«Արևորդի» 2024. Կինոուղեցույց
Արևորդի 2024

«Արևորդի» 2024. Կինոուղեցույց

Փառատոնի 12-րդ թողարկման թեման կենսաբազմազանության պահպանությունն է։ Բոլոր միջոցառումները, այդ թվում ֆիլմացանկը, այս կամ այն կերպ կբացահայտեն կենսաբազմազանության պահպանման մարտահրավերների բարդ բնույթը Հայաստանում, Հարավային Կովկասում և աշխարհում: Առանձնացրել ենք մի քանի ամենակարևոր ֆիլմերը, որոնք չարժե բաց թողնել։

#Կինո

Վերջին սոխակները / The Last of the Nightingales

ԱՄՆ

1960-ականներին Բերնի Կրաուզեն կինոյի ու երաժշտության ամենապահանջված կոմպոզիտորներից ու ձայնային մասնագետներից մեկն էր։ Նրա գործընկերների թվում են Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլան, The Doors և The Rolling Stones խմբերը։ Բայց ինչ-որ պահի Կրաուզեն իր ամբողջ տաղանդը որոշեց ներդնել շրջակա միջավայրի խնդիրները բարձրաձայնելու մեջ։ Մասնավորապես, նա սկսեց հավաքել ու վերծանել վայրի բնության ձայնագրություններն ու ակուստիկ տվյալները։ Հիսուն տարվա ընթացքում նրա հավաքած այս ձայնադարանն ահռելի տեղեկություն է պարունակում աստիճանաբար կործանվող բնության մասին։ Մաշա Կարպուխինայի վավերագրական ֆիլմը Կրաուզեի և իր կյանքի գործի մասին է։ 

 

 


 

Բարձունք խորքից / Deep Rising
ԱՄՆ

Ակվամեն Ջեյսոն Մոմոան նորից մեզ իր հետ տանում է դեպի օվկիանոսի խորքեր, այս անգամ առանց կոմիքսային ավելորդությունների. «Deep Rising» ֆիլմը վավերագրական աշխատանք է, որը լույս է սփռում օվկիանոսի խորքի և Երկրի վրա կյանքի պահպանման կապի կարևորության վրա: Բայց ֆիլմի բնական գեղեցկության հետ զուգահեռ մեզ ցուցադրում են անհագ կորպորացիաները, որոնք ճանապարհներ են փնտրում արդյունահանելու նույնիսկ Խաղաղ օվկիանոսի հատակը, որը գուցե Երկրի վերջին՝ մարդու կողմից չպղծված հողակտորն է։ 

 

 


 

Առատության խաբկանք / The Illusion of Abundance 
ԱՄՆ

Շրջակա միջավայրի պահպանությունն անհնար կլիներ առանց ակտիվիստների, որոնցից շատերն իրենց կյանքն են նվիրում այդ գործին։ Ոմանք՝ իրական վտանգի ենթարկվելով։ Բելգիական արտադրության «Առատության խաբկանք» վավերագրական ֆիլմն այդպիսի մարդկանց մասին է։ Բրազիլացի Կարոլինան, հոնդուրասցի Բերթան ու պերուացի Մաքսիման պայքարում են ամերիկյան ու եվրոպական հսկա կորպորացիաների դեմ, որոնք հանուն հավելյալ եկամտի անողոքաբար քամում են լատինաամերիկյան բնությունը։ Այս անհավասար պայքարում երեք կանայք պարբերաբար հալածվում են ոստիկանության կողմից, ճնշվում ու նույնիսկ մահվան սպառնալիքներ ստանում նոր դարի կոնկիստադորներից։ Բայց պայքարը չի դադարում։ 

 

 


 

Հողի մոլորակ / Planet Soil
Նիդեռլանդներ

Ռեժիսոր Մարկ Վերկերկի այս բացառիկ վավերագրական ֆիլմը հնարավորություն է տալիս դիտողներին տեսնելու այն, ինչ սովորաբար թաքնված է մեր հայացքներից, թեև գտնվում է շատ մոտիկ։ Ընդամենը մեր ոտքերի տակ։ Այնտեղ, հողի տակ մի ամբողջ զուգահեռ աշխարհ է, որտեղ ապրում են բույսերի արմատները, միջատները, որդերը, սնկեր, բակտերիաները և այլն։ Թեև այդ ամենի գոյության մասին մենք վաղուց գիտենք, զարմանահրաշ է այն, թե որքան փոխկապակցված են այս համայնքի բոլոր ներկայացուցիչները։ Ու միևնույն է, դժվար է պատկերացնել, որ մի գդալ առողջ հողի մեջ ավելի շատ կենդանի օրգանիզմ կա, քան մարդ՝ ամբողջ մոլորակում… Ցուցադրելով այս անհավանական աշխարհը՝ «Հողի մոլորակը» նաև բարձրացնում է մեր մոլորակի հողին ավելի պատասխանատու մոտենալու կարևորագույն հարցը։ Մարդիկ չպետք է մոռանան, որ իրենց ոտքերի տակ ապրում են այլ կենսաձևեր։ 

 

 


 

Խաչակրաց արշավանք / La Croisade
Ֆրանսիա

Աբելն ու Մարիաննան հայտնաբերում են, որ իրենց 13-ամյա որդին վաճառում է ընտանիքի թանկարժեք իրերը Աֆրիկայում գաղտնի էկոլոգիական նախագիծը ֆինանսավորելու համար, որը, իր կարծիքով, կփրկի մոլորակը: Ժամանակակից ֆրանսիական կինոյի գլխավոր աստղերից մեկը՝ Լուի Գարելը, այստեղ ոչ միայն գլխավոր դերակատարներից մեկն է, այլև ռեժիսորն ու սցենարի համահեղինակը։ Իսկ ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել Կաննի կինոփառատոնում, որը նույնպես որոշակի պատկերացում է ստեղծում կինոնկարի բարձր որակների մասին։ 

 

 


 

Կանգալ․ ընտանի կենդանիների պաշտպան / Kangal. A Livestock Guardian

Սլովակիա

Ինչպե՞ս պաշտպանել անասուններին խոշոր գիշատիչների պատճառած վնասներից: Ինչպե՞ս հավասարակշռության հասնել մարդու գործունեության և վայրի բնության միջև: Ամբողջ աշխարհում անասնապահական շները, հավանաբար, ամենաարդյունավետ կանխարգելիչ միջոցներից են գյուղատնտեսական կենդանիների վրա գիշատիչների հարձակումները նվազեցնելու համար, հատկապես, եթե կենդանիներն արածում են բաց տարածքներում: Այսպիսով, անասնապահական շները կարող են բարելավել մարդկանց և գիշատիչների համակեցությունը: 
Ֆիլմի հեղինակները մեկ տարի շարունակ ուսումնասիրել ու նկարահանել են տասնմեկ թուրքական կանգալների՝ ձագից մինչև չափահաս դառնալը: Նրանք փաստագրել են դաստիարակության այն գործընթացը, որը թույլ է տալիս ձագերին պատրաստվել իրենց ապագա դերին՝ որպես Սլովակիայի վայրի բնության պաշտպանների…

 

 


 

Վերջին սերմը / The Last Seed
ԱՄՆ

«Վերջին սերմը» անդրադառնում է 21-րդ դարում Աֆրիկայում սննդի և գյուղատնտեսության վիճակի հետ կապված լայն թեմաներին: Շեշտադրելով սերմերի վերահսկման համար պայքարը՝ ֆիլմը բացատրում է այն գործընթացները, որոնք հանգեցրել են մարդկության պատմությանն այս պահին, և թե ինչ կպահանջվի մոլորակի հետ փոխգործակցելու համար, և որը չի սպառնա երկրի վրա կյանքի հիմքին: Ֆիլմը բարձրացնում է երկու հիմնարար հարց՝ ի՞նչ ենք կորցրել և ո՞վ կարող է մեզ ավելի լավ ճանապարհ ցույց տալ։ Եվ փորձում է դրանց պատասխանել՝ օգտագործելով երաժշտություն, պարեր, շարժվող վիզուալ կերպարներ և աֆրիկյան փոքրածավալ սննդամթերք արտադրողների կենդանի փորձը և պատմությունները:
Փորձագետներն ուրվագծում են «կորպորատիվ գրավման» ճգնաժամի չափերը՝ պարզ լեզվով բացատրելով դրա գիտական, քաղաքական և տնտեսական հիմքերը: Այդ ամենն ուղեկցվում է գունավոր անիմացիաներով: Աֆրիկյան տարբեր ազգերի ագրոէկոլոգ ֆերմերները վկայություններ են տալիս իրենց գյուղատնտեսական փորձի կայունության և հարմարվողականության մասին և կիսում են իմաստության պատառիկներ, որոնք արժանի են ուսումնասիրության:

 

 


 

Փառատոնն ունի չորս մրցութային անվանակարգ՝

•    Լիամետրաժ դոկումենտալ ֆիլմեր կենսաբազմազանության պահպանության մասին
•    Կարճամետրաժ ֆիլմեր կենսաբազմազանթյան պահպանության մասին
•    Ջոն Բըրթոնի անվան մրցանակ. ֆիլմեր բնապահպանների մասին
•    Ֆիլմեր երիտասարդների և երեխաների կողմից/համար բնապահպանության մասին


 

հավելյալ նյութեր