«Արևորդի» 2024. Ուղեցույց
Փառատոն

«Արևորդի» 2024. Ուղեցույց

Մայիսի 24-28-ը Երևանում տեղի կունենա «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնը, որն այս տարի կանցկացվի «Կենսաբազմազանություն. բնության զարկերակը» խորագրի ներքո։ Պատմում ենք փառատոնի գլխավոր բաղադրիչների մասին։

Տեքստն ու լուսանկարները՝ «Արևորդի» փառատոն

 

Ծրագրերի օրակարգին առավել մանրամասն ծանոթանալու համար հետևեք միջոցառման ֆեյսբուքյան էջին և կայքին

 


 

Ֆիլմերի ցուցադրություն 

Ունենալով 150 երկրներից ավելի քան 780 ֆիլմերի ցուցադրման պատմություն՝ փառատոնի այս տարվա ֆիլմացանկը ներկայացնում է աշխարհի ամենաազդեցիկ բնապահպանական մարտահրավերների ևս մեկ շարք: Ֆիլմերի ցուցադրությամբ փառատոնը շարունակում է իր առաքելությունը՝ ընդգծելու բնապահպանական գիտակցության բարձրացման կարևորությունը և կինեմատոգրաֆիայի ուժն այդ հարցում: Փառատոնում ներկայացված 40-ից ավելի ֆիլմերը կմրցեն հետևյալ 4 անվանակարգերում՝ ֆիլմեր բնապահպանների մասին, լիամետրաժ դոկումենտալ ֆիլմեր կենսաբազմազանության պահպանության մասին, կարճամետրաժ ֆիլմեր կենսաբազմազանության պահպանության մասին, Ֆիլմեր երիտասարդների և երեխաների կողմից/համար բնապահպանության մասին։ 

 

 



 

Երիտասարդական անկյուն

Փառատոնի շրջանակում այս տարի առավել քան երբևէ մեծ ուշադրություն կհատկացվի երիտասարդների ակտիվ ներգրավվածությանն ու նրանց մասնակցությամբ միջոցառումների իրականացմանը։ Երիտասարդական անկյունը կունենա 2 գոտի։


Առաջին գոտում կկազմակերպվի ցուցահանդես-էքսպո, որտեղ օրական ավելի քան 10 տաղավարում կներկայանան բնապահպանական կրթության, երիտասարդների ներգրավման հարցերով առաջատար կազմակերպություններ՝ ներկայացնելով իրենց ծրագրերը, հաջողությունների պատմություններն ու համագործակցության հնարավորությունները։ Ցուցահանդես-էքսպոյի կազմակերպումը նպատակ է հետապնդում հարթակ ստեղծել ինչպես ոլորտային կազմակերպությունների միջև կապեր ստեղծելու, փորձի փոխանակման, այնպես էլ երիտասարդներին ոլորտում առկա հնարավորությունների մասին իրազեկելու համար։

 

 


 

Աշխատարաններ ու քննարկումներ

Երիտասարդական անկյան երկրորդ գոտում էքսպոյին զուգահեռաբար իրականացվելու են աշխատարաններ, գործնական աշխատանքներ, ինտերակտիվ քննարկումներ այնպիսի արդիական թեմաների վերաբերյալ, ինչպիսիք են՝ «Կայուն նորաձևություն և տեքստիլ», «Օրգանական այգեգործություն և քաղաքային գյուղատնտեսություն», «Սոցիալական ձեռներեցություն», «Կայուն ճանապարհորդություն և էկոտուրիզմ» և այլն։ Թեմատիկ ինտերակտիվ քննարկումներից և գործնական աշխատանքներից հետո տեղի է ունենալու ֆիլմերի դիտում։

 

 


 

«Փխրուն տարածություն» խմբային ցուցահանդես

Մայիսի 24-ին կբացվի «Փխրուն տարածություն» միջազգային խմբային ցուցահանդեսը, որի առանցքային թեման մարդկային գործունեության ու շրջակա միջավայրի միջև նուրբ ներդաշնակությունն է։ Մասնավորապես, ներկայացված աշխատանքները բարձրաձայնելու են բնապահպանական այն վտանգները, որոնց առջև այսօր կանգնած է մեր մոլորակը։ Նմուշները ներառում են վիդեո ինստալացիաներ, տեղեկատվական էկրաններ, արհեստական բանակության գեներացրած պատկերներ, վերամշակված նյութերից պատրաստած քանդակներ, պաստառներ և այլն։ Դրանց հեղինակներն են Ալեքս Ֆրոստը, Ալեքսեյ Մանուկյանը, Լիլիթ Ստեփանյանը, Տի Կոստանը, Դան Պերյովշին, Դավիթ Գալստյանը, Վահան Խաչատրյանը, Գրիգոր Խաչատրյանը, Գեղամ Սարգսյանը։

 

 


 

Բեռտա Մարտիրոսյանի ֆոտո ցուցահանդես

Մայիսի 24-28-ին Կինոյի տանը այցելուների համար բաց կլինի նաև վայրի բնության լուսանկարիչ Բեռտա Մարտիրոսյանի անհատական ֆոտո «Հայաստանի կենսաբազմազանությունը» ցուցահանդեսը, որը հանդիսատեսին կներկայացնի Հայաստանում հանդիպող ամենատարբեր թռչունների, կաթնասունների, միջատների ու սողունների։

 

 


 

Պաստառների ցուցահանդես

«Արևորդի» միջազգային բնապահպանական 12-րդ փառատոնը գրաֆիկական պաստառների միջոցով փորձ է անելու իրազեկել, զարգացնել քննադատական մոտեցումը կենսաբազմազանության կորստի և բնապահպանական խնդիրների վերաբերյալ: Այս ձևաչափի ընտրությունը պայմանավորված է նրանով, որ արվեստն ավանդաբար եղել է սոցիալական, քաղաքական շատ շարժումների հիմքում, և մասնավորապես պաստառները մեծ ազդեցություն են ունեցել հասարակության վրա որպես խաղաղության, արդարության, շրջակա միջավայրի պահպանության համար պայքարի կենդանի հիշեցում: 

 

 



«Կենդանիների դիմակահանդես-շքերթ»

Իսկ ահա մայիսի 26-ին փառատոնի մասնակիցները, պատանիներն ու երիտասարդները հնարավորություն կունենան մասնակցելու իրական տոնախմբության՝ «Կենդանիների դիմակահանդես-շքերթին»։ Դիմակահանդեսի շրջանակում նախապես ներկայացված հայտերի հիման վրա մասնակից դարձած երիտասարդական խմբերը կներկայանան իրենց կողմից թափոններին «երկրորդ կյանք» տալու արդյունքում ստեղծված զգեստներով, դիմակներով՝ մարմնավորելով տարբեր վտանգված կենդանա/բուսատեսակներ և հանդես գալով կարևոր բնապահպանական ուղերձներով։ Բոլոր մասնակիցներն իրենց ստեղծած գունագեղ կոստյումներով մի քանի ժամ շարունակ քայլերթ կիրականացնեն Երևանի կենտրոնական փողոցներով՝ բնակիչներին ևս իրազեկելով թեմայի հրատապության և արդիականության մասին։ Ամենաստեղծարար 5 խմբերը կստանան խրախուսական մրցանակներ։

 

 


 

Անցկացման վայր

Փառատոնի անցկացման հիմնական վայրը Երևանի Հայաստանի կինոգործիչների միությունն է (նույն ինքը՝ Կինոյի տունը), Վարդանանց 18 հասցեում։  

 

 

Բոլոր միջոցառումների համար մուտքն ազատ է։

հավելյալ նյութեր