«Արմբրոկը» ռեբրենդինգից հետո ներկայանում է որպես ROQ Capital
Ապրիլի 29-ին Սասունցի Դավիթ կայարան-ը կրկին վերածվել էր մեկնարկային կետի․ այս անգամ՝ ոչ թե ճանապարհորդությունների, այլ բիզնեսի նոր պատմության համար։ Տասնյակ տարիներ այստեղից են սկսվել ուղիներ դեպի տարբեր քաղաքներ ու երկրներ, իսկ այդ երեկո հենց այստեղից սկսվեց նոր ուղղություն՝ ներդրումային ոլորտում։ Ավելի քան 30 տարվա պատմություն ունեցող Armbrok ներդրումային ընկերությունը ներկայացավ նոր բրենդով՝ որպես ROQ Capital։
30.04.2026Միջոցառմանը ներկա էին շուրջ 300 հյուրեր՝ գործընկերներ, հաճախորդներ, ոլորտի ներկայացուցիչներ, որոնք հավաքվել էին ոչ միայն բրենդի փոփոխությունը տեսնելու, այլ նաև դրա տրամաբանությունը հասկանալու համար։ Հյուրերին դիմավորում էին Արտյոմ Մանուկյանի թավջութակային մեղեդիները, որոնք տարածվում էին «Սասունցի Դավիթ» կայարանի բաց տարածքում՝ ընդգծելով պահի հանդիսավորությունը։ Երեկոյի գագաթնակետը դարձավ Roq-ի խորհրդանշական գնացքը՝ շարժման, փոփոխության ու նոր մեկնարկի տեսանելի արտահայտությունը։


«Արմբրոկը» տարիների ընթացքում ձևավորել է վստահելի գործընկերոջ համբավ, կայուն հաճախորդների բազա և առաջատար դիրք հայկական արժեթղթերի շուկայում։ Սակայն փոփոխվող ֆինանսական աշխարհում այդ փորձը վերածվել է հաջորդ քայլի հիմքի։ Ռեբրենդինգն այստեղ պարզապես արտաքին փոփոխություն չէ․ դա փորձ է վերաիմաստավորելու ընկերության դերը մի միջավայրում, որտեղ շուկաները դառնում են ավելի տեխնոլոգիական, ավելի ճկուն և ավելի բաց։
Նոր անունը՝ ROQ Capital, խորհրդանշում է ուժ, կայունություն և կապիտալի աճի նոր հնարավորություններ։ Միևնույն ժամանակ պահպանվել է բրենդի հիմնական գունային ինքնությունը․ կարմիրը շարունակում է մնալ առանցքային գույն, իսկ շուկաների աճը խորհրդանշող ցուլի կերպարը՝ վիզուալ լեզվի կարևոր տարր։ Փոփոխությունը հիմնականում զգացվում է ձևի մեջ՝ ավելի մաքուր, դինամիկ և միջազգային շուկաներին համահունչ դիզայնով։


Ռեբրենդինգը նաև ներքին կառուցվածքային փոփոխություններ է բերել․ ընկերության դուստր կառույցը՝ «Գլոքալը», այժմ գործում է ROQ Funds անունով՝ կենտրոնանալով ֆոնդերի կառավարման ուղղության վրա և ընդլայնելով խմբի ակտիվների կառավարման հնարավորությունները։
Նոր բրենդի ներկայացման հետ միասին հայտարարվեցին նաև գործնական նորություններ։ Գործարկվել է նոր վեբկայք՝ roqcapital.am, որտեղ ներկայացված են ընկերության ծառայությունները և շուկայի հնարավորությունները։ Առաջիկայում նախատեսվում է նաև ROQ Markets հավելվածի թողարկումը, որը թույլ կտա օգտատերերին արագ բացել ներդրումային հաշիվ և անմիջապես հասանելիություն ստանալ միջազգային շուկաներին։ Հավելվածում ներդրված արհեստական բանականության գործիքները նպատակ ունեն պարզեցնել և արագացնել ներդրումային գործընթացը՝ դարձնելով այն ավելի հասանելի լայն շրջանակի համար։


Երեկոյի ընթացքում ամեն ինչ մտածված էր այնպես, որ արտահայտեր ՌՈՔ Կապիտալի փիլիսոփայությունը. երկու երաժիշտներից մինչև մեծ ու հաստակ տառերով գրված Power of Doubles կարգախոսը, որն արտահայտում էր ընկերության նոր մոտեցումը՝ հիմնված 2 կողմի հավասար գործընկերության վրա։ Այն շեշտում է, որ ROQ Capital-ը չի գործում միայնակ, այլ ձևավորում է արժեք հաճախորդի հետ միասին։
Այս գաղափարը շարունակվում էր նաև We don’t play the game, we play the match կարգախոսով։ Ասելիքը հետևյալն է. ROQ Capital-ի համար դու պարզապես հաճախորդ չես, այլ՝ թիմակից: Ձեր գործընկերությունը կարճաժամկետ խաղ չէ՝ արագ քայլերով ու պատահական արդյունքներով։ Սա երկարատև մատչ է, որտեղ յուրաքանչյուր որոշում ունի կշիռ, իսկ հաղթանակը կառուցվում է միասին։
Ընկերությունը հավատում է, որ շուկայում ամենաուժեղ դիրքը ստեղծվում է ոչ թե միայնակ, այլ երկուսով։