Արեգ Բալայան. «Ստեփանակերտը հետաքրքիր ռեգեներատիվ հատկություն ունի»
Հայացք

Արեգ Բալայան. «Ստեփանակերտը հետաքրքիր ռեգեներատիվ հատկություն ունի»

ԵՐԵՎԱՆը գնացել էր լուսանկարիչ Արեգ Բալայանի տուն՝ լսելու իր ու մի քիչ նաև իր կնոջ՝ Լուսին Աթաբեկյանի Ստեփանակերտի մասին։

Տեքստը՝ Մարգարիտ Միրզոյանի


Լուսանկարները՝ Արեգ Բալայանի

 

ԵՐԵՎԱՆ #79 | 2023

#Արցախ

Լուսին

Հրադադարի մասին համաձայնագրի ստորագրման հաջորդ օրը՝ նոյեմբերի 11-ին, գնացինք Ստեփանակերտ։ Քաղաքը մշուշի մեջ էր, փողոցները դափ-դատարկ։ Ես չտեսա ավերված քաղաք, փոխարենը՝ սասանված հավատով Ստեփանակերտ։ Այդ մշուշն եմ լավ հիշում։ Արցախցին, իմ տպավորությամբ ու կարծիքով, երբևէ չի հանձնվել, իսկ այդ պահին մի ակնթարթ կարծեցի՝ հույսը հատել է։ Բայց նույն երեկոյան գնացինք Արեգի ծնողների տուն։ Մարդիկ սեղանի շուրջ նստած խմում էին, խորոված կար, կարտոֆիլ, զրույցներ, ծիծաղ, բայց և անդրադարձ անցած-դարձածին։ Երևի կարող եմ բացատրել այդ պարադոքսը, հերքումը, հույսն ու ցինիզմը, բայց երբ իրականության մեջ առճակատվում ես դրա հետ, սկսում ես ինքդ քեզ հարցնել՝ իրականությունը սա՞ է, թե՞ այն, որում ես եմ ապրում։ 


Հաջորդ օրը սկսեցի պնդել, որ Արեգն ինձ ճանապարհի Երևան. ծանր էր ինձ համար իմ սեփական հավատի փլատակների վրա։ Լավ հասկանում էի, որ հուսահատությունն իմ մեջ է։ Դեկտեմբերին նորից գնացինք Արցախ։ Օկուպացված տարածքներից քաղաք տեղափոխված մարդիկ Ամանորին էին պատրաստվում, կրպակները՝ լի։ Հասկացա, որ Ստեփանակերտն ինձ համար հուսահատության ու մեծ հույսի խաչմերուկն է։ Իմ ներսի հուսահատության ու իրենց չպրծնող հույսի։

Ակացիաները 

89-90 թվերին մամաս աշխատանքով գնաց Ղարաբաղ. իրենց ճարտարապետական գրասենյակը Ստեփանակերտում արվեստանոց էր բացել, ու մի քանի հոգով եկել էին աշխատելու։ Թիմին կացարան էին հատկացրել մտավոր զարգացման խնդիրներով երեխաների գիշերօթիկ դպրոցում։ Առանձին երկհարկանի շինություն էր՝ ներսում մի քանի բնակարան։ Այդտեղ հա՛մ ապրում էին, հա՛մ աշխատում։ Մոտ մի տարի հետո արդեն ես առաջին անգամ հայտնվեցի Ստեփանակերտում, իսկ 93-ին տեղափոխվեցինք ապրելու։ Սկզբում արձակուրդներին էի գալիս Ստեփանակերտ, որովհետև դպրոց դեռ Երևանում էի գնում, բայց վեցերորդ դասարանի կեսերից արդեն դպրոցն էլ սկսեցի Ստեփանակերտում գնալ ու այդպես մինչև ավարտական դասարաններ։ 


Գիշերօթիկի բակն ամենաշատն էի սիրում. ֆուտբոլի մեծ դաշտ ուներ ու «տուռնիկներ»։ Երևանում նման բան չէի տեսել։ Ամեն տեղ ակացիաներ էին ցանած, ես էլ մտածում էի՝ դրանք լոբու ծառեր են։ Դպրոցի դասերին էի մեկ-մեկ նստում, իրենց ճաշարանը գնում։ Ամենահավեսը փայտամշակման դասերն էին. ինչ-որ հետաքրքիր ֆիգուրներ էինք սարքում։ Ուսուցիչն էլ երեք տղա ուներ, որոնցից մեկը՝ Վարուժը, իմ տարեկիցն էր։ Միասին ինչ ասես անում էինք, օրինակ՝ ակացիաների մեջ ապրող սարդերին էինք որսում։ 

 

 

Մայրաքաղաքից եկածը 

Ստեփանակերտն ինձ համար փոքր քաղաք էր՝ շատ ծառերով։ Ուր էլ գնայիր, տաքսին մի ռուբլուց ավել չէր նստում։ Ինքնուրույն գնում էի քաղաքով ման գալու։ Մի անգամ պտտվելով հասա ինձ անծանոթ տեղ։ Այսօր գիտեմ, որ երաժշտական ուսումնարանի մոտ էի հայտնվել, բաց այն ժամանակ մտածում էի, որ ահագին հեռացել եմ։ Մի մարդու մոտեցա ու հարցրի, թե «Սպեց շկոլան» որտեղ է։ Տեսավ, որ գրական հայերենով եմ խոսում, հարցրեց՝ մայրաքաղաքի՞ց ես։ Պատասխանեցի, որ այո, ու նա այդ պահին փողոցից տաքսի կանգնեցրեց ու ասաց վարորդին, որ ինձ տանի, հասցնի տեղ, քանի որ մայրաքաղաքից եմ։ Տաքսիստն ինձ տարավ տուն ու նույնիսկ գումար չվերցրեց։ Այդ տարիներին բոլորն էին այդպիսինը. Ստեփանակերտում Երևանից եկած մարդը «մայրաքաղաքից եկած» էր համարվում, բոլորը հարգանքով ու սիրով էին վերաբերվում։ Մինչև կռիվը Ստեփանակերտը հենց այդպիսի քաղաք է եղել։ 


Իմ հիշողության մեջ ամեն ինչ փոխվեց նրանից հետո, երբ տվեցին Մարտակերտը։ Արցախում չէին ասում «վերցրին», ասում էին «տվեցին»։ Քանի որ համարվում էր, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Վազգեն Սարգսյանն են դա արել, մայրաքաղաքից եկածների նկատմամբ վերաբերմունքն արդեն փոխվեց, իսկ իմ կյանքն այնտեղ ահագին բարդացավ։ Եթե դու գրական հայերենով էիր խոսում, քեզ ասում էին «կատու կռասկա տվող», այսինքն՝ «խաբեբա»։ Դպրոցում, բակում, ամեն տեղ, որտեղ գրական էի խոսում, կռիվ էր սկսվում։


Կարուսելների այգու հետ կապված հիշողություններ կան հենց այդ շրջանից։ Երբ առաջին օդային հարձակումը եղավ, այդ այգում էինք։ Այնտեղ հորաքրոջս ու իր աշակերտների հետ էինք գնացել։ Նա Տողի դպրոցում էր աշխատում ու տաղանդավոր երաժիշտ երեխաներին բերում էր Ստեփանակերտ, պահում մեր տանը, հետո օգնում, որ ընդունվեն երաժշտական ուսումնարան։ Նրանց մեջ մի տղա կար՝ Սեգոն։ Լավ մտերմացել էինք, որովհետև ընդհանուր բան ունեինք՝ երկուսս էլ այդ ժամանակ Ստեփանակերտի համար օտար էինք։ Ես մայրաքաղաքից եկածն էի, ինքը՝ գյուղից։ 

 

Լրագրողները Ստեփականերտի Samra ռեստորանում՝ 44-օրյա պատերազմի ժամանակ

 

«Իմ ու Ստեփանակերտի վերջին լուսնյակ գիշերը։ Հաջորդ օրվանից երկուսիս գլխին էլ մառախուղ իջավ։ Դեռ մեջն ենք։ Էսօր Լուսինը հայտնվեց». նկարը ստեղծվել է հոկտեմբերի 8-ին, խմբագրվել հոկտեմբերի 30-ին, 2020

 

20 րոպե գրադների միջև

Հրետակոծությունները, իհարկե, սարսափելի էին, բայց ինչ-որ հետաքրքիր բան կար դրա մեջ։ Ձայնից ճանաչում էի, թե ինչով են խփում։ Վերջին պատերազմի ժամանակ դա ինձ օգնեց։ Երբ Մարտունիում կրակի տակ ընկանք, երկրորդ հարվածից հասկացա, որ գրադով են խփում, ու որ շտապ պետք է մտնել որևէ պատի ետև։ Գոռացի բարձր. վեց հոգով էինք, ամեն մարդ մտավ մի պատի տակ։ 


Շուշիից եկող հարվածները հստակ ժամանակային ընդմիջումներով էին լինում։ Գրադ կայանը նորից լիցքավորելու համար քսան րոպե է պետք։ Ամեն հարվածից հետո մարդիկ գիտեին, որ 20 րոպե դեռ ունեն. գնում ջուր էին բերում, այլ հարցեր լուծում։ 


