Արևի մարդիկ
Արևորդի 2024

Արևի մարդիկ

Ինչպես «Ոսկե ծիրան» կինոփառատոնի գրասենյակի մի փոքր անկյունում ծնվեց առաջին «Արևորդի» բնապահպանական փառատոնը. որտեղի՞ց այդ անվանումը և ինչո՞ւ են Երևանի փողոցներով քայլում վերացման եզրին գտնվող կենդանիների տեսքով հագուստ հագած երեխաները. պատմում են «Արևորդի» փառատոնի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, նախկին տնօրեն Եվա Մարտիրոսյանը և ներկայիս տնօրեն Սոնա Քալանթարյանը։

Տեքստը՝ Արտավազդ Եղիազարյանի


Լուսանկարները՝ «Արևորդի» փառատոնի արխիվ

 

Ռուբեն Խաչատրյան

 

Եվա Մարտիրոսյան

 

Սոնա Քալանթարյան
 

ԷԿՈ-ԱԿՈՒՄԲԻՑ՝ ԷԿՈ-ՓԱՌԱՏՈՆ

 

Ռուբեն Խաչատրյան

Դեռ նախքան փառատոնը մեկնարկել էինք Արևորդի էկո-ակումբներ ծրագիրը, որի շրջանակում մարզերի երեխաների համար դասընթացներ էինք կազմակերպում, պատմում էինք կենսաբանության մասին, սովորեցնում վիդեո ու ֆոտո արվեստ։ Տասը ակումբ ունեինք ամբողջ երկրում։ Որոշ ժամանակ անց երեխեքը սկսեցին արդեն վավերագրական ֆիլմեր նկարել բնության մասին։ Ու այնքան լավն էին դրանք, որ սկսեցին շրջել ամբողջ աշխարհով մեկ՝ փառատոնից փառատոն, նույնիսկ մրցանակներ ստանալ։ Այդ փառատոները տեսնելիս հասկացանք՝ պետք է նման մի միջոցառում էլ էստեղ անել, որ ակումբների արածները, նման ֆիլմերը մի տեղ կենտրոնացվեն ու ներկայացվեն նաև մեր հանրությանը։ Էն ժամանակ դեռ մտածում էինք հենց կինոյի մասին, մյուս բաղադրիչները հետո ավելացան՝ աշխատարանները, ցուցահանդեսները, կենդանիների շքերթները և այլն։ 


Տարբեր երկրներից սկսեցինք հավաքել արդի ամենակարևոր հաղորդագրություններն ու լավագույն պատմությունները, որոնք ցույց են տալիս, որ հնարավոր է փոփոխություն ունենալ շրջակա միջավայրի հետ կապված հարցերում, եթե իսկապես ուզում ես։ Ուզում էինք դառնալ պատուհան, որով մարդիկ տեսնեն, թե ինչեր կան աշխարհում։ 

 


Երկրորդ թողարկման ժամանակ՝ 2009-ին, ցուցադրեցինք Յան Արտյուս Բերտրանի Home ֆիլմը, շլացուցիչ էր մեծ էկրանով տեսնել այդ կինոնկարը, որն իրոք համաշխարհային իրադարձություն էր։ Մշտապես փորձում ենք ծրագրում ներառել այնպիսի ֆիլմեր, որոնք ինչ-որ բան են փոխում։ 


Բայց քանի որ այն ժամանակ հայ հասարակության համար շրջակա միջավայրի խնդիրներն այդքան էլ արդիական չէին, փառատոնն էլ սկզբում հետաքրքրում էր նեղ շրջանակին, թեև այդ շրջանակն իսկապես նվիրյալներից էր բաղկացած։ Ու հիմնականում՝ երիտասարդներ, որոնց համար կարևորը ոչ թե կինոարվեստն էր, այլ շրջակա միջավայրի հիմնախնդիրները։ Հիմա այն խնդիրները, որոնք արծարծվում են փառատոնի ֆիլմերում ու այլ ծրագրերում, արդեն հասկանալի են բոլորին, մարդիկ արդեն տեսնում են, որ օդը մաքուր չէ, որ ջուրն անվերջ չէ և այ

 

ԱՐԵՎԻ ՄԱՐԴԻԿ

 

Ռուբեն

Անվան վրա շատ ենք մտածել։ Հիշում եմ, որ դեռ անուն չունեինք, երբ մի վավերագրական ֆիլմ որոշեցինք նկարահանել Հայաստանի բնության մասին։ Գնացինք Ուխտասար, որտեղ ժայռապատկերներ կան։ Նկարահանում էինք, ուսումնասիրում, փորձում վերծանել՝ որն ինչ է նշանակում։ Շատ տպավորվել էինք մի սիմվոլից, որտեղ կարծես արևն էր ու մարդիկ, արևի մարդիկ, արևորդիներ, որոնց պատկերել էին վեց հազարամյակ առաջ ու որոնք հասել են մեզ։ Նման խորհրդանիշներ կան նաև Եգիպտոսում, այլ ժողովուրդների պատկերագրության մեջ, այսինքն՝ արևը մի այնպիսի բան է, որ ժամանակին միավորել է բոլոր մարդկանց։ Այդ ժայռաքարից եկավ լոգոն ու ծնվեց անվանումը։ 


Սկզբնավորման փուլում «Արևորդին» գտնվում էր «Ոսկե ծիրան» կինոփառատոնի գրասենյակի տարածքում՝ մի սենյակում, Բայրոնի փողոցում, հիշում եմ՝ նույն հարկում էլ Հայկոյի ու Մկոյի թիմն էր աշխատում։ «Ոսկե ծիրանի» շատ երիտասարդ աշխատողներ նաև «Արևորդուն» էին օգնում՝ Հասմիկը, Լիանան, ուրիշները։ Ես էլ «Ոսկե ծիրանի» ակունքներում եմ եղել։ Էդպես, իրար օգնելով։ Եվան միացավ որպես մեդիայի պատասխանատու։ Շատ երիտասարդ էր, ոգևորված…

 

 

Եվա Մարտիրոսյան


Իրականում, քանի որ թիմը շատ փոքր էր, բոլորը ստիպված զբաղվում էին ամեն ինչով։ Ես էլ հիմնադրամում ու փառատոնում անցա բոլոր հնարավոր գործերով ու պաշտոններով։ Հետաքրքիր է, որ էն ժամանակ լրատվամիջոցների հետաքրքրվածությունն ավելի մեծ էր, որովհետև մշակութային կյանքում շատ բան չէր կատարվում։ Եթե ինչ-որ բան կատարվում էր ու եթե այդ ինչ-որ բանը միջազգային էր, հյուրեր ուներ, դա միանգամից գրավիչ էր դառնում։ Իմ հիշողությամբ մեդիան շատ ավելի հետաքրքրությամբ էր արձագանքում, քան հիմա։ 
Ինձ համար էլ անձնապես ամենակարևորը բնության, շրջակա միջավայրի բաղադրիչն էր ու այդ կապը փառատոնի միջոցով այնքան ամրացավ, որ մինչև հիմա թիմի կազմում եմ։ Շատ օրգանական կապ ստացվեց փառատոնի հետ։ 

 

Սոնա Քալանթարյան

Իմ բեքգրաունդը բացարձակ կապված չի եղել շրջակա միջավայրի հետ։ Պարզապես մի անգամ մի ծրագրով օգնեցի թիմին, հետո մի ուրիշ ծրագիր առաջարկեցին, հետո հանկարծ 2019 թվականին, ինչպես Եվան է պատմում, բոլորն ամեն ինչ անում էին, ես դարձա փառատոնի ղեկավարը։ Շատ յուրահատուկ փորձառություն էր, որովհետև կողքից երբեք չես պատկերացնի, թե որքան նրբություններ, անտեսանելի քարեր ու բարդություններ կան կինոփառատոնի կազմակերպման մեջ։ Շատ կարևոր էր այն ժամանակ անել այնպես, որ փառատոնը չկորցնի շարունակականությունը ու չկորչի մարդկանց հուշերից։ Քովիդի տարին, ցավոք, բաց թողեցինք, իսկ 2021-ին վերադարձանք օնլայն ձևաչափով։ Բավական հաջող անցավ։ 

 

ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ՆԵՐԳՐԱՎՈՒՄԸ

 

Սոնա 

Ամենաբարդը մեր փառատոնում հանդիսատես ներգրավելն է։ Ու ես ենթադրում եմ, թե ինչի հետ է դա կապված։ Բանն այն է, որ փառատոնային ֆիլմերը, որպես կանոն, խոսում են խնդիրների մասին։ Որքան էլ սիրուն մատուցված լինի, որքան էլ հույսով լի լինի ֆիլմը, միևնույն է, բավական լուրջ ու բարդ թեմաների մասին է։ Իսկ մարդիկ չեն ուզում հերթական անգամ հիշեցում ունենալ, թե ինչ վտանգներ են կանգնած բոլորիս առջև։ Մի բան էլ, փաստորեն, կոչեր ենք անում, հիշեցնում ենք, որ այս կամ այն հարցը լուծելու համար մարդիկ պետք է միասին ու բոլորով գործեն։ Դրա համար փորձում ենք թիրախավորել երիտասարդներին, որոնք ավելի առույգ են, հուսալքված չեն ու պատրաստ են մի բան անել՝ իրենց ապագան փրկելու համար։ 

 

Եվա

Միշտ տպավորություն է ստեղծվում, որ այն ահռելի ջանքը, որ գործադրում ենք, չի հասնում իր ողջ պոտենցիալ լսարանին։ Հավելյալ խայծեր են պետք, քանի որ չնայած երիտասարդներն ավելի բաց ու ճկուն են, բայց բնապահպանությունը սովորական ժամանակ իրենց ուշադրության կենտրոնում չի, ավաղ։ Բայց չենք ընկճվում, ամեն ինչ անում ենք։ 

 

 

Սոնա 

Նույնիսկ ֆիլմերի վրա ավելի մեծ ուշադրություն հրավիրելն է շատ դժվար լինում, եթե մեջը չկան մեծ, հայտնի անուններ։ Շատ ավելի հեշտ է և՛ հանդիսատես բերել, և՛ հովանավոր ներգրավել, եթե ասում ես, որ ֆիլմի պրոդյուսերը հայտնի մեկն է՝ միանգամից փոխվում է վերաբերմունքը։ Ինչ խոսք, շատերի համար դա է խայծը։ Այս տարի էլ Ջեյսոն Մոմոայի հնչունավորմամբ ֆիլմ ունենք, Լուի Գարրելի մասնակցությամբ մեկ այլ՝ օսկարակիր ֆիլմ։ Անցած տարի Քեյթ Ուինսլեթի մասնակցությամբ ունեինք։ Գուցե մի օր հաջողվի նաև այդ աստղերից մեկին անձամբ բերել, մեծ ազդեցություն կլինի։

 

Ռուբեն

Իհարկե, մեծ տարբերություն կա՝ համեմատած էն ժամանակների հետ, երբ նոր էինք սկսում։ Նոր սերունդը շատ ավելի պատրաստված է, ավելի շատ բան գիտի բնապահպանության մասին։ Առաջ չէին հասկանում՝ ինչով է վնաս պլաստիկը, հիմա դա հավելյալ բացատրելու խնդիր չկա։ Քաղաքային միջավայրում օդի աղտոտվածությունն արդեն ակնհայտ է բոլորին։ 

 

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍ-ՇՔԵՐԹ

 

Ռուբեն

Ճամփորդելուց միշտ հավաքում եմ հետաքրքիր մտքեր, որոնք գուցե հետո պետք գան մեր գործում։ Մի անգամ Գերմանիայում ականատեսն ու մասնակիցը դարձա Քյոլնի մեծ, ավանդական դիմակահանդես-շքերթին։ Շատ տպավորիչ էր՝ դարերից եկած ավանդույթ, իր հեթանոսական արմատներով, որի ժամանակ մարդիկ ոգևորվում, ուրախանում են։ Ինչ-որ առումով նման էր մեր Բարեկենդանին։ Ցավոք, Բարեկենդանն առանձնապես չի նշվում և, ընդհանրապես, Հայաստանում երիտասարդների համար ուրախ, զվարճալի, հետաքրքիր տոներ շատ քիչ կան։ Ու միտք առաջացավ նման մի բան կազմակերպել «Արևորդու» շրջանակում։ Ընդ որում, մենք ավելացրեցինք նաև մրցույթի բաղադրիչը՝ լավագույն կենդանակերպ զգեստների համար, թափոնների օգտագործումն ենք կարևորում։ 

 

 

 

Եվա

Մրցույթի գնահատման հստակ չափորոշիչներ ունենք, որոնցում հաշվի ենք առնում պատկերված կենդանու ընտրությունը, նյութերի օգտագործումը և այլն։ Սոնան նշեց, որ գործը դժվարացնում է այն, որ մարդիկ չեն ուզում խնդիրներին առնչվել ու այդ առումով այս շքերթն այն ամենապայծառ և ուրախ իրադարձությունն է փառատոնի ընթացքում, որը նաև թույլ է տալիս բնապահպանական հարցերը պահել երիտասարդների ուշադրության կենտրոնում։ Ընդ որում, երբ երեխաներն անցնում են փողոցներով, դա գրավում է նաև անցորդների ուշադրությունը, շատերը միանում են երթին…


Շատ ուրախալի է նաև, որ մարզերում ունենք շատ ակտիվ ներգրավվածություն։ Այս տարի կաջակցնենք, որ շատերը գան հասնեն Երևան։ Ընդհանրապես, մարզերում երիտասարդներն ավելի ուշադիր են, ինչ-որ անաղարտություն կա դեռ էնտեղ, նույնիսկ երախտագիտության դրսևորում։ Իսկ երբ նոր էինք սկսում, նույնիսկ քաղաքապետարանում չէին հասկանում՝ էս ի՞նչ ենք անում, ի՞նչ ենք իրենցից ուզում։ 

 

Սոնա 

Բայց վերջին տարիներին արդեն նույնիսկ քաղաքապետարանում են հիշում այդ միջոցառման մասին, հասկանում են՝ ինչու ենք անում, էլ չեն զարմանում։ Նաև մեր դարում շատ կարևոր է ցույց տալ այս շքերթի միջոցով, որ բնապահպանությունը կարող է նաև ուրախ ու հավես լինել։ 

 

ՎԵՐԱՄՇԱԿՎԱԾ ԱՐՎԵՍՏ

 

Ռուբեն 

Մի քանի անգամ փառատոնի շրջանակում անցկացրեցինք թափոններից պատրաստված կենդաների քանդակների ցուցադրություն, տեղադրեցինք Երևանի տարբեր մասերում՝ կինո «Մոսկվայի» դիմաց, Սիրահարների այգում և այլն։ Այդ շարքն էկո-ակումբների աշխատանքի բնական շարունակությունն էր։ Դրանց բազայի վրա ստեղծեցինք Կանաչ դպրոց ծրագիրը, ու դպրոցի բոլոր աշակերտները ներգրավվեցին դրա մեջ։ Երեխաներն իրենք էին հայթայթում հումքը՝ իրենց տներից, հարևաններից, համոզում էին, որ պլաստիկ շշերը աղբը չնետեն։ Ու հետո արդեն այդ ամենից վտանգված կենդանիներին ստեղծեցին։ 

 


Անկեղծ ասած, հանրային արձագանքն ինձ համար այնքան էական չէ, որքան մասնակից երեխեքի ոգևորությունը։ Իրենց համար դա վարքագիծ է ձևավորում։ Իհարկե, դա պետք է հետևողական անել, մանկապարտեզից սկսել, որ անփոփոխ, հստակ արմատներ լինեն, բայց ամեն դեպքում, մեր արածը, կարծում եմ, անհետ չի անցնելու։ 


Ցավոք սրտի, պետության կողմից չկա հստակ դիրքորոշում բնապահպանության նկատմամբ։ Պետք է վերջապես հասկանալ, որ դա ոչ թե մի առանձին առարկա ու թեմա է, այլ կարևոր մի տարր է, որ պետք է ներառվի բոլոր հարթակներում։ Բայց ինչպես երևում է, դա չի ընկալվում պետության կողմից։ Այդ պատճառով է, որ մենք մեր վրա վերցրել ենք հասարակությունը կրթելու գործառույթը, համենայն դեպս՝ երիտասարդների։ 

 

ԱՋԱԿԻՑՆԵՐ

 

Սոնա

Փառատոնի իրականացման համար ամեն տարի տարբեր աջակիցներ ենք ունենում։ Այս տարի փառատոնը հնարավոր կլինի իրականացնել ՅՈՒՔՈՄ-ի, ԱՄՆ Անտառային ծառայության, Երևանի քաղաքապետարանի և, իհարկե, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի աջակցության շնորհիվ։ Արդեն երրորդ տարին է, ինչ ԱՄՆ Անտառային ծառայությունը աջակցում է մեզ՝ հօգուտ բնապահպանական խնդիրների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման։ Ucom-ն ու Երևանի քաղաքապետարանն առաջին անգամ են աջակցում փառատոնին, բայց լիահույս եմ, որ սա կլինի շարունակական համագործակցություն։ 

 

 

 

ԱՄԵՆԱՏՊԱՎՈՐԻՉ ՖԻԼՄԸ

 

Եվա

Հիշում եմ, շատ էի տպավորվել Բերտրանի Human-ով, որը նկարել էր Home-ից հետո։ Տասնյակ երկրներում հազարավոր մարդկանց հետ հարցազրույցների արդյունքում ստեղծված մի անմոռանալի ֆիլմ էր. երկար, շատ տարբեր խնդիրներ միահյուսված՝ կախարդական տեսարաններով։ 

 

Ռուբեն 

Երկու ֆիլմ է եղել, որ ինձ վրա անմոռանալի տպավորություն են գործել։ Մեկը Home-ն էր, մյուսը՝ Լուի Փսիհոյոսի The Cove-ը՝ Ճապոնիայում դելֆինների որսի մասին։ Հիասքանչ աշխատանք էր՝ թե՛ լրագրողական առումով, թե՛ ռեժիսուրայի, ու բացառիկ օրինակ էր նրա, թե ինչպես ֆիլմը կարող է զորեղ գործիք դառնալ բնապահպանական գործում։ 

 

Սոնա

Փառատոնին միանալուց առաջ ես մասնակցում էի դրանց թարգմանությանը։ Հիշում եմ The Bird of Prey ֆիլմը՝ աշխարհի ամենից հազվագյուտ ֆիլիպինյան արծիվների մասին։ Մի կողմից՝ շատ ազդեցիկ էր, հատկապես, որ բնապահպանական թեմաները բոլորովին անծանոթ էին ինձ, մյուս կողմից էլ՝ ես առանձնահատուկ ջանքեր էի գործադրում, որ թարգմանությունն իդեալական լինի։

հավելյալ նյութեր