Ճարտարապետության գրադարան․ 12 բյուրո, երկու հարկ, մի ավտոտնակ, խոհանոց և անթիվ ծրագրեր
Գրադարան

Ճարտարապետության գրադարան․ 12 բյուրո, երկու հարկ, մի ավտոտնակ, խոհանոց և անթիվ ծրագրեր

Մայիսին Երևանի կենտրոնում բացվեց Ճարտարապետության գրադարանը։ ԵՐԵՎԱՆը եղել է ճարտարապետ Ֆրեյդուն Աղալյանի առանձնատանը ու զրուցել գրադարանի համահիմնադիր, ճարտարապետ Արսեն Կարապետյանի հետ:

Տեքստը՝ Կարինա Տերտերյանի

 

Լուսանկարները՝ Ճարտարապետության թանգարանի

#Ճարտարապետություն

 

2011 թվականից ի վեր մեր փոքր (բայց հպարտ) թիմը ստեղծում է ԵՐԵՎԱՆ քաղաքի ամսագիրը։ Մենք պատմում ենք Երևանի ու երևանցիների անցյալի, ներկայի ու ապագայի մասին։ Եվ մենք ունենք ձեր աջակցության կարիքը, քանի որ պատրաստում ենք ամսագիրը բացառապես մեր ուժերով։

 

Մանրամասներն այստեղ՝ patreon.com/evnmag

Ճարտարապետ Ֆրեյդուն Աղալյանի տունը նորից ճարտարապետական շնչով կլցվի

Ճարտարապետության գրադարանի հենց մուտքի մոտ փակցված ցուցատախտակը հուշում է. «Այս տանը 1926-1944 թվականներն ապրել է ականավոր ճարտարապետ Ֆրեյդուն Աղալյանը», այստեղ ապրել և ստեղծագործել է նաև նրա որդին՝ Արմեն Աղալյանը: Գրադարանի համահիմնադրի խոսքով՝ տեղի ընտրությունը թեև խորհրդանշական, բայց պատահական հաջողության արդյունք էր։ 

 

Արսեն Կարապետյան. «Ընկերեներով՝ Յուրի Գրիգորյանի, Ստեփան Գրիգորյանի, Ալեքսեյ Լաշկովի հետ որոշեցինք Հայաստանում նման մի կենտրոն ստեղծել: Հետո տունը ստացվեց վարձակալել: Ամեն ինչ բարենպաստ էր մեր գաղափարը կյանքի կոչելու համար, դրան էլ գումարվել էր մեր համահիմնադիրներից մեկի՝ ՄԵԳԱՆՈՄ ընկերության  կրթական ծրագրերում ունեցած փորձը։ Սկսեցինք մտածել տարածքի մասին, մե՞ծ լինի թե փոքր, պարտադիր կենտրոնո՞ւմ, թե ոչ, երբ առաջարկեցին վարձել ներկայիս տունը փոքրիկ բակով։ Մտածեցինք, որ շատ հարմար է սկսելու համար թե՛ քաղաքում դիրքով, թե մակերեսով, հասանելի է ուսանողների համար, գտնվում է խորհրդանշական արվեստի հետ կապված թաղամասում։ Եվ ամենակարևորը՝ թեպետ տարածքը մեծ չէ, բայց հնարավոր է օգտագործել ամեն մի հատվածը, ստեղծելով գերխիտ բովանդակությամբ հագեցած միջավայր»: 

 

 

Գրադարանի բացումը

 

Թեպետ գրադարանի համահիմնադիրների թվում պաշտոնապես նշվում է 12 ճարտարապետական բյուրո՝ d’Arvestanots, SNKH, Auditoria, Electric architects, Storaket, Meganom, Tarberak, Npatak, Karen Balyan, SP2, Daap, TL Bureau, նախագիծը բաց է համագործակցելու ցանկություն ունեցող բոլորի համար։ 

 

Ճարտարապետական լեզվի զարգացումը, աշխարհայացքի ձևավորումն ու օժանդակումը մասնագիտական համայնքի կայացմանը

Գրադարանը բաղկացած է երեք հիմնական մասից․ բուն գրադարանի սենյակից, որտեղ հավաքվելու է գրականությունը, ֆիզիկական մակետների պատրաստելու արվեստանոցից և խոհանոցից։ Կա նաեւ աշխատասենյակ ուսանողների հետ 2-3 ամսվա հետազոտական աշխատանոցների համար։

 

Արսեն Կարապետյան. «Հիմնական սենյակը հենց բուն գրադարանն է, որը հնարավորություն է տալիս աշխատել, անցկացնել հանդիպումներ, դասախոսություններ: Նպատակ չունենք գրադարանն ուղղակի գրքերով լցնել, մեր համար կարեւոր է գրականության հետ աշխատանքը: Նախատեսում ենք հավաքել ճարտարապետական արդի կարևոր տեքստեր, զբաղվել թարգմանությունով, ապագայում նաեւ հրատարակչությունով»: 

 

Գրադարանը համագործակցելու է ոլորտում գիտակների հետ, որոնք առաջարկելու են գրականության ցանկ, որից հետո ընտրված գրքերը տեղ են գտնելու գրադարանում: 

 

Արսեն Կարապետյան

 

Գրադարանի առաջին մասնագիտական միջոցառումներից մեկը

 

Արսեն Կարապետյան. «Մենք ունենք ցանկություն նաև թարգմանություններով զբաղվել, եւ ո՛չ այն պատճառով, որ պետք է հասցնել թարգմանել ամբողջ գրականությունը, ինչն անիրական խնդիր է։ Թարգմանությունը նոր տեքստեր ստեղծելու հետ մեկտեղ մասնագիտական լեզուն արդիական եւ կենդանի պահելու միջոց է: Նաև կարևոր է ասել, որ այստեղ հաճախ կազմակերպվելու են քննարկումներ ու դասախոսություններ կամ ուղղակի զրույցներ, ճարտարապետության հետ կապ ունեցող ֆիլմերի դիտումներ»: 

 

Ավտոտնակը՝ մակետների լաբորատորիա

Եթե գրադարանը գործ ունի տեքստերի հետ, ապա ավտոտնակում տեղադրված արվեստանոցը՝ ֆիզիկական ձևերի, մակետների։

 

Արսեն Կարապետյան. «Խոսքը չի գնում նախագիծը ներկայացնելու համար պատրաստվող շենքերի մանրակերտերի մասին (այդ իսկ պատճառով դեռեւս օգտագործում եմ մակետ բառը):Ճարտարապետական նախագծման կարեւորագույն մեթոդներից է մակետավորումը, որը թույլ է տալիս փնտրել, ստուգել, հղկել ձեւեր, համաչափություններ եւ այլն: Հիմնական աշխատանքային նյութերն են լինելու ստվարաթուղթը, գիպսն ու փրփրապլաստը, հնարավոր է նաեւ քարը, փայտը: Ֆիզիկական, շոշափելի մակետների հետ աշխատելը մի առանձին մշակույթ է, շատ կարեւոր թե՛ ուսման ընթացքում, թե՛ իրական նախագծման։ Ունենալու ենք նաև աշխատարաններ, շատ լուրջ մասնագետների հետ արդեն իսկ պայմանավորվածություններ կան»: 

 

Մակետների արվեստանոցի վերածված ավտոտնակը

 

Գրադարանի բակում

 

Ճարտարագիտության ոլորտում մասնագիտական գրականություն ընթերցելը շատ կարևոր է

Արսեն Կարապետյան. «Ակադեմիական գրադարանի գաղափարը միշտ եղել է, կլինի ու պետք է, մարդիկ միշտ աշխատել են ընթերցասրահներում: Մերը լինելու է հարթակ՝ նոր գաղափարներ ստեղծելու, կիսվելու ու քննարկելու համար: Գուցե սա վարակիչ լինի համալսարանների կամ նոր կրթական մեթոդներ փնտրողների համար: Իսկ գլոբալ առումով ուզում ենք ուղղակի հետարքրքրություն առաջացնել մասնագիտության, տեքստերի ու ֆորմաների հանդեպ»: 

հավելյալ նյութեր