Առհասարակ Ստեփանակերտի բարդությունները լրիվ ուրիշ էին։ Մինչ Երևանում հացի հերթ էր, էստեղ մարդիկ հացը տանն էին թխում։ Ուտելու խնդիր պրակտիկորեն չկար, քանի որ քաղաքում գրեթե մարդ չկար, որ գյուղում բարեկամ չունենար։ Երևանում շատերը չգիտեին՝ գյուղն ինչ բան է։ Բայց այստեղ էլ երեխաներով, ամեն մեկս մի կացին վերցնելով, գնում էինք անտառ, ամբողջ հարևանության համար փայտ ջարդում կամ օրինակ՝ գնում էինք աղբյուրից ջուր բերելու։ Այդ երկու իրականությունները զուգահեռ ապրում էին մտքումս։ Ընկերներս շատ էին սիրում, երբ գնում էի էստեղի սովորած բակային խաղերը Երևանում սովորեցնում, նույնն էլ հակառակը։ Ստեփանակերտի երաժշտություն սիրող ընկերներիս Երևանից հետաքրքիր բաներ էի բերում։ 

 

«Ուրալով»՝ Գանձասար

Գանձասարում ամեն կիրակի պատարագ էր լինում, բայց քանի որ շատ քիչ մարդ էր էնտեղ մնում, «Ուրալով» երգչախմբին տանում էին Գանձասար, նրանք երգում էին ու նույն ձևով վերադառնում քաղաք։ Մամաս էլ էր երգում, ու ես իրենց հետ միշտ գնում-գալիս էի։ Փոքր երեխայի համար այնտեղի կյանքը շատ հետաքրքիր էր։ Առհասարակ կյանքն աշխույժ էր։ Թատրոններում անընդհատ ներկայացումներ էին խաղում։ Սամվել Բաբայանը հերթով բոլոր ռուսական աստղերին բերում էր ստադիոնում ելույթ ունենալու։ Ալեգրովայից սկսած՝ բոլոր հայտնի դեմքերը մեզ մոտ երգել են։ 


Երբ վերջնական տեղափոխվեցինք Ստեփանակերտ, ավելի շատ խորացա տեղի կյանքի մեջ։ Մինչև ավարտական դասարանները համար 1 դպրոցում էի սովորում, իսկ հետո գնացի հետ՝ Երևան՝ համալսարան ընդունվելու։ Հետո եղավ բանակը, ու քանի որ այդ տարվա զորացրումն ուշ եղավ, չհասցրի դասերի գնալ ու մի տարի անցկացրի Արցախում։ Համալսարանն ավարտելուց հետո վերջնական տեղափոխվեցի ու մինչև 2018 թվականն ապրեցի Ստեփանակերտում։ 

 

 

Լվացքի խորհուրդը 

Ստեփանակերտն իր տեսակով առ այսօր հա՛մ շատ քաղաք է, հա՛մ գյուղի ջերմությունն ունի, որը մեծ քաղաքներում կորսված է. մարդկանց հարաբերությունները լրիվ ուրիշ էին։ 2000-ականների սկզբում մեծ եկեղեցու կողքի բակերից մեկում հավաքվում էր քաղաքի ինտելեկտուալ ջահելությունը։ Մեծ մասը ռուսական կրթություն ուներ, հավես դեմքեր էինք։ Ամբողջ գիշեր նստում, մինչև առավոտ խաղեր էինք խաղում, սամավարով թեյ խմում, որը մինչև հիմա բակային մշակույթի կարևոր մաս է։ Լվացքների մասին էլ չեմ ասում. դա առանձին գիտություն է։ Գույնը, չափը, կիրառությունը, չորանալու արագությունը, ամեն բան հաշվի են առնում։ Մի քանի տարի առաջ հետաքրքիր լուսանկար էի արել։ Պատուհանից զինվորականի հագուստ էր կախված ու 20-ից ավելի սպիտակ ներքնաշապիկ։


Պատերազմի օրերին էլ մի կնոջ էի նկարել, որը ռմբակոծությունների ընթացքում լվացք էր կախում։ Երկար անձրևից հետո, եթե մի օր արև է լինում, Ստեփանակերտի ամբողջ լվացքը պատուհանից դուրս է թռչում, ու այ էդտեղ հասկանում ես, որ լվացքը կյանքի խորհուրդն է։ Կարծես մարդիկ նախապես իմացել են, որ հենց այդ պահին արև է լինելու։ 

 

 

 

Սյուռ

2010-ին «Պիտաչոկը» քաղաքի էպիկենտրոնն էր։ Մի քիչ վերև՝ սեփական տներից մեկում, կով էին պահում, որը երեկոյան ժամերին միայնակ զբոսանքի էր դուրս գալիս ու հայտնվում հրապարակում։ Դրա պատճառով մի պահ արգելել էին քաղաքում ընտանի կենդանիներ պահել, մարդիկ էլ սկսեցին ուղղակի բաց թողնել իրենց կովերին, միևնույն է՝ հետ էին գալիս տուն, բայց քանի որ դրանց հետ չոբան չկար, ոչ ոք չէր էլ իմանում, թե ում կովն է։ 


Երեխաները ռազմամթերքով էին խաղում։ Ինքնաշեն ատրճանակներ էինք սարքում՝ զուգարանի դռան փականից՝ AK-ի փամփուշտներով կրակող։ Իսկ մի անգամ կինոթատրոնում դիմացիս շարքում նստած տղան իրական ատրճանակով մեկ ուրիշի ոտքին կրակեց։ Ֆիլմը դադարեցրին, վիրավորին հանեցին ու ֆիլմը շարունակվեց։ 


94-ի Նոր տարուն երեխեքով իջել էինք «Պիտաչոկ», բոլորն իրենց պատուհաններից օդ էին կրակում բոլոր հնարավոր զենքերով, վերջում էլ Ձմեռ պապին ծեծելով հասցրին Կառավարության շենքը՝ նվեր չտալու համար։ Կովբոյական կինո էր հիշեցնում. հա՛մ ծիծաղներս էր գալիս, հա՛մ խղճում էինք Ձմեռ պապին։ Մեր կենդանաբանական այգին էլ քաղաքի գերեզմանոցի մուտքի մոտ էր։ Այնտեղ մեկը գրաված տարածքներից բերված ուղտ էր կապել։ Դասից փախնում էինք դրան նայելու, կամ էլ գնում էինք 10-րդ դպրոցի ետևի մանկապարտեզ, որտեղ գերիների էին պահում։ Գնում նայում էինք, քարերով խփում պատուհաններին։ Էդ տարիներին մարդիկ կային, որ թուրք գերիների էին պահում։ Մեկի եղբայրը կամ տղան թուրքերի մոտ էր գերի, իրանք էլ թուրքին պահում էին, որ փոխանակեին, բայց ընթացքում որպես բանվոր աշխատացնում էին։

 

Բլօջիկները 

Բլօջիկներին սկսեցի նկարել Երևանում, բայց Ստեփանակերտ էլ շուտ հասան։ «Բարդակ» փաբի սեղաններին, քաղաքի տարբեր մասերում, Արցախ բերող նոր ճանապարհին էլ եմ նկարել, որ եկողների համար շատ վախենալու չլինի։ Պատերազմի ժամանակ արկերի վրա էի նկարում ու էլի խառը տեղերում։ Բլօջիկները միշտ չի, որ բոլորի կողմից հասկացվել են։ Մի շրջան որոշ մարդիկ տարածում էին, թե թուրքերի պատվերով նկարած բան է, կամ հենց իրենք էլ եկել նկարել են։ Դե, որոշ տեղերում էշ էի նկարում ու լուսին։ Մի երկու անգամ ստիպված եմ եղել մարդկանց բացատրել, որ սուտ է, որ իրականում էշը ես եմ, լուսինն էլ կինս է՝ Լուսինը։ Տենց մի անգամ Արտակ Բեգլարյանը զանգեց, ասում է՝ էս-էս վայրի քաղաքապետարանում եմ, բարձրախոսի վրա դնեմ, ասա, որ դու ես նկարել։ 

 

 

Լիզելով վերքերը 

Ստեփանակերտը մանկությունս է. շատ մեծ փորձ եմ էստեղից ստացել, որն աշխարհի որևէ ուրիշ կետում անհնար կլիներ գտնել։ Քաղաքի փոքրությունը հա՛մ լավ էր, հա՛մ վատ։ Տպավորություն էր, որ ամեն ինչ էստեղ ճանաչում եմ, ամեն բակ, անկյուն։ Երևանը հիմա էլ այդքան չեմ ճանաչում։ 


Ստեփանակերտը հետաքրքիր ռեգեներատիվ հատկություն ունի։ Արագ իր վերքերը լիզում-բուժում է։ Նման չի պատերազմով անցած քաղաքի։ Կռվի ժամանակ միջազգային լրագրողները դժգոհում էին՝ իմանում ենք մի տեղ ռմբակոծություն է եղել, մինչև գնում-հասնում ենք տեղ, արդեն ամեն ինչ մաքրած-հավաքած է։

հավելյալ նյութեր