Այլընտրանքային վավերագրություն. Դադիվանք
Գաֆէսճեան արվեստի կենտրոնում դեռ կարելի է տեսնել «Առկախված այգի. Դադիվանք և անդին» ցուցահանդեսը։ ԵՐԵՎԱՆի խնդրանքով կինոհամադրող Սոնա Կարապողոսյանը պատմում է, թե ինչ կարելի է տեսնել երեք մասի բաժանված ցուցադրությունում։
Տեքստը՝ Սոնա Կարապողոսյանի
Լուսանկարները՝ Դավիթ Գալստյանի
2020 թվականի նոյեմբերին, երբ ավարտվեց պատերազմն ու հայտնի դարձավ, որ Արցախի տարածքների մի մասն անցնում է ադրբեջանական վերահսկողության տակ ու շուտով գրեթե անհնար է լինելու այցելել մի շարք հայկական մշակութային կոթողներ, արվեստագետների մի խումբ որոշեց ուխտագնացություն կատարել Դադիվանք: Նպատակն այդ օրն ու վայրն արձանագրել էր արվեստի լեզվով, շոշափելի գործիքով, առանց վնաս հասցնելու: Թվային տեսախցիկների ու բարձրագույն ճշգրտություն ապահովող սարքերի այս դարաշրջանում արվեստագետներն ընտրել էին հուշերը հավաքելու ամենահին մեթոդներից մեկը` արտատպումը թղթի ու կավի միջոցով: Ուղղակի ու ներանձնական այս հաղորդակցությամբ նրանք դրոշմում էին վանքի արձանագրությունները, բուսական ու կրոնական նախշերը: Երկու տարի անց այս արտատպումները վերարտադրվեցին «Առկախված այգի. Դադիվանք և անդին» ցուցահանդեսի տեսքով:
Ցուցահանդեսը, որի պաշտոնական բացումը տեղի ունեցավ հուլիսի 8-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում, բաղկացած է մի քանի մասից և ցուցադրվում է կենտրոնի մի քանի սրահներում: Համադրված Նայիրի Խաչատուրեանի կողմից` այն ներկայացնում է հայ ժամանակակից արվեստագետների` Սարգիս Անտոնյանի, Վահրամ Գալստյանի, Նայիրի Խաչատուրեանի, Անահիտ Հայրապետյանի, Մայդա Շավակի, Անուշ Ղուկասյանի աշխատանքները` գլխավորապես վիզուալ արվեստի մեդիումում:
Ցուցահանդեսը սկսում է «Սասունցի Դավիթ» պարտեզի սրահում, որտեղ հավաքված են նոյեմբերյան ուխտագնացության նմուշները: Սպիտակ թղթի ու կավի կտորները կախված են առաստաղից` կորցրած իրենց ամբողջականությունը, մատնված միայնության: Դրանք կրում են դարավոր պատմության ու մշակույթի հիշողությունը, փոխանցում այն այցելուներին: Դրանք չջնարակված, չափազանց արագ ստեղծված, տարրական ու ձեռակերտ դրոշմներ են, որ ոչ միայն ֆիզիկական կառույցի արտապատկերումն են, այլև այդ օրերին արվեստագետների հույզերի արտացոլանքը:
«Արծիվ» սրահում ներկայացված է ցուցահանդեսի երկրորդ մասը` Վահրամ Գալստյանի և Անուշ Ղուկասյանի տեսա-ինստալյացիաները. դրանք հարցադրումներ են անում պատերազմի այն կողմերի մասին, որոնց մասին հաճախ լռում են: Ի՞նչ է նշանակում լինել զինվոր, ինչպե՞ս են իշխանությունները «լվանում իրենց քաղաքացիների ուղեղները», արդյո՞ք պատերազմը փլուզումից բացի այլ բան է նշանակում: Քամուն առերեսված կամ ջրի մեջ ընկղմված գլուխներն ու կիսանդրիները դանդաղ ճաքում են, մաս-մաս լինում, քայքայվում և անէանում` թողնելով կործանարար ամայության զգացողություն ու անամոք ցավ:
Ցուցահանդեսն ավարտվում է «Պատկերասրահ մեկում»` Նայիրի Խաչատուրեանի և Մայդա Շավակի հեղինակած «Աշնանացան» կարճամետրաժ փորձարարական ֆիլմի ինստալյացիայով: Նայիրին պատմում է, որ գաղափարն առաջացել էր պատերազմի ժամանակ տարբեր քաղաքներում անցկացվող քայլերթերին, հավաքներին հետևելիս, երբ օգտագործվում էին Հայաստանի և Արցախի հանրապետությունների դրոշները. ազգային խորհրդանշաններ, որոնք վառ են, քաղաքական, ազգայնական: Մինչդեռ ցանկություն կար խոսել պատկանելության, սեփական երկրին նվիրվածության մասին ավելի համամարդկային սիմվոլների ու գույների միջոցով: Այս մտքերին զուգահեռ ամեն օր գրվում էին Անահիտ Հայրապետյանի բանաստեղծության բառերը` սուֆիական երկտողեր Արցախի բնությանը միաձուլվելու, դրա մի մասը դառնալու մասին: Այս ամենը ոգեշնչանք դարձավ երկու արվեստագետների համար ստեղծելու «Աշնանացանը», որի աշխատանքներին նաև միացան Սարգիս Անտոնյանը (տառատեսակ), Միքայել Ոսկանյանը (երաժշտություն), Նարեկ Հարությունյանը (պատկերի հեղինակ) և այլք:
Երեք րոպեանոց այս ֆիլմը գլխավորապես կազմված է բնապատկերային ներդաշնակ ու խաղաղ տեսարաններից, որոնց համադրվում են բանաստեղծության տողերը, միաձուլվում այս պատկերներին` մխրճվելով հողի մեջ, տարրալուծվելով օդում: Այն փորձում է ցույց տալ հեղինակների սերը հայրենիքի, հողի, ջրի հանդեպ, որը ջինջ է, հանդարտ, չի հանդուրժում բռնություն ու պատերազմ: «Աշնանացանը» նուրբ, սիրտ կոտրող և ամոքող ձոն է Արցախին և Հայկական լեռնաշխարհին:
Ի հավելումն ցուցահանդեսի այս երեք մասերի` «Պատկերասրահ մեկում» նաև ներկայացված է կրթական ծրագիր, որը հնարավորություն է տալիս փորձարկելու գրատպության արվեստը փայտե կնիքներով (կնիքների տառատեսակը կարող է շատ ծանոթ թվալ): Այն բաց է բոլորի համար և ցուցահանդեսի հյուրերի համար շաբաթ մեկ անգամ աշխատարան է անցկացվում
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև սեպտեմբերի 4-ը: