Արարատն ու սեփական ինքնության բանալին
Պատմություն այն մասին, թե ինչպես է ARARAT թանգարանն օգնում մեզ նայել երևանյան թանգարաններին զբոսաշրջիկի աչքով ու այդպես ավելի լավ ճանաչել ինքներս մեզ։
Տեքստը՝ Արտավազդ Եղիազարյանի
Լուսանկարները՝ Երևանի կոնյակի գործարանի
ԵՐԵՎԱՆ #70 | 2021
Եվ ծագում է արևը
Կիզիչ երևանյան արևից պատսպարվել հաջողվեց ARARAT թանգարանի զով սրահում։ Ճիշտ է՝ այստեղ գալու համար առիթ պետք չէ, բայց այս անգամ այցը պատահական չէր. Երևանի կոնյակի գործարանի շենքում, որը նույնքան ճանաչելի Երևանի խորհրդանիշ է, որքան լեգենդար կոնյակները՝ Հայաստանի սիմվոլ, տոնում էին Արարատի հերթական միջազգային հաղթանակը։ Լեգենդար կոնյակների համաշխարհային հռչակը վաղուց նորություն չէ բոլորիս համար, ըստ այդմ՝ արդեն սովորականի պես են ընկալվում նաև հաղթանակները բազում ցուցահանդեսներում։ Հիմա դրանք արդեն այնքան շատ են, որ մի առանձին թանգարանային ցուցահանդես են կազմում։ Եվ այսպես, վայելում ենք զովն ու սկսում զննել մեդալների ու դիպլոմների ընտրանին…
«Եվ ծագում է արևը» խորագրով ցուցահանդեսում արևը չի այրում, այլ պայծառ շողշողում է տասնյակ մեդալներով ու հաղթական հպարտությամբ։ Նմուշների շարքում են այնպիսի մրցանակներ, ինչպիսիք են լեգենդար հայկական կոնյակի առաջին դիպլոմը՝ նվաճած 1907 թվականին Ֆրանսիայում, «Դվին» կոնյակի հաղթանակները և ARARAT-ի վերջին մրցանակը՝ ստացած Ծագող արևի երկրում։ Որպեսզի պատումն ավելի ամբողջական լինի, այստեղ ներկայացնում են նաև պատմական կոնտեքստը, պատմում այն մարդկանց մասին, ովքեր ստեղծել են լեգենդար կուպաժներն ու Հայաստանին մրցանակներ ապահովել։ Մի խոսքով, հպարտանալու առիթ տվող մի ցուցադրություն։
Գտնել բանալին
Ի դեպ, հպարտության մասին։ Մի քանի շաբաթ առաջ այս նույն շենքից մի ճամփորդություն սկսվեց, որ ստիպեց ինձ զգալ ինչպես երջանիկ զբոսաշրջիկ։ Թանգարանների միջազգային օրվա նախաշեմին էր, երբ ARARAT թանգարանը մի խումբ լրագրողների համար կազմակերպեց շրջայց երեք երևանյան թանգարաններով՝ ճիշտ այնպես, ինչպես կանեինք, եթե լինեինք Ֆլորենցիայում կամ Բեռլինում, երբ ուզում ես մի օրում տեսնել ինչ հնարավոր է, առանց ոտքերը խնայելու։ Այդպես, Երևանի կոնյակի գործարանի մուտքի մոտ նստում ենք մինիվենն ու սլանում դեպի Ժողովրդական արվեստների թանգարան։
Մինչ մինիվենը կհաղթահարեր Պլանի գլուխ տանող խցանումները, Երևանի կոնյակի գործարանի հասարակայնության հետ կապերի մենեջեր Զարուհի Սարիբեկյանը հարցիս, թե ինչու հենց այս ձևաչափը, ինչու հենց այս թանգարանները, պատասխանում է. «Որովհետև ARARAT թանգարանը, որպես Թանգարանային միջազգային խորհրդի անդամ, ուզում է ցույց տալ, որ մեր թանգարաններում կարելի է գտնել սեփական ինքնության բանալին»։ Հարցեր չկան, փոխադրամիջոցը հասավ կանգառ։
Շուշեցի Բադամյանց Շուշանիկի սոխակը
Թանգարանի տնօրենը, ի դեպ, ARARAT թանգարանի նախկին զբոսավար Լուսինե Թորոյանն է, այնպես որ մեր անցումը կոնյակից դեպի ժողարվեստ հնարավորինս սահուն է անցնում։ Իսկ շրջայցը թանգարանի սրահներում մոռացնել է տալիս դրսի տապը, աղմուկն ու անհանգստությունները։ Այստեղ մենք տուրիստ ենք, մեր գործը ցուցանմուշներով զմայլվելն է ու զբոսավարին անվերջ հարցեր տալը։
Զբոսավարուհին, ի դեպ, քառասուն տարվա փորձով (նա այստեղ է թանգարանի բացման օրվանից), ներկայացնում է անհավանական թվացող գաթանախշիչները՝ հայկական գաթաների մակերեսները գեղեցկացնող կավե կնիքներ, հմայիլներ չարի դեմ, գդալնոցներ, որոնցում պահվում էր ուղիղ այնքան գդալ, որքան տան անդամների թիվն էր։ Թվում է՝ մանրուքներ են, բայց ամեն ժողովրդի հիրավի ճանաչելու համար պետք է մոտիկից տեսնել նրա կենցաղային արվեստը։ Մեր ժամանակներում ստեղծած աշխատանքները նույնպես կարևոր են, քանի որ, ըստ էության, շարունակում են անցած ժամանակների ավանդույթները։ Եվ ովքե՞ր են այդ վարպետները. հաշվապահ մետաղագործը վերաիմաստավորում է Վան-Վասպուրականի դպրոցը, իսկ օդաչու փայտագործը ստեղծում շլացուցիչ փայտե քանդակներ։
Ժողովրդական արվեստների թանգարանի տնօրեն Լուսինե Թորոյանը
Դուրս գալուց առաջ ցնցող տպավորություն է թողնում շուշեցի Բադամյանց Շուշանիկի ասեղնագործած ոսկեգույն սոխակը։ Կարո՞ղ էր արդյոք հեռավոր 1908 թվին Շուշանիկն այս աշխատանքը ստեղծելիս մտքի ծայրով ենթադրել, թե ինչեր են սպասում իր քաղաքին հաջորդ տասնամյակներում… Չեմ հարցրել, բայց ենթադրում եմ, թե մեր խմբի անդամներն ինչ երազանք են պահում հազարաշեն կամարի երդիկի տակ դրված Երազանքների փայտյա աթոռին նստող գործընկերներս։
Հետո այդ նույն երդիկի տակ մի գավաթ հայկական սուրճ ենք խմում, թարմանում ու սլանում դեպի մյուս թանգարանը։ Այն նվիրված է մարդու, ով ամբողջ կյանքը նվիրել է հայ ժողովրդին ճանաչելուն ու մեզ բոլորիս այդ ճանաչումը փոխանցելուն։
Կոմիտասից Կոմիտաս
«Արդեն քանի տարի է աշխատում եմ Կոմիտասի կերպարի վրա… Տարիներ շարունակ կրկին ու կրկին վերադարձել եմ այդ նվիրական կերպարին, որի կյանքն ու ճակատագիրն այնքան սերտորեն կապված են մեր ժողովրդի ճակատագրին». Արա Հարությունյանի այս խոսքերը, որ դաջված են պատին, կարծես հակիրճ բնութագրում են Կոմիտասի թանգարան-ինստիտուտում անցկացվող ապշեցուցիչ ցուցահանդեսը։ Այստեղ՝ մի քանի տարի առաջ բացված թանգարանի սրահներից մեկում, կարելի է ծանոթանալ քանդակագործի կոմիտասյան որոնումին 1954 թվականի դիպլոմային աշխատանքից, որն ի վերջո տեղադրվեց Պանթեոնում՝ Վարդապետի շիրիմի վրա և որը կարելի է տեսնել թանգարանից մի քանի քայլ անելով, մինչև 1988-ին կոնսերվատորիայի դիմաց կանգնեցված հայտնի քանդակը։ Այդ երկուսի միջև՝ երեք տասնյակ աշխատանք՝ էսքիզներ, փորձեր, գծագրեր ու մատիտանկարներ։
Ֆանտաստիկ զգացողություն է, երբ քայլում ես, իսկ չորս կողմից քեզ է նայում Կոմիտասը՝ տխուր, խոր, գեղեցիկ հայացքով։ Ու չես էլ կասկածում, որ Հարությունյանն այդ տասնամյակների ընթացքում կարողացել է բռնացնել իրական Կոմիտասին, Կոմիտասի իրական հոգին։ Իսկ երբ դահլիճի խորքում, թանգարանի յուրահատուկ զանգակատան ներքևում տեղակայված կիսանդրու հետ ես հանդիպում հայացքներով, տեսնում ես նրա վրա ընկած լույսի մի շողը, իսկ երգչախումբը կատարում է կոմիտասյան երգեր…
Հաստատում եմ
Կոմիտասից պոկվելը դժվար է, բայց պետք է։ Մեր արարատյան ավտոբուսը սլանում է դեպի երրորդ նշակետը՝ Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության թանգարան, որտեղ անցկացվում է Հովհաննես Մարգարյանի 120-ամյակին նվիրված ցուցահանդեսը։ Այո, առավոտյան մենք չմտանք կոնյակի գործարանի՝ նրա նախագծած շենքը, բայց ահա ունենք հնարավորություն մոտիկից զննելու նրա ժառանգությունը։
Մարգարյանը, ինչպես մեզ պատմում է թանգարանի տնօրենը՝ Երևանի մեծ գիտակ Մարկ Գրիգորյանը, այն մարդկանցից էր, որ 20-30-ական թվականներին եկել էին նոր Հայաստան ու նոր Երևան կառուցելու։ Պատերից կախված գծագրերին նայելով մտածում ես՝ օհո՜, երանի այս բոլոր նախագծերն իրագործված լինեին, կունենայինք ֆանտաստիկ, դեպի ապագան հպարտ քայլող քաղաք… Հետո հասկանում ես, որ այդ անհավանական թվացող կառույցները ստեղծվել են, կառուցվել են, նրանք փոխել են Երևանի դեմքը, պարզապես… կիսատ են մնացել, կամ այնպես են աղավաղվել, որ նախնական գծագրերին նայելով չես կարող նույնացնել։ Օրինակ՝ Մանկական աշխարհի սլացիկ շենքը, որ կարծես Նյու Յորքի համայնապատկերից վերցրած լինի, շախմատաձև պատշգամբներով բնակելի շենքը, որ խորհրդային կոնստրուկտիվիզմի գոհարների մեջ կարող էր լինել, Երրորդ մասի լեգենդար բնակելի համալիրը՝ ռոմբավոր պատուհաններով ու ներքին բակերի շատրվաններով… Չնայած այսօր այս բոլորը հեռու են հեղինակի նախնական գաղափարից՝ կցակառույցներ, առաջ բերված տարածքներ, փակված պատշգամբներ և այլ ահավոր բաներ, միևնույն է, դրանք մնում են մեր ամեն օրվա, բայց իրականում մեզ ոչ մինչև վերջ հայտնի Երևանի ինքնության կարևոր մասնիկները։
Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության թանգարանի տնօրեն Մարկ Գրիգորյանը
Լավ է, որ կոնյակի գործարանի բախտն է բերել այդ առումով. 1950-ականերին կառուցված շենքը պահպանվել է իդեալական վիճակում։ Համեմատության համար կարելի է ուսումնասիրել ցուցահանդեսի վերջին հատվածում ներկայացվող գծագրերը, էսքիզներն ու լուսանկարները։ Դրանցից ամենահիշարժանը, թերևս, գործարանի շենքի վերջնական էսքիզն է՝ ԽՍՀՄ արտաքին առևտրի մինիստր Անաստաս Միկոյանի մակագրությամբ։ Կապույտ մատիտով արված հակիրճ գրությունն ասում է. «Հաստատում եմ»։
Մենք էլ, մեր հերթին, արդեն Phoenix Bar-ում մեկական գավաթ Ararat Coffee ըմպելով և օրվա հարուստ տպավորություններն իրար հետ կիսելով, հաստատում ենք՝ երջանիկ են այն զբոսաշրջիկները, որ այսպես գալիս ու բացահայտում են Հայաստանն ու հայերին։ Եվ երանի մենք էլ ավելի հաճախ այսպիսի զբոսանքներ կատարենք ինքներս մեզ ավելի լավ ճանաչելու համար։ Թող Ուֆֆիցին ու Պերգամոնը մի քիչ էլ սպասեն, մենք մեզ մոտ էլ շատ բան ունենք տեսնելու։