվ այլ զարմանալի իրեր ԱՐԱՐԱՏ թանգարանի հավաքածուում:

 

1940-ականներին Հրազդան գետից ոչ հեռու գտնվող բլրի վրա մեծ գեոդեզիական արշավ էր՝ որոշվում էր Երևանի կոնյակի գործարանի վայրը: Տեղը պատահական չէր ընտրված՝ եկեղեցու դիմաց, բարձրության վրա, քաղաքի կենտրոնի արևելյան մուտքի մոտ, և որ ամենակարևորն է՝ կոնյակի արտադրության համար իդեալական միկրոկլիմայով: Հետագայում այս բլրի վրա կառուցված շենքը դարձավ քաղաքի, իսկ այստեղ արտադրվող կոնյակը՝ երկրի խորհրդանիշներից մեկը:


Նույն շենքում բացվեց թանգարան, որտեղ ներկայացված են լեգենդար հայկական ARARAT կոնյակի հարուստ պատմությունը և տասնամյակների ընթացքում հավաքված հրաշալի արխիվը: Այս արխիվն ուսումնասիրելով կարելի է շատ նոր բան իմանալ ոչ միայն կոնյակի, այլև Հայաստանի նորագույն պատմության մասին:

Կոնյակի շշերի անհավանական հավաքածուն

 

***
ԱՐԱՐԱՏ թանգարանում օդը սովորականից զովաշունչ է, կոնյակի բույրն էլ՝ ամենուր: Աշխատողները կատակում են, որ օրվա վերջում միշտ բարձր տրամադրություն ունեն: Սովորական այցելուի համար, սակայն, այս բույրը ստեղծում է հատուկ մթնոլորտ ու ստիպում անհամբեր սպասել շրջայցի վերջում մատուցվող համտեսին:


Թանգարանի մի պատին հնեցման տարբեր աստիճան, և, հետևաբար, ոսկեգույնի տարբեր երանգներ ունեցող կոնյակներով հավաքված է Առնո Բաբաջանյանի «Նոկտյուրնի» մեղեդին: Մի ուրիշ անկյունում Սիլվա Կապուտիկյանի նամակն է Մարտիրոս Սարյանին, որում բանաստեղծուհին գրում է, որ Հայաստանի հարստությունը Սարյանի նկարներն ու ARARAT կոնյակն են: Ի դեպ, նամակի կողքին կարելի է տեսնել նաև Սարյանի ճեպանկարներից մեկը: Մի քիչ ներքևում էլ ARARAT-ի մրցանակների մեծ հավաքածուն է, այդ թվում՝ հեղինակավոր San Francisco World Spirits Competition-ի ոսկե մեդալը: Ի դեպ, 2016-ին Հայաստանը առաջին անգամ էր մասնակցում մրցույթին, և հենց առաջին տարում Երևանի կոնյակի գործարանը նվաճեց գլխավոր մրցանակը: 

 Մարտիրոս Սարյանի աշխատանքը

 

***
Թանգարան այցելում են Հայաստանի Հանրապետության ամենաբարձրաստիճան հյուրերը: Թանգարանում նույնիսկ մի ամբողջ Նախագահական սրահ կա, որտեղ պահվում են տարբեր երկրների առաջնորդների անվանական տակառները: Դիվանագիտական հատվածն այսքանով չի սահմանափակվում. թանգարանի ամենահետաքրքիր նմուշներից է «Խաղաղության տակառը»: Տակառը, դրա պատվանդանը, կողքի պատերը մինչև առաստաղ ծածկված են այցելուների թողած սիրո, խաղաղության ու համերաշխության գրություններով: Տակառը
բացվելու է Ղարաբաղյան հակամարտւթյան խաղաղ հանգուցալուծման օրը:

Մաղթանքների պատը

 

