Արձանապատիվ քանդակներ
Արձաններ

Արձանապատիվ քանդակներ

Չորս տոննա օբսիդիանից կերտված սիրտը, կերամիկայից քանդակված հայուհին, բրոնզաձույլ պոետն իր կատվի հետ և այլ արձաններ, որոնք կարելի է հանդիպել Սիրահարների այգում:

Տեքստը՝ Արեգ Դավթյանի

 

Լուսանկարները՝ Պողոսյան հիմնադրամի

 

ԵՐԵՎԱՆ #51, 2018

#Դիզայն #Ճարտարապետություն

«Արմենուհի»

Հեղինակ՝ Հռիփսիմե Սիմոնյան
Տեղադրվել է 2009 թվականին

Այգու ամենահին քանդակը կերտվել է դեռ 1968 թվականին: Հռիփսիմե Սիմոնյանի՝ Հայաստանի փոքրաթիվ կին քանդակագործներից մեկի տարբեր աշխատանքներ վաղուց կարելի է հանդիպել Երևանի փողոցներում (օրինակ՝ «Վանեցի աղջիկը» Աբովյան փողոցում կամ «Մայրությունը» Գայի պողոտայում), բայց այս մեկը՝ Սիմոնյանի ճանաչելի ոճով ստեղծված կերամիկական «Արմենուհին», միայն մեկ անգամ էր ցուցադրվել տարիներ առաջ Նկարիչների միությունում: 2009 թվականին, քանդակագործուհու մահից 11 տարի անց, նրա ընտանիքը քանդակը նվիրեց Երևանին: Երևանն էլ շատ ճիշտ որոշում կայացրեց` քանդակը տեղավորվեց մեկ տարի առաջ վերաբացված Սիրահարների այգու կանաչների մեջ:

 


 

Գևորգ Էմինի հուշարձան

Հեղինակ՝ Աշոտ Արամյան
Տեղադրվել է 2010 թվականին

Անկախության շրջանում Երևանի հատուկենտ հաջող արձաններից մեկը տեղադրվել է զբոսայգու վերաբացումից երկու տարի անց։ 20-րդ դարի հայ լավագույն բանաստեղծներից մեկը ապրել է մոտակայքում (Կոմպոզիտորների միության շենքում) և հաճախ է այստեղ զբոսնել իր սիամական կատուների հետ՝ նրանցից մեկն էլ անմահացել հուշարձանում և դարձել այգին այցելող երեխաների սիրելի տարրերից մեկը։ Պատահական չէր նաև քանդակագործի ընտրությունը. հուշարձանը կերտել է բանաստեղծի վաղեմի ընկեր, այժմ Մոսկվայում բնակվող Աշոտ Արամյանը։ Նրա իսկ խոսքով, աշխատանքում հատուկ ընդգծվել է Էմինի մարդամոտությունն ու անմիջականությունը՝ «ոչ մի պաթոսային բան նրա մեջ չկար», ինչպես և չկա քանդակի մեջ։

 


 

Կապելածառ

Տեղադրվել է 2013 թվականին

   

Հայտնի չէ, թե այդ որ սիրահար զույգն է առաջին անգամ որոշել իր սիրո ամրության խորհրդանիշ դարձնել քաղաքի հանրային վայրում կողպեք կախելը, բայց հիմա այդ ավանդույթը տարածվել է ամբողջ աշխարհով: Սիրո կողպեքների համար հատուկ վայր կա նաև Սիրահարների այգում: 2013 թվականին՝ այգու 5-ամյակի կապակցությամբ արահետներից մեկի եզրին բացվեց այգու տարբերանշանից դուրս եկած երկու ծառերը պատկերող մետաղե քանդակը, որի վրա հատուկ ձողեր կան՝ նախատեսված հենց կողպեքների համար: Տեղեր դեռ կան, ի դեպ:

 


 

«Օբսիդիանե սիրտը»

Հեղինակ՝ Ժան-Միշել Օտոնիել
Տեղադրվել է 2014 թվականին

Սիրահարների այգին տեղով սրտիկ է՝ լրիվ սիրելի վայր, բայց ինքն էլ ունի իր սիրտը, շատ հայեցի՝ օբսիդիանե (ընդունվում են հումորներ «Իմ սև սիրտ…» բացումով): Բայց, որքան էլ զարմանալի լինի, ոչ հայ հեղինակի կերտած: 2010 թվականին ֆրանսիացի քանդակագործ Ժան-Միշել Օտոնիելի Հայաստան կատարած այցից հետո, Պողոսյան հիմնադրամի պատվերով՝ շուրջ 4 տոննա հայկական օբսիդիան տեղափոխվեց Շվեյցարիա հատուկ Երևանի Սիրահարների այգու համար մշակված «Օբսիդիանե սիրտը» քանդակի պատրաստման համար։ Արդեն 2014-ին այն տեղ գտավ այգու ջրավազաններից մեկում:

 


 

«Երեք փիղ»

Հեղինակ՝ Նադիմ Քարամի
Տեղադրվել են 2017 թվականին

Երկար ժամանակ այգու ամենապուպուշ կենդանակերպ քանդակի կոչումը միանձնյա ստանձնել էր Գևորգ Էմինի սիամական կատուն, բայց անցյալ տարի այն ունեցավ մրցակիցներ. լիբանանցի Նադիմ Քարամի մեկ էլ չէ՝ երեք փղերը։ Ընդ որում, սրանք ոչ թե պարզապես գնված քանդակախումբ են, այլ պատրաստված են հատուկ Պողոսյան հիմնադրամի հավաքածուի համար։ Ինչպես ասվում էր պաշտոնական բացման մամլո հաղորդագրության մեջ, «քանդակների ծակոտկեն մակերեսների հարուստ նախշերը վեր են հանում գաղափարներ, արթնացնում երազներ, պատմում պատմություններ, որոնք դիտորդն ազատ է մեկնաբանելու սեփական հայեցողությամբ»։ Ազատ կարելի է մեկնաբանել 0.9մ, 1.5մ և 3մ բարձրություններով, կոռոզիադիմացկուն պողպատե փղիկներին: Ի դեպ, նրանց ցեղակիցը՝ չժանգոտող պողպատից պատրաստված չորրորդ փիղը, ցուցադրվել է Փարիզի Արաբական աշխարհի ինստիտուտում և Դուբայում։

 


 

«Սիրո միություն»

Հեղինակ՝ Դավիթ Երևանցի
Տեղադրվել է 2017 թվականին

Զարմանալի կլիներ, եթե Սիրահարների այգում չլիներ քանդակ սիրահարների մասին: Համենայն դեպս, հավանաբար այդպես են մտածել Երևանի ավագանու անդամները, որոնց որոշմամբ Դավիթ Երևանցու մոտ երկու մետր բարձրությամբ բրոնզե «Սիրո միությունը» (մեծ սիրով միմյանց ձուլված կին ու տղամարդ) անցյալ տարի տեղադրվեց այգու տարածքում: Որպեսզի սեր էլ ավելի շատ լինի, բացման արարողության ժամանակ քանդակագործը հատուկ նշել է, որ այս աշխատանքը մայրաքաղաքի հանդեպ իր «անսահման սիրո ևս մեկ դրսևորում է»: