Առատության երկիր
Արվեստ

Առատության երկիր

2017 թվականին շվեյցարացի նկարիչ Մարսել Մայերը վեց ամսով ժամանեց Երևան, որի արդյունքում իր բազմաշերտ տպավորություններն արտահայտեց լինոփորագրությունների շարքի մեջ։ Ներկայացնում ենք դրանց մի մասը և հեղինակի ուղեկցող մեկնաբանությունները Land of Plenty ալբոմից։

Տեքստն ու նկարազարդումները՝ Մարսել Մայերի

 

ԵՐԵՎԱՆ #73 | 2021

 

 

#Դիզայն

Մայերը «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության, շվեյցարական Բազել քաղաքի Atelier Mondial Արվեստագետների փոխանակման Միջազգային ծրագրի և գերմանական Ֆրայբուրգ քաղաքի քաղաքապետարանի միջև 2016-ից գործող Արվեստագետների փոխանակման միջազգային վեցամսյա ծրագրի չորրորդ մասնակիցն էր։

Կասկադ

Ժամանելուցս անմիջապես հետո իմ ընկեր Արմանն ինձ ուղեկցում է քաղաքի կենտրոն։ Զբոսանքի վերջում չափչփում ենք Կասկադը՝ աստիճանաշարը, որը կապում է քաղաքի կենտրոնը բլուրներից մեկի հետ։ Անհամար մարդկանց քայլերից մաշված աստիճաններով հասնում ենք գագաթին։ Արևի շողերի ներքո տեսարանն ինձ հիշեցնում է դե Կիրիկոյի կտավները։

 

 

 

Մարշրուտկա

Տեղաշարժման լավագույն միջոցը մեքենան է։ Այստեղ են նաև տխրահռչակ «մարշրուտկաները»։ Այս խախուտ միկրոավտոբուսները հաճախ գերբեռնված են, բայց դրանց սպասող ուղևորները, միևնույն է, մի կերպ խցկվում են։ Նորմալ տաքսիներն ավելի թանկ են, բայց նաև ավելի հարմարավետ։

 

 

 

Սևանի գրողների տուն

Լուսանկարը, որի հիման վրա կատարել եմ լինոփորագրությունը, արվել է 1973 թվականին։ Այդ ժամանակ Գրողների տունը տեղական էլիտայի ու միջազգային գրական աստղերի հանդիպման վայր էր։ Սիմոնա դե Բովուարը, Ժան-Պոլ Սարտրը և շատ ուրիշներ հյուրընկալվել են այստեղ։ 


Փայլուն ժամանակներն անցել են։ Մնացել է միայն այս շենքը։ Այժմ սա ժամանակի կողմից քրքրված հյուրանոց է, որը դեռ պատկանում է Գրողների միությանը։

 

 

 

Չայկա

Այս նոստալգիկ մեքենան կոչվում է «Չայկա» (ռուսերեն՝ ճայ), այն արտադրվել է Ռուսաստանում 1959-ից մինչև 1981 թվականը՝ շուրջ 3000 օրինակով։ 2017 թվականին այն կարելի էր վարձել քաղաքային տուրի համար՝ նախկին Լենինի հրապարակում, որը 1991 թվականի անկախացումից հետո վերանվանվել է Հանրապետության։ Մեքենան սազում է քաղաքային պատկերի հետ, որտեղ քաղաքի սիրտ հրապարակը շրջապատված է 1928 թվականի նեոկլասիկ կառույցներով, մինչդեռ ավելի հին քաղաքից հատուկենտ շենքեր են մնացել։

 

 

«Երիտասարդական»

Երբ առաջին անգամ իջնում եմ «Երիտասարդական» կոչվող կայարանում, նկատում եմ պատուհանը, որը, քանի դեռ բարձրանում եմ շարժասանդուղքով, զարմանալի աստղի պես գնալով ավելի է մեծանում։ Նրբագեղ կայարանը գտնվում է Երևանի կենտրոնը շրջապատող Օղակաձև այգում։ Հսկա աստղադիտակի պես պատուհանը ցցված է կտուրից։

 

 

 

Խաչքար 

Հսկա նորակառույցների ստվերում քարագործը կերտում է ավանդական խաչքարեր։ Հայ քրիստոնեական վարպետորեն զարդարված այս կոթողները կարելի է հանդիպել ամբողջ երկրով մեկ։

 

 

Լենինի գլուխը

Լենինի արձանն այժմ թաքնված է Ազգային պատկերասրահի բակում՝ իր նախնական տեղակայման վայրի դեմ դիմաց։ Որպեսզի կասկած չմնա, որ այն տապալված է, գլուխը պահվում է առանձին՝ պատկերասրահի նկուղում։

 

 

Հաղթանակի այգի 

Զանազան քանդակներով լի քաղաքում երբեմն կարելի է հանդիպել տարբեր ֆիգուրների ամենաանսպասելի փոխազդեցություն։ Այս պլաստիկ կապիկը, օրինակ, զուգորդվում է Մայր Հայաստան մոնումենտալ արձանի հետ, որը կանգնած է հսկայական պատվանդանի վրա։ Հենց դրա կողքին գործում է զվարճանքների այգին, որի ատրակցիոնների լավ օրերը վաղուց անցյալում են, իսկ հնամաշ կարուսելներն ու դիտման անիվը կարծես հակադրվեն հսկա Մայր Հայաստանին։

 

հավելյալ նյութեր