Արի ասեմ
Սթենդափ

Արի ասեմ

ԵՐԵՎԱՆը ներկա է գտնվել Երևանի առաջին սթենդափ ակումբի՝ «Արիի» բացմանն ու աշխատանքային առաջին օրերին և շփվել հիմնադիրների հետ։

Տեքստն ու լուսանկարները՝ Բիայնա Մահարու

 

ԵՐԵՎԱՆ #77 | 2022

Լույսերն անջատվում են, սենյակը մթնում է այնքան, որ ինքդ քեզ էլ չես տեսնում, խոսակցությունները դառնում են շշուկ, բեմին վառվում է միակ լույսը. լույսի եռանկյունն ուղիղ այնքան է, որ մեջը ներգծված տեղավորվի բռնակի վրա ամրացված խոսափողն ու տղան: Երևի տետրի մեջտեղի մասից պոկած, արդեն մի քիչ ճմռթված ու կյանք տեսած թղթիկը ձեռքին, մի քիչ խառնված, մի քիչ ամաչած… Խորը շունչ, ու… սկսեցինք:

 

 


Աստված գիտի՝ ով էր էն մարդը, որն առաջին անգամ մի խումբ հանդիսատես նստեցրեց ու սկսեց պատմություններով ծիծաղեցնել հավաքվածներին. միգուցե հին հույն էր, միգուցե սիրուն քթով մի հռոմեացի, միգուցե մի ալարկոտ չինացի, իսկ միգուցե, ինչու ոչ, կյանքից արդեն իսկ հոգնած մի հայ: Պատմությունն այդ մասին լռում է: Պարզ չի նաև՝ ինչպես ու ինչու մի քանի հազարամյակ անց բեմից տեքստերով ծիծաղեցնելու արվեստը հանկարծ ձևավորվեց որպես լիարժեք շարժում և ստացավ Սթենդափ քոմեդի անունը, անգլերենից թարգմանաբար մոտավորապես՝ կանգնած պատմողի կատակները: 


Ասում են առաջին հոտնկայս կատակասացը միակ ու անկրկնելի Մարկ Տվենն էր: 1895 թվականին, վատ ֆինանսական վիճակից դրդված, նա նույնիսկ մեկնեց համաշխարհային շրջագայության հենց որպես սթենդափ կոմիկ: 19-րդ դարավերջի Երևանում Տվենին մեղմ ասած դժվար կլիներ գտնել հարմար տարածք ելույթի համար (լավագույն դեպքում Սպայի տունը), բայց եթե նա հայտնվեր այսօրվա Երևանում, այդ հարցը միանգամայն լուծելի կլիներ։ 


Հունիսի 20-ին իր դռները բացեց Երևանի առաջին և առայժմ միակ «Արի» սթենդափ ակումբը: Չնայած անվան մեջ «ակումբ» բառին, «Արին» տարբերվում է մեր իմացած ակումբներից:

 

Հոգով սթենդափ ակումբ

— Ես վախենում էի, որ ուղղակի բեմով բար կլինի, պարզապես անունը դրած սթենդափ ակումբ,– ասում է Աշոտը, որը չնայած իր վերջին մի քանի՝ Ռուսաստանում անցկացրած տարիներին, մեր հոդվածում կլինի հայաստանյան սթենդափի լիազոր ներկայացուցիչը,– բայց ակումբը ստեղծողներն ամեն ինչ արեցին, որ ինքը հոգով սթենդափ ակումբ լինի։ Ես կասեի՝ «Արին» հիմա մի քանի մակարդակ բարձր ա Երևանի սթենդափի կարողություններից, առայժմ այդ բացը լրացնում են ռուսաստանցիների ելույթներով, մինչև մենք հասնենք:


«Արին» սթենդափ ակումբ է ոչ միայն հոգով, այլև կառուցվածքով: Ուղղանկյուն սենյակի ամենահետևում փայտից մի քանի հարկանի՝ ամֆիթատրոն հիշեցնող նստարաններն են, նստարանների կողքը՝ բարը, բեմից հնարավորինս հեռու՝ մեջտեղում՝ թատրոն հիշեցնող նստարանների շարքեր, դիմացի մասում՝ փոքրիկ սեղանիկներ՝ ավելի էլեգանտ ժամանց նախընտրողների համար: Ելույթ ունեցողին չխանգարելու համար ակումբի մուտքը հնարավորինս անտեսանելի է՝ սև վարագույրով քողարկված, լուսավորությունը՝ խորհրդավոր՝ անհատական ելույթների համար, ավելի հանգիստ ու հավասար բաշխված՝ խմբակայինների:
 

 

Աստղային հավաք «Արիում». Գարիկ Օգանիսյանը, Արթուր Չապարյանը, Սերգեյ Օրլովն ու Էդո Հովսեփյանը
  

«Արիի» հիմնադիրներն իրենք իրենց բաժանում են երկու խմբի՝ ֆինանսական և գաղափարական: Գաղափարական ակունքներում երեքով են՝ Էդոն, Գարիկն ու Անդրեյը, երեքն էլ կոմիկ, երեքն էլ Հայաստան են տեղափոխվել Ռուսաստանից ոչ վաղ գարնանային անցյալում:


Հարցին, թե ինչու որոշեցին Երևանում հենց սթենդափ ակումբ բացել, Էդոն մի քիչ զարմացած պատասխանում է:


— Դե չէ՞ որ… չկար… Մենք տեղափոխվեցինք Հայաստան, ու ելույթ ունենալու տեղ շատ քիչ կար, որոշեցինք մեր ակումբը բացել, որ կարողանանք ինչքան ուզում ենք ելույթ ունենալ:


— Մեզ մոտեցան Կարենն ու Ռիտան, որ հիմա մեր ներդրողներն են,– շարունակում է Գարիկը,– ասեցին, որ ուզում են ակումբ բացել, որտեղ երբեմն սթենդափ երեկոներ կանցկացնեն ու առաջարկեցին գալ մի քանի խորհուրդ տալ: Եկանք, կարծիք հայտնեցինք, որ երևի այս անկյունում լավ կլինի բեմ լինի ու գնացինք։ մյուս անգամ երբ նորից եկանք, բեմն արդեն հավաքած էր:

Այդպես հասկացանք, որ իրենք լուրջ են տրամադրված, և կարող ենք իրենց հետ համագործակցել:

 

Ցուցանակ-հպարտություն 

Երկու ամիս վերանորոգման արկածներից հետո վերջապես Երևանն ունեցավ սթենդափի իր լիարժեք անկյունը: Այսօր անշլագներն այստեղ առօրյա են: Չնայած համարյա ամեն օր կայացող համերգներին, տոմսերը երբեմն վաճառվում են մի քանի ժամում: 


Հայկը սթենդափի վաղեմի սիրահար է, ասում է որ ակումբի բացվելուց առաջ էլ Երևանում երբեմն գնում էր տեղացի կոմիկների ելույթներին զանազան ոչ մասնագիտացված ակումբներում, բայց հիմա խոսք է տալիս հաճախությունը մեծացնել:


— Հիմա որ կա սենց տեղ, որը կոնկրետ սթենդափի մասին ա, որտեղ կարաս միշտ գաս, ես կարծում եմ ամեն շաբաթ կգամ: 

 

 


«Արիում» իրադարձությունների ամեն օրվա անոնսը կարելի է տեսնել ինչպես այսօր արդեն համատարած դարձած սոցիալական հարթակներում, այնպես էլ վաղուց մոռացված և համենայն դեպս հոդվածի հեղինակին վերջին անգամ ամերիկյան կինոներում հանդիպած արտաքին ցուցանակին:


— Մուտքի վերևում գրվածքները տեսա՞ր,– հարցնում է Էդոն,– մեր հպարտությունն ա: 


Էդոյի ու մնացածի հետ գնում ենք ցուցանակին գրված այսօրվա անունները փոխելու: Առաջին հայացքից հեշտ թվացող գործողության բարդությունը, պարզվում է, ահագին խաբուսիկ է: Հնաոճ ցուցանակը, դու մի ասա, ամեն օր լավ տանջում է հիմնադիրներին: 


Մի քանիսը ներքևում պատրաստում են բառերն ու մասնակիցների անունները, Էդոն վերևում ընդունում է արդեն խմբավորված տառերը, հները հանում, նորերն ամրացնում: Պատմում է, որ ցուցանակն իր պնդմամբ են տեղադրել, քանի որ կարծիք կար, որ ամեն օր հանել-դնելը դժվար կլինի։ Բայց ցանկությունն այնքան մեծ էր, որ համաձայնվել է պրոցեսն ամեն օր անձամբ ստանձնել, մենակ թե ցուցանակն իրականություն դառնա։ Հարցնում եմ՝ խոստումից չի՞ փոշմանել։ Ծանր աստիճանը մի կերպ դուրս հանելով՝ ժպտում է, ժպիտ, որը մոտավորապես նշանակում է՝ «փոշմանելուն մոտիկ եմ, բայց պարզ ա, որ երբեք բարձրաձայն դրա մասին չեմ ասի»:


— Էս կողմում հայերեն ենք գրում, էն կողմում՝ ռուսերեն,– ասում է Էդոն,– մենք հայերենը շատ ենք կարևորում:

 

 

        

 

Տեղացի կոմիկների համար

— Հայաստանցի կոմիկների հետ էլ ենք արդեն ծանոթացել, մեծ պոտենցիալ ունեն, շատ բաներ հասկանում են հումորի և կատակների կառուցվածքի մասին,– ավելացնում է Գարիկը, որը ռուսաստանյան առաջատար Սթենդափ ակումբ N1 անդամներից է,– Շատ ուրախ եմ, որ կկարողանանք իրենց հարթակ տրամադրել ելույթների, պրակտիկայի համար, հույս ունեմ այստեղ միասին կհավաքվեն, իրար կօգնեն կատակները կատարելագործել, ինչպես մենք էինք անում Ռուսաստանի մեր ակումբում: Ուզում ենք ակումբը դառնա լավ երիտասարդական պրոգրեսիվ տեղ, հիմա շատ հետաքրքիր ժամանակ է, երբ տարբեր ոլորտների Հայաստան տեղափոխված ներկայացուցիչները կարող են այստեղ կիսվել փորձով, որը հավաքել են ավելի մեծ երկրում և շատ բաներ տալ Հայաստանին:


— Մեր նպատակն է, որ «Արին» ի վերջո դառնա ինքնուրույն աշխատող մեխանիզմ, որ այստեղի կոմիկներն օգտվեն ակումբից, մասնակցեն ոլորտի զարգացման մեջ,– պատմում է Անդրեյը:

 

Բաց խոսափող

Ամեն օր ակումբում տարբեր ֆորմատի միջոցառումներ են. մի օր արդեն իսկ կյանք տեսած կոմիկները հանդիսատեսի վրա փորձարկում են իրենց նոր տեքստերը, մի օր զանազան արտասահմանյան հյուրեր են ելույթ ունենում իրենց մենահամերգներով, մի օր Գարիկը հումորային հոգեթերապիա է անցկացնում (որը հիմա շատերիս է պետք), մի օր էլ բաց խոսափող է: 


Բաց խոսափողները «բաց» են հենց այն պատճառով, որ այդ օրը խոսափողին կարող են մոտենալ բոլորը՝ հեռուստացույցի մեջի ամենահայտնի աստղերից մինչև այն արկածախնդիր մարդը, որը հենց նոր այս հոդվածը կարդալուց որոշեց գնալ ու փորձել զվարճացնելու իր հմտությունները: Միակ պայմանն է՝ գոնե 3 րոպեի նյութ բերել: Ծիծաղեցի՞ն։ Լավ է։ Չծիծաղեցի՞ն։ Հոգ չէ, մյուս անգամ ավելի լավ տեքստ կգրես։ Ասում են՝ կարևորն այս (ինչպես նաև մնացած բոլոր) գործում չհանձնվելն է:

 

 


 


Բաց խոսափողները, ի դեպ, երեք լեզվով են՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն:


— Երբեմն շատ հետաքրքիր է կատակներդ թարգմանել, տեսնել ուրիշ լեզվով կաշխատե՞ն, թե ոչ,– ասում է Գարիկը: 


Երբեմն շատ հետաքրքիր է տեսնել՝ առհասարակ ցանկացած լեզվով կատակներդ կծիծաղեցնեն, թե չէ, կավելացնեմ ես: «Արիի» հիմնադիրները վստահեցնում են, որ չարժե ընկճվել, նույնիսկ եթե այդ երեք րոպեի ընթացքում դահլիճում ոչ ոք չծիծաղի։ 


— Փորձեք հասկանալ ինքներդ Ձեր կոմեդիան, վերադարձեք, նորից ելույթ ունեցեք, ու երբ առաջին անգամ ստացվի ծիծաղեցնել, կասեք՝ ըհը՜, ուրեմն սա է ուղղությունը, որով պետք է շարժվել: 


— Կարևորը, որ ցանկություն լինի ինչ-որ բան հասցնել հանդիսատեսին, ոչ թե օգտագործել սթենդափը որպես նորաձևության հետևից ընկնելու կամ գումար աշխատելու ձև: Ես, որպես ռոմանտիկ անձնավորություն, վստահ եմ, որ եթե քո հիմնական նպատակը փող աշխատելն է, քո մոտ ոչինչ չի ստացվի,– փորձից եկած իր իմաստությամբ է կիսվում Գարիկը, ապա հանկած ոգևորված հարցնում,– ի դեպ, գիտե՞ք մեր ակումբի վայֆայի գաղտնաբառը։ Չնայած չէ, մի րոպե, կարո՞ղ ենք հարցազրույցը հենց էդ հարցով ավարտել...

հավելյալ նյութեր