Արի իմ սոխակ
2020 թվականի ապրիլի 24-ը՝ առանց մարդկանց հոսքի, բայց վառ լույսերով։
Տեքստը՝ Մարգարիտ Միրզոյանի
Լուսանկարները՝ Արեգ Բալայանի
ԵՐԵՎԱՆ #67 | 2021
2020 թվականի ապրիլի 24-ին 55 տարվա մեջ առաջին անգամ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը դատարկ էր. չկար մարդկանց անվերջ հոսքը, անթիվ ծաղիկները։ Համավարակով պայմանավորված՝ միջոցառումն անցկացվեց բոլորովին այլ ձևաչափով։ Մի քանի ժամանոց հեռուստաեթերը դարձավ, թերևս, գարնանային լոքդաունի ամենահիշարժան պահերից մեկը։
Լավ երաժշտության մարաթոն
Ապրիլի 23, երեկոյան ժամը 9։ Լսվում են եկեղեցական զանգերի ղողանջները, աստիճանաբար մարում են Երևանի և մարզկենտրոնների լույսերը, տների պատուհաններից սկսում են երևալ վառվող մոմերի շողերն ու հեռախոսների լուսարձակները։ Անձրև։ Հուշահամալիրից դեպի երկինք, անմար կրակը պաշտպանող սյուներից վեր են բարձրանում լույսեր։ Տեղի է ունենում Ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությունը։ Հնչում է մեղմ կանացի մի ձայն, որը երգում է «Արի, իմ սոխակը» դուդուկահարների նվագակցությամբ։
Ապիլի 24, առավոտյան ժամը 8, հուշահամալիրի պատերին հայտնվում են մարդկանց անուններ։ Հուշահամալիրի տարածքում երեկոյան տասին մեկնարկում է գեղարվեստական ծրագիրը: Բաց երկնքի տակ ելույթ են ունենում հայ երաժիշտները։ Ծրագիրը բացում է թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, այնուհետև հուշահամալիրի մոտ ռոյալ է տեղադրվում, և դաշնակահար Հայկ Մելիքյանը սկսում է իր կատարումը։ Նրան հաջորդում է «Հովեր» պետական կամերային երգչախումբը, և այդպես շարունակ մինչև առավոտյանը 6-ը։
Առանց միջազգային փորձի
Արդեն համարյա երկու ամիս տանը փակված ՀՀ բնակչությունն աչքերին չի հավատում ու ժամեր շարունակ դիտում է այս՝ այդքան պարզ, բայց միաժամանակ այդքան խոր ու նուրբ իրագործված միջոցառումը։ Հատկապես զարմանալի է այն պատճառով, որ մարդ դժվարությամբ կարող է պատկերացնել ապրիլի 24-ի արարողությունն այլ կերպ, քան մարդկային հոսքը՝ ձայնարկիչներից հնչող Լուսինե Զաքարյանի ձայնի ներքո։
Սակայն 2020 թվականին գլուխ բարձրացրած կորոնավիրուսի համավարակը պարտադրեց իր կանոնները, և կառավարությունը ստիպված եղավ ամբողջությամբ վերանայել անցկացման ձևաչափը։ Միջոցառման անցկացումը վստահվել էր վարչապետի աշխատակազմին։ Նախորդող երկու տարիների ընթացքում աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի թիմն արդեն հասցրել էր այլ միջոցառումներ կազմակերպել, բայց, բնականաբար, ոչ քովիդային արտակարգ պայմաններում։ Արդեն ապրիլ ամիսն էր. սկսեցին ուսումնասիրել միջազգային փորձը՝ կարծելով, որ այլ երկրներում արդեն հասցրել են լայնամասշտաբ միջոցառումներ անցկացնել քովիդային պայմաններում։ Պարզվեց, որ նման փորձ դեռ գոյություն չուներ։
Այդ պահի դրությամբ արդեն ձևավորել էր մի քանի գաղափար, բայց թվում էր՝ մի բան պակասում է։
Էրիկ Մանուկյան, Արաքս Պողոսյան, Արմեն Թորոսյան, Նարեկ Գասպարյան, Սարգիս Բալբաբյան. Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ
Կաթիլները լույսի մեջ
Խորհրդակցեցին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության անդամների ու նաև Հանրային հեռուստաընկերության հետ։ Նրանք նույնպես իրենց սեփական առաջարկները ներկայացրին։ Ի վերջո, միջգերատեսչական խորհրդակցություն անցկացրին, որի արդյունքում վերջնական ձևաչափ ընտրեցին, բայց կրկին՝ մի բան այն չէր։ «Արդեն ապրիլի երկրորդ շաբաթն էր, պետք էր հստակ որոշման գալ,– պատմում է կազմակերպչական թիմի անդամ Լուսի Դայանը,– և հենց այդ ճակատագրական հանդիպմանը ԿԳՄՍ նախարարությունից ասացին, որ իրենց լուսային ներկայացման հետ կապված առաջարկություն են արել, որը բավական հետաքրքիր է թվում»։
Առաջարկը ստացվել էր C-squared ընկերությունից։ Ընդ որում, նրանց մտահղացումը ծնվել էր դեռ 2015-ին, երբ պետք է նշվեր Ցեղասպանության 100-րդ տարելիցը։ Բարեբախտաբար, այդ առաջարկն ընդունվեց, և այս լուսային ներկայացումը դարձավ օրվա ամենահիշարժան պահերից մեկը։
Անձրևոտ եղանակը, առաջին հայացքից, կարող էր խանգարել աշխատանքին, բայց հակառակ էֆեկտ ունեցավ՝ դարձնելով տեսարանն ավելի խորհրդավոր ու գեղեցիկ։ Լույսերն ուղղված էին մեկ կետի, և տպավորություն էր, թե ժամանակը դանդաղել է, ու հենց այդ կետից ջրի կաթիլներն օրորվելով իջնում են ներքև, իսկ անձրևի վերջանալուն պես կողքի անտառներից թիթեռներ եկան ու սկսեցին պտտվել այդ լույսերի շուրջ։ Միջոցառման ընթացքում ընդհանուր առմամբ օգտագործվել է 180 լուսային սարք, որոնց տեղադրման վրա օրեր շարունակ չարչարվել են տասնյակ մասնագետներ։ Հետագայում C-squared-ի հիմնադիր Կառլեն Մադոյանն ասել էր «Հայկական ժամանակին». «Պարտավորեցնող, էմոցիոնալ մեծ պատասխանատվություն կար մեզ վրա… ոնց որ ստացվեց այն, ինչ ուզում էինք»։
82-ամյա Արտուշ պապիկը դարձավ հուշամալիրի միակ այցելուն
Էթերի Հովհաննիսյան, Կոմիտասի անվան պետական կոսերվատորիա
Մարդիկ ու ծաղիկները
Այդ նույն խորհրդակցության ժամանակ նախկին փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանն առաջարկեց, որ հուշահամալիրի սյուների վրա երևան մարդկանց անունները. այդպես տանը փակված մարդիկ գոնե վիրտուալ կերպով կներկայանային Ծիծեռնակաբերդ։ Բայց ինչպե՞ս կազմակերպել այդ անվանահավաքը։ Ամենահարմար տարբերակը կարծես թե սմս-հաղորդագրություններն էին։ Այդտեղ արդեն պետք էր ներգրավվել ՏՏ նախարարությանը, որպեսզի այդ ամենը ճիշտ իրականացվի։ Մնացել էր ընդամենը մեկ շաբաթ։ Արդյունքում՝ շուրջ մեկ միլիոն հայերի անուններ երևացին այդ սյուների վրա։
Բայց ինչպե՞ս կդիտվեր անմար կրակը, եթե այդ օրը շրջապատված չլիներ ծաղիկներով։ Կառավարությանը դիմեցին մի շարք գործարարներ՝ ցանկանալով անվճար ծաղիկներ տրամադրել, որոնք կդրվեն անմար կրակի մոտ։ Փոխարենը կառավարությունը որոշեց գնել այդ ծաղիկները, և միջոցառման ընթացքում հատուկ աշխատակիցներ պարբերաբար ավելացնում էին դրանց թիվը՝ ստեղծելով մարդկանց ներկայության զգացողությունը։
«Բա ինչպե՞ս են դիմացել մեր պապերը»
Մշակութային մասն իրականացրեց ԿԳՄՍ նախարարությունը՝ համագործակցելով Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հետ։ Մշակութային հատվածը սկսեց ապրիլի 24-ի երեկոյան 22:00-ին ու տևեց մինչև առավոտյան վեցը։ Ելույթ ունեցան Հայաստանի լավագույն երաժիշտները՝ Նարեկ Հախնազարյանը, Լիանա Ալեքսանյանը, Լիպարիտ Ավետիսյանը, Հայկ Մելիքյանը, Վահագն Հայրապետյանը և այլոք: Երեկոյին նաև մասնակցեցին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ, Հայաստանի պետական սիմֆոնիկ, Հայաստանի պետական կամերային նվագախմբերի գործիքային անսամբլները, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչները, Հայաստանի պետական կամերային, Երևանի պետական կամերային, «Հովեր» երգչախմբերի անսամբլներն ու մենակատարները։ «Հետաքրքիր էր, որ երաժիշտներից ոչ ոք անգամ մի կոպեկ հոնորար չվերցրեց,– հիշում է Լուսի Դայանը,– և նույնիսկ այդ ցրտին, բերաններից գոլորշի դուրս գալով ու մատները սառեցնելով՝ երաժիշտները հոյակապ կատարումներ ունեցան»։
Դաշնակահար Հայկ Մելիքյանը, ի դեպ, հաջորդ օրը պատմել էր, թե ինչպես կարողացավ դիմանալ գրեթե 0-ական ջերմաստիճանին. «Գիտե՞ք, անընդհատ մի միտք էր ծագում նվագելիս. «Աստված իմ, բա ինչպե՞ս են դիմացել մեր պապերը ցրտին, սովին, գաղթին…»։ Իսկ Նարեկ Հախնազարյանը Bravo.am-ին տված հարցազրույցում ասել էր. «Անկեղծ ասած, շատ ցուրտ էր, բայց չնայած ցրտին, ավանդույթի համաձայն, նվագեցի իմ համերգային շապիկով: Զգացմունքների և հուզմունքի տեղատարափում ցուրտը չզգացի»։
Ծրագիրը պետք է հեռարձակվեր Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերով և հենց այդ նպատակով հուշահամալիրի տարածքում մի ամբողջ փոքր «քաղաք» էր կառուցվել։ Հեռուստատեսության աշխատողներն այդտեղ ամբողջ գիշեր՝ ցուրտ ու անձրևոտ եղանակին, շարունակաբար աշխատում էին՝ տաք սուրճը ձեռքներին։
Մարտին Շահբազյան, Արմեն Հաջայան, Ռոբերտ Սիմոնյան, Գոռ Ավետիսյան, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
***
Հաջորդ օրերին դեռ երկար փառաբանվեցին երեկոյի լուսային լուծումները, սոցցանցերում կիսվեցին բազմաթիվ երաժշտական կատարումները, զարմանք արտահայտվեց, թե ինչու՞ միշտ այս որակի միջոցառումներ չեն լինում, եթե կարող ենք, հիացմունք հնչեց, թե ինչպես մի քանի գերատեսչություն ու կազմակերպություն կարողացան այսչափ արագ իրար հետ համագործակցել, աշխատել մի բանի վրա ու ստանալ նման որակյալ արդյունք։