Արարատված Արարատյանը. մի երազանքի պատմություն
Լեռներ

Արարատված Արարատյանը. մի երազանքի պատմություն

2021 թվականի օգոստոսին լրագրող Էլեոնորա Արարատյանը վերելք է կատարել Արարատ լեռ: Նա ԵՐԵՎԱՆ ամսագրի հետ կիսվել է անցած ճանապարհով, պատմել դժվարությունների, ինքդ քեզ հաղթելու ու դատարկությունը երազանքով լցնելու մասին:

Տեքստը՝ Էլեոնորա Արարատյանի, Յանա Շախրամանյանի մասնակցությամբ


Լուսանկարները՝ Էլեոնորա Արարատյանի անձնական արխիվ

 

ԵՐԵՎԱՆ #76 | 2022
 

Իսկ եթե հոգնեն ոտքերդ, դու հանկարծ չհանձնվես,
Քո անցած ճանապարհները վերևից դու կտեսնես…

- Արեգ Նազարյան 
 

 

Բոլորս մանկությունից ենք գալիս

2021 թվականի օգոստոսի 27-ին Արարատի գագաթին էի, բայց հիմա կարող եմ ասել, որ ճանապարհը դեպի Արարատ սկսվել էր մանկությունից: Կարծում եմ՝ այսօր մեր ով լինելու, ունեցած նախասիրությունների, սիրած համերի, գույների ու բույրերի հիմքը մանկությունն է: Հայրս երիտասարդ տարիներին արշավական էր, զբաղվում էր ծովային բազմամարտով և (այսօր՝ այսպես կոչված) դայվինգով: Ժամանակին լեգենդար Շավարշ Կարապետյանը մրցումներում առաջին տեղն էր զբաղեցնում, հայրս՝ երկրորդ: Հիշում եմ՝ ամեն անգամ ցույց էր տալիս իր սև-սպիտակ լուսանկարներն ու պատմում՝ «նայի՛ր, սա Արագածն է, սա Արայի լեռան գագաթին ենք», «տե՛ս, Գեղամա լեռներով այսքան կիլոմետր քայլել ենք»: Այդ ժամանակ ինձ ոչ այնքան լեռներն էին հետաքրքրում, որքան հորս բազմաթիվ պատմությունները լեռների մասին: 


Արարատի «ճանապարհին» մեծ դեր խաղաց նաև մասնագիտությունս: Նոր էի սկսում մասնագիտական կարիերան, սպորտը լուսաբանող լրագրողներով 2007-ին հավաքվեցինք գնացինք Արագած՝ Հարավային գագաթ: Այդ տարիներին Հայաստանում ոչ մի հանդերձանք չկար, հիշում եմ՝ մայրիկիս գործած գլխարկով էի: Մեզ հետ էր փորձառու ուղեկից Աշոտ Լևոնյանը, որը բացահայտեց ինձ համար նոր լեռնային աշխարհը: Տարիներ անց որպես լրագրող աշխատում էի «Մեդիամաքս» լրատվական գործակալությունում: 2011-ի հերթական աշխատանքային օրն ինձ ուղարկեցին Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի ասուլիսին, որի ժամանակ պատմում էին՝ ինչպես են հայ լեռնագնացներն առաջին անգամ վերելք կատարել Իրանի ամենաբարձր գագաթը՝ Դեմավենդը: Այդ օրը ծանոթացա ֆեդերացիայի նախագահ Սուրեն Դանիելյանի հետ։ Նրանց գործունեությունն ինձ հետաքրքրեց, սկսեցի գնալ ֆեդերացիա, մասնակցել նախ դասընթացներին, հետո՝ արշավներին: Այդ տարիներին ամենաանհասանելի թվացող լեռն Արարատն էր: Միտքը, որ կարելի է վերելք իրականացնել Արարատ, քիչ-քիչ սկսեց ձևավորվել: Այս ամենում նաև մեծ սիմվոլիզմ կար՝ Արարատյան ազգանունս: 

 

 

 

Պատրաստ ես, երբ երազանքը նպատակ է դառնում

Ինչ-որ պահի արշավական ակտիվ կյանքումս դադար եղավ, հինգ տարով տեղափոխվեցի Մոսկվա: Բայց Արարատի միտքը, միևնույն է, հետս էր: Հիշում եմ՝ համացանցում գտել էի վերելքի համար անհրաժեշտ հանդերձանքի, գույքի ցուցակն ու սկսել գնել: Ամեն անգամ ոգևորված հերթական «պլյուսն» էի դնում այս կամ այն պարագայի դիմաց: Արդյունքում, երբ որոշեցի Հայաստան վերադառնալ, այդ ամբողջը տեղափոխելու համար ստիպված եղա մեքենա վարձել: Այդ գույքի մի մասն իսկապես օգտագործեցի վերելքի ժամանակ: 


Երբ արդեն Հայաստանում էի, «արարատյան երազանքն» ավելի իրական դարձավ: Առաքելությունս իրականացնելու համար ընտրեցի հայկական աշխարհագրական նախագիծը՝ ArmGeo-ն: Նրանք մի հետաքրքիր ավանդույթ ունեն՝ Արարատ վերելք կատարածներին անվանում են «Արարատված»: Բացի այդ, ամեն տարի ArmGeo-ի հիմնադիր Տիգրան Շահբազյանը միջոցառում է կազմակերպում ու վկայագրեր հանձնում տարվա «Արարատվածներին»: Հիշում եմ՝ բոլոր տարիներին, երբ Երևանում էի, գնում էի միջոցառմանը, նստում դահլիճում ու հիացմունքով նայում մարդկանց, որոնց անուն-ազգանուններով բեմ էին հրավիրում ու հանձնում Արարատի վերելքի վկայագրերը: Եվ ամեն անգամ երազում էի հայտնվել դահլիճի այն կողմը: 


Գրանցվեցի ArmGeo-ի 2019-ի վերելքին: Ցավոք, արշավներից մեկի ժամանակ ծնկի վնասվածք ստացա ու ստիպված եղա հրաժարվել։ Հետո 2020-ն էր՝ համավարակ, պատերազմ: 2021-ի սկիզբն էր, երբ հստակ հասկացա՝ պատրաստ եմ ու Արարատի վերելքը պետք է լինի հենց այս տարի: Վստահ կարող եմ ասել՝ այս առումով առաջնայինը ոչ այնքան ֆիզիկապես, որքան մտքով, մտովի պատրաստ լինելն է։ Սկսեցի հանդիպել Արարատ բարձրացած մարդկանց հետ, զրուցել, որ պատկերացնեմ՝ ինչ է սպասվում: Կարևոր էին մեր արշավականներից մեկի՝ Գևորգ Հարությունյանի խորհուրդները: Շատ է տպավորվել ավագ ընկերոջս՝ «Մեդիամաքսի» տնօրեն Արա Թադևոսյանի հետ հանդիպումը, ով ևս բարձրացել էր Արարատ: Ինձ ասաց՝ պատրաստ ես, երբ երազանքդ դառնում է նպատակ, «դա գործ է, որ պետք է անես, վստահ եմ քեզ վրա, գագաթից նկարի եմ սպասում»: 

 

 

 

Էստեղից-էնտեղից

Վերելքիս հետ կապված ամեն հարցում սիմվոլիզմ կար: Նույնիսկ անհրաժեշտ գումարը հավաքելն էր սիմվոլիկ: Մանկության ընկերներիցս մեկը՝ Վարդանը, Միացյալ Նահանգներում է ապրում, այդ շրջանում Հայաստան եկավ, հանդիպեցինք: Ինձ նվերներ էր բերել ու վերջում նաև 100 դոլար տվեց: Սա ինձ համար խորթ էր, բայց հետո համոզեցին, որ դրսից եկող հարազատ-բարեկամների կողմից ընդունված մոտեցում է: Որոշեցի այդ գումարը նպատակային ծախսեմ, դրեցի ծրարի մեջ ու ասացի՝ «Արարատի սկիզբն է»: Հետո իրեն պատմեցի, որ վերելքիս մաս է կազմել: Չնայած որոշմանս մասին քչերը գիտեին՝ ինձ շատ հարազատներ ու ընկերներ աջակցեցին: Քույրս՝ Կրիստինան, Սանկտ Պետերբուրգից տաբատ բերեց, ընկերներիցս մեկը՝ Նիկը, Մոսկվայից բաճկոն, մեկ ուրիշը քնապարկ նվիրեց: Ամենամոտ ընկերուհիս՝ Սաթը, ցանկացած հարցում միշտ աջակցում էր։ 