***
Աշխարհի հայտնիները նոր չեն գալիս կոնյակի գործարան. խորհրդային տարիներին այցելում էին Հայաստան ժամանող ամենահայտնի քաղաքական, արվեստի ու գիտության գործիչները: Միայն մի մարդ իրավունք ուներ շրջայց վարել այդ հյուրերի համար՝ գլխավոր կոնյակագործ և ARARAT-ի ամենահայտնի կուպաժների հեղինակ Մարգար Սեդրակյանը: Նա վերապրել էր ցեղասպանությունը՝ փոքր ժամանակ ականատես լինելով ոճրագործության սարսափներին: Չնայած դրան՝ նա ճակատագրին պատասխանեց տաղանդով և կենսուրախությամբ: Մի քանի տարի առաջ թանգարանի աշխատակիցները Մարգար Սեդրակյանի որդու հետ ընտանեկան արխիվում գտել են նրա օրագրերը: Այս տետրերում նա կազմում էր առօրյա գործերի ցուցակ և վարում անձնական ծախսերի հաշիվը: Տան, ուտելիքի, նոր կոշիկների և այլ ընթացիկ ծախսերի հետ մեկտեղ ամեն ամիս, տարիներ շարունակ նա առանձին տողով մի զգալի գումար հատկացնում էր երեխաների խաղալիքներին՝տարածելով հայտնի ֆրանսիացու պատգամը և չմոռանալով, թե որտեղից ենք մենք ծնունդով:


Թանգարանի պատերին փակցված սև ու սպիտակ լուսանկարների մեջ Մարգար Սեդրակյանը ամենաշատն է երևում: Զարմանալի չէ՝ նրա կերպարից իր հայաստանյան այցերի ժամանակ ոգեշնչվել է նույնիսկ ֆոտոռեպորտաժի մեծագույն վարպետ, Magnum Photo գործակալության հիմադիր Անրի Կարտիե-Բրեսոնը:

 

***
ԱՐԱՐԱՏ թանգարանում հանգիստ կարելի է լրտեսների մասին ֆիլմ նկարահանել. թանգարանից դեպի պահոց տանող դռան պես դռներ միայն ջեյմսբոնդոտ կինոներում են լինում: Ծանր մետաղյա ղեկանիվը պտտվում ու ճանապարհ է բացում միայն պետության ղեկավարների կամ ԵՐԵՎԱՆի ստեղծագործական խմբի այցերի ժամանակ: Այստեղ են պահվում շշալցված կոնյակների օրինակները, որոնցից ամենահինը 1902 թվականի է: Ամեն նոր անուն արտադրանքից մի քանի շիշ ուղարկվում է պահոց պատմական կատալոգի համար:


Պահոցում կա նաև հին սպիրտերի մի ամբողջ սրահ: Ամեն տարայի վրա նշված է տարեթիվը՝ 1902, 1917, 1941... Հենց դրանցից են պատրաստվում հատուկ՝ սահմանափակ քանակով թողարկվող կոնյակները: 

Բաբաջանյանի «Նոկտյուրնի» մեղեդին՝ ARARAT կոնյակներով

 

***
Հնեցման սրահներում բնական միկրոկլիմա է: Այստեղ չկան օդորակիչներ, և ջերմաստիճանը տատանվում է իհարկե կոնյակագործության համար թույլատրելի ամպլիտուդով: Ի դեպ, հնեցման սրահները կարելի է տեսնել հենց թանգարանից. գրեթե ամբողջ տարածքով մեկ ձգվող թափանցիկ ապակու ետևում մթության մեջ երևում են բուրգերով իրար վրա շարված տակառները: Զուգահեռ պատին պտտվում է 3D ֆիլմ, որտեղ մանրակրկիտ ցուցադրվում է տակառի պատրաստման ընթացքը:


Այնպես որ ԱՐԱՐԱՏ թանգարան այցելելուց հետո բացահայտում ես պատրաստման տեխնոլոգիայի նրբություններից մինչև պատմությունն ու համտեսի կանոնները ու սկսում ես կոնյակը խմել այլ կերպ՝ իսկական գիտակի պես վայելելով: