Արծվի պես. «Երբ որ քամին հանդարտվի…»
Արցախ

Արծվի պես. «Երբ որ քամին հանդարտվի…»

Ինչպես ռեժիսոր Նորա Մարտիրոսյանը Ստեփանակերտի օդանավակայանի մասին ֆիլմ նկարահանեց, որն ընդգրկվեց Կաննի կինոփառատոնի պաշտոնական ծրագրում ու վավերագրեց 2020-ից հետո արդեն կորսված շատ տարածքներ։ Պատմում է «Երբ որ քամին հանդարտվի ֆիլմի» հեղինակը։

Տեքստը՝ Արտավազդ Եղիազարյանի


Լուսանկարներրը՝ Նորա Մարտիրոսյանի անձնական արխիվ, ՊանՖոտո/Արեգ Բալայան

 

ԵՐԵՎԱՆ #79 | 2023
 

#Կինո #Արցախ

 

 

Ստեփանակերտի օդակայան

Ստեփանակերտի օդակայանը կառուցվել է 1974 թվականին, հիմնականում չվերթներ է ընդունել Երևանից և Բաքվից։ Արցախյան ազատամարտի սկզբում այն ծառայել է ռազմական նպատակով, 1992-ից հետո չի օգտագործվել։


2008-ին սկսվել է օդակայանի նոր գլխավոր մասնաշենքի կառուցումը (ճարտարապետ՝ Տիգրան Բարսեղյան)։ Նորացվել և լայնացվել է թռիչքուղին, ինչպես նաև հարթեցվել են թռիչքուղուն հարակից մի քանի բլուրների գագաթները՝ ժամանակակից մեծ ինքնաթիռներ ընդունելու համար։ Սկզբնական շրջանում թռիչքներ են նախատեսվել Երևան-Ստեփանակերտ և հակառակ ուղղություններով։

 


Վերաբացումը նախատեսվում էր 2011 թվականի մայիսին 9-ին, սակայն մի քանի անգամ հետաձգվել է։ 2020 թվականի պատերազմից հետո օդակայանը գործարկում են ռուս խաղաղապահները։

 


ԵՐԲ ՈՐ ՔԱՄԻՆ ՀԱՆԴԱՐՏՎԻ, 2020

Արտադրող երկրներ՝ Հայաստան, Բելգիա, Ֆրանսիա


Ռեժիսոր՝ Նորա Մարտիրոսյան


Դերերում՝ Գրեգոար Քոլին, Հայկ Բախրյան, Արման Նավասարդյան, Դավիթ Հակոբյան, Վարդան Պետրոսյան, Նարինե Գրիգորյան


Ազգությամբ ֆրանսիացի օդակայանների աուդիտոր Ալենը ժամանում է Արցախի Հանրապետության՝ բոլորովին նոր կառուցված օդակայան: Ալենը պետք է ուսումնասիրի, թե արդյո՞ք վերաբացվելու համար այս օդակայանը համապատասխանում է միջազգային նորմերին: Օդակայանի աշխատակիցների հետ զրույցների ընթացքում նա հետզհետե հայտնաբերում է մի երկիր, որը որոշ քարտեզների վրա նույնիսկ նշված չի, բայց որն իրականում գոյություն ունի իր բնակիչներով, իր կառավարությամբ, իր համակարգերով, իր մշակութային դաշտով: 
 

Թռչելու անհագ ցանկությունը

Առաջին անգամ Արցախ գնացի 2009 թվականին։ Արցախցիների կյանքի պարադոքսը պարզապես ապշեցուցիչ էր։ Ես որոշեցի մի ֆիլմ գրել, որը կփորձի խոսել այդ պարադոքսի մասին։ Սկզբում հիմքում ավելի սոցիալական պատմություն էր, բայց կենտրոնում միշտ կար ֆրանսիացի հերոսը, որը գալիս էր Արցախ ու իմ պես բացահայտում էր Արցախ։ 


Օդակայանը պատմության մեջ հայտնվեց կարծեմ երկու տարի անց՝ 2011-ին, երբ բացվեց այդ նոր շենքը։ Առաջին անգամ այցելեցի օդակայանի տնօրեն Դմիտրի Աթբաշյանի ուղեկցությամբ։ Հրաշալի մարդ էր, մինչ այդ եղել էր «Զվարթնոցի» տնօրենը։ Հիշում եմ, այդ օրն ինձ պատմեց իր նախնիների զարմանալի պատմությունը, որոնք մի դար առաջ փախչել էին Արևմտյան Հայաստանի ջարդերից, իսկ ահա հիմա նա ամեն ինչ թողել ու եկել էր Ստեփանակերտ՝ այս նոր օդակայանը ոտքի կանգնեցնելու համար։ Շատ հայրենասեր, նվիրված, ճիշտ մարդ էր։ 

 

Նորա Մարտիրոսյանը

 


Էնպես ստացվեց, որ ընդհանուր ծանոթներ գտանք։ Արցախը, չեք պատկերացնում, ի՜նչ փոքր էր այդ իմաստով։ Ֆիլմում նույնիսկ մի խոսք կա՝ «Ղարաբաղը կլոր է, ուր էլ գնաս, վերջում նույն տեղն ես հասնելու»։ Ես էնպիսի ապշելու անակնկալ հանդիպումներ ունեցա այդ տասը տարիների ընթացքում, որոնց աշխարհում ոչ մի տեղ չէի հանդիպի։ 


Շատ ոգևորված էր Դմիտրի Աթբաշյանը, ցույց տվեց ինձ շենքը, ասաց, որ արդեն հաջորդ տարի կժամանի առաջին ինքնաթիռը, հետո դուրս եկանք չվերթուղի, շրջեցինք տարածքով։ Թվում էր, որ հեսա-հեսա, արդեն բան չի մնացել, ինքնաթիռները կթռչեն։ Բայց օդակայանը 2012-ին չգործեց, 2013-ին չբացվեց… Իսկ ես ամեն տարի գնում էի Արցախ ու իմ աչքերով տեսնում այդ անհագ ցանկությունը թռչելու, ուրեմն նաև՝ ճանաչվելու, և փորձեցի գրել էնպիսի սցենար, որտեղ կարտացոլվի այդ ցանկությունը և այդ ցանկության արդեն, ցավոք, ակնհայտ անհնարինությունը։ Հասկացա, որ պատմությունը պիտի շրջվի հենց օդակայանի շուրջ։ Այդպես հայտնվեց ֆրանսիացի մասնագետը, որը զննում է շենքը, և երեխան, որը օդակայանի զուգարաններից ջուր է հավաքում։ 

 

Ֆիլմի պաշտոնական թրեյլերը

 

Հավատը 

Զարմանալի մի շենք է։ Ֆիլմի մեջ առաջին անգամ, երբ ֆրանսիացի հերոսը տեսնում է օդակայանը, տաքսու վարորդն ասում է՝ «տե՛ս, արծիվի նման է»։ Արծիվ է, որը չի սավառնում։ 
Առաջին տարին, երբ ես գնացի, հիսունից ավելի աշխատող ունեին։ 2018-ին, երբ նկարահանում էինք, քանակը կրճատվել էր, բայց միևնույն է՝ օդակայանի սովորական անձնակազմ էր։ Եվ այդ մարդիկ հենց էնպես չէին գալիս, իսկապես հավատում էին, որ հայ-հայ, արդեն շուտով կսկսենք ճանապարհել ու դիմավորել։ Ֆրանսիայում ֆիլմը դիտելուց հետո ինձ մի քանի անգամ հարցրել են, թե ո՞նց է հնարավոր, որ մարդիկ այդքան միամիտ լինեն։ Բայց ինձ թվում է, որ եթե դու ամուր ռեալիստ ես, դու չես կարող Արցախում ապրել։ Միամտություն ասելով նկատի ունեմ երբեմն բացարձակ անհիմն հույսի ուժը։ 


Ինձ համար շատ կարևոր էր պատմությունը պատմել հենց դրսից եկածի հայացքով, քանի որ ես ինքս էլ դրսից եկած էի։ Բայց սցենարը գրելիս հասկացա, որ եթե ունենամ միայն այդ ֆրանսիացու պատմությունը, ապա չեմ կարողանա ցույց տալ Արցախն ամբողջությամբ։ Աստիճանաբար պատմության մեջ մտան այլ կերպարներ։ Կերպարները տարբեր էին, բայց ամեն մեկն ուներ իր շատ ուժեղ հավատքը։ Ինչպես երեխան, ով ջուր է վաճառում, որ հող առնի ու ցորեն ցանի։ Կամ զինվորը, ով հավատում է, որ պետք է պատրաստ լինել պատերազմին, որը մի օր հաստատ նորից բռնկվելու է (Վարդան Պետրոսյանը պատերազմից հետո ինձ ասեց՝ Նորա, ո՞վ էր մտածում, որ ճիշտը ես եմ դուրս գալու՝ նկատի ունենալով պատերազմին պատրաստվող իր կերպարին)։ Վարորդ Սեյրանը, ով հավատում է, որ եթե հողը չես աշխատեցնում, ուրեմն միտք չունի այդ հողերին տիրելը։ Այդպես, այս տարբեր տեսանկյուններից կառուցվեց իմ ֆիլմի Արցախը։ 


Երևի ես էլ միամտորեն հավատում էի, որ պիտի նկարեմ այս ֆիլմը։ Տասը տարի ամեն օր արթնանում էի այդ մտքով ու այդ երազանքով, առաքելություն էր դարձել ինձ համար։

 

 

 

Օրենքից դուրս ֆրանսիացիները

Նախքան նկարահանումները սկսելը, մենք հանդիպում ունեցանք Ֆրանսիայի դեսպանատանը, քանի որ անձնակազմի մի մեծ հատվածն այդ երկրի քաղաքացիներ էին։ Մեզ զգուշացրեցին. այն պահից, երբ դուք անցնեք Արցախի սահմանը, դուք կհայտնվեք օրենքից դուրս։ Մենք չենք կարող ձեզ թույլ տալ կամ արգելել, բայց նաև չենք կարողանա որևէ կերպ աջակցել, եթե մի բան պատահի։ 


Բարեբախտություն էր, որ մեզ հետ հայկական կողմից աշխատում էր պրոդյուսեր Անի Ոսկանյանը՝ Մոսկվայում սովորած անվախ մի պրոֆեսիոնալ, ով հրաշալի կազմակերպեց այդ ողջ գործընթացը։ Իհարկե, կար հյուրանոցի խնդիր. երկու ամիս հիսուն հոգով տեղավորվելու համար երկու հյուրանոց զբաղեցրինք։ Թերևս, ամենօրյա աշխատանքում միակ խնդիրը ժամանակի զգացողությունն էր։ Ֆրանսիայում, երբ ժամը 9-ին նշանակվում է աշխատանքի սկիզբը, ուրեմն ժամը 9-ին բոլորը տեղում են ու անցնում են աշխատանքի. սպասարկման թիմն արդեն տեղում է, սուրճն էլ՝ պատրաստ։ Իսկ մեր նկարահանումների ժամանակ ժամը 9-ին սպասարկման թիմը միայն կամաց-կամաց հասնում է տեղ… Ինչևէ, լավ է, որ կար Անիի երկաթե բռունցքը։ 


Ֆիլմի գլխավոր հինգ դերակատարներից բացի մնացած բոլորը տեղում՝ Արցախում ընտրված ոչ պրոֆեսիոնալ դերասաններ են։ Ամեն ինչ արեցի, որ այնտեղ իմ ձեռք բերված ծանոթներն այս կամ այն կերպ ներգրավված լինեն ֆիլմում։ Առաջին տեսարանում ֆրանսիացի հերոսին Ստեփանակերտ բերող վարորդը, օրինակ, Ձյաձ Գրիշան է, ի դեպ, Բաքվից փախստական, ով օդակայանի հրշեջ խմբի պետն էր։ 


Երկխոսություններն էլ մեծամասամբ ծնվել են օդակայանի աշխատողների հետ իմ իրական զրույցներից։ 

 

Նկարահանող խումբը

 

Կառավարելի կրակ

Ֆիլմում օդակայանի տարածքում հրդեհի տեսարան կա։ Սովորաբար, օդակայանին կից տարածքներում արհեստական հրդեհներ են իրականացնում, որպեսզի տարածքը մաքրվի ու չնախատեսված հրդեհի դեպքում չհասնի բուն օդակայանի ենթակառուցվածքին։ Ֆիլմում էլ նախատեսվում էր նման տեսարան։ Նախօրոք պայմանավորվել էինք Ձյաձ Գրիշայի հետ, որ էս տարի հունիսին նախատեսված հրկիզում չիրականացվի, այլ սպասեն մինչև օգոստոս ու իրականացնեն մեր նկարահանումների ժամանակ։ Պիտի նկարեինք երկու տեսարանով։ Առաջինը՝ աշտարակից՝ ֆրանսիացի հերոսի տեսանկյունից։ Երկրորդն արդեն ներքևից, չվերթուղու կողմից։ Շատ լավ պատրաստվել էինք, առանց որևէ խնդրի նկարահանեցինք առաջին տեսարանն ու գնացինք ճաշի ընդմիջման։ Ու էդ ընթացքում մի էնպիսի անձրև եկավ, էնպես ամեն ինչ թրջեց, որ հնարավոր չէր այլևս երկրորդ տեսարանը նկարահանելը, խոտը պարզապես չէր այրվում։ Ժամանակ էլ չունեինք, մյուս օրն արդեն բոլորովին ուրիշ տեղում էինք նկարահանելու… 


Բայց թիմը չհանձնվեց, տղաները նավթ գտան ու կարողացան հրդեհի տեսարան ստեղծել, իհարկե, ոչ ամբողջ դաշտն այրելով, այլ հատուկ գծային լուծում տվեցին։ Հիշում եմ, դեռ դրանից առաջ, երբ ֆրանսիացի ներդրողների հետ էինք քննարկում, սցենարը կարդալիս զարմանում էին՝ որտեղի՞ց մեզ այսքան գումար, որ հրդեհի տեսարան նկարենք, չէ՞ որ պետք է պոստ-պրոդաքշնում թվային կրակ նկարենք։ Բայց ինչպես պարզվեց, կրակի համար պետք էին ընդամենը կյանքի փորձ ունեցող արցախցի տղաներ։ 

 


Չմոռանամ նշել, որ նկարահանման ողջ ընթացքում Արցախի կառավարությունից որևէ խոչընդոտի չենք հանդիպել, մշտապես բոլոր անհրաժեշտ թղթերն ու թույլտվությունները ժամանակին ստացել ենք, ու այդ իմաստով մեր գործը բավական հեշտ էր։ Միայն մի տեսարան տուժեց, պիտի Բերձորի սահմանում նկարահանեինք առավոտ շուտ, բայց անցակետում ճիշտ ժամին դեռ չէին ստացել կարգադրությունները։ Մի քիչ փոփոխեցինք տեսարանն ու վերջ։ 


Հիշում եմ, նկարահանելիս առաջարկ կար դրոններ օգտագործել, կամ փոքր ինքնաթիռների օգնությամբ վերևից նկարել։ Բայց ամբողջ իմաստն այն էր, որ եթե ինքնաթիռները չեն կարող թռչել այդ օդակայանից, ուրեմն դիտողն էլ պետք է ամեն ինչ տեսնի ներքևից, հողին կպած վիճակից, ինչպես որ հողին են կպած արցախցիները։ 

 

Քամին չհանդարտվեց 

Երևանյան պրեմիերան տեղի ունեցավ 2021 թվականի մարտին, պատերազմից հետո։ Եվ ֆիլմում նկարահանված ահագին տարածքներ այդ ժամանակ արդեն կորսված էին։ Ակնաղբյուր գյուղը, Շուշին… Եվ ահա, դիտողները նայում ու տեսնում էին իրենց տները, որտեղ այլևս չէին վերադառնալու։ 


Ցավոք, ոչ բոլորը կարողացան Երևան ժամանել, ու Ստեփանակերտի օդակայանի աշխատողներն արդեն այս տարվա հուլիսին ֆիլմը տեսան՝ իրենց քաղաքում։ Շատ տեղերում ենք ցուցադրել ֆիլմը, կինոյի համար կարևոր տեղերում, մրցանակներ եղան, բարձր գնահատականներ հնչեցին։ Բայց այնպիսի հուզիչ դիտում, ինչպիսին եղավ Ստեփանակերտում, երբեք չէր եղել։ Ֆիլմի ճամփորդությունը, կարծես սկսվելով Ստեփանակերտում, ավարտվեց նորից Ստեփանակերտում։ Ֆիլմը հասավ տուն։ 

 

Ֆրանսացի հերոսի դերում՝ Գրեգոար Քոլին

 


 


Առաջին շարքում նստած էին ֆիլմում խաղացող երեխաների մայրիկները։ Իսկ տղաներն արդեն մեծացել էին, արդեն ծառայում էին։ Ակնաղբյուրից երեք տատիկ էր եկել, նրանցից մեկն իմ մոտ ընկեր Դավիթ Օհանյանի մայրիկն էր։ 2020-ի նոյեմբերին Դավիթը մեքենայով եկել-տարել էր մայրիկին ու զոքանչին՝ ասելով, որ ոչինչ չվերցնեն իրենց հետ, շուտով վերադառնալու են։ 


Տեղի կառավարության անդամներից մարդիկ կային պրեմիերային։ Ֆիլմը դիտելուց հետո նրանցից մեկն ինձ ասաց՝ գիտես, եթե մինչև պատերազմը տեսած լինեինք, գուցե նեղանայինք, որ այդքան հոռետես ես պատկերել իրավիճակը։ Բայց արի ու տես, փաստորեն, իրականից ավելի լավատես էր ստացվել։ 


Դմիտրի Աթբաշյանը, ցավոք, վերջնական արդյունքը չտեսավ, կյանքից հեռացավ, երբ դեռ մոնտաժում էինք ֆիլմը։


Օդակայանում աշխատող ամբողջ թիմն էր եկել, իհարկե։ Այդ ժամանակ այն արդեն անցել էր ռուս խաղաղապահների ձեռքը։ Աշխատանքի մասին հարցուփորձ անել չէի կարող արդեն։ Փաստորեն, որոշակի իմաստով, օդակայանն աշխատեց։ Բայց, իհարկե, ոչ այնպես, ինչպես բոլորս սպասում էինք այս տարիների ընթացքում։
 

հավելյալ նյութեր