Հայրս էր շատ ոգևորված, անընդհատ ասում էր՝ «իմ աղջիկը՝ Արարատյանը, Արարատ է բարձրանալու»: Դրան զուգահեռ ամեն օր հարցնում էր՝ «ինչի՞ ես նստած, այսօր ի՞նչ ես արել վերելքի համար, սարի կեսին ես մնալու, գնա պարապի, լողի գնա, գնա վազի»: Հիմա եմ հասկանում՝ կարողություններիս վրա կասկածելով իրականում ուզում էր մոտիվացնել ինձ, մարտահրավեր նետել, որ ավելի շատ աշխատեմ: Համոզված եմ՝ նա բոլորից վստահ էր, որ բարձրանալու եմ: 


«Արարատյան առաքելությանս» մյուս խորհրդանիշը դարձավ շունս՝ Չիման, իմ արշավական ընկերը: Մի քանի ամիս ամեն օր միասին 16 հարկ ոտքով իջնում էինք, գնում այգի, ես պարապում էի, պարան թռնում, վազում Չիմայի հետ: Ինձ շատ օգնեց: Երբ վերելքի համար արդեն մեկնել էինք երկրից, տեսազանգով տուն զանգեցի: Շան համար անսովոր էր իմ այդքան օրվա բացակայությունը, որովհետև համավարակի ընթացքում երկրից դուրս չէի եկել: Հեռախոսի այն կողմից կանչեցի՝ Չիմա՜, Չիմա՜, մոտ վազեց ու սկսեց լպստել էկրանը: Իսկ թե ոնց դիմավորեց տուն մտնելիս, աննկարագրելի է: 


Երբ վերելքս դեռ գաղափարի փուլում էր, կիսվեցի դրանով ընկերներիցս մեկի՝ Ազատի հետ: Ասացի՝ «ինձ միշտ հետաքրքրել է՝ Արարատյաններից ինչ-որ մեկը եղե՞լ է Արարատում»: Պատմեցի, որ մտածում եմ ազգանունովս դրոշ պատրաստել ու ծածանել Արարատի գագաթին: Արդյունքում Ազատը դիզայնը ապահովեց, միասին տպեցինք այդ դրոշը, որն ուսապարկումս էր ամբողջ ուղին:


Շատ կարևոր էր նաև սիրելի տղամարդու՝ Վահեի աջակցությունը: Վերելքից մեկ շաբաթ առաջ ասացի նրան՝ «մյուս շաբաթ Արարատ եմ գնում», զարմացած պատասխանեց՝ «Արարատում ի՞նչ կա»՝ մտածելով, թե քաղաքի մասին եմ խոսում, ասացի՝ «չէ՜, ես Ա-րա-րատ եմ գնում»: Ամբողջ ընթացքում կիսում էր զգացածս, գրում, հարցնում՝ ինչպես ենք ու որտեղ։ 

 

 

«Էլեոնոր, դու կարող ես, քայլի՛ր, քայլի՛ր, Էլեոնոր» 

Արարատի վերելքը սկսվում էր Արևմտյան Հայաստան այցելությունից: Նախկինում եղել էի Անիում ու Կարսում և այլ քաղաքներում, բայց այս անգամ ինձ համար կարևոր էր Վանը, որովհետև մերոնց արմատները Վանից են: Հայրս առաջադրանք էր տվել՝ «անպայման կլողաս Վանա լճում ու կուտես Վանա տառեխ»: Հիշում եմ՝ մտա լիճը, լողում եմ ու մտածում՝ գուցե, նախապապս այստեղ եկել է ընտանիքով հանգստանալու կամ ձուկ բռնելու: Արարատից հետո Վանն այս ճամփորդության երկրորդ կարևոր առաքելությունն ու հզոր զգացումն էր: 


Բուն վերելքը տևեց հինգ օր՝ երեք օր բարձրացել ենք, երկու օր՝ իջել: Քայլել սկսեցինք 2100 մետրից, 3200 մետրի վրա առաջին ճամբարն էր: Ծանր բեռները տանում էին ձիերը, իսկ մենք քայլում էինք միայն մեր ուսապարկերով: Ճամբարներում ամեն ինչ հարմարավետ էր, ունեինք խոհանոց, տարատեսակ ուտելիքներ, միրգ, սուրճ ու թեյ:  


Գիշեր էր, դուրս եկա վրանից ու նայեցի երկնքին: Այդ աստղերը երբեք չեմ մոռանա, այնքան սիրուն էին, այնքան վառ ու մոտ, թվում էր՝ ձեռքով կարող եմ հպվել ու զգալ դրանք: Ճանապարհը դեպի երկրորդ ճամբար (4200մ) նույնպես հարթ անցավ: Ինձ համար ամենից դժվարը երրորդ վերելքն էր՝ 4200 մետրից մինչև գագաթ: Երեկոյան վեցին պիտի քնեինք, որ կեսգիշերին սկսեինք քայլել։ Ինձ մոտ գրեթե չստացվեց, անընդհատ մտածում էի վերելքի մասին: Բացի այդ, օրգանիզմս սովոր չէր գիշերն այդքան քայլելուն: Ինչ-որ պահի ձեռքերս սկսեցին դողալ, չէի հասկանում՝ ինչ է կատարվում ինձ հետ ու դրանից ավելի լարվում: Պատրաստված էի տարբեր սցենարների, գիտեի՝ ինչ անել գլխապտույտի, ճնշման տատանումների դեպքում, բայց այստեղ չէի հասկանում՝ ինչն է խնդիրը: 


Շատ օգնեց խմբի հոգատարությունը։ Լեռներում, առհասարակ, մարդկային հարաբերություններն ուրիշ են: Անգամ մեզ ուղեկցող քրդերն էին անընդհատ մոտենում, հարցնում` ինչպես եմ, ստուգում բիբերս ու սրտիս աշխատանքը: Շատ հուզիչ էր, երբ գագաթին արդեն մոտ էինք, ու մեզ ուղեկցող քուրդը կրկնում էր՝ «summit there»՝ քիչ է մնացել: Վերջին մետրերից մտքումս դաջվել են Հայաստանից մեր ուղեկցորդի՝ Հրաչի բառերը՝ բարձր ձայնով ասում էր. «Էլեոնոր, դու կարող ես, քայլի՛ր, քայլի՛ր, Էլոնոր»: Հետաքրքիր է, որ այս բառերը հետս բերել եմ Արարատից ու հիմա կյանքի տարբեր իրավիճակներում հաճախ ականջներումս լսում եմ՝ «դու կարող ես, քայլի՛ր, քայլի՛ր, Էլեոնոր»: Երբ արդեն տեսնում ես գագաթը, դրա գցած ստվերը, աչքերդ արցունքներով են լցվում: Քեզ ստիպում ես հավաքվել, շարունակել քայլել ու չես էլ նկատում, որ արդեն այստեղ ես՝ գագաթին: Վերևում առաջինը բացեցի «Արարատյան» դրոշը, մտածեցի ծնողներիս մասին, ձեռքով արեցի ու ասացի՝ «մամ, պապ՝ ձեզ համար»: Հետո գագաթին կանգնած պատկերացնում էի՝ ինչպես է պապան հիմա 16-րդ հարկի մեր պատշգամբում թախտին նստած նայում Արարատին ու մտածում, որ ես այնտեղ քայլում եմ։ 


Հաջողված վերելքի մասին առաջինն իր հետ ուզեցի կիսվեմ։ Իջնելուց հետո զանգեցի, հեռախոսի մյուս կողմից ասաց՝ «հպարտանում եմ քեզնով»: Շատ կուզեի անձամբ, աչքերին նայելով ասել, հասկանալ՝ ինչ զգաց այդ պահին։ Գագաթից նկար ուղարկեցի Վահեին՝ «հալալ ա, շնորհավոր»: Արային էլ խոստացած նկարն ուղարկեցի: Մեր 28 հոգանոց ինտերնացիոնալ խմբից գագաթ հասան բոլորը. ամենաերիտասարդը 14 տարեկան էր, ամենամեծը՝ 58: 

 

 

 

Երազանքի կորուստն ու դատարկությունը 

Գագաթին մեր խմբում բոլորը շատ ուրախ էին, նկարվում էին, շնորհավորում իրար։ Իսկ ես լուռ էի, նստել էի ու մտածում, որ միակ զգացածս մեծագույն դատարկությունն է, կարծես մի թանկ բան կորցրած լինեի։ Նման բան ինձնից չէի սպասում, չէ՞ որ այդքան երկար ձգտել էի սրան։ Մտածում էի՝ լավ, կարո՞ղ է ինձ հետ մի բան այն չէ, ինչո՞ւ են մյուսներն ուրախանում, ես՝ չէ։ Ինքս ինձ վերլուծելով՝ հասկացա, որ իրականացրել էի ու միևնույն ժամանակ կորցրել երազանքս. ներսումս դրա տեղում դատարկություն էր մնացել։ Հետո, երբ արդեն տոնում էինք հաջողված վերելքը, խմբից մի տղամարդ պատմեց, որ ցուցակ է կազմել՝ գրի առնելով բոլոր այն զգացողությունները, որ ունեցել է վերելքից հետո: Նրա ցուցակում առաջին կետը երազանքի կորուստն էր: Հասկացա՝ միայն ես չեմ այդպես զգացել: Հասկացա նաև, որ այդ դատարկությունը նորմալ է ու այն միշտ պետք է լցնել նոր երազանքով, նպատակով ու ձգտումով։ 


Արարատից իջնելը բարձրանալուց դժվար էր, որովհետև քայլել էինք ամբողջ գիշեր։ Մի հետաքրքիր շրջապտույտի զգացողություն կար այնտեղ։ Երբ սկսում էինք վերելքը, հանդիպում էինք իջնող խմբերի: Նրանք քայլում էին հպարտ, իսկ մենք դեռ չգիտեինք՝ ինչ է սպասվում։ Նրանք ասում էին՝ «good luck», ինչ-որ խորհուրդներ տալիս: Հիշում եմ՝ իջնող խմբերից մեկում մի տղամարդ վատ էր զգացել ու նրան իջեցնում էին ձիով, այս ամենն ազդում էր նոր-նոր բարձրացողների վրա։ Իսկ հետո արդեն մենք էինք իջնում նույն հպարտությամբ ու ներքևից եկող խմբերին ասում՝ մի վախեցե՛ք, ձեզ մոտ էլ կստացվի։ 


Հյուրանոց հասնելուց հետո ամենացանկալին ցնցուղն էր։ Կարող եմ ասել, որ այդ ճամփորդության մեծագույն վայելքները Վանը, Արարատն ու դուշն էին: 

 

 

 

Երբ կյանքդ փոխվում է 5165-ով

Վերելքից հետո ինքս էլ չէի հավատում, որ կարողացել եմ, որ ես դա արել եմ։ Սոցիալական ցանցերում նկար հրապարակեցի, մարդիկ շնորհավորում էին, հպարտանում։ Հետո կուրյոզ, երբեմն նեղացնող հարցերի շարք սկսվեց. «իսկ մինչև վե՞րջ ես գնացել, հենց գագա՞թը», «մե՞ր կողմից ես գնացել, թե՞ իրանց», «դե լա՜վ, իրանց կողմից Արարատը լավը չի»։ Սկզբում այս հարցերը ցավեցնում էին ինձ, մինչև մոտ ընկերս ասաց՝ «հասկացի, մեր՝ ոչ լեռնային մարդկանց համար, դա անհասանելի է թվում, դրա համար ենք նման հարցեր տալիս»: Շատերն ասում էին՝ «ինչո՞ւ մեզ չէիր պատմել, որ նման բան ես ծրագրում»։ Իսկ ես ուզում էի, որ այդ զգացումը դեռ միայն իմը լիներ, ինքս այն ապրեի, ձախողվեի կամ հաջողության հասնեի։ 


Մեր պատշգամբը նայում է Արարատին։ Երևան վերադառնալուց հետո ամեն առավոտ արթնանում էի ու տեսնում՝ լեռը փակ է։ Այն բացվեց մի քանի օր հետո միայն, նայում էի ու հասկանում՝ սա ուրիշ Արարատ է, ես՝ ուրիշ էլեոնորա։ Մեր տնից երևացող Արարատը նկարել էի ու ուղարկել վերելքի մյուս մասնակիցներին, մի քանի րոպեից ընդհանուր չաթը լցվեց Արարատի լուսանկարներով. ամեն մեկն այն նկարում ու ուղարկում էր իր կետից, իր տան հատվածից։ Շատ հուզիչ էր։ 


Հիմա, երբ հետ եմ նայում, ափսոսում եմ միայն մի բանի համար։ Վերադառնալուց հետո մեկ օր անց միանգամից աշխատանքի գնացի։ Տնից դուրս գալուց րոպեներ անց հասկացա՝ վերադարձել եմ մեկ այլ իրականություն, ավելի ճիշտ՝ Արարատից առաջ եղած իրականությունը. նույն ոչ կարևոր քննարկումները, բողոքներն ու էներգիայի անիմաստ կորուստը։ Շատ կուզեի՝ Արարատից բերածը հետս ավելի երկար պահել ու չխառնել առօրյա վազքին։ 


Իսկ հիմա իմ կյանքում ամեն ինչ չափվում է՝ «դու Արարատ ես բարձրացել, սա էլ կարող ես» սկզբունքով: Շատ դժվարությունների այլ կերպ եմ նայում: ArmGeo-ն «Արարատվածից» բացի մի սիմվոլիկ արտահայտություն էլ ունի՝ «երբ կյանքդ փոխվում է 5165-ով», ու իրոք այդպես է: Հասկանում ես՝ այո՛, կյանքում կան անելանելի իրավիճակներ, բայց հիմնականում ամեն ինչ որոշում են միտքդ, կամքդ, բնավորությունդ, ուժդ։ Ամեն ինչ կարող ես, որովհետև իրականում ամեն ինչ քո ձեռքերում է։ Լեռան վրա մենակ ես, անգամ, եթե խմբով եք բարձրանում։ Լեռան վրա դու կռիվ ես տալիս ու հաղթում ես ինքդ քեզ։ Լեռնագնացները սովորաբար չեն ասում՝ «ես նվաճեցի այս լեռը», դու վերելք ես կատարում, չես կարող նվաճել, հաղթել լեռանը։ Բնություն-մարդ պայքարում դու միշտ պարտվող ես, լեռները սովորեցնում են հարգել բնությունը, «պայմանավորվել» նրա հետ ու հաղթել միայն ինքդ քեզ։ 


Սա ոչ միայն դեպի Արարատ ճամփորդություն էր, այլև նպատակի ձևավորման ճանապարհ։ Ես հետևում էի՝ ինչպես է պարզապես միտքը երազանք դառնում, հում վիճակից ձևավորվում, «եփվում» մի քանի ուսապարկով, «համեմվում» այլ գույքով ու դառնում հստակ դրված նպատակ, որին հասնել է պետք։ Հիմա ես գիտեմ՝ մարդն ամեն ինչ կարող է։ Իսկ հիմա ես ապրում եմ նոր «արարատներով»՝ ուղիղ և փոխաբերական իմաստներով։