Արայիկնոցի շրջանավարտները
Ինչպես ֆոտո ատելյեն դարձավ մի ամբողջ այլընտրանքային իրականություն։
Տեքստը՝ Լենա Գևորգյանի
Լուսանկարները՝ Արայիկնոցի ֆբ-էջից
ԵՐԵՎԱՆ #13 | 2013
Մարշալ Բաղրամյան 2 հասցեում՝ նախկին Pioneer բարի տեղում, Արա Միսակյանի ֆոտոստուդիան էր, ավելի հայտնի որպես «Արայիկնոց»՝ ռոք երաժշտության, ազատության ու հույսի աշխարհը: Հեռավոր 80-ականներին չճարվող կամ արգելված ռոք խմբերի ալբոմներն ու լուսանկարները այստեղ էին «բնակվում»: Դրանց գոյությունն իմաստավորում էին մեր քաղաքի ռոքասերները, որ հիմա աշխարհով մեկ են սփռված: Մոտ 20 տարի է Արայիկնոցն այլևս պատմություն է, «բայց ռոք ակումբի նախատիպ» պիտակը ստացած վայրի մասին հիշողությունները, կարոտն ու երախտիքը շարունակում են միավորել մի ժամանակ այստեղ «բնակվողներին»:
Արայիկ Միսակյանը՝ ֆոտոստուդիայի հայտնի պատի ֆոնի
Արման Պադարյան, 42 տարեկան
Հայաստանի Պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր պրոդյուսեր
1987 թվականին Երևան եկա: Այդ ժամանակ 17 տարեկան էի: Սեպտեմբերն էր, երբ համակուրսեցուս՝ Տիգրան Վարդանյանի հետ առաջին անգամ գնացինք Արայիկի ֆոտոստուդիա, որովհետև իմացել էինք, որ այնտեղ կարելի էր ռոքի ցանկացած ստեղծագործություն ձայնագրել: Գնացինք Emerson, Lake and Palmer–ի հետևից:
Ձայնագրություններով զբաղվում էր Արայիկի ընկերը՝ Վարդանը: Արդյունքում՝ ծանոթացանք մի քանի երիտասարդների հետ, խոսեցինք երաժշտության մասին: Վարդանն էլ, իր հերթին, խոսեց ինձ հետ, տեղեկացավ երաժշտական նախասիրություններիս մասին ու Emerson, Lake and Palmer–ի ալբոմից բացի, որպես բոնուս թրեք, Madness-ը ձայնագրեց: Նույնիսկ ծիծաղելի է, բայց մինչ այժմ լսում եմ այդ ձայնագրությունները:
Արայիկնոցում երկու սենյակ կար՝ ընդունարանն ու ստուդիան. վերջինս բազմաթիվ անկյուններ ուներ: Ռոքի սիրահարները լուսանկարվում էին աջ անկյունում՝ The Rolling Stones-ի ալբոմների ֆոնին: Ի դեպ, Արայիկ Միսակյանը խմբի մոլի երկրպագուն էր: Ինքն էլ դեռ 60–70-ականներից սկսած սովորականից մի քիչ կարճ ջինս էր հագնում, որպեսզի գուլպաները երևան՝ Ջագերին էր նմանվում:
Երբ Արայիկնոց էիր մտնում, վերջապես կարողանում էիր ազատ ու հանգիստ շունչ քաշել, որովհետև հայտնվում էիր քեզ հասկացող մարդկանց շրջապատում:
Այստեղ էին գալիս Տիգրան Պապյանը, Արտյոմ Այվազյանը, Վարդանը, Վարդան ու Միշա Դեմիրխանյանները, Անդրեյ Հայրապետովը, Արայիկ Лошадь-ը, Շուռը, Միշա Աբազյանը՝ Աբազը, Սեմը, Добрость-ն ու մյուսները: Պապյանը հիմա Իսրայելում է բնակվում, Արտյոմը՝ Երևանում հայտնի ռադիո պրոդյուսեր է, ռոք հանրագիտարանի հեղինակ, Վարդանն ու Միշան «ԱրդՇինԻնվեստԲանկում» են աշխատում, Անդրեյը, նույն ինքը Халява-ն, ռեժիսոր է, բնակվում ու աշխատում է Մոսկվայում, Արայիկն էլ Մոսկվայում է՝ ակումբներից մեկի գեղարվեստական տնօրենն է, Սեմը մեդիա փորձագետ է, Աբազը IT ոլոր-տում է, Շուռը ճարտարապետ է, իսկ Добрость-ը… նա մահացավ ԱՄՆ-ում:
Արայիկնոցում հավաքվում էին ոչ միայն ռոք լսողները, այլ նաև նրանք, ովքեր փորձում էին որևէ գործիք նվագել կամ երգել: Շատ ու շատ երիտասարդներ, որոնք հետագայում հայտնի դարձան որպես ռոք երաժիշտներ, հենց Արայիկնոցի «դպրոցն» են անցել: Ավելին ասեմ՝ Արայիկնոցում էին տեղի ունենում նրանց առաջին համերգները: Իսկ տոմսը սերն էր The Beatles-ի, Deep Purple-ի, Led Zeppelin-ի, The Rolling Stones-ի, Ջիմի Հենդրիքսի հանդեպ: Այստեղ շատ էին նաև ռոքի գենետիկայի վերաբերյալ քննարկումներն ու խոսակցությունները: Ամեն ինչ յուրահատուկ էր՝ պատերին փակցված լուսանկարներից սկսած մինչև Ֆոտոստուդիա եկող հյուրերը: Ինքս Թիֆլիսից եմ Երևան եկել, այժմյան բոլոր երևանցի ընկերներիս համար Արայիկնոցին եմ պարտական: Օրինակ՝ համակուրսեցիներիս հետ չեմ հանդիպում, իսկ Արայիկնոցի «համալսարանի շրջանավարտները» մինչ այսօր մտերիմ ընկերներս են:
Խորհրդային Միության ու հետխորհրդային ծանր տարիներին Արայիկնոցն ու ռոք երաժշտությունն ասոցացվում էին ազատության մասին երազանքի ու պայծառ ապագայի հավատքի հետ:
Հենց այդ հոգեվիճակն էր օգնում մեզ գոյատևել շրջափակման ծանր տարիներին, երբ շատերը հեռացան Երևանից: Տպավորություն էր, որ ռոք երաժշտությունը մեզ յուրահատուկ է դարձնում, որովհետև անհասանելի էր հեռուստատեսությամբ ու ռադիոյով: Հետո մեծացանք ու հասկացանք, որ յուրահատուկ չէինք, բայց տարբերվում էինք մյուսներից: Հիմա ռոքը փող վաստակելու մեքենա է, շատ ռոք երաժիշտներ վատ սովորություններ ունեն, իսկ մենք իդեալիստներ էինք ու մեզ համար ռոքը վսեմության գաղափարի կրողն էր: Միգուցե մենք սխալվում էինք, բայց ես դրա համար չեմ փոշմանել:
Արսեն Կարապետյան, 39 տարեկան
Ճարտարապետ
1980-ականների վերջն էր, երբ սկսեցի Արայիկնոց գնալ: Դպրոցական ընկերներս էին ասել այդ տեղի գոյության մասին: Այդ շրջանում փորձում էի կիթառ նվագել սովորել և, բնականաբար, ընկերներով ուզում էինք ինչ-որ տեղեր գտնել, որտեղ կարելի էր հավաքվել, նվագել, երաժշտություն լսել:
Արայիկնոցի նախասրահը սրտաբաց էր և լուսավոր, այստեղից դռնով մտնում էինք ստուդիա: Չնայած հաճախ էի լինում այնտեղ, ամեն անգամ մի տեսակ ձգվում էի, որովհետև նկարչի արվեստանոց էի մտնում: Նախասրահի և ներսի սենյակի տրամադրությունները շատ տարբեր էին. եթե առաջինում կարելի էր ընկերներով նստել, զրուցել, աղմկել, ապա ներսում՝ արվեստանոցում, անհնար էր չենթարկվել Արայիկին, որը աշխատելուց դառնում էր խիստ, երբեմն կոպիտ, մտածելով միայն իր ստեղծագործության մասին:
Արայիկը Երևանում հայտնի Միսակյան լուսանկարչական դինաստիայի շարունակողն էր: Շատ հետաքրքիր էր Արայիկի աշխատելը: Նա երբեք առանց ոգևորվելու չէր լուսանկարում, նույնիսկ եթե անձնագրի լուսանկար էր: Կարող էր հաճախորդին տուն ուղարկել, ասելով՝ «Այսօր դու պատրաստ չես», կամ՝ «ազատ չես նստած, hայացքդ լավը չի այսօր»: Նույնիսկ զավեշտալի դեպքեր էին լինում: Մի անգամ մի զույգ եկավ, Արայիկը ամուս-նուն ասաց՝ «Դու ի՞նչ գործ ունես ստուդիայում, դուրս արի, այնտեղ սպասի, որ կինդ չկաշկանդվի»: Ամուսինը վիրավորվեց, քիչ էր մնում կռիվ աներ: Հաճախ լինում էր, որ նստած զրուցում էինք, մեկ էլ Արայիկը՝ խոսքը կեսից ընդհատելով, վեր էր թռչում, մեկնումեկին ասում էր՝ «արի շուտ», տանում էր ներս ու նկարում: Դա նշանակում էր, որ մի բան մտքով անցավ. նոր լուսավորության տարբերակ, նոր ռակուրս: Փորձեր էր անում անընդհատ, ստեղծագործում:
Նախասրահի գլխավոր զարդը ապակե պատն էր՝ ներքևից վերև ծածկված The Beatles-ի փոքր լուսանկարներով, որը, սակայն, ծածկված էր ծանր անթափանց վարագույրով, և այդ պատը տեսնելու պատվին պետք էր դեռ արժանանալ: Բոլոր լուսանկարները համարակալված էին, համարներով կարելի էր պատվիրել՝ կարծեմ մեկ ռուբլիով: Բացի դրանից, կարելի էր պատվիրել մեծ չափսի չտեսնված որակի ֆոտոթղթի վրա տպված պաս-տառներ: Ես մինչև հիմա պահպանել եմ 2 կամ 3 երեք նման պաստառ: Արայիկնոցում հավաքները ծրագրված չէին՝ անցնում էինք կողքով ու անպայման մտնում էինք՝ մեկ էլ տեսար ծանոթ մարդու հանդիպեինք: Լավ հիշում եմ Վալեռա անունով մի շատ յուրահատուկ անձնավորության, հաճախ էր լինում Արայիկի մոտ, հարևանն էր կարծեմ: Վալեռան մեծ էր տարիքով, ներկայանում էր նախկին գնդապետ և կիսաֆանտաստիկ պատմու-թյուններ պատմում: Մեկ-մեկ պետք էր լուսանկարվել, գնում էինք 10 րոպեով՝ մնում էինք 2 ժամ:
Մի անգամ Արայիկը որոշեց կենդանի համերգ կազմակերպել, մի 7–8 հոգի հավաքեց, կասետով ծրագիրը տվեց՝ իր կողմից ընտրված համաշխարհային ռոք երաժշտության նմուշներ էին: Շաբաթը մի քանի անգամ հավաքվում էինք իր մոտ՝ պարապելու: Սակայն խնդիրը այն էր, որ շատերը նվագել նույնիսկ չգիտեին, քանի որ Արայիկը երաժիշտների կազմը ընտրելուց առաջնորդվում էր միայն իրեն հայտնի չափանիշներով:
Ասում էր՝ կարևոր չի, որ նվագել չգիտես, վերցրու, օրինակ, ֆլեյտան ու փչի, կարևորը հոգով լինի: Էդ խումբը, իհարկե, արդյունքի չհասավ: Չնայած մի քանի կենդանի համերգներ, այնուամենայնիվ, տեղի ունեցան: Հիշում եմ «36,6» խմբի ակուստիկ համերգը:
Մի անգամ էլ մենք երեք ընկերներով փոքրիկ կիթառային համերգ տվեցինք, The Beatles-ի երգերն էինք կատարում: Չեմ կարող ասել հաջող անցավ, թե ոչ, բայց ունկնդիրը բարի էր և ներողամիտ: Ցավոք, Արայիկը ինչ-ինչ պատճառներով ստիպված էր վաճառել տարածքը: Իր հետ արդեն մի 20 տարի է կապ չունեմ, չնայած մեկ-մեկ տեղեկանում եմ իր մասին: Բայց մինչև հիմա էլ շարունակում եմ կապը Արայիկնոցի ընկերներիս հետ: Այդ տեղը երիտասարդությանս ամենավառ հիշողություններից է, մանկությանս Երևանի խորհրդանշական անկյունը:
Աննա Սիմոնյան, 35 տարեկան
PR մասնագետ
Կոնկրետ չեմ կարող հիշել, թե երբ սկսվեց այս ամենը: Կարծես 1990 թվականին, երբ համադասարանցիներիցս մեկն ասաց, որ Բաղրամյանի վրա գտնվող ֆոտոստուդիայում կարելի է լուսանկարներ ու կասետներ պատվիրել: Խորհրդային Միության մայրամուտին պաստառները, սկավառակները, ձայնագրությունները, լուսանկարները՝ ամենը դրոշմվում էր ձեռներեց կոոպերատիվների կողմից: Բայց Միսակյանի ֆոտոստուդիան մի յուրահատկություն ուներ՝ այնտեղ կարելի էր ռոք երաժիշտների լուսանկարներ պատվիրել:
Ավելին՝ Միսակյանը համագործակցում էր այն թվականների Երևանի լեգենդ Վարդանի հետ, ում կարելի էր ցանկացած ձայնագրություն պատվիրել: Այդ օրհնյալ, անինտերնետ տարիներին գոյություն ուներ «զապիսնոց» հասկացությունը, որտեղ կարելի էր կասետ տանել ու ստանալ այն, ինչ հետաքրքրքում է քեզ:
Կարծում եմ՝ Արայիկնոցի հետ ծանոթ բոլորն էլ կհիշեն, որ սենյակի պատերին ու առաստաղին բիթլների նկարներն էին փակցված: Եթե այն ժամանակ որևէ մեկը ասեր ինձ, որ 21-րդ դարում Երևանում Beatles բար կունենանք, հոգեբույժի մոտ կուղարկեի նրան: Այդ թվերին պարկեշտ երևանցին ռոք լսել չէր կարող, ու Արայիկնոցի պատերը մեր բիթլա-մանական պաշտամունքի միակ առարկաներն էին:
Այնպես ստացվեց, որ Արայիկնոցը դարձավ մեր հիմնա-կան հավաքատեղիներից մեկը: Նույնիսկ, եթե ինձ այնտեղից ոչինչ պետք չէր, միևնույն է, ընկերներիցս մեկին պետք էր որևէ բան պատվիրել կամ գնել: Որովհետև այնքան կարևոր էր, օրինակ՝ The Doors խմբի 9x12 լուսանկար պատվիրել:
Իր նախագծով Արայիկնոցը նման էր Երևանի մյուս ֆոտոստուդիաներին՝ նախասենյակ, ընդունարան և ստուդիա: Նախասենյակը միշտ բազմամարդ էր: Երիտասարդները, որ շատ էին, տարիքով նույնիսկ Արայիկից փոքր էին, իսկ նա այն ժամանակ հազիվ 30 լիներ: Երևանը մշտապես պահպանողական քաղաք է եղել, իսկ արտաքին տեսքը այն ժամանակ պարզապես այցեքարտ էր համարվում: Արայիկնոցում հավաքվողները ճղճղված ջինսե տաբատներով էին: Ի դեպ, ջինս կրողները ռոքերներն ու մետալիստներն էին: Հիմա անհավատալի է թվում, բայց 1991 թվականին հենց այդպես էր: Ես Արայիկնոցի մշտական հաճախորդը չէի, բայց օրինաչափություն է, սկզբում մարդկանց ուղղակի բարևում ես, հետո սկսում ես երկար-բարակ զրուցել:
14 տարեկան էի, ու Արայիկնոցը մի դուռ էր դեպի ազատ, երջանիկ աշխարհ, որ հիմնովին տարբերվում էր այն աշխարհից, որ տիրում էր դասարանում ու դպրոցում: Ինչո՞վ էին զբաղվում Արայիկնոցում մարդիկ՝ արտասովոր ոչնչով՝ զրուցում էին, երաժշտություն լսում:
1991 թվականի հոկտեմբերի 9-ը Արայիկնոցի պատմության մեջ ինձ համար ամենից կարևոր օրը դարձավ: 36.6 խմբի մասնակցությամբ Ջոն Լենոնին նվիրված երեկույթին գնացի: Արևոտ հոկտեմբերյան օր էր, երկու շաբաթ առաջ Հայաստանը անկախ էր հռչակվել, իսկ հոկտեմբերի 16-ին կայանալու էին անկախ Հայաստանի առաջին նախագահական ընտրությունները: Այդ աշունը շատ երջանիկ ու ուրախ եմ հիշում, պատերազմը դեռ պատերազմ չէր, Պետական Արտակարգ Կոմիտեի (ГКЧП) ձախողված հեղաշրջումը Խորհրդային Միությունը էյֆորիայի ու գինովցած ազատության վիճակի էր հասցրել: Ես 14 տարեկան էի՝ հնդկական ջինսե տաբատով, ծաղիկներով նախշազարդած չեխական կեդերով ու իրական բիթլոման: Հրաժարվում էի որևէ այլ բան լսել այդ աշուն: Այդ օրը, երբ հասա Արայիկնոց, արդեն տասնյակ մարդիկ էին հավաքվել: Ֆոտոստուդիան համերգի համար ամենահարմարավետ վայրը չէր, դրա համար էլ բոլորը գետնին էին նստել: 36.6-ի անդամներ Արմենն ու Արթուրը ակուստիկ կիթառները ձեռքներին ողջունեցին մեզ՝ Close your eyes and I’ll kiss you, tomorrow I’ll miss you: Ու դա կյանքիս ամենապայծառ օրն էր, որովհետև առաջին անգամ հասկացա, թե ինչ է նշանակում, երբ քեզ շրջապատող տասնյակ մարդիկ ապրում են նույն երգերով: Այդ օրը Միսակյանի մոտ համակենտրոնացել էր Երևանի ողջ երջանկությունը:
1994 թվականին Արայիկը վաճառեց ֆոտոստուդիան ու մեկնեց Երևանից: Վերջին բանը, որ այնտեղ պատվիրել եմ դեռ այն խորհրդային, կարմիր անձնագրի համար լուսանկարն էր: Ինձ համար շատ կարևոր էր, որ անձնագրիս համար հենց իր մոտ լուսանկարվեմ: Թե որտե՞ղ է հիմա Արայիկը, չգիտեմ: Այս տարիների ընթացքում Արայիկնոցը բազմաթիվ սեփականատերեր փոխեց: Իսկ մենք շարունակում էինք ապրել. շրջափակված Երևանում շարունակում էին ռոք խմբեր ստեղծվել, հրաշքով համերգներ էին կազմակերպվում, իսկ մենք մեծանում էինք, սիրահարվում, ամուսնանում, ամուս-նալուծվում… Այժմյան ընկերներիս հիմնական մասը հենց Արայիկնոցից է, բոլորիս միավորում է միևնույն պատմությունը, երիտասարդությունը, պատերազմի տարիները, 90-ականների սլենգը, որ անպայման պետք է իմանայինք «քենթ» բառի իմաստը: Մեզ միավորում է 2 ժամ գետնին նստելու և Hey Jude don’t make it bad երգելու երջանկությունը: Այժմ ոչ մեկին չես զարմացնի հոկտեմբերի 9-ին «բիթլզ նայթով», իսկ այն ժամանակ դա Միսակյան Արայիկի արժանիքն էր:
Սամվել Մարտիրոսյան, 38 տարեկան
Մեդիա փորձագետ
6-րդ դասարանում էի, երբ սկսեցի ռոքով հետաքրքրվել: Հիշում եմ, մի հաղորդում կար՝ «До 16-и и старше», որի շրջանակում Խորհրդային Միությունում առաջին անգամ ռոքի մասին խոսեցին: Դրանից հետո մենք համոզված էինք, որ Երևանում ևս պիտի որ ռոք ակումբ լինի: Ընկերներով գնացինք այժմյան ԱՄՆ դեսպանատան շենքում գտնվող Կոմսոմոլի գրասենյակ ու սենյակների դռները թակելով բոլորից հարցրեցինք՝ որտե՞ղ է ռոք ակումբը: Շատ հիասթափվեցինք, որ պարզվեց՝ ռոք ակումբ չունենք: Այսպիսով Արայիկնոցը, կարելի է ասել, փոխարինեց մեզ համար ռոք ակումբը, լինելով ավելի շատ գաղափարախոսական, կրթական մի վայր:
Չեխովի անվան դպրոցում էի սովորում: Այնտեղից Արայիկնոց մոտ 200 մետր էր: Մուտքից ձախ ֆոտոստուդիան էր, այնտեղ առանձնապես չէինք մտնում, աջից էլ «շփման» սենյակն էր, որտեղ հավաքվում էինք բոլորս: Երբեմն հենց Արայիկի սենյակում էինք նստում: Շատ լոյալ էր մեր նկատմամբ, հիմա զարմանում եմ, թե ինչպես էր մեզ դիմանում: Ֆոտոստուդիա հաճախ գալիս էին քաղքենի ընտանիքների ներկայացուցիչներն ու լուսանկարվում, օրինակ՝ արջուկների հետ: Մենք էլ ծիծաղում էինք նրանց վրա, ծաղրում էինք:
Երևանում ռոքի մասին որևէ ինֆորմացիա ընդհանրապես չկար, դրա համար, օրինակ՝ Beatles-ի նկարը տեսնելը համարժեք էր խմբին իրականում հանդիպելու հետ:
Այդ տարիներին երկար մազերով տղամարդկանց վտանգավոր էր Երևանում զբոսնելը: Մի անգամ հենց այդ պատճառով ինձ ծեծեցին, կապտած աչքերով եկա Արայիկի մոտ: Թրջոցներ էր դնում, օգնում ինձ: Մի ժամանակ Արայիկնոցը կյանքիս հիմնական կետն էր: Ոչ միայն ինձ համար՝ մարդիկ հավաքվում էին այստեղ, թեմաներ քննարկում, երաժշտություն լսում: Չեմ հիշում, այդտեղ ծանոթացած զույգեր, որ հետո ամուսնացել են: Այն ժամանակ ամուսնությունից կարևոր էր, օրինակ՝ Gentle Giant-ի կասետը ունենալ: 22 ռուբլով կասետ էինք գնում ու հինգ ռուբլով Արայիկնոցում երգեր ձայնագրում: Այդ գործով Վարդանն էր զբաղվում: Միշտ լավ երաժշտու-թյուն էր խորհուրդ տալիս, վերջում էլ մի երկու նոր լավ երգ էր ձայնագրում՝ առաջին մարքեթինգային քայլերից էր: Մենք գնում էինք, փորփրում, գրքեր կարդում, հետո նորից վերադառնում ու կրկին երգեր ձայնագրում: Արայիկն էլ մեր գուրուն էր, բայց մի կաթիլ մեծամտություն չուներ: Արայիկնոցը պատուհան էր դեպի աշխարհ: Շատ ցավալի էր, երբ դադարեց գործել: Բայց եթե մի քանի տարի ավելի շուտ փակվեր, մենք կխեղդվեինք:
Տիգրան Պապյան, 41 տարեկան
Գործարար
1986–87 թվականներն էին, երբ առաջին անգամ հայտնվեցի Արայիկնոցում: Լսել էինք, որ իր մոտ կարող ենք ռոք աստղերի լուսանկարներ պատվիրել, իսկ դրանք անհնար էր որևէ տեղից ճարել, թերթերում էլ նման լուսանկարներ չէին տպվում: Հետո պարզվեց, որ Արայիկնոցում մեծ ձայնադարան կա՝ Էլվիսից մինչև 80-ականներ: Մեզ՝ ռոքասերներիս համար, այս վայրը իսկական դրախտ էր: Հենց այնտեղ էլ շատ ընկերներ ձեռք բերեցի ու սկսեցինք ողջ ազատ ժամանակը Արայիկնոցում անցկացնել: Սա ոչ թե ռոք ակումբ, այլ երկրորդ տուն էր մեզ համար: Կարևորն այն է, որ այստեղ միայն «մերոնքականներն» էին գալիս: Մուտքից հետո փոքր միջանցք էր, որի ծայրում Արայիկի աշխատասեղանն էր՝ այնտեղ նստած պատվերներ էր ընդունում: Նրանից ձախ մի մեծ պատ կար, որի վրա փակցված էին տարբեր հայտնի ռոք աստղերի համարակալված լուսանկարներ: Բայց դրանք այնքան շատ էին, որ բացի պատից նաև առանձին մի կատալոգ կար: Կարելի էր ընտրել ու պատվիրել ցանկացածը: Իմ առաջին պատվերը The Beatles-ի ու Լենոնի լուսանկարներն էին:
Մթնոլորտը տնական էր: Ով ասես, որ չէր հավաքվում Արայիկնոցում՝ տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ, մեր քաղաքի երիտասարդները՝ զրուցում էին երաժշտության, ֆիլմերի, արվեստի, կյանքի իմաստի մասին: Երբ տարբեր երկրներից դերասաններ կամ արվեստագետներ էին այցելում մեր քաղաքը, անպայման նրանց Արայիկնոց էին տանում: Մի ժամանակ նույնիսկ գիշերում էինք այնտեղ: Այստեղ սկիզբ առած ծանոթությունները ընկերության վերածվեցին ու շարունակվում են մինչև այսօր:
Հիշում եմ, թե ինչպես էինք նշում Լենոնի ծննդյան տարեդարձները: Մի օր unplugged համերգ կազմակերպվեց, մենք էլ բոլորով երգում էինք: Կարծես կինոյում լինեինք: Հետո դուրս եկանք Արայիկնոցից ու սկսեցինք քայլել քաղաքով՝ շարունակելով տոնել Լենոնի ծննդյան օրը:
Հարգելի պատճառով դադարեցի Արայիկնոց գնալ՝ արտ-երկիր հեռացա: Իսկ երբ վերադարձա, Արայիկն ար-դեն վաճառել էր ստուդիան ու մեկնել Մոսկվա: Արայիկ-նոցի ընկերներիս հետ պահպանում ենք կապը՝ զանգում ենք միմյանց, նամակներ գրում, հանդիպում, երբ կարող ենք: Անկախ նրանից, թե որտեղ ենք բնակվում, այդ կապը մեր մեջ այնքան ուժեղ է, որ երբեք չի ենթարկվի ժամանակին: Արայիկի հետ կապ չունենք, բայց շատ կցանկանայինք, որ Երևան վերադառնար:
Վերջերս Արթուր Հայրապետովը կրկին կյանքի կոչեց Արայիկնոցը: Դեռևս այն միայն ֆեյսբուք սոցիալական կայքի խումբ է, բայց դա էլ մեծ քայլ է: Բարի ու անկեղծ խումբ է, որտեղ մարդիկ կիսվում են միմյանց հետ ամենաթանկ ու արժեքավոր հիշողություններով: Սա է կյանքը, ու այսպիսին էր Արայիկնոցը:
Արա Թադևոսյան, 36 տարեկան
«Մեդիամաքս» գործակալության տնօրեն
Մոտավորապես երկու տարի եմ եկել այստեղ՝ 1990-ից մինչև 92 թվականը: Այդ ժամանակ 14 տարեկան էի: Արամը մելոման էր, մասնավորապես՝ բիթլոման և բացի սովորական ստուդիա լինելուց այդ վայրը, կարելի է ասել, մեր քաղաքի առաջին ռոք ակումբներից էր ու յուրահատուկ մթնոլորտ ուներ, կարծես առանձին աշխարհ լիներ: Այնտեղ մի պատ կար, որի վրա Beatles-ի նկարներն էին փակցված: Դա իմ սիրելի պատն էր: Ցանկացողները կարող էին պատվիրել այդ նկարները: Գինը չեմ հիշում, բայց բավականին մատչելի էր: Կային նաև այլ հայտնի ռոք խմբերի լուսանկարները՝ ցանկացած ճաշակի համար:
Սա մի խորհրդավոր վայր էր, «տուսովկաների» կենտրոն: Մշտապես մոտ 30–40 հոգի` քաղաքի ռոքասերներ ու հետաքրքիր մարդիկ, հավաքվում էին այստեղ ու խոսում երաժշտությունից, փոխանակվում կասետներով, ձայնագրություններ կատարում:
Կոնկրետ միջոցառումներ տեղի չէին ունենում, բայց հաճախ Արայիկը հավաքում էր մշտական այցելուներին ու լուսանկարում նրանց: Այդ նկարները մինչ այժմ էլ պահպանվել են՝ արդեն պատմություն